Հեռավար ուսուցման օրերին մեր հեղինակային մանկավարժությունը մտավ յուրաքանչյուր տուն-ընտանիք։ Առաջ եկավ ընտանիքը՝ իր նիստուկացով, տարատարիք անդամներով, հարմար-անկաշկանդ միջավայրով։

Հեռավար ուսուցման օրերի, շաբաթների, ամիսների ընթացքում հնարավորություն ունեցանք ընտանիքում փոխանցելու կարևոր-առանցքային հմտություններ, կարողություններ, թե՛ խմբով, թե՛ անհատապես հեռավար աշխատելու յուրաքանչյուր սովորողի, ծնողի հետ ։ 2020թ. մարտի 2-6-ը, 16-20-ը, մարտի 30-ից ապրիլի 26-ը հեռավար-առցանց-ընտանեկան ուսուցմանը մասնակցել են կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզի իմ առաջին դասարանի բոլոր 31 սովորողները՝ 17-ը՝  անհատական նեթբուքով, 9-ը՝ նոթբուքով, 3-ը՝ պլանշետով, 2-ը՝ հեռախոսով։

Շաբաթ առ շաբաթ հեռավար-առցանց ուսուցման կազմակերպումը զարգացավ, ընտանիքը դարձավ իր երեխայի կրթության հեղինակը, կրթության կազմակերպիչը, իսկ օգնողը, խորհրդատուն՝  պատրաստակամ ու բարեխիղճ ուսուցիչը։ Ձևավորվեց  ուսուցման նոր միջավայր, որտեղ կարծես ավելի արագ են սովորում և՛ ուսուցիչը, և՛ սովորողը, և՛ ծնողը, փոխվում են նրանց մոտեցումները ուսումնական գործի նկատմամբ, անգամ՝ աշխարհահայացքը։

Սովորող ծնողը սկսեց որոնել, պրպտել, ուսումնասիրել, հարցուփորձ անել, կարդալ, հետաքրքրվել, առաջ եկավ նոր ծրագրեր յուրացնելու անհրաժեշտություն։ Սրանից էլ լա՞վ առիթ։ Ու որպես ուղեցույց օգնության հասան դասվարի—դասավանդողի բլոգը, հասանելի-բաց հրապարակված աշխատանքային նախագծերըմեդիագրադարանը, համացանցը, ընկերների հետ խորհրդատվությունը։ Ասեմ, որ այս օրերին ընտանիքները, ծնողները, սովորողներն ավելի մտերմացան, կապվեցին, ավելի լավ ճանաչեցին միմյանց, առավել ընդգծված կարևորեցին իրենց, իրենց երեխայի կրթության դերն ու նշանակությունը։ Սովորողներն ավելի ինքնուրույն-կազմակերպված-պատասխանատու հանդես եկան, իրենք դարձան իրենց օրվա անելիքների համակարգողը, օրակարգը մշակողը։ Առաջ եկավ սովորողի անհատական ուսումնական պլանը որպես օրվա ուղեցույց ներկայացնելու անհրաժեշտությունը, ու սովորողը դարձավ իր գործի-անելիքի պատասխանատուն։

Ուսուցիչը ճանաչեց, շփվեց, բացահայտեց իր սովորողների ընտանիքները։ Ու հենց այդ տաքուկ ընտանիքներում էլ սովորողները ներկայացան ուսումնական գործունեության տարբեր ձևերով, մասնակցեցին տարբեր նախագծերի ու ստեղծվեցին բազմաթիվ հետաքրքիր, յուրօրինակ տեսանյութեր։

Ամենաոգևորիչը սովորողների առավոտյան մարմնամարզության, ամենօրյա մարզանքի, հեծանվավարության մասին պատմող տեսանյութերն էին։ Ուշադրությանս կենտրոնում մարզական գործունեությունը կարևորող սովորողն ու իր ընտանիքն էր։ Ի՞նչը կարող է խանգարել-արգելել մաքուր օդում մարզվել ցանկացող սովորողին։ Մարզվելու համար ավելի լավ առիթ, հնարավորություն էլ ե՞րբ ենք ունենալու։ Մարզանքը կարևորվեց ընտանիքում, ու մինչ այդ չմարզվող սովորողներն ընկերների տեսանյութերից ոգևորվելով՝ որոշեցին զբոսնել, մարզվել, գլուխկոնծիներ տալ, հեծանիվ վարել։ Ոգևորությունը փոխանցվեց։ Իսկ եթե սովորողի հետ մարզվում է նաև ծնողը, ընտանիքը․ ա՛յ սա արդեն ուրիշ որակ է, ուրիշ ցուցանիշ։

Մեր հեռավար-առցանց ուսուցման շաբաթներին կարող եք ծանոթանալ հղումներով.

Ծնողներից ոմանք էլ, կարևորելով առցանց ուսուցման կազմակերպումը, գրավոր արձագանքեցին․

Ես շատ ուրախ եմ առցանց ուսուցման համար: Նախ երեխաները ամբողջությամբ չեն կտրվում իրենց սովորական, դպրոցական կյանքից և հետևաբար հետո էլ կարիք չի լինում, որ մի քանի օր ադապտացվեն: Պատասխանատվության զգացումն է զարգանում ՝առանց ճնշման: Ուղղակի գիտի, որ պետք է աշխատի, հենց ինքն է հիշեցնում: Եվ իհարկե այս օրերին շատ ակնհայտ երևաց մեր դպրոցի առավելությունը մյուսներից: Շնորհակալ եմ:

Մայրիկ Հասմիկ Նահապետյան

Այս պարագայում դա միակ ձևն է, որպեսզի երեխան չկտրվի իր ուսուցումից և տնային  առօրյան լցվի: Ողջունելի է այս դեպքում  նման մոտեցումը Ձեր կողմից, շնորհակալություն: Նաև նշեմ, որ իմ  երեխան հաճույքով  է մասնակցում առցանց ուսուցմանը։

Մայրիկ Աննա Ալեքսանյան

Նշեմ, որ կրթահամալիրի դասավանդողի կապը սովորողի, նրա ծնողի հետ՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հեռավար ուսուցման կազմակերպման օրերին, անընդհատ-շուրջօրյա է,  քանի որ սովորողն ամեն օր գործածում է իր էլեկտրոնային հասցեն, դասվարի—դասավանդողի բլոգը, կրթահամալիրի կայքը, ենթակայքը։  Ասել է թե՝ սովորողը, ծնողն  անընդհատ-ամենօրյա կապի մեջ են դասավանդողի հետ։ Այնուամենայնիվ, էլեկտրոնային հասցեից, բլոգից բացի ծնվեց-առաջացավ նաև տեսակապը որպես գործիք, միջոց կիրառելու անհրաժեշտությունը Microsoft Teams հարթակում։ Կրթահամալիրի հմուտ, բարեխիղճ ՏՏ մասնագետներն օգնեցին արագ յուրացնել, կիրառել նոր գործիքներ։ Օգտվելով գործածման ուղեցույցիցանվճար առցանց ծրագրերից՝ նոր հմտություններ, կարողություններ ձեռք բերեցինք, որոնք օդի ու ջրի նման անհրաժեշտ էին ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու համար։

․․․ Անորոշություն, անհանգստություն, լարվածություն  իհարկե կար։ Բայց ցրվեց, վերացավ, փոշիացավ, երբ զգացի ծնողի-ընտանիքի զորեղ աջակցությունը, ուսուցիչ-ընտանիք կոնկրետ-հասցեական համագործակցությունը։

Ի վերջո, ընտանիքն ունի մի շատ կարևոր առաքելություն՝  օգնել երեխային կազմակերպել իր կրթությունը։ Ընտանիքը ոգևորվեց, ներգրավվեց մանկավարժության մեջ, աջակից դարձավ, որպես գործընկեր հանդես եկավ՝ դրանով իսկ ապահովելով կրթության անընդհատությունը։ Այս օրերին դպրոցն ու ընտանիքն ամբողջացան, դարձան մի կրթական համայնք։  Սա շատ կարևոր է, գուցե՝ այս օրերի ամենակարևոր ձեռքբերումը։

Խմբագիր՝ Տաթև Աբրահամյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով