– Հանրակրթական ծրագիր (հիմնական և լրացուցիչ)- հանրակրթության նպատակների իրականացմանն ուղղված ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսուցման կազմակերպման ձևերի ամբողջություն.
– Այլընտրանքային կրթական ծրագիր- առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն առաջարկող կրթական ծրագիր, որն ապահովում է հանրակրթության պետական չափորոշչով սահմանված արդյունքները.
– Հեղինակային կրթական ծրագիր- այլընտրանքային կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից.
(ՀՀ օրենքը Հանրակրթության մասին, 2009թ. հուլիսի 10, Գլուխ 1. Հոդված 3. կետ 1).
Տասներկու տարի աշխատել եմ վերը նշված Հանրակրթական հիմնական ծրագրով, որն իր ամբողջ բովանդակությամբ, ձևով, նպատակով խիստ տարբերվում է այլընտրանքային-հեղինակային կրթական ծրագրերից: Հանրակրթական հիմնական ծրագրով ուսուցման դեպքում սովորողը չունի ազատ ընտրության հնարավորություն, կատարում է աշխատանքներ և առաջադրանքներ, որոնք շատ դեպքերում դուրս են իր հետաքրքրությունների ու կարողությունների շրջանակից: Այս դեպքում դժվար է լինում նաև ուսուցչի գործը, որ սովորողից ստիպված պահանջում է մի բան, որը սովորողը կատարում է չցանկանալով, չհետաքրքված, կատարում է մասամբ կամ ընդհանրապես չի կատարում:
Ահա այս խնդիրը չկա այլընտրանքային-հեղինակային կրթական ծրագրով ուսուցման պայմաններում, որի իրականացնողներից մեկը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն է:
Այս անգամ ուզում եմ խոսել նախագծային ուսուցման առանձնահատկությունների, ուսուցման այս ձևում ուսուցչի և սովորողի կամ մասնակցի դերի մասին։ Մինչ նախագծով աշխատելը, երբ գործընկերներս բացատրում էին, թե ինչ է նախագիծը և ինչպես պետք է աշխատել նախագծային ուսուցման դեպքում, ես բոլորովին այլ պատկերացում ունեի, նույնիսկ մտավախություն, որ գուցե չստացվի: Բայց երբ արդեն սկսեցի կազմել առաջին նախագիծը և իրականացնել այն սովորողների հետ, աստիճանաբար հմտացա ուսուցման այս ձևի մեջ, սկսեցի տիրապետել այն նրբություններին ու կանոններին, որոնք պետք է պահպանել նախագիծ մշակելիս և իրականացնելիս։
Նախագծային ուսուցումը ուսումնաճանաչողական և համատեղ աշխատանքի կազմակերպման ձև է, որտեղ ներգրավված են դասավանդողը և սովորողը: Ուսումնական նախագծերը սովորողների կամ մասնակիցների համար ստեղծում են նպաստավոր պայմաններ սեփական կարողություններն ավելի լավ ճանաչելու և նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու և զարգացնելու համար: Արդյունքում մասնակիցները ձեռք են բերում հետազոտական, թիմային և համագործակցային աշխատանքի հմտություններ, արդյունավետ հաղորդակցության կարողություններ: Նախագծային ուսուցումը կարող է իրականացվել ինչպես դասարանային և դպրոցական սահմաններում, այնպես էլ նշված սահմաններից դուրս, կարող է գնալ դեպի համայնք։
Ուսուցչի դերը
Ինչպես ուսումնական այլ պրոցեսներում, նախագծային ուսուցման ճիշտ կազմակերպման մեջ ևս շատ կարևոր է ուսուցչի դերը: Ճիշտ կազմակերպման և իրականացման շնորհիվ միայն կարող է նախագծային աշխատանքը լինել արդյունավետ: Շատ կարևոր է, որ ցանկացած նախագիծ հետաքրքրի սովորողին կամ մասնակցին, հակառակ դեպքում այն նախատեսված արդյունքը չի կարող ունենալ: Նշանակություն չունի՝ ուսուցիչը ուղղակիորեն մասնակցում է նախագծին, թե՞ դրա կազմակերպիչն ու ուղղորդողն է, երկու դեպքում էլ սա բարդ և պատասխանատու աշխատանք է ուսուցչի համար. չմոռանանք, որ սա ուսումնական աշխատանք է, և մանկավարժը պետք է կատարի ամենայն պատասխանատվությամբ:
Սովորողի կամ մասնակցի դերը
Ինչպես ուսուցիչն է մեծ պատասխանատվությամբ կազմակերպում նախագծային ուսուցումը, այնպես էլ սովորողը կամ մասնակիցը պետք է նույն պատասխանատվությամբ մասնակցի դրա իրականացմանը՝ չմոռանալով, որ ինքը կատարում է ուսումնական աշխատանք: Սովորողը յուրաքանչյուր նախագծի մեջ պետք է փնտրի հետաքրքրություն կամ առաջարկի իրեն հետաքրքրող թեմա: Շատ կարևորում եմ սովորողի ակտիվ և պատասխանատու մասնակցությունը, աշխատանքի կատարման գրագիտությունը, աշխատանքի կուլտուրան, խոսքի մշակույթը, աշխատանքը ներկայացնելու հմտությունը: Սովորողները պետք է գիտակցեն, որ նախագծային ուսուցումը հնարավորություն է տալիս բացահայտելու իրենց հետազոտական, ինքնուրույն տեղեկատվություն փնտրելու հմտությունները, զարգացնում է համագործակցային աշխատանքի հմտությունը, արդյունավետ հաղորդակցվելու կարողությունները և թույլ է տալիս ձեռք բերել մի շարք այլ արժեքային դիրքորոշումներ:
2017-2018 ուսումնական տարվա ընթացքում իրականացրած, ինչպես նաև շարունակելի նախագծեր.
- «Ակտիվ քաղաքացի» նախագիծ
- «Երևանյան ձիարձաններ» նախագիծ
- «Հին Երևան» նախագիծ
- «Խաղողատունկ» նախագիծ
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան