Համաշխարհային աղետ դարձած Կորոնավիրուս համաճարակի զոհը չդառնալու համար, երբ հանրապետության դպրոցները անցան արձակուրդային ռեժիմի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ընտրեց հեռավար-առցանց ուսուցումը։ Ի՞նչը պիտի խոչընդոտեր, երբ  շարունակական ուսուցումը մեդիագործիքների կիրառությամբ է, իսկ  մեդիան  տարածություն չի ճանաչում։ Կան դասավանդողների բլոգները, օրացուցային, աշխատանքային նախագծերը, կա մեդիագրադարանը։ Կորուստ, որպես այդպիսին, միայն բնական միջավայրն էր, մարդկային ջերմությունը, և իհարկե, գարունը․․․․ կրթահամալիրում, Հյուսիսում, Գեղարվեստում։

Հաջողեցինք առցանց ուսուցման առաջին շաբաթը ծնողների ակտիվ ներառմամբ՝ նախակրթարանից դպրոց։ Որպես նկատառում՝ կառանձնացնեմ ծնողների ակտիվ մասնակցությունն ու ոգևորությունը, իսկ դրա հետևում, իհարկե, դասավանդողների հետաքրքիր նախագծերն էին։ Նախագծերը դրված էին շաբաթվա համար. նախագծի ղեկավարը սահմանափակումներ չէր դրել, որպեսզի սանը ազատ ու ավելի սիրով մոտենա առաջադրանքին։

Ակտիվություն ստացավ  Հիգիենայի ստուգատեսը, ստեղծվեցին տեսանյութերի շարքեր, ընտանեկան թատրոններ, ազգային խաղիկներ, տեխնոլոգիական նախագծեր։ Եղան դեպքեր, որ անգամ սովորողները տեսանյութերում ոչ միայն ներգրավեցին ընտանիքի անդամներին, այլև հարևաններին, ընկերներին, բարեկամներին։

Սովորողների մասնակցությունը ստացավ հաշվառում. մատենավարության հարթակում  ստեղծվեց առցանց ուսուցման համապատասխան բաժին, որտեղ սովորողի մասնակցությունը գրանցվեց համապատասխան առաջադրանքի հղումով`Հաշվառում առցանց ուսուցում․ Մարտի 2-6-ը:

Հաջողության լավագույն դրսևորումն ու գնահատականն էլ իհարկե պատվիրատուինն է, թե սկզբում մինչ առցանցի անցնելը եղան սուր արձագանքներ, առ այն, թե ինչո՞ւ , ինչպե՞ս մյուս դպրոցները չենք անցնում գարնանային արձակուրդի, բայց հետո գնահատեցին հեղինակային դպրոցի որոշումը։

Մարտի 9-ից վերսկսվեցին ուսումնական պարապմունքները ֆիզիկական միջավայրում, դպրոցն անցավ իր բնական ուսումնական-ստեղծական առօրյային՝ համապատասխան աշխատանքային նախագծերով։ Հանկարծ հայտարարվեց թագավարակի գրանցման նոր դեպքեր, ու կրկին հասարակական պահանջով փակվեցին ուսումնական հաստատությունները: Վիրուսը ցնցեց ինվարիանտ դարձած կրթական համակարգը, և նորից հեղինակային դպրոցը անցավ հեռավար ուսուցման հարթակին։ Համացանցն արագ ողողվեց տեսազանգերով կազմակերպվող ուսումնական պարապմունքների տարբեր փորձերով, և փաստ էր, որ առկա ուսուցումը դպրոցի ֆիզիկական միջավայրից տեղափոխվել է  բնակարան։ Լրատվական կայքերը, բլոգները, ֆեյսբուքն անընդհատ բերում էր նոր նյութեր, ֆոտոպատումներ,  հումորային անդրադարձ ուսուցման այդ ձևին։

Մի՞թե հեռավար-առցանց ուսուցումը միայն տեսազանգն է։   Պետությունը, չնայած աշխարհում համավարակի տարածման արագությանը, չէր մշակել ինչպես մյուս ոլորտների դեպքում, այնպես էլ՝ այս դեպքում  կրթական համակարգին, կրթության կազմակերպմանն ուղղված լուծումներ։ Չկար փոխանցման մեխանիզմների մշակում, չկար քննարկման տիրույթ, չկար ինչպե՞ս-ը,  չկար ցանցային կազմակերպման  փորձ, գործիքները  յուրացված չէին, իսկ հիմա  դրանք պետք է կիրառվեին։ Պարզ է դառնում, որ ֆիզիկական միջավայրի ինքնահոսը տեղափոխվել է ընտանեկան միջավայր։ Իհարկե, բացառված են կազմակերպման ստեղծական դրսևորումները, հաշվարկված չէ երեխայի հոգեհուզական վիճակը, հաշվի առնված չէ ընտանիքի անդամների անհանգստությունը, որոշված չեն նրանց ներառելու հնարավորությունները, բացակայում է հավասարակշռությունը՝ միտքը և շրջական։

Ո՞ւր է երեխան, որտե՞ղ են հոգեբանները, նրա շահերի պաշտպանները՝ ուսուցիչները, ծնողները, նրա իրավունքների պաշտպանները։ Ո՞ւր մնաց մանկաբանությունը։ Անգամ չվերլուծվեց այդ անցումը, փոխարեն հստակ, մասնագիտական վերլուծությունների, առաջին բանը, որ արվեց, երկու օր անց Հանրային Հեռուստատեսությամբ 08։30-ից տարբեր մասնագետներ, պրոֆեսորներ, դասախոսներ սկսեցին դասընթացներ բոլոր տարիքի սովորողների համար։

Չկար մտածումը ստեղծված իրավիճակի մասին, թե ինչ պետք է փոխանցել երեխային, հենց իր, իր ընտանիքի անվտանգության համար, ուր մնաց նրա ինտեգրումը, մասնակցությունը հասարակական խնդիրներին,   չկար այն մտածումը՝ ինչ ճգնաժամ է ապրում երեխան, ինչպես օգնել նրա ընտանիքին, ինչպես օգնել այն ուսուցչին, որը պետք է հաստատված դասացուցակով դաս անի, ինչ պատրաստություն ունի, թե ընդհանրապես  չունի։

Յուրաքանչյուրը պարտավորված է իրացնել սեփական պատասխանատվության բաժինը:  Հեղինակային մանկավարժության պարագայում այլ էր, կար փորձ, կար հայացք։ Արտակարգ պայմաններում մանկավարժական  լաբորատորիան  գործում էր և մշակումներ հրապարակում։ Մշակումներ, որոնք բաց են ու հասանելի բոլորին։ Այո, անշուշտ կենտրոնում երեխան է, նրա կրթական պատվերը, նրա շահերը, նրա ընտանիքը, նրա ուսուցիչը՝ ստեղծագործ, իր գործի հեղիանակ։

Մարտի 16-20-ի ընթացքում, երբ ունեինք մարտի 2-6-ի կազմակերպումը, դրա շուրջ կատարած վերլուծությունները, հեղինակային մանկավարժություն իրականացնող կրթահամալիրն անցավ հնարավոր հետազոտական լուծումներին և առաջ բերեց մանկավարժական նոր մոտեցումներ, նոր գործիքներ։ Տեսազանգերով կազմակերպվող ուսումնական նախագծային պարապմունքները ունեցան որոշակի փոփոխություններ։ Այդ հարթակը  սկսեց գործել հատուկ սահմանված ժամատախտակով, փոքր խմբերի համար։ Դասավանդողները սկսեցին հանդես գալ տեսադասերով, ստեղծեցին փոխանցեցին ընտանիք, որտեղ սովորողը դարձավ յուրացնողն ու փոխանցողը ծնողին՝ հենց իր ուսումնական գործի լիարժեք կազմակերպման համար։

Որպես քաղաքացի, լրագրող, անհատ-հետազոտող, հեղինակային մանկավարժություն իրականացնող դպրոց-պարտեզի ղեկավար՝ ես որոնումների մեջ էի։ Անգամ միայն մանկավարժական պատումիս առաջին մասն էի գրել թոքաբորբից հետո, արտակարգ դրության ժամանակ իմ որոնողական հարցերով հեղինակային դպրոցի հիմնադիրներին սկսեցի անհանգստացնել։ Ինձ պետք էր հասկանալ՝ հեղիանակային-հեռավար դպրոցում ինչպե՞ս պաշտպանել երեխային, նրա շահերը, կրթության իրավունքը, որտե՞ղ լինի ուսուցչի, ծնողի հայացքը, որտե՞ղ լինի երեխան։  Իմ գործընկերներն էլ ունեին շփոթ, կազմակերպական դժվարություններ։ Ես որոշեցի, ստեղծել Դպիր Tv-ի հավելված, «Հարթակում ուսուցիչն է․․․», որի շրջանակում եղան, հնչեցին, հրապարակվեցին հեղինակային դպրոցի  հիմնադիրների, առաջատար ուսուցիչներ ուղերձները, մանկավարժական մոտեցումները, փորձը։ Ուսուցիչները կարևորեցին ընտանեկան դպրոցը, ընտանեկան նախագծերը՝ առաջ բերելով մանկավարժական, հոգեբանական վերլուծություններ, ընդգծելով այն ընտանեկան, կոմֆորտ միջավայրն իր բոլոր առավելություններով, դժվարություններով, դերակատարներով, ընտանեկան միջավայրը՝ որպես շինանյութ, տարբեր նախագծեր ստեղծելու, բխեցնելու այդ կարևոր լաբորատորիայից։

Թափ ստացան ընտանեկան նախագծերը, և ծնողի մասնակցությունն այդ նախագծերի զարգացմանը։ Ծնողներն սկսեցին արտահայտվել, տարբեր դիտարկումներ, կարծիքներ ներկայացնել, դասավանդողներն անցան մեթոդական մշակումների, և պարբերաբար «Դպիր» ամսագրում հանդես եկան հրապարակումներով։

Հեղինակային ուսուցիչը աշխատում էր անժամ։ Ամենօրյա Մանկավարժական առցանց դպրոցի առցանց բաց հանդիպումները Microsoft Teams հարթակում քննարկման էր դնում բացթողումները՝ կազմակերպական, գրանցում դիտարկումներ, բխեցնում լուծումներ։  Քննարկումներին առցանց մասնակցելու հնարավորություն ունեցավ նաև կրթական համայնքը, պատվիրատուն։ Նրանք հնչեցրին իրենց անհանգստությունները, դժվարությունները, ինչպես նաև փոխանցեցին շնորհակալություն՝ անժամ դպրոցին, նրա աշխատակիցներին, ուսուցիչներին։ Որպես դպրոցի ղեկավար` պիտի փաստեմ, որ շարունակ աշխատում է մանկավարժական հավաքանին։ Աշխատանք սովորողի, ծնողի, ընտանիքի հետ, արդյունքների հավաքագրում, հաշվառում, մեթոդական մշակումների ստեղծում, բլոգի, ենթակայքի սպասարկում և այլն․․․։ Իրական ստեղծական լաբորատորիա, և իրավիճակով թելադրված մանկավարժության զարգացում, ուսուցչի ինքնակրթություն։ 

Մարտի 23-27-ը  կրթահամալիրն օգտագործեց գարնանային արձակուրդը՝ սովորողների հետ աշխատանքի հիմքում ունենալով ընտանեկան հեռավար դպրոցի  «Ուսումնական գարունը» նախագծերը։ Դասավանդողներն ընտանիքի մենթորներն էին՝ զիլ, շշմելու համագործակցություն, սիրո և հարգանքի, ջերմության շրջապտույտում ստեղծվեցին մեկը մեկից հետաքրքիր նախագծեր, փաթեթներ։ Ընտանեկան լաբորատորիայում ապրում, զարգանում էր հեղինակային, ուրույն մանկավարժությունը։ Նույն ընթացքում, զուգահեռ մենթորական աշխատանքին, դասավանդողները  հեռավար ուսուցման արդյունավետ գործիքներ յուրացրեցին,   տարբեր վեբինարներ, տեսադասերի փաթեթներ, որոնք նպաստեցին ուսուցիչների ինքնակրթությանը։

Մարտի 30-ից առցանց-ընտանեկան դպրոցի կազմակերպման հիմքում սովորողի և ուսուցչի անհատական պլաններն են՝ հրապարակված, հասանելի։ Համաձայն կրթահամալիրի տնօրենի սուրհանդակի՝ հատուկ կարևորություն ստացավ՝

Ընտանեկան դպրոցի սովորողի պլանը չորս բաղկացուցիչ ունի՝

  • ապրիլի ուսումնական օրացույցով որոշված կրթահամալիրային նախագծեր, որոնք որոշակի են, ունեն իրենց համակարգողները,
  • ընտանեկան նախագծեր, ընտանեկան ուսումնական գործունեություն, ընտանեկան աշխատանք, որոնք ընտանիքով են որոշում, և շատ կարևոր է, որ նկարագրվեն, հրապարակվեն,
  • հեռավար-առցանց ուսուցման ծրագրով ուսուցչի հրապարակած առաջադրանքները, առցանց պարապմունքները,
  • սովորողի ինքնակրթությունը՝ ինչ է կարդում, գրում, լսում, դիտարկում, ուսումնասիրում՝ օգտագործելով իր ընկերների, ուսուցիչների բլոգները, մեդիագրադարանը, համացանցային և ֆիզիկական այլ աղբյուրներ։

Դասավանդողները, մանկավարժական հավաքանին անցան համապատասխան կազմակերպման։ Սուրահանդակը, ասելիքը, մանկվարժական բովանդակությունը հասավ յուրաքանչյուր սովորողի, ծնողի։ Յուրացնելու համար ժամանակ պահանջվեց, սակայն 6 տարեկանից սկսած յուրաքանչյուր սովորող ունեցավ իր անհատական պլանը ընտանեկան դպրոցում։ 

Ընտանեկան դպրոցի կազմակերպման հիմքում հեղինակային դպրոցի օրացույցն էր, ընտանիքի կազմակերպմամբ, համ ու հոտով։ Տասնյակ նյութեր, հաղորդումներ, պատումներ ստեղծվեցին. ընտանեկան դպրոցը քայլ առ քայլ, շաբաթ առ շաբաթ կորոնայի օրերին զարգացում է ապրում՝ որպես աջակից ունենալով հեղինակային դպրոցի հեղինակ, անժամ աշխատող ուսուցչին։ Հիմա էլ սովորող, ուսուցիչ հանդես են գալիս հաշվետվություններով, որոնք  մանակավարժական լաբորատորիայի համար ուսումնասիրության նյութեր են։

Զերծ մնալով սխոլաստիկ ձևաչափից, որ էն գլխից դպրոցի և կյանքի համար կանոնների համակարգ է մշակել, համառ  մոլորություններ պարտադրել՝ իրավիճակից ելնելով  մենք պետք է երեխային դիտարկենք իր օրգանական միջավայրում, և նրա ուսումնական, աշխատանքային գործունեությունը կազմակերպենք վառ, հավես, առանց լարումի, ասել է թե՝ արդյունավետ։

Եկեք չմոռանանք, որ հին հունարենից փոխառած school-ը նշանակել է ժամանց։ Երեխայի կյանքը լեցուն է խաղով, խաղն է նրա ուսուցիչը, խաղով կհասնենք նրան։ Այդ կերպ կբացահայտենք նրա առանձնահատկությունները, նրա ուշադրությունը, երևակայությունը, ստեղծականությունը, ճկունությունը, սոցիալական զագայարանները, այլ… Նրա հետ համագործակցելով, նրա խաղին միանալով, կամ խաղով նրան մոտենալով ․․․Սովորողը կկուտակի ակտիվ փորձ՝ դարձնելով տվյալ գործունեությունը սիրելի։ Հեղինակային ընտանեկան դպրոցում մենք տեսանք սովորողին՝ ներգրավված տնային, այդ թվում՝ երկրագործական, կենցաղային, տեխնոլոգիական աշխատանքներում։ Պետք չէ վախենալ կամ կասկածել այդպիսի ուսումնական բաղադրիչների շեշտադրման վրա, երեխայի  ուսումնական գործունեությունը  պետք է լինի բազմազան։ Մանկավարժությունը չի ճանաչում ճշգրիտ օրենքներ, նա առանձնացնում է տարիքային խմբեր, կյանքի ու դպրոցի մերձեցումն է, որ իրական է, որ՝ Կյանքի դպրոց է, որ սովորողին, երեխային հաղորդակից է  դարձնում հասարակական կյանքին՝ տալով ինքնուրույն գործելու, որոշելու իրավունք, քաջալերելում նրան իր մղումներում։ Դպրոցը պետք է երեխային սովորեցնի ապրել, փոխանցի համապատասխան գործիքակազմ, ձևավորի նրան, նրա հասարակական վարքը՝ ինքնադաստիարակության և ինքնակրթության միջոցով։ Հիմա, այսօր այդ դպրոցը տունն է՝ որպես աջակից ունենալով անժամ պատրաստակամ ուսուցչին․․․

Դե ինչ, պետք է գործել գործելով…

Խմբագիր՝ Տաթև Աբրահամյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով