Կրթահամալիրի տնօրենի օրագրից

Բարի հանդիպում-միասնական հավաք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. կրթահամալիրի 2015-2016 ուսումնական տարվա օրացույցով օգոստոսի 19-ին՝ ժամը 10-ին, մանկավարժական աշխատողներով հանդիպեցինք Մայր դպրոցի Մարմարյա սրահում, ու ես հայտարարեցի 2015-2016 ուստարվա մեկնարկի մասին: Մանկավարժությամբ զբաղվող մեծ խումբ մարդկանց օգոստոսի 19-ի այցելությունը քոլեջ կարևոր էր։ Շրջայցը քոլեջում-նախակրթարանում կարող էր և ցույց տվեց՝ մասնագիտական կրթության և նախակրթարանային միջավայրերը նյութական ներսով-դրսով ակնհայտ զարգացել են, հետաքրքիր, հիգիենիկ, անվտանգ դարձել ակնհայտորեն: Աչք ունենք՝ տեսանք, սիրտ ունենք՝ ուրախացանք. լավ մեկնարկային պայմաններ են բոլոր կարգի դաստիարակների պատրաստության կազմակերպումը կրթահամալիրով մեկ երեխայի կենդանի գործունեության աշխարհ ընկղմելու, որ դաստիարակին ուսուցանեն կրթահամալիրի միջավայրը, կրթահամալիրի հեղինակային մանկավարժությունը  մշակող, կազմակերպող ու տարածող ամեն մի օղակ՝ կրտսեր դպրոց, ուսումնական կենտրոն ու ծառայություն: 


Իսկ օգոստոսի 28-ին, 29-ին կրթահամալիրում եղան կրթահամալիրի ուսումնական հաստատությունների սովորողները՝ սա էլ է օրացույցով… Իմ ու վարչական խորհրդի անդամների ջանքերն ուղղված էին օգոստոսի 19-ի հավաքի պատրաստությանը, օգոստոսի 19-ից 27-ի ուսումնական աշխատանքների կազմակերպմանը: Երկու փուլով աշխատեցինք. մինչև օգոստոսի 23-ը (ուշադրություն, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման օրն է. ա՜յ քեզ հիշողություն)՝ կարգի բերեցինք, ամառային փոշուց-հետքերից մաքրեցինք մեր նյութական միջավայրը՝ ներսից ու դրսից. ազատվեցինք բոլոր տեսակի աղբից՝ կաբինետ առ կաբինետ, անկյուն առ անկյուն, տարածք առ տարածք, զբաղվեցինք ուսումնական գույքի և միջոցների խնամքով… Ուսումնական կենտրոնների, դպրոցների ղեկավարներով պատրաստվեցինք օգոստոսի 25, 26, 27-ի մանկավարժական դպրոցի աշխատանքին՝ նույնպես 2015-16-ի օրացույցով նախատեսված:
Հիշեցնեմ, որ մենք աշխատում ենք ոչ թե սովորողի համար, այլ սովորողի (երեխայի) հետ. հենց այս օրվանից սովորողները մանկավարժական ընտրությամբ մեզ հետ պիտի լինեն՝ բոլոր իմ թվարկած, չթվարկած, ձեր ավելացրած աշխատանքներում…
Օգոստոսի 28-ին՝ մեր հեղինակային կրթական ծրագրերի 2015-16 ուստարվա մեկնարկի օրը, մենք սեբաստացի սովորողներին հրավիրում ենք հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով (1-3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ, 9-12-րդ) որոշված՝ սովորողի ազատ ընտրությամբ ուսումնական գործունեության, լրացուցիչ կրթության… Այսպիսի ներառական հավաքանին ենթադրում է յուրաքանչյուրի ու բոլորի մասնակցություն, որ պատրաստեցինք մանկավարժական աշխատողների օգոստոսյան ճամբարում

Փոփոխությունները հնարավորությունների հոմանիշներն են:

https://youtube.com/watch?v=RqzUfgyOEjw%3Frel%3D0%26controls%3D0%26showinfo%3D0

Այս տեսանյութում «Սեբաստացի TV»-ն, Անի Սարգսյանը փորձել են ի մի բերել հուլիս-օգոստոսի նյութական միջավայրի շարունակական բարելավման աշխատանքները, կատարված փոփոխությունները… Ո՛չ մի շռայլություն, ո՛չ մի չմտածված ոչ ներդրումային ծախս՝ յուրաքանչյուր փոփոխություն ուղղված է կրթական՝ ուսուցանող միջավայրի ամբողջացման-արդիականացմանը…

Հետաքրքիր է՝ ի՞նչ բերք է տալու կրթահամալիրի Գյուղացիական տնտեսության կարտոֆիլը: Մեր տնտեսության լոլիկը, դդմիկը, վարունգը, պղպեղը, սեխն ու եգիպտացորենը աշխատավորներով ու ամառային պարտեզ-ճամբարով չենք կարողանում սպառել:  2015-ի շրջանավարտ Էդվարդ Հովհաննիսյանն ավելի ու ավելի վարպետությամբ է կատարում Գյուղացիական տնտեսության աշխատողի՝ իր համար նոր, ուզում եմ հավատալ՝ հետաքրքիր պարտականությունները… Ես ավելի ու ավելի կապվում եմ, գործընկեր դառնում Էդվարդին. հնարավոր բաժանումը հեշտ չեմ տանի: Կեցցե´ք, Էդվարդ ու Հովհաննիսյաններ, որ միասնական-համերաշխ եք:

Կրթահամալիրի Հիմնական դպրոցն այս տարվա շինարարական բարելավման գործերով ամբողջանում է՝ որպես մի նորոգ կուկլա դպրոց… Եկեք տեսեք, թե մի խորհրդային լքված տիպային շենքից ինչպիսի ասելիք-հանրակրթական միջավայր դարձավ՝ գրավիչ-կանչող աշխարհ: Դպրոցի լողափում 2-ից 4 տարեկաններն են՝ տկլոր, պատրաստ աչքի պես զուլալ-ջինջ ջուրը մտնել խաղով… Արևն ու պաղ ջուրը, մեր փորձով ապացուցված է, այնքան ու այնպես կփոխեն մեր մանչուկներին, որ մոռանանք մրսելու-հիվանդանալու մասին… Ամենօրյա բացօթյա լողը կշարունակվի և սեպտեմբերին, հետո՝ կխոսենք… Սպասում եմ մանուկների տրիաթլոնի (լող, հեծանիվ, էստաֆետ) կրթահամալիրային բաց ստուգատեսին…

Նոր դպրոցի ամառային չլռող աշխույժն իմ սրտով է. Նոր դպրոցը վերջնականապես նորացավ, ազատվեց խորհրդային տիպային մանկապարտեզի շենքի ֆիզիկական միջամտությունից, դարձավ մեկ՝ իր բակով ու ներշենքային անցումներով… Ամենամեծ ու ամբողջապես նորոգված նախակրթարանն ունեցավ կրթահամալիրում… Կենսաբան-դաստիարակ Շուշան Ալեքսանյանն արձակուրդում է, բայց որպես կամավորական աշխատանք, անցկացնում է հերթապահության իր օրը, ու տեսեք՝ տարածման արժանի ի՜նչ նախագիծ. նորացնում, թարմացնում, գրավչություն են հաղորդում բոլոր թաղարներին… Անահիտ Գևորգյանը, Տաթև Թամազյանը իրենց Ճամբարականներով Նոր դպրոցի գյուղացիական տնտեսության բարիքներն են հավաքում-մշակում, ծածկած լողավազանում մարզչին ցուցադրում լողի ամառը իրենց ձեռք բերած կարողությունները:

Ամբողջացավ կրթահամալիրի Հիմնական դպրոցը, ոչինչ չի խանգարում էկո-հանրակրթական միջավայրի մոդել ներդրումային ծրագրի մեկնարկի համար: Ծրագիրը Հիմնական դպրոցի ղեկավարի հետ կընտրվի բաց մրցույթով: Կրթահամալիրի բոլոր կրտսեր դպրոցները՝ իրենց նախակրթարաններով, բոլոր 5-6 տարեկանները դասարան-լաբորատորիաների ամբողջական խնամված տարածքներ ունեցան. այս օրերին լաբորատորիաների ղեկավար դասվար-դաստիարակները պիտի կարողանան գործիքավորել, բազմաբնույթ գրավիչ-անվտանգ ուսումնական աշխատանքի արհեստանոցներ դարձնել դրանք՝ յուրաքանչյուր 5-6 տարեկան սեբաստացու համար: Ե´վ խիզախում, և´ երևակայություն, ևˊ կոնկրետություն պահանջող հեղինակային աշխատանք…

Գեղարվեստի ավագ ու կրտսեր դպրոցները միացան՝ որպես Գեղարվեստի դպրոց… ներքին՝ բաժանող պատերն այլևս չկան… Մնում է վերացնել նաև բոլոր սահմանները ներքին ու տաբուները, որ տարատարիք սովորողների գեղարվեստական գործունեության համար մեծ ներուժ ունեցող շենքը՝ իր բակով, նախընտրելի դառնա քաղաքի, քաղաքամերձ գյուղերի շատ ավելի մեծ թվով երեխաների համար՝ և´ հանրակրթական, և´ լրացուցիչ կրթական արդիական ծրագրերի-նախաձեռնությունների-նախագծերի համար՝ երազած փորձարարական դաշտ…
Երկու օր է, ինչ հետևում եմ նոր Հասմիկ Թոփչյանի գործունեությանը Գեղարվեստում. գիտեք, մուռ ունեի՝ քանդակի արվեստանոցը շրջափակումից ազատելու, ներկայացնելու-հանրայնացնելու, յուրաքանչյուր ծեփող-քանդակող սեբաստացու համար մատչելի դարձնելուն ուղղված մուռ: Մուռս այս ամառ հանեցի. այդ առիթով մինչև սեպտեմբերի 4-ն իմ նվերների շարքում դուք ունեցաք իմ «մուռ» ասվածը: Հաջողություն Արա Թարզյանին, և բարով ես եկել կրթահամալիր, Հասմիկ: Ժպիտով, սուր, պրպտող խելքը հայացքի ու խոսքի մեջ, անընդհատ-անաղմուկ գործուն… Ուրիշը, հազարը կսպասեին, կգնային-կգային, ինչպես մեր Գեղարվեստի պատրիարքները, ոտքերը-ձեռքերը կախ կգցեին, մինչև շինարարներն ավարտեն, տնտեսուհին մաքրի, Բլեյանը ներկի… Ո՞ւմ համար, քո և անհասցե, պարազիտ դարձող սովորողի՞… Երբե՛ք… Հասոն կերպար է նոր՝ նույնպիսի նոր կերպար մեզանում, ինչպիսին տեղանքի փնտրվող աղբրի ջուրն է… Բարով ես եկել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. այս սրահը քանդակ-կերպարվեստի հենց քեզ համար էլ նախատեսված է:
Տիպային մանկապարտեզի շենքերից (մեր կրթական օբյեկտներից հինգն այդպիսին է) թափանցիկ, դուրս ու ներսը մեկ ամբողջական կրթական-ուսուցանող համակարգ դարձրած, տարբեր մարդկանց յուրահատկությունների համար հարմար միջավայրեր ստեղծելն ունի գորդյան հանգույցներ… Այս տարի շինբարելավման աշխատանքներով ես տասնյակ այդպիսի հանգույցներ եմ քանդում-արձակում-լուծում. ա՛յ, խնդրեմ, երեկ մինչև ուշ, բանվորների հետ, Գեղարվեստի շենքի աջ ու ձախ՝ քանդակ-կացարանի, նախակրթարանի հատվածում էի…Արմինե Թոփչյանը սկսել է գործուն մասնակցել լուծմանը, երևում է՝ շինարարությունը սկսել է ոչ միայն հոգս դառնալ նրա համար (մենակ թե շուտ պրծնեմ), այլև հետաքրքրել. միջամտում է նախագծին, փոփոխում-լավացնում… Այդպես և նոր Հասմիկ Թոփչյանը… Իսկ գեղարվեստի կրտսեր դպրոցի գեղանի աղջիկների թիմը, տեսեք, ինչ թեթևությամբ է մոտենում ֆիզիկական աշխատանքների անհրաժեշտությանը…
Այդպես քիչ է լինում, բայց պատահում է, որ շինարար-բանվորն էլ սկսում է մասնակից դառնալ, ինչպես տիար Էդուարդ Գավարյանը… Վարպետ Պետոյի հավեսը փախել է. դա երևում է, ափսո՜ս… Բայց հենց հավեսը տեղն է լինում, փայլատակում է լուծումներով՝ նույն պահին իրագործելով՝ առանց ժամին նույնիսկ նայելու, ինչպես երեկ…

Քոլեջ-արհեստագործականն ավելի հասկանալի դարձավ որպես քոլեջ՝ իր ընդարձակվող նախակրթարանով՝ որպես դաստիարակի պատրաստման ամբողջական միջավայր, ներսով-դրսով… Ինչպե՞ս է այն դաստիարակներ պատրաստելու, նույն կե՞րպ, միայն թե պրակտիկա-էքսկուրսիաներ անցկացնելով կրթահամալիրի՞ կրտսեր դպրոցների, քոլեջի նախակրթարաններում… Երբե՛ք։ Գնում ենք մասնագիտական կրթության և դաստիարակչական իրական գործունեության ներառման ճանապարհով, որքան էլ այն դժվար լինի։

Արդեն տեսանելի է, որ կրթահամալիրը, իր՝ պահեստի վերածած տարածքների արդիականացմամբ, կունենա հանրապետությունում եզակի հեծանվային ակումբՀայրենագիտական ուսումնական ճամփորդությունների կենտրոն, ձիավարժարան ու նետաձգարան՝ անհրաժեշտ նյութական միջավայրով…

Լրագրողները հիմա էլ ամենաշատն ինձ սկսում են հարցնել Սահմանադրական փոփոխությունների մասին… Մեկը չեղավ՝ լուրջ պատրաստված գար ու խոսեինք «Ամառային դպրոց» 2015-ի մեր նախագծերի, ամառային պարտեզների, անընդհատ բաց ու յուրաքանչյուրին ողջ ամառ մատչելի մեր ֆիզիկական կրթական աշխարհի մասին…

Նունե Մովսիսյանը մեր, անխոնջ-խաղաղված, ի՜նչ ճշգրիտ է ձևակերպել ուսումնական հուլիս-օգոստոսը՝ շաբաթ-կիրակի… Ժամանակի ընթացք է, անգամ, ձեր գովական, քույրս կասեր՝ «мировой» տնօրենի վարչական իշխանությունից դուրս՝ օգոստոսի 19-ին օրացույցով սկսվում են շաբաթվա մյուս օրերը… Բարի գալուստ-դարձ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ֆիզիկական աշխարհ… Իհարկե, կան փոփոխություններ, բարելավումներ, համոզված եմ… Մեկ նախադասությամբ ասել եմ. «Ավելի շատ օդ, ջուր ու կանաչ»…

Սուսան Հովհաննիսյանն իր ազատ ընտրությամբ փոքր, ինքնուրույն կտորներ, տեքստեր է առանձնացնում իմ օրագրից ամեն օր, անգլերեն ներկայացնում… որ մեզ հասկանա օտարերկրացին. արտահայտվելու ազատության իրացումը տեղեկատվական թվային միջոցներով՝ այդպիսի հարցադրման համար՝ առանց սահմանների ընթերցող, տալիս է: Ցանկացածին, ով տարածում է իմ գիրը, իր ազատ տնօրինմամբ, շնորհակալ եմ. այդ ջանքերը պիտի որ բերեն կրթական փոխանակումների աշխարհագրության, բնույթի, ծավալների փոփոխությանը: Ասվածը միայն իմ գրին չի վերաբերում. սեբաստացի յուրաքանչյուր հեղինակի գործունեությունը, ստեղծածը, հեղինակած-համահեղինակած գաղափարը տարածելով՝ դու դառնում ես համահեղինակ. դրանից ավելի կոնկրետ-մատչելի-շնորհակալ եղանակ ես չգիտեմ… Սա է ճանապարհն այս անհաղորդության հաղթահարման, նոր հաղորդակցության հաստատման…

Նկատե՞լ եք, որ Հայաստանում մանկավարժ-մասնագետի (բոլոր կարգի ուսուցիչների, դաստիարակների, հատուկ մանկավարժների) պատրաստությունը մեկուսացված է կենդանի մանկավարժական գործունեությունից՝ պարտեզից, դպրոցից… եթե չհաշվենք էքսկուրսիաների ձևով կազմակերպվող մասնագիտական փորձառությունները: Ինչ-որ մի շենքում ինչ-որ առարկայական թեստեր լրացրած, մանկավարժական մասնագիտական կրթության ծրագրով ուսանելու պարտավորություն ստանձնած, հիմնականում աղջիկների ինչ-որ խումբ դասախոսներ ինչ-որ ծրագրերով 4 տարի տանել-բերելուց հետո պետական նմուշի դիպլոմ են տալիս: Հետո այդ դիպլոմավոր մարդիկ, եթե ուզում են ու կարողանում են, տեղավորվում են իրական դպրոցում, մանկապարտեզում ինչ-որ մի գործի ու սկսում իրենց իմացածը, իրենց գնացած դպրոց-մանկապարտեզը վերարտադրել… Սա հատուկ՝ ոչ ներառական կրթություն է՝ իր բոլոր հայտնի արատներով: Սրա այլընտրանքը մանկավարժական  մասնագիտական կրթության ու մանկավարժական գործունեության ներառումն է։
– Ինչպե՞ս,- հարցնում եմ:

Իմ էլեկտրոնային փոստն այս օրերին արձանագրում է՝ կրթահամալիրում աշխատողների շարժը մեծ է: Եվ դա լավ է։ Յոլա գնալը, տեղավորվել-գնալ-գալը հասարակական խրախուսում ունի՝ գոյաձև է։ Ընդունակ մարդը սրան թող չտրվի. կրթահամալիրում անցկացրած ժամանակը կորած չէ. կրթահամալիրը մեծ-յուրահատուկ աշխարհ է՝ անսովոր նիստուկացով՝ շուրջբոլորն անհատականություններ են: Գնա՛ փոփոխության, եթե ինքնավստահության կարողությունն օր օրի չի աճում… դարձի՛ր կրթահամալիրի պատվիրատու-աջակից-գործընկեր հասարակության մասը: Ավելի վտանգավոր է «ո՞ւր գնամ», «սենց էլ որ մնա…», «էս տարին էլ թող անցնի» տեսակը:

Ի՞նչ մնաց… Ես խոստացել եմ թույլ չտալ կրթահամալիրի ծերացումը, չի կարող կրթահամալիրում տիրապետող դառնալ ծերունական մառազմը, երբ ավելի շատ վերցնում են, քան տալիս… Ես իմը տվել եմ… Կա աշխատողների սիրելի տեսակ՝ ֆիզարձակուրդ մեկնողները, ծնունդի գնացողները… Ի՜նչ լավ է, որ մենք  ստեղծվել ու շարունակում ենք մնալ երիտասարդ հավաքանի… գործատու կրթահամալիրի տնօրենի՝ սրանից բխող բոլոր հոգսերով: Ուրախ ու սիրելի հոգսեր… տարին երկու տասնյակի չափ ընտանիք կազմող, ֆիզարձակուրդ գնացող ու ֆիզարձակուրդից եկող աշխատող ունենք։ Ի՞նչ հանրակրթություն՝ առանց ծնունդի։

Լինելով տարբեր մարդիկ՝ միանման ռազմական устав-կանոնադրության տակ ծառայում են, իրագործում միևնույն կրթական ծրագիրը հանրապետության 1400-ի չափ պետական հանրակրթական հաստատություններում. ինչպե՞ս է, որ դա չի խանգարում… Իսկ այս մեր յուրահատկությունը՝ տարբեր լինելը, ինչպե՞ս է իրեն դրսևորում հեղինակային կրթական ծրագրի մշակման-կազմակերպման ու տարածման փուլերում… Ինչ ուզեմ՝ կանե՞մ… Կուզեմ՝ չե՞մ անի… ուրիշ բան կանե՞մ՝ իմ իմացա՞ծը…
Ի՜նչ տարբերություն, կոնկրետ դասընթացի, ուսումնական նախագծի ծրագիր ես անում-մշակո՞ւմ, թե՞ կրթական միջավայրի շարունակական փոփոխման… Մեր հեղինակային սեբաստացիական միջավայրը մի՞թե յուրահատուկ չէ մեր տարբեր լինելը դրսևորելու համար… Տարբեր լինելը մեր յուրահատկությո՞ւնն էԻնչպե՞ս է այս մեր յուրահատկությունը (բնույթը) հաշվի առնում նախադպրոցական, 9-ամյա թե 12-ամյա հանրակրթությունը… Թեմա է… Ինչպե՞ս են անհատի տարբեր լինելու իրավունքը հարգում մեր հեղինակային կրթական ծրագրերը՝ իրենց ուսումնական պլաններով, թե՞ կազամակերպման ընթացքում դրանք գաջի-բետոնի սվաղի տակ են մնում…

Սեպտեմբեր-հոկտեմբերին նյութական միջավայրի բարելավման թիրախում նորից կլինեն նախակրթարանները, բայց այս անգամ՝ կոնկրետ ու բացառապես միայն բակ-պարտեզները՝ որպես խնամված կանաչի ու բացօթյա լողի-հեծանվի-մարմնամարզության-էստաֆետախաղի-վազքի լիարժեք միջավայր։ Իմ սիրած միասնական ներսուդուրսը կստեղծեն մանկան ինքնուրույն գործունեության ամբողջական աշխարհը… Դաստիարակը, նրա օգնականը, նախակրթարանի դիզայներ ուսուցիչն ու ղեկավարը այսպիսի նախակրթարանում աշխատելու իրավունքը պահպանելու համար պիտի մասնակցեն այս ամբողջականության կերտմանը՝ նախագծի մշակման, իրականացման ու պահպանման բոլոր փուլերում, անընդհատ։

Մենք դաստիարակչական մեթոդի հաստատություն ենք, որպես նախադպրոցական կրթական ծրագիր՝ երևի միակ այլընտրանքը Հայաստանի քաղաքների ու գյուղերի համայնքային նախադպրոցական հաստատություններում իրականացվող պետական նախադպրոցական ծրագրի։ Բաց ֆիզիկական ու մեդիա միջավայրում, նախադպրոցականների բնական-կենդանի գործունեության պայմաններում մասնագետների-ծնողների-այլ հետաքրքրվածների ուսուցումը (կրթական ծրագրի փոխանցումը) կրթահամալիրի կանոնադրական խնդիրներից է։ Ապահովելու համար արտասահմանցիների, արցախցիների, վրացահայերի, մարզերի ու երևանցիների իրավահավասարությունը՝ մենք ստեղծել ենք կրթական փոխանակումների հարմար կացարաններ 24 տեղով՝ կրթահամալիրի Հիմնական դպրոցում (Իսակովի 52/6), 26 տեղով՝ Դպրոց-պարտեզում (Ա. Բաբաջանյան 38/1), 10-12 տեղով՝ Գեղարվեստի դպրոցում (Րաֆֆի 69/1), պարզ, հիգիենիկ կենցաղով, այդ թվում՝ սնունդ և ինտերնետ, մարզանքի, լողի, հեծանվի հարմարություններով։ Այսպիսով մեր հինգ նախակրթարաններից յուրաքանչյուրում միաժամանակ կարող է սովորել (պատրաստվել) մեկ խումբ՝ մինչև 20, լա՜վ, 50-60 կացարանային (գիշերելու) տեղի պայմանով… Եվ այս ամենը, կրկնում եմ, բոլորի համար մատչելի, առանձին խմբերի համար՝ անվճար, «Փորձարարական մանկավարժական ծրագրեր հանրակրթությունում» բյուջետային դրամաշնորհի միջոցներով…

Լև Տոլստո՞յն է արձանագրել` 5 տարեկանից մեզ բաժանում է մեկ քայլ… Եվ մուտքը կրթահամալիր պարտեզով է, կրթահամալիրի կրտսեր դպրոց` 5 տարեկանների ուսուցման ծրագրով… Կրթահամալիրի Դպրոց-պարտեզը, Նոր դպրոցը, Գեղարվեստի կրտսեր դպրոցը, Հիմնական դպրոցը այս տարի ևս ընդունում են 5 տարեկաններին։ Այստեղ և՛ Արմինե Գյոնջյանի նման փորձառուն է, ում 5 տարեկանների ծրագրով սկսած 3-րդ դասարանցիները 2015-2016 ուստարվա չորրորդ դասարանցիներն են Դպրոց-պարտեզում, և՛ այս ծրագրի սկսնակ Դիանա Գևորգյանը, ով իր նախաձեռնությամբ Գեղարվեստում ավարտել է 5 տարեկանների խմբի ձևավորումը. նայելու բան է, թե ինչ աշխարհ է ստեղծել, եկեք, տեսեք։   Հիմնական դպրոցի և Նոր դպրոցի 5 տարեկանների գործող խմբերի ղեկավարների անունները կհրապարակեմ մեկ-երկու օրից։ Այս հապաղումը խոսում է մեր վերաբերմունքի լրջության մասին… Մեզանում առաջ, ինչպես հանրապետությունում, այս խումբ-դասարաններն անվանում էին նախապատրաստական ուսուցման դասարաններ… Ինչի՞ն պատրաստեն. ինչպե՞ս են որոշում, ո՞վ է որոշում… 5 տարեկանների մի մասը որևէ մանկապարտեզի նախապատրաստական խմբում այդպես էլ չի ընդգրկվում և 6 տարեկան է դառնում, 1-ին դասարան գալիս ընտանիքից… Ո՞վ է նրան պատրաստում դպրոցական ուսումնառությանը, ո՞վ է ստուգում-թույլատրում-արգելում, երբ կրթությունը երեխայի անօտարելի իրավունքն է՝ բոլոր ներպետական ու միջազգային փաստաթղթերով…

Մենք 5 տարեկանների ֆիզիկական-մտավոր զարգացման-հասունացման համար կարող ենք և ստեղծել ենք համապատասխան աշխարհ, միջավայր… կրթական մեկամյա ծրագիր, որով սանը ծնողի ազատ ընտրությամբ, 2 ճանապարհ ունի՝ շարունակել զարգանալ-հասունանալ կրտսեր դպրոցի ուսուցման ծրագրով՝ իր 6 տարեկան դարձած ընկերների հետ կամ ընտրել տարրական ուսուցման քառամյա ծրագիր նոր ընկերների հետ՝ կրթահամալիրի որևէ կրտսեր դպրոցում կամ մայրաքաղաքի բազում կրտսեր դպրոցներից մեկում…
5 տարեկանները ծրագրով կլողան, հեծանիվ կվարեն. վազք-էստաֆետ-մարմնամարզությունը կկազմակերպվեն նաև որպես մտավոր զարգացման-հասունության անցումներ…
Մի բան հաստատ է, այստեղից էլ այն հետևողականությունը և ուշադրությունը, որ մենք շարունակում ենք 5 տարեկաններին դարձնել։ Տարրական ուսուցման (առաջ՝ տասնամյա դպրոցում եռամյա, հիմա՝ քառամյա 12-ամյա կրթությամբ դպրոցում) պետական կրթական ծրագիրն այդպես էլ չի փոխվել՝ անգիրի, վերարտադրման, դոգմատիկ դպրոց է եղել և մնում… Հեղինակային կրթական ծրագրով տարիների մեր չարչարանքի արդյունքում ստեղծված դպրոց-պարտեզը՝ իր այսօրվա նյութական միջավայրով ու ծրագրային կառույցով, ծրագիրը յուրացրած դաստիարակով, հասարակայնորեն ամենաերևելի կերպով ճանաչվածն է. հետդարձ չի կարող լինել, իհարկե։ Իսկ առաջընթացն այն է, որ մեր Միջին դպրոցը 2015-2016-ում ավելի վստահ է անցնում հասարակական ճանաչման ճանապարհը…

«Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք»… Սա Հանրակրթության մասին օրենքում գլխապտույտ արագությամբ շարունակվող փոփոխություններից մեկն է։ Սկզբում «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» առանձին օրենքով կարգավորվում էին այսպես կոչված ներառական կրթական ծրագրով սովորողների հանրակրթական հարաբերությունները՝ Հանրակրթության մասին օրենքով՝ «սովորական» երեխաների հանրակրթական հարաբերությունները։ Մի երրորդ կարգավորում կա արդեն առանց օրենքում սահմանված հասկացության, որ հասկանալի լինի՝ ով է «արտակարգ ընդունակություններ դրսևորած» սովորողը, ով է որոշում, ինչպես։ Բացի «հատուկ պահպանվող» տարածքներում նրանց պատսպարելուց, շարունակ թմբկահարվող մեկ ցուցանիշից՝ առարկայական օլիմպիադաներում ձեռք գցած մեդալների քանակից, ի՞նչ ունենք՝ որպես մանկավարժություն…  Հիմա էլ, տեսեք, մտափոխ եղան, ուժը կորցրած ճանաչեցին «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը, այդ հասկացություններն ու հարաբերություններն ինչ-որ զտումով բերեցին «Հանրակրթության մասին» օրենք… Սրանով կամ սրանից հանրակրթությունը դարձավ ներառակա՞ն, երբ չկա դրա գիտակցումը, երբ հանրակրթական հաստատությունն այդպիսին չէ… Անկախության 25-րդ տարում պիտի ոչ թե վարկանիշավորման մեդալներով-շքանշաններով չափվի գործը, այլ բոլորիս՝ առանձնահատուկի, «սովորականի», արտակարգի՝ որպես մեկ ամբողջություն՝ մի բաց հասարակությունում որպես հավասարներ ապրելու, նույն հանրակրթական հաստատությունում կրթվելու պայմաններով… Իսկական կրթությունը, ինչպես բաց հասարակությունը, չի կարող չլինել ներառական, ներառող, հասարակ, պարզ… իրավահավասար… Մենք, որպես հեղինակային հիմնադիր հավաքանի, 25 տարի առաջ խալխի (հասարակ մարդու) դերում էինք, երբ ստեղծեցինք մեր՝ անհատականություններ ներառող, անհատի զարգացման համար համալիր պայմաններ ապահովող ծրագիրը. իմ ձևակերպումն է «Անսովոր կազմակերպում սովորական երեխաների համար»…

Այս հղումով, շնորհակալ եմ մանկավարժության լաբորատորիային, հավաքին ընդառաջ, տեղադրվեց 5 տարեկանից սկսած յուրաքանչյուր կրթական ծրագրի՝ սովորողի ընտրած գործունեության ցանկը՝ պարզաբանումներով, ուսումնական կենտրոնների առաջարկած լրացուցիչ կրթության ձևերն ու դասընթացները՝ տարատարիք սովորողների և ուսուցիչների համար… Տպավորիչ է, այո՞, բայց կուզեմ՝ ուղեցույց դառնա այսպիսի աշխատանքը… Դժվար, շա՜տ դժվար է այսպիսի իրական ընտրությամբ սովորական և յուրաքանչյուր սեբաստացու ազատ գործունեության ապահովում-կազմակերպումը՝ որպես օրացույց ու ժամանակացույց, որպես մեր հավաքանիի ուսումնական առօրյա… Առանց լիարժեք-զարգացող-ինքնավարության-ինքնասպասարկման-ինքնուրույնության, սովորողի և սովորեցնողի անհատական շահագրգռվածության ու ակտիվության, չի ստացվի կամ ուրիշ բան կստացվի՝ այլ արդյունքներով… Շա՜տ են ափսոս տարիների մեր ստեղծածը, փորձը, հեղինակությունն ու հնարավորությունները վարանում-վրիպում թույլ տալու համար: Սրա համար պիտի փոխվե՞ք՝ փոխվե՛ք. լսո՞ւմ եք… Սովորողի այս ազատ ընտրությամբ է որոշվում յուրաքանչյուրիս մեջ կրեատիվը, հետազոտողը…

Երեկ մենք վարչական խորհրդում խոսում էինք բնագիտական-տեխնիկական ստեղծագործության, ինժեներական, տեխնոլոգիական գործունեության ակտիվացման, սովորողի ընտրությամբ լրացուցիչ կրթության ծավալում սրանց կարևորման ձևերի մասին… Չգիտեմ` աշխարհում ինչպես, բայց հայաստանյան դպրոցներում վիճակն այս առումով մտահոգիչ է. ցավոք, ծնողներն էլ հիմնական ուշադրությունը, պատվերը տալիս են տաշի-տուշիին, օտար լեզուների լրացուցիչ պարապմունքներին, կրկնուսուցմանը, բարձր գնահատականներին, բայց տեսեք՝ որքա՜ն աղքատ է երեխայի ընտրությունը բնագիտական-տեխնիկական իրական գործունեությամբ զբաղվելու համար… Խմբակներ ամենատարբեր, լաբորատորիա-արհեստանոցների իրական գործունեություն, ակումբներ… Մի «Թումոյով», Հայաստանում և Արցախում բացվող 2-3 մասնաճյուղով այսպիսի ծավալուն խնդրում տեղաշարժ չի լինի… Ընտանիքը չի կարող հեռու մնալ այս գործունեության կազմակերպման, խրախուսման խնդիրներից… Կրթահամալիրի նախակրթարանների, կրտսեր դպրոցների, ուսումնական կենտրոնների լաբորատոր միջավայրը, մեր հեղինակած ուսումնական պլանները դրա հնարավորությունները հորդառատ տալիս են… Դպրոց-պարտեզի 4-րդ դասարանցի դարձած Արմեն Մարտիրոսյանն ընտրել է ռոբոտիքսը՝ որպես գործունեություն: Այն Արմենը, որ հայտնի է կերպարվեստում ունեցած հաջողություններով, այս ընտրության համար երկար է  սպասել:

Օգոստոսի 28-29-ը հեղինակային մանկավարժության կրթական ծրագրերով որոշված ընդհանուր պարտադիր դասընթացների, նրանց ներկայացման ու կազմակերպման օրերն էին… Իսկ սեպտեմբերի մե՞կը՝ հարցնում են… Սեպտեմբերի 1-ով սկսում ենք 2015-2016 ուստարվա կրթական նորամուտների շքերթը… նոր հարյուրավոր տարատարիք սեբաստացիներով, ուսումնական նորույթներով, կրթական միջավայրի նոր մշակումներով, ուսումնական գործի կազմակերպման նոր լուծումներով… Իսկական կրթական շքերթ, որը պիտի անհատականացվի, որ ակտիվ դառնա յուրաքանչյուրը, ներառվի. առանց այսպիսի ելքի-հավեսի ոգևորվածության, ի՞նչ շքերթ… Շքերթ, որ կկլանի ոչ միայն այնքան խոստացած-ավանդական սեպտեմբերի 4-ը, այլև դրան հաջորդող շաբաթ-կիրակին… Ինչո՞ւ նշանավոր-տոնական-հիշարժան՝ որպես ուսումնական մեծ մարաթոնի մեկնարկ չդառնա մեր շքերթը… Ես խոստացա: Հետևե՛ք իմ օրագրին. ես պատմելու եմ և՛ օգոստոսի 28-ին, և՛ սեպտեմբերի 1-ին մեկնարկողի մասին…

Իհարկե, ստացվեց մեր «Մեղրաձոր 2015» արշավախմբային ճամբարը, որին անձրևը կարևոր փորձության ենթարկեց. դաշտ էր, ու արշավախումբ…. Կեցցե՛ք, Գնել ՀարությունյանԿարինե Պետրոսյան, Խորեն Հազարումյան, Հրաչյա Առաքելյան ու ընկերներ՝ բոլոր կարգի ու տարիքի, անձրևն այդ ընդունեք՝ որպես պարգև…

Ուսուցչի, մանկավարժական աշխատանքի շուրջ խմբված են լինում սովորողներ՝ ազատ, մինչև վերջ ազատ ընտրությամբ… Մենք սկսում ենք 2015-2016 ուստարվա խմբերի ձևավորումը ոչ թե հանրակրթական դասարաններից, այլ սովորողի գործունեության ազատ ընտրությամբ խմբերից…Գնել Հարությունյանը՝ «Մեղրաձոր 2015» ճամբարի հերոս պահապանը, ոգևորված է արշավախմբային ճամբարային գործունեության շարունակականությամբ՝ որպես շուրջտարյա մոբիլ դպրոց բնության գրկում… Իրոք, մի ամսով ամառային ճամբարը վե՞րջ… Ինչո՞ւ չի կարող լինել 7-օրյա, 10-օրյա արշավախմբային աշնանային ճամբար հոկտեմբերի վերջին, աշնանային ուսումնական արձակուրդի շրջանում… Իհարկե. Հայաստանի բնության մի նոր բացահայտում-տարածում… Սկսենք տարածքի ընտրությունը, մինչ այդ էլ վերջնական տեսքի կգա արշավախմբային-հայրենագիտական կայանի տարածքը: Ի դեպ, Գնել Հարությունյան, մեր սեբաստացիական հնգամարտի (ձիասպորտ, սուսերամարտ, նետաձգություն, հրաձգություն, լող) կազմակերպիչ-համակարգող Խորեն Հազարումյան, նետաձիգ Գևորգ, սուսերամարտիկ Միքայել ու «Ասպետ» ակումբի համակարգող Արման Երանոսյան, մեր ամենահայրենագետ Կարինե Պետրոսյան ու կայանի անմիջական պատասխանատու Հրաչ Առաքելյան, ինչո՞ւ չի կարելի մինչև սեպտեմբերի 4-ն ավարտել այն… Կայանը հենց դրա համար էլ ստեղծվում է. ինքնաբուխ արշավախմբային նախագծերի իրականացման համար։ Գուցե եռօրյա (շաբաթ, կիրակի, արանքում էլ՝ մի տոն կամ մեռելոց) մոդուլն ամենագործածականն է, կրթահամալիրի արշավախմբային ավտոբուսն էլ՝ շատ հարմար փոխադրամիջոց:

Կրթահամալիրի 2015-16 թթ-ի օրացույցն էի զննում. սեպտեմբերի 21-26-ը կոմիտասյան օրեր են ավանդական, ամենամյա… Օրացույցը մեր ուսումնական է, նրանում արձանագրվածը միջոցառումներ չեն՝ անես-պրծնես, գա ակտիվ ուրիշը, երգի կամ խոսի, դու իբրև ներկա-մասնակից լինես, բայց մտածես, թե հոգի հանեց, ե՞րբ պիտի պրծնի… Օրացույցում մեր ուսումնական կյանքն է, բովանդակությունը՝ ուսուցմամբ, ուսումնական նախագծերով յուրացվող… Այս օրացույցով պիտի կազմված լինի նաև ուսուցչի, կազմակերպչի, ամեն մի մանկավարժական աշխատողի ուսումնական դասընթացների, գործունեության աշխատանքային ծրագրերն ու պլանները… Օգոստոսի 30-ը անգամ ուշ է հետաքրքրվելու համար. արված են մշակումները, որտե՞ղ են դրանք հրապարակված, կարո՞ղ եք ցույց տալ ձեր ուսումնական բլոգներում: Ցո՛ւյց տվեք:

Հեծանիվը: Տարվա լավագույն՝ ամենահանրակրթական, ամենաոգևորիչ ու զարգացումներով լի նախագիծը «Բանգլադեշն անիվների վրա»-ն է անկասկած… Փաստ է, որ հեծանիվը դարձավ առօրեական. մեր ուսուցիչներից շատերը սկսել են ձեռք բերել … Փաստ է, որ մենք ամենահարմար պայմաններով ստացանք 40 հեծանիվ՝ 20-ը՝ մինչև 11 տարեկանների, 20-ը՝ մեծահասակների համար, նոր ու եվրոպական  արտադրության, նախանձելի… Փաստ է, որ ավարտին է մոտենում հեծանվակումբի շինարարությունը. սեպտեմբերի 22-26-ի հեղինակային կրթական ծրագրերի հավաքին մենք կներկայացնենք տարատարիք հեծանվախմբերը… մեր եռամարտը, հնգամարտն ու միամարտը, հեծանիվներ ու հեծանվավոր սովորողներ և ուսուցիչներ… Փաստ է, որ այս 4-5 ամսում ես ու իմ հավատարիմ ընկեր-օգնական Գևորգ Հակոբյանը նախագծեցինք Անաստասավան՝ Շիրակի փողոցով կամ Լենինգրադյանով, Խանջյան փողոց՝ Ծովակալ Իսակովով կամ Սեբաստիայով, Բանգլադեշի՝ կրթահամալիրի Բանգլադեշի հեծանվային բոլոր հուսալի անցումները… Հավատացնում եմ՝ բազմապատիկ նվազեցին նյութական ծախսերն ու ժամանակը «Բանգլադեշն անիվների վրա», «Հեծանիվը՝ հանրակրթական միջոց» նախագծերի իրագործման պիլոտային ծրագրերի համար: Մենք միայն մեզ համար չէ, որ անում ենք, մենք, այդպես ստացվեց, էլի գնում ենք առջևից՝ հանուն Հայաստանի Հանրապետության, առողջ գլորվող սերնդի…

Հետգրություն

Ես շատ կուզեմ, որ կրթահամալիրի համար էլ 2015-16 ուստարին հասունության փուլի ազդարարում լինի. հասուն մարդկանց հասուն հարաբերություններ ու հասուն իրագործումներ՝ հասունության բերված նախագծերի ու ծրագրերի… եթե մենք ապրել ենք ու գիտակցում-ուժ ենք ստանում մեր կրթական ծրագրի առաջացման ու իրագործման պատմությունից… Ի՞նչ պատմություն է, եթե ուժ չի տալիս… Կան պտուղներ, դեպքեր, ծնունդներ, որ այդպես էլ չեն հասունանում… կան և լխկածներ… կա և հասուն շրջան…

Հեղինակ՝ Աշոտ Բլեյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով