Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթաց
Հետազոտական աշխատանք
Թեմա՝ Ճամփորդությունների, ճամբարների կազմակերպումը Կատարող՝ Հռիփսիմե Առաքելյան
Դասավանդած առարկան՝ «Իմացումի հրճվանք»
Խորհրդատու՝ Գևորգ Հակոբյան
2022
Բովանդակություն
- Ներածություն
- Ճամփորդությունների նախապատրաստությունը, ճամփորդի պայուսակը
- Ճամփորդությունների նախագծումն ու պլանավորումը
- Կրթական փոխանակման ծրագրերը ճամփորդությունների, ուսումնական ճամբարների միջոցով
- Ուսումնական ճամբարների նախագծումն ու կազմակերպումը
- Վերջաբան
- Գրականության ցանկ
Ներածություն
Ճամփորդությամբ ուսուցումն ինձ համար ամենագտնված ու հետաքրքիր մանկավարժական մեթոդներից է, որտեղ ազատ, անկաշկանդ, կենդանի միջավայրում հնարավոր է դառնում այնպիսի մանկավարժական խնդիրներ լուծել, որոնք դաս-դասարանային համակարգում մի շարք դժվարություններ են առաջացնում: Ուսուցումն արդյունավետ է, եթե կարողանում ես կյանքի համար, սեփական կենսափորձով ձևավորված, յուրացված կարողունակություններ և հմտություններ փոխանցել սովորողին:Հակառակ դեպքում վաղուց ծեծված, իրեն չարդարացրած և 21-րդ դարի ապագա քաղաքացուն, մարդուն ոչինչ չտվող, անհետաքրքիր անգիրի դպրոցի մեթոդներն ես ստիպված լինում կիրառել, որոնք եթե սովորողին օգուտ չեն տալիս, իր կենսափորձում չի կիրառում, պարզապես սովորելու համար սովորում, հետո մոռանում է, ու՞մ են պետք:
Ինքս տեսակով ճամփորդ եմ, սիրում եմ նպատակներ դնել և իրագործել, դժվարություններ հաղթահարել և իմ սովորողներին էլ առաջին դասարանից սկսած փոխանցում են այն հմտությունները, որոնք, կարծում եմ, շատ կարևոր են վաղվա բազմակողմանի զարգացած, անվախ, ինքնուրույն մտածող և գործող քաղաքացի ձևավորելու համար:
Քանի որ հեղինակային կրթական ծրագրեր մշակող և իրականացնող կրթահամալիրում եմ աշխատում, իմ ուսումնական նախագծերն այնպես եմ կազմում, որ ամսվա ընթացքում յուրաքանչյուր նախագծով մի քանի անգամ ճամփորդելու հնարավորություն ունենան սովորողները: Ճամփորդելով սովորեն, հետազոտեն, ուսումնասիրեն, հետո իրենց տեսածի, լսածի, ապրածի, սովորածի մասին անպայման պատմեն տեսանյութերի, ռադիոնյութերի կամ պարզապես բլոգում ազատ շարադրանքի տեսքով:
Թումանյանական հայտնի հեքիաթի հերոսների նման ես ու սովորողներս ճամփա ենք ընկնում՝ տեսնելու, թե էն սարի, ձորի, քարի, ծառի ետևը ի՞նչ կա-չկա:
Ճամփորդությունների նախապատրաստությունը, ճամփորդի պայուսակը
Մինչև ճամփորդության մեկնելը սովորողների հետ աշխատանք է տարվում: Առաջին հերթին քննարկվում, յուրացվում է, թե ինչպիսի՞նն է ճամփորդը՝ ի՞նչ է հագնում, ի՞նչ պայուսակ է կրում, ի՞նչ պետք է ունենա ճամփորդն իր պայուսակում: Մշակվում են ճամփորդական կանոններ, որոնց ճամփորդը խստագույնս պետք է հետևի: Ուսումնական ռադիոնյութ՝ Ի՞նչ վերցնել, եթե ճամփորդության ես գնում։ Ճամփորդի հագուստը ջրակայուն, չկաշկանդող պետք է լինի: Սովորողների հետ քննարկում ենք, թե ի՞նչ կարելի է հագնել ճամփորդության գնալիս, զուգահեռ հագուստին վերաբերող նոր բառապաշար ենք ձեռք բերում․ գրում, մուտքագրում են անծանոթ, նոր բառերը, փորձում են կիրառել իրենց խոսքում: Քանի որ «Իմացումի հրճվանք» ծրագրում նախագծային ուսուցում է իրականացվում, նույն նախագիծը զուգահեռ իրականացնում են նաև օտար լեզուների ուսուցիչները: Վերջինիս շնորհիվ օտարալեզու նոր բառեր, արտահայտություններ են սովորում, յուրացնում սովորողները:
Ուսումնասիրում ենք անվտանգության կանոնները: Քանի որ ճամփորդությունները բնության գրկում են, ապա հագուստը պետք է պաշտպանիչ դեր կատարի ամեն տեսակ խայթոցներից, վնասվածքներից խուսափելու համար:
Հարմար, ջրակայուն, չհոգնեցող պետք է լինեն նաև ճամփորդի կոշիկները, որ երկար կարողանա քայլել: Նախապես սովորողների հետ քայլել ենք սովորում: Սկսում ենք փոքր տարածություններից, որ շուտ չհոգնեն և աստիճանաբար քայլերն ավելացնում ենք: Հաշվում ենք քայլերը, անցած ճանապարհի երկարությունը, չափումներ ենք անում, օրինակ՝ Արևելյան դպրոցից դեպի Մայր դպրոց քանի՞ քայլ է ուսուցչի քայլերով, քանի՞ քայլ է սովորողի քայլերով, ո՞րն է ավել, որը՝ պակաս, ինչու՞ է այդպես: Անպայման սովորողներին ինքնուրույն մտածելու, եզրահանգումներ անելու հնարավորություն ենք տալիս, երբեք սկզբից չենք ասում ճիշտ պատասխանը:
Անվտանգ երթևեկության կանոններ ենք յուրացնում՝ ճանապարհի ո՞ր հատվածն է նախատեսված հետիոտնի համար, ինչպե՞ս և որտեղի՞ց ճանապարհ անցնել: Ճանաչողական տարբեր մուլտֆիլմեր, տեսաֆիլմեր ենք դիտում: Ես հիմնականում աշխատում եմ ուսումնական ֆիլմերը օտար լեզուներով մատուցել սովորողներին: Փոքր կտորներով, դադար տալով դիտում ենք օտարալեզու տեսանյութը, պարզում ենք՝ ի՞նչ հասկացանք տեսածից, լսածից, նոր բառերը թարգմանում ենք, քննարկում ենք նյութը: Ընդհանրապես որքան շատ զգայարան է մասնակցում ուսումնական պրոցեսում, այնքան ավելի արդյունավետ է դառնում ընկալումը:
Հետո մարմնամարզության, լողի պարապմունքների մեկնելիս կամ կրթահամալիրի դպրոցից դպրոց քայլելիս կիրառում ենք մեր յուրացրածը:
Անպայման օգտվում ենք անցումներից, աստիճան բարձրանալ-իջնելը, որոշակի տարածություն անցնելը սովորողների մոտ ձևավորում են այն տարրական հմտությունները, որոնք պետք են գալու բարձունքներ հաղթահարելիս: Աստիճանաբար մեծացնում ենք քայլքի ճանապարհը: Նախնական որևէ մատչելի, պարզ ճամփորդության ենք մեկնում, որպեսզի հասկանանք, թե արդյոք հասել ենք մեր առջև դրված խնդիրների լուծմանը:
Սովորում ենք ճամփորդության ընթացքում մի շարքով, իրար օգնելով քայլել, ընկերոջ մասին հոգ տանել, ավելի թույլերին օգնել, պաշտպանել:
Ճամփորդությունն ունենում է առաջնորդ, ումից առաջ չի կարելի անցնել, վերջից գնացողից հետ մնալ չի կարելի:
Ճամփորդություններին միշտ սիրով միանում են ծնողները, ովքեր օգնականի դերում են: Շատ ծնողներ իրենց մասնագիտական հմտություններով են օգտակար լինում, օրինակ՝ բժիշկ մայրիկը կամ հայրիկը կարող է ճամփորդության ընթացքում կամ ճամփորդությունից առաջ առաջին բուժօգնության պարապմունք անցկացնել: Սովորողներն առաջին բուժօգնության տարրական հմտությունների են սկսում տիրապետել: Սովորում են, որ ճամփորդի պայուսակում անպայման բժշկական արկղիկ պետք է լինի: Ի՞նչ դեղորայք է պետք գալիս ճամփորդության ընթացքում: Ուսումնական ֆիլմ՝ Առաջին բուժօգնության պարապմունք ճամփորդության ընթացքում։
Սովորողները նաև արևից պաշտպանվել են սովորում: Միշտ ճամփորդում են գլխարկով, արևապաշտպան միջոցներով: Սովորում են հիգիենայի կանոնները պահպանել, ջրի բացակայության կամ սակավության պայմաններում ձեռքերը ճիշտ ախտահանել:
Ճամփորդական պայուսակը դասավորելուց առաջ սննդաբան ծնողի հետ պարապմունքի ժամանակ սովորում ենք ի՞նչ վերցնել ճամփորդության գնալիս, որ սնունդն է չփչացող, ինչպես մթերքը երկար պահպանել, սովորում են, թե որքան ջուր պետք է վերցնեն: Որքան պետք է կշռի պայուսակը, որ հարմար լինի քայլել: Սովորում են կշռել, պայուսակի իրերը ճիշտ տեսակավորել:
Ճամփորդի պայուսակում միշտ աղբի տոպրակ և ձեռնոցներ կան: Ցանկացած ճամփորդության ժամանակ շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներ են տարվում: Սովորողները ոչ միայն սովորում են աղբը տեսակավորել, չթափել, շրջակա միջավայրը չաղտոտել, այլ սեփական երկիրը, բնությունը մաքրող, խնամող, պահպանողներ են դառնում: Եվ որքան վաղ տարիքից են ամենօրյա, ամեն ճամփորդության, ամեն ճամբարի ընթացքում իրականացվում նմանատիպ էկոնախագծերը, այդքան ավելի քչանում են բնությունը աղտոտողները:
Շատ կարևոր է նաև ճիշտ ընտրել ճամփորդական պայուսակը: Վերջինս պետք է հարմար լինի, որ ճամփորդը շուտ չհոգնի, չդժվարանա քայլել, ծանր չլինի: Սովորողների հետ սովորում ենք պայուսակը կշռել: Հետո համեմատում ենք, թե ում պայուսակն է ծանր, ումը՝ թեթև, որքանով, քանի առարկա կա, ինչ գույն, ձև, համ ունեն առարկաները: Այդպես ճամփորդությունը վերածվում է իրական խաղ ուսուցման և իրական իմացումի հրճվանք է դառնում երեխայի համար:
Ճամփորդությունների նախագծումն ու պլանավորումը
Նախքան ուսումնական ճամփորդության մեկնելը, ուսուցիչն անպայման ինքն է ճամփորդում նախատեսած ճամփորդության վայր, տեղում ուսումնասիրում է տարածքը, հասկանում է արդյոք իր դասարանին, խմբին համապատասխան է, կկարողանան բարձունքը հաղթահարել, կդժվարանա՞ն, թե՝ ոչ: Հետո ուսումնական նախագիծ է կազմվում, որը անպայման հստակ նպատակ ունի և տվյալ տարիքային խմբին ուղղված մանկավարժական խնդիրներ է լուծում:
Սովորողների հետ, ըստ ճամփորդական նախագծի, սկսվում է աշխատանքը ճամփորդությունից մեկ-երկու շաբաթ շուտ: Անհատական կամ փոքր խմբերով ուսումնասիրում են տարածքը, քարտեզի վրա նայում են աշխարհագրական դիրքը՝ ո՞ր մարզում է, ո՞ր քաղաքի մոտ է գտնվում, անվան ծագումնաբանությունը, ի՞նչ պատմամշակութային հուշարձաններ կան, ի՞նչ բնական հուշարձաններ կան տարածքում, ի՞նչ գետ է տարածքով հոսում:
Ուսումնասիրությունը մշակում են, մուտքագրում, ձայնագրում, պրեզենտացիաներ ստեղծում տարածքի մասին: Սովորում են գուգլ քարտեզի օգնությամբ քարտեզ գծել, պարզել, թե քանի կիլոմետր է հեռու դպրոցից, քանի ժամում, րոպեում կհասնեն: Տարբեր խնդիրներ են կազմում, լուծում:
Նայում են եղանակի տեսությունը՝ պարզելու համար, թե ինչ եղանակ է սպասվում ճամփորդության նախատեսված օրը:
Մի շարք պարապմունքներ են ունենում դպրոցի առողջագետի, բժշկ ծնողի հետ, ով առաջին բուժօգնության, անվտանգության կանոններ է սովորեցնում: Չվնասվելու լավագույն միջոցն իրազեկ լինելն է, ամենափոքր տարիքից պետք է մի շարք կարողունակություններ ձևավորել սովորողների մոտ, որոնց միջոցով կկարողանան տարածքում կողմնորոշվել՝ հասկանալ հյուսիսն ու հարավը, արևելքն ու արևմուտքը: Երեխաներին պետք է կոփել: Սովորեցնել, որ եթե նպատակ ես դրել, ինչքան էլ դժվար լինի պետք է փորձես հաղթահարել, ուժեղանալ, ճանապարհից հետ չդառնալ:
Ուսումնական ճամփորդություններին միշտ ծնողական խումբ է մասնակցում: Կարևոր է ծնողավարության ճիշտ քաղաքականություն վարել, որ ծնողը օգնող, սովորեցնող, գործընկեր դառնա: Իմացածը փոխանցի, չիմացածը սովորի, տանի իր ընտանիք:
Շատ կարևոր է, որ դասվարն ինքը ճամփորդ լինի, սիրի ճամփորդել, նոր հմտություններ յուրացնի և փոխանցի իր սովորողներին:
Ճամփորդությունները իրար ճանաչելու, օգնելու, իրար ավելի շատ սիրելու հրաշալի միջոցներ են: Դասարանն անիվների վրա նույն ուսումնական գործունեությամբ է զբաղվում, պարզապես ավելի կենդանի միջավայրում, կյանքի հմտություններ են փոխանցվում: Քայլելիս կարելի է ճանապարհի երկարությունը չափել, համեմատել, ծառ ու թուփ ճանաչել, բնության երևույթներին ծանոթանալ, մի շարք հմտություններ ձեռք բերել, իրարից սովորել:
Ճամփորդական նախագծերը կարող են ամենատարբեր թեմաներով լինել՝ քաղաքի փողոցներում թափառելու, հին ու նոր քաղաքը բացահայտելու, քաղաքացիների հետ զրուցելու վերաբերյալ:
Շատ հաճախ, որպես ճամփորդության վայր, կարող են հանդիսանալ տարբեր մասնագիտությունների տեր ծնողների արվեստանոց-արհեստանոցները, լաբորատորիաները, որտեղ ծնողը հանդես է գալիս որպես ուսուցանող և իր մասնագիտական հնտություններն է փոխանցում սովորողներին: Օրինակ՝ իմ դասարանի սովորողներից մեկի պապիկը հայտնի քանդակագործ էր, ով սիրով իր թոռան ընկերներին հրավիրել էր իր արվեստանոց, որտեղ ցույց տվեց իր քանդակները, խաչքարերը, պատմեց դրանց մասին, ցույց տվեց այն գործիքները, որոնցով ինքն աշխատում է, սովորողներին գործիք տվեց, որ իրենք էլ փորձեն քանդակել, սովորեցրեց գործիքը ճիշտ բռնել, քարի լեզուն հասկանալ: Սրանք հմտություններ են, որոնք շատ կարևոր են: Սովորողների մոտ սեր ու հետաքրքրություն են արթնացնում դեպի տվյալ արհեստը կամ արվեստը: Հետագայում մասնագիտական կողմնորոշմանն են նպաստում:
Տարբեր ուսումնական նախագծերով լինում ենք երևանյան թանգարաններում, քաղաքային պուրակներում, ուսումնական լաբորատորիաներում:
Ամենուր, որտեղ կարելի է սովորել, վերածում ենք մեզ համար ուսումնական միջավայրի: Օրինակ՝ մի նախագծով ուսումնասիրում էինք Երևան քաղաքի հայտնի արձանները, հայտնի փողոցները: Մեկ այլ նախագծով ճամփորդեցինք Երևանի Մետրոպոլիտենում, սովորեցինք շարժասանդուղքից անվտանգ օգտվել, հաշվեցինք, թե քանի կայարան ունի մետրոն: Ստորգետնյա տրանսպորտից օգտվելու տարրական կանոններ յուրացրեցինք: Մեկ այլ նախագծով եղանք Կոնդում, քայլեցինք հին Երևանի փողոցներում, շփվեցինք կոնդեցիների հետ, նրանցից հարցազրույցներ վերցրեցինք․ տատիկ-պապիկները պատմեցին հին Երևանի, իրենց մանկության, այն խաղերի մասին, որոնք իրենք խաղում էին:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Սարյան-Կոմիտաս վարպետության պարապմունքի մասնակցեցինք, որի շնորհիվ ծանոթացանք Սարյանի գույներին, փորձեցինք կոմիտասյան հնչյունների ներքո Սարյանի գույներով նկարել: Հետաքրքիր, բազմաթիվ ու բազմաբնույթ են ուսումնական ճամփորդությունները:
Վերջիններս օգնում են, որ ուսուցումն իրական իմացումի հրճվանք և անվերջ հետազոտելու, բացահայտելու աշխարհ դառնա սովորողի համար:
Սովորողներն այդ դեպքում ավելի մոտիվացված են սովորում, սիրով են ներգրավվում ուսումնական պրոցեսում:
Քանի որ նախագծերը կենդանի են, հիմնված են սեփական կենսափորձի վրա, դրանք մատչելի են դառնում տարբեր տեսակի երեխաների համար, ապահովվում են ներառականության միջավայր:
Նման միջավայրում միանգամից մի քանի զգայարան է աշխատում, որի շնորհիվ ավելի մատչելի ու արդյունավետ է դառնում ընկալման գործընթացը: Հատկապես կրտսեր դպրոցական տարիքում նմանատիպ մեթոդների կիրառումն առավել արդյունավետ է, բավարարում է կրտսեր դպրոցականի հետաքրքրությունը: Սովորողներին նախագծերի շնորհիվ սովորեցնում ենք տարբեր երևույթների, պատմաշակութային վայրերի մասին ինչպես տեղեկատվություն հավաքել, ինչպես ճամփորդական քարտեզ գծել:
Սովորողներն իրենցից կրտսերների համար ուսումնական տեսանյութեր, ֆիլմեր, ռադիոնյութեր են պատրաստում, որտեղ և՛ իրենց հետազոտական աշխատանքներն են, և՛ տեսածի, լսածի մասին պատումները:
Կրթական փոխանակման ծրագրերը ճամփորդությունների, ուսումնական ճամբարների միջոցով
Հեղինակային կրթական ծրագրերի տարածումը, այլ դպրոցների դասավանդողների, սովորողների հետ համագործակցային ծրագրերն ավելի հետաքրքիր և արդյունավետ են դառնում, երբ ճամփորդական համատեղ ծրագրեր են իրականացվում: Այդպիսի փորձ ունեմ Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մի քանի դասվարների հետ: Աշտարակի դպրոցի հետ փոխայցելությունները հանգեցրել են նրան, որ երկար ժամանակ է տարբեր ծեսեր միասին ենք նշում և նշում ենք ճամփորդությամբ:
Նախապես ուղարկվում է նախագիծը, ուսուցիչների հետ քննարկում ենք ծեսի մանրամասները, ուղարկում ենք երգացանկը, որ պետք է յուրացրած լինեն, քննարկվում է երթուղին ու միասին երգով, պարով, իրար օգնելով սկսում ենք ճամփորդել ու տեղում ծեսն իրականացնել: Այդպես Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի առաջին դասարանցիների, ծնողների հետ կրթահամալիրի մի քանի դասարանով Ծաղկեվանքում նշեցինք Համբարձման ծեսը:
Այլընտրանքային մանկավարժության զարգացման, տարածման, իրար հետ և իրարից սովորելու լավագույն միջոցներ են համագործակցային նախագծերը, որոնց միջոցով տարբերի տարիքի, սեռի, դասարանի, դպրոցի սովորողներ, մանկավարժներ աշխատում են համընդհանուր նպատակի հասնելու համար: Յուրաքանչյուրը ներդնում է իր փորձն ու հմտությունները՝ իրար օգնելով խմբի յուրաքանչյուր անդամ հանդես է գալիս և՛ որպես սովորող, և՛ սովորեցնող:
Հենց տարեսկզբից ըստ ուսումնական օրացույցի կազմվել են տարբեր ուսումնական նախագծեր:
Ուս.տարում առավել շատ համագործակցել ենք Արևելյան դպրոցի 3-4 դասարանի սովորողների հետ: Քանի որ ֆիզիկապես նույն հարթակում էին գտնվում երկու դասարաններն էլ, տարիքային նույն խմբի սովորողներ էին ներառված խմբերում, ուսումնական ծրագիրը, նախագծերը նույնն էին, համատեղ աշխատանքն ավելի դյուրին և կազմակերպված է ստացվում: Դասվարներով նախապես մշակել ենք նախագծերի ուղղությունները, քայլերը, իրար լրացնելով ու օգնելով իրականացրել ենք:
Այդ նախագծերի շարքին են պատկանում՝
- Անկախության տոնը բարձունքին։ Դեպի Թեղենյաց վանք ուսումնական նախագիծը
- Բարձունքի հաղթահարում. նախագծային աշխատանք
- Բարձունքի հաղթահարում նախագծի ամփոփում
- Այցելություն Բյուրականի աստղադիտարան
- Նախագծի արդյունքները
Զատկական ծեսն Արմավիրի մարզում
«Համբարձման ծեսն Ծաղկեվանքում» ուսումնական նախագիծ
Քայլքն ու բանավոր մաթեմատիկան՝ Արևելքից մինչ Հարավ
Չնայած խմբի անդամների մեծ թվին՝ մոտ 50 սովորող, բոլոր ուսումնական նախագծերն իրականացվել են փոխօգնության, սիրո, համերաշխության մթնոլորտում: Հատկապես 3-րդ դասարանում շատ կարևոր են նման աշխատանքները, քանի որ 4-րդ դասարանից սկսած տվյալ տարիքային խումբն ունենալու է մեկ ընդհանուր կազմակերպիչ և անկախ այն փաստից, որ սովորողները տարբեր դասարաններում են ներառված, իրար արդեն լավ ճանաչում են, համագործակցում են իրար հետ, օգնում են իրար՝ հանդես գալով որպես մեկ ընդհանուր խումբ:
Ուսումնական ճամբարների նախագծումը
Տարիքային ամեն խմբում ուսումնական ճամբարների կազմակերպման նպատակները կարող են տարբեր լինել՝ կախված սովորողների տարիքային առանձնահատկություններից, նախագծով նախատեսված խնդիրներից, ճամբարի տարածքից: Այդ իսկ պատճառով ճամբարի նախապատրաստական փուլում ճամբարի ղեկավարը նախապես ինքն է մեկնում, մի քանի օր ապրում ճամբարում, որպեսզի հստակ պատկերացնի, թե արդյոք նախատեսած ճամբարային տարածքը հարմար է այն սովորողների խմբին, ում հետ պատրաստվում է ճամբարային գործունեություն իրականացնել:
Ուսումնական ճամբարները շատ կարևոր են սոցիալական հարաբերությունների զարգացման համար: Սովորողին հնարավորություն են տալիս այլ միջավայրում, ընկերների հետ համատեղ կենցաղ վարելու, ինքնադրսևորվելու, առավել ինքնուրույն դառնալու: Ճամբարներին հատուկ է ռեժիմն ու կարգապահությունը: Յուրաքանչյուր ճամբարական պատասխանատվության իր բաժինն ունի ճամբարի կայացման հարցում: Ճամբարականը պատասխանատու է և՛ իր, և՛ ընկերոջ անվտանգության համար:
Ճամբարականները նախապես բաժանվում են խմբերի: Ամեն խումբը ճամբարային գործունեության մի ոլորտի համար է պատասխանատու․ մի խումբը՝ սննդի կազմակերպման, մյուսը՝ միջավայրի խնամքի և մաքրման, մյուսը՝ հետաքրքիր ժամանցի համար: Սննդի համար պատասխանատու սովորողները ճամբարի մասնակիցներից նախապես ճշտում են այն ուտեստները, որ գրեթե բոլորն են սիրում: Կազմում եմ ճամբարային համեղ և բազմազան ճաշացանկ: Գնումների համար ցուցակ են գրում, կատարում են նախնական հաշվարկ: Միասին գնում են կատարում, օգնում են տեղավորել սնունդը:
Յուրաքանչյուր ճամբարական ամեն օր մաքրում է և մաքուր է պահում իր շրջակա միջավայրը, քանի որ հիմնականում բնության գրկում են լինում ճամբարները, խստագույնս հետևում է իր և ընկերների անվտանգությանը:
Մի խումբը խարույկի համար փայտ է հավաքում, մյուսները մաքրում են վրանները կամ սենյակները, լիցքավորում եմ լույս տվող մարտկոցները, որ երեկոյան լույս ունենան, եթե խմելու ջրի խնդիր կա, գնում են ջուր բերելու, սնունդ են պատրաստում մի խմբով, լվանում են սպասքն ու տարաբնույթ աշխատանքներ կատարում: Սրանք կենցաղավարության հմտություններ են, որոնք շատ կարևոր են երեխայի համար: Միասին նույն հարկի տակ առանց մեծահասակների մի քանի օր ապրելը, իրար մասին հոգ տանելը բարձրացնում է պատասխանատվության զգացումը, սովորողներն ավելի կազմակերպված եմ դառնում:
Ուսումնական ճամբարների նախագծումն ու կազմակերպումը
Կրտսեր դպրոցի սովորողների հետ հաճախ ենք կազմակերպում ուսումնական ճամբարներ: Օրինակ՝ հուլիս ամսին Արևելյան դպրոցի մի խումբ երրորդ դասարանցիներ ընտանեկան դպրոցներով «Ելք» ճամփորդությամբ: Դեպի Արատես նախագծով մեկնել էին եռօրյա ճամբարի: Սեբաստացիներին բնորոշ համերաշխությամբ Երևան – Արտաշատ – Երասխ — Սևակավան – Զանգակատուն – Գետափ — Եղեգիսի կիրճ – Շատին – Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով , մեծ ու փոքրով ճանապարհ ընկանք: Հաղթահարեցինք Սմբատաբերդի բարձունքը: Չնայած դժվարություններին, շոգին, հետո անձրևին, անգամ 2 տարեկան սեբաստացիները կարողացան բարձունքը հաղթահարել: Երեկոյան հասանք Արատես, ընթրեցինք, սենյակները կարգի բերեցինք և հավաքվեցինք խարույկի շուրջ: Արատեսում հատկապես գեղեցիկ են գիշերները: Անթիվ-անհամար աստղերը կարծես շաղ են տված երկնքով մեկ, շուրջդ լեռնե՜ր են, լեռնե՜ր:
Առավոտյան մարզվելուց, ներս ու դուրսը փոքր Իշխանի նման մաքրելուց հետո, նախաճաշեցինք, հագանք լողազգեստներն ու շարժվեցինք Արատես գետի սառնորակ ջրերում լողալու: Ճանապարհին հիացանք Արատեսի վանքի գեղեցկությամբ, հոգևոր երգով ողջունեցինք և իջանք ձորը լողալու: Խաղացինք, երգեցինք, պարեցինք Արատեսում, իրար բացահայտեցինք ու ավելի շատ սկսեցինք սիրել: Մի տեսակ ավելի հարազատ են դարձնում մարդկանց ճամփորդությունները՝ իրար հետ հաց եք կիսում, դժվարություններ հաղթահարում, իրար օգնում, հոգ տանում, դրանից էլ ավելի մեծ ստուգատե՞ս…
Ուսումնական ֆիլմ՝ Դեպի Սմբատաբերդ
Եկած ճամփով ետ չդարձանք: Վերադարձին մտանք Օրբելյանների քարավանատուն, Վարդենյաց լեռնանցքով, Ներքին Գետաշենով հասանք Սևան, որտեղ նոր ափ բացահայտեցինք՝ սպիտակ-սպիտակ ավազից, մի լավ լողացինք, ձմերուկ կերանք և վերադարձանք Երևան:
Սովորողների պատումները.
Վերջաբան
Այսպիսով՝ հեղինակային կրթական ծրագրերն անհնար է պատկերացնել առանց ուսումնական ճամփորդությունների և ճամբարների: Ուսուցումն անընդհատ, ամենուր, կյանքով և կյանքի համար կարողունակությունների, հմտությունների, գիտելիքների փոխանցման գործընթաց է, որն արդունավետ է դառնում, երբ իրականացվում է կենդանի միջավայրում: Իրար հետ ապրելով, խաղալով, իրարից սովորելով ու իրար սովորեցնելով՝ տարատարիք սեբաստացիներն անվերջ ճամփորդում ու ճամփորդում են: Դասարան է ամեն թուփ ու քար, եթե կա սովորող ու սովորեցնող, հետաքրքրություն առաջացնող, ապա հենց ամենաիսկական, կենդանի միջավայրում ես, որն ամենաբարենպաստն է ուսուցման համար:
Գրականության ցանկ
Հետազոտական աշխատանքը շարադրելիս որևէ աղբյուրից չեմ օգտվել, նկարագրել եմ մանկավարժական գործունեության ընթացքում ճամփորդությունների և ճամբարների կազմակերպման իմ փորձը:
Խմբագիր՝ Մարինե Ամիրջանյան