Երկարօրյա հասկացությունը շատ կրթական հաստատություններում դիտվում է որպես դաս-դասարանային համակարգ կամ դասապատրաստում, բայց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երկարացված օրը շուրջտարյա, տարատարիք ճամբար է՝ ուսումնական, ճամփորդական, ստեղծագործական բաց և ներառական միջավայրում: Որպես նորարարություն՝ երկարացված օրը 2017-2018 ուսումնական տարում դարձավ ճամբարային, և ջոկատներում ներառվեցին տարատարիք սովորողներ: Իմ ճամբարային ջոկատում ներառվեցին երկրորդ, չորրորդ և հինգերորդ դասարանի սովորողներ. ի սկզբանե մտավախություն կար՝ չհարմարվելու և իրար չընդունելու: Մեկ-երկու շաբաթ անց բոլոր մտավախությունները ցրվեցին, միջավայրի պես սովորողները ներառվեցին, հարմարվեցին մեկը մյուսին: Տարատարիք խմբի սկզբունքը շատ բարերար էր սովորողների, ինչպես նաև ինձ համար, քանի որ կարողանում ենք շատ նախագծեր իրականացնել, տվյալ դեպքում՝ չորրորդ և հինգերորդ դասարանի սովորողները դառնում են ինձ օգնականներ, գործում էր սովորող-սովորեցնող բաղադրիչը: Կարճ ժամանակ անց հաշտ, համերաշխ միջավայր, սովորղների համայնք ունեցանք, մեծերը փոքրերին ընդունում են որպես իրենց կրտսեր ընկերներ և արդյունքում ստեղծվել է մի միջավայր, որտեղ մեկը մյուսին օգնում, աջակցում է:
2017-2018 ուսումնական տարում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երկարացված օրվա կազմակերպումը որակապես փոխվեց, մանկավարժական ամենշաբաթյա սեմինարների միջոցով աշխատանքն ավելի համակարգված դարձավ: Ամենշաբաթյա սեմինար-պարապմունքները մանկավարժական աշխատողին միշտ սովորելու, կարողությունները զարգացնելու, հմտությունները փոխանցելու հնարավորություն են տալիս: Փորձի փոխանակումները, մեթոդների և նախագծերի քննարկումները շատ արդյունավետ են դարձնում մեր կազմակերպիչների գործունեությունը : Սեմինար-պարապմունքների, քննարկումների ընթացքում ձեռք ենք բերում նոր կարողություններ, հմտություններ, որոնք փոխանցում ենք տարատարիք ճամբարականներին (երգի-պարի ուսուցում, հեծանիվ վարել, բլոգավարություն, համակարգչային նոր ծրագրեր, կենդանիների խնամք, միջավայրի, բույսերի խնամք):
Լինելով երկարացված օրվա կազմակերպիչ՝ ես ինքս համագործակցում եմ սովորողի, ծնողի, դասվարի, ծրագրի ղեկավարի և մյուս դասավանդողների հետ: Երկարացված օրվա կազմակերպումը ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար նախ պետք է խոսել երկարացված օրվա ծառայությունից օգտվող սովորողի ծնողի հետ և պարզել, հաշվի առնել, թե ինչու է տվյալ սովորողն օգտվում երկարացված օրվա ծառայությունից: Մեկնաբանությունները հետևյալն են.
Աշխատող, զբաղված ծնողները երկարացված օրվա կազմակերպումը դիտարկում են ոչ միայն որպես դասապատրաստման և սնվելու հնարավորություն, այլ նաև որպես լրացուցիչ կրթության կազմակերպում՝ կարևորելով երեխայի հանգիստը, լիցքաթափումը:
Երկարացված օրվա կազմակերպման արդյունավետության համար առաջնային է ժամանակի բաշխումը, նախօրոք շաբաթվա համար գրված աշխատանքային նախագիծը:
Տարատարիք ճամբարականների հետ իրականացնում ենք և՛ շուրջտարյա, և՛ ամենամսյա նախագծեր: Շուրջտարյա ուսումնական նախագծերից հաջողված եմ համարում «Կրթական պարտեզ» ուսումնական նախագիծը։ Տվյալ դեպքում բակ-պարտեզը դառնում է ճամբարականի ուսումնական միջավայրը: Մեր ճամբարային առօրյայում անպայման ներառում ենք բնապահպանական աշխատանքները՝ կրթական պարտեզի, Կրթահամալիրի Սարալանջի բարելավում, խնամք, դպրոցի հարակից տարածքների մաքրման աշխատանքներ, ինչպես նաև սենյակային բույսերի խնամք: Համագործակցում ենք Հյուսիսային դպրոցի պարտիզպանի, ինչպես նաև կազմակերպչի՝ Ռիմա Երեմյանի հետ և նրանց օգնությամբ էլ փորձում ենք անընդհատ սովորել և հմտանալ պարտիզապուրակային աշխատանքներին: Տարատարիք ճամբարականները չեն տրտնջում և որպես պարտիզպաններ՝ ամենօրյա հերթապահությամբ, իրենց ցանկությամբ աշխատում են կրթական պարտեզում, բայց աշխատելուն զուգահեռ նաև սովորում են և իրենց սովորածն արդեն փորձի դնում՝ ինչպես մշակել հողը հատուկ գործիքներով, մասնակցել խոտի ցանքսին, ճիմապատման աշխատանքներին, ինչպես ճիմերը ճիշտ ջրել կամ ծառ էտել:
Կրթահամալիրի հյուսիս-հարավ ճանապարհը անցնում է սարալանջով, որն էլ «Կրթական պարտեզի» անբաժանելի մասն է։ 2017-2018 ուսումնական տարում Կրթահամալիրի սարալանջը անընդհատ սեբաստացիների ուշադրության կենտրոնում է: Բնապահպանական աշխատանքները սկսվեցին և օրեցօր ունեցան զգալի և ակնհայտ արդյունքներ: Ես իմ բնապահպան ճամբարականների հետ նույնպես ներառվեցի աշխատանքներում: Պարբերաբար իրականացրինք տարածքի մաքրման աշխատանքներ՝ ինչպես Հյուսիսային դպրոցի, այնպես էլ Արևելյան դպրոցի ճամբարային ջոկատների հետ, կազմակերպեցինք ծառատունկ սարալանջում՝ տնկելով նոր ծառեր, յասամաններ:
Սարալանջը պուրակ-ընթերցարան-պանթեոն է
Քանի որ կրթական պարտեզն անընդհատ խնամքի, ուշադրության կարիք ունի, հետևաբար բնապահպանական աշխատանքները շուրջտարյա են։ Աշխատանքի արդյունքում ակնկալում ենք ունենալ կանաչապատ լանջեր, բարեկարգ և խնամված միջավայր: Ամիսներ անց մենք կտեսնենք ջանասիրաբար կատարած մեր աշխատանքի արդյունքը, ինչի շնորհիվ մենք էլ չենք աղտոտի մեր տարածքը և կհետևենք, որ մյուսներն էլ չաղտոտեն: Սա իրական կրթություն է՝ ակտիվ, հետաքրքիր և օգտակար:
Նախագծի արդյունքում ձևավորվում են ինքնուրույն, ազատ, անկաշկանդ անհատներ՝ բաց, ներառական միջավայրում: Ունեցանք սովորող — պարտիզպաններ, ինչպես նաև սովորողների մեջ զարգացավ հոգատար վերաբերմունք բնության, շրջակա միջավայրի նկատմամբ:
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան