2020 թ․ հունվարի կեսերից ստեղծվեց դաստիարակների պարային համույթը։ Ընթացքում որոշեցինք նաև մեր՝ 2-4 տարեկանների դաստիարակների պարային խմբի անունը՝ «Նռանե»։ Կարծում եմ` շատ գեղեցիկ անուն է, նազանք ու սեթևեթանք կա արտասանության մեջ. այն հայուհու հին հայկական անուն է։

2-4 տարեկանների լաբորատորիայի բլոգում բացեցինք համանուն բաժին, որտեղ զետեղված են բոլոր սեմինար-պարապմունքները և տեսաֆիլմերը։ Յուրաքանչյուր պար սովորելուց առաջ պարուսույց Լաերտ Գրիգորյանը տալիս է որոշակի տեղեկատվություն տվյալ պարի մասին՝ երբ են պարել այդ պարը, պարի միջոցով ինչ են ցանկացել փոխանցել միմյանց։ Կան պարեր, որոնք երկխոսություն են, որոնք ազդարարում են ինչ-որ բանի սկիզբ, խրոխտ են։ Ազգային պարերի մեջ միշտ առաջին տեղում են հայի հպարտությունը, հզորությունը, միևնույն ժամանակ՝ մարդու հեզությունը։ Պարի միջոցով փոխանցվում են էներգիա, տրամադրություն։ Մարմնի խաղին միանում է նաև հոգու ցնծությունը։ Պարը, երաժշտությունը, խաղը ունեն լեզու, երանգ և տրամադրություն, ինչն արտահայտվում է պարելիս։ Պարը «խոսում է» մեզ հետ, պատմում, ներկայացնում իր պատմությունը։ 

2-4 տարեկանների պարային համույթին միացան նաև 5 տարեկանների դաստիարակները՝ Անահիտ Գրիգորյանը, Էլյա Գրիգորյանը, Դիանա Գևորգյանը, Լիանա Ռոզիկյանը, Անի Գրիգորյանը : Հետագայում այնպես ստացվեց, որ սեմինար-պարապմունքը վերածվեց ակումբի, որին միացավ նաև ծնողական համայնքը: Պարային ոգին կրթահամալիրից մտավ ընտանիք, և սկվեց մեր համատեղ աշխատանքը: Ամեն համերգից առաջ ծնողական համայնքը «Նռանե» պարային համույթի հետ մասնակցում է փորձերին, ապրում սեբաստացիական խենթ ու վարակիչ միջավայրում և ուրբաթ-համերգներին հաշվետու ելույթով հանդես գալիս։ Սեմինարներին աստիճանաբար ներգրավելով ընտանիքը, ընտանիքն էլ իր հերթին՝ ընկեր-բարեկամին՝ պարը հանպատրաստից մտնում է յուրաքանչյուրի տուն: Կրթահամալիրի բաց լինելու, թափանցիկության, ազատ միջավայրի շնորհիվ է ծրագիրը ազատ ճախրում և գտնում իր հասցեատիրոջը։ Չկան ծածուկ, թաքուն, գաղտնի պարապմունքներ, կան բաց, բացօթյա պարապմունքներ, չկան սահմանզատումներ․ մեր կրթությունն անսահման է և անեզր:  Հաճախակի ենք ելույթ ունենում ուրբաթ-համերգների, ծեսերի, միջոցառումների ժամանակ: Մենք բաց ենք, թափանցիկ և վարակիչ: Վարակվե՛ք սեբաստավիրուսով, որը չի պահանջում ո՛չ մեկուսացում, ո՛չ պատվաստանյութի ստեղծում․ պարզապես պահանջում է հրճվանք և միասին ապրելու ցանկություն։ Յուրաքանչյուր երկուշաբթի՝ 13:30-14:30, և ուրբաթ՝ 14։00-15:00,պարային ակումբի բաց պարապմունքներն են, որոնց կարող է միանալ յուրաքանչյուր մարդ, որը պատրաստ է իր մեջ կրել և տարածել ազգային ոգին և սերը:

Կրթահամալիրի Արհմիության շնորհիվ  «Նռանե» պարային համույթը շուտով կունենա իր շապիկները՝ ազգային- նախշազարդ-լոգոներով, որոնք կասեղնագործվեն դաստիարակների և Հասմիկ Գրիգորյանի օգնությամբ։

Կշարունակենք պարել և պարային նախագծերով համագործակցել այլ խմբերի հետ նույնպես։

«Վստահ, ազատ, միամիտ, քնքուշ, նուրբ, վեհ, եռանդուն, լուրջ, համեստ, վայելուչ: Հայ գեղջուկ պարը կիրք զարթնեցնող շարժումներ չունի և զգացմունքներն արտահայտում է ոչ թե մեղկ, մոլի, կատաղի, հրապուրիչ և այլ շարժումներով, այլ պարերգերի միջոցով: Ազգի մը քաղաքակրթությունն է կապված իր պարին շարժումներու զարգացումը»: Կոմիտաս

«Նռանե» պարային համույթի ցանկացած մասնակից արդեն տիրապետում է իր մարմնի շարժումներին, գիտի՝ որտեղ է ճկուն, որտեղ է թերանում, ինչպես կարելի է խաղալ կամ մարզվել, ինչպես հարմարեցնել շարժումները սաների տարիքին, որպեսզի միանա երաժշտությունը, և ծնվեն խաղիկներ, խաղերգեր, պարերգեր: Այսպես օրինակ՝ ինչպես խնոցի խաղալուց ոտքերը ետ ու առաջ տանել, որ ճոճք դառնա, ինչպես թաշկինակը ձեռքում ռիթմիկ ցատկել և ավելացնել ծափեր, ապրել հրճվանք: Պարը նախակրթարանում հենց խաղն է, թռիչքը, հաշիվը, ծափը, ոչ թե հավասար, մեկ գծով թաթ-կրունկ հրահանգները, սլացիկ քայլքը։ Սանն այդ ամենը կանի՝ երգի հնչյունները լսելով, այնպես, ինչպես կզգա, ինչպես մարմինն է թելադրում:

Մինչև նախագիծը կազմելը, առավոտյան մարմնամարզությունն անում էինք արտասահամանյան երաժշտության ուղեկցությամբ, կարաոկեներով: Մի պարապմունքի ժամանակ երաժշտությունը փոխվեց. պարզվեց, որ ազգային երաժշտության, պարեղանակի, դհոլի ձայնի ուղեկցությամբ մարզանք անելը շատ ոգևորիչ  և հաճելի է: Ընտրեցինք առավոտյան պարապմունքի այս տարբերակը: Հիմա այդպիսի երաժշտության ուղեկցությամբ ենք մարզվում։ Ազգային երաժշտությունը, հատկապես քոչարիի, յարխուշտայի հնչյունները երեխաներին ավելի են ոգևորում, շարժումներն ավելի մարզական են դառնում: Թռչում են, ոտքով խփում գետնին, տարբեր ձայներ են հանում, հրճվում: Սկզբում մենք ուղղություն էինք տալիս, հետո ազատ թողեցինք։ Ընթացքում դաստիարակներով սկսում ենք պարել սեմինարների ժամանակ յուրացրած պարերը և փորձում ներառել նաև ծնողին։ Առավոտյան ծեսի (կամ այլ ծեսերի) ժամանակ փորձում ենք մեր իմացածը փոխանցել ծնողին, իսկ սանն էլ կրկնօրինակում է այնպես, ինչպես իրեն հարմար է․ կարևորը զգում է ազգայինի երաժշտությունը, պարեղանակները։ Չէ՞ որ պարերը, թափառելով երկրեերկիր, թաղեթաղ, փողոցեփողոց, ապրելով երկար տարիներ, դարեր, տեսակավորվել են, ճյուղավորել, ձևավորել բազմաթիվ տարբերակներ։ Այդպես էլ երաժշտության դաստիարակներին շատ հավես շարժումներ կարող են փոխանցել 2-5 տարեկաների ինքնաբուխ շարժումները, որոնցից կծնվեն նոր պարեր: Նախակրթարանի ծրագրում եղած խաղերն ենք խաղում՝ «Քուրիկ Զիզի», «Խնոցի», «Ջաղաց», «Տիտոխիկ» և այլն, որոնք և՛ բանավոր խոսքով են, և՛ երգով, և՛ խաղով: Ծնողներն այս ամենը տեսնում, սովորում և տանում են տուն: Կարևոր է, որ դաստիարակը խմբում շատ պարի, սեմինարներից հետո անպայման խմբասենյակ տանի պարը և սաների ներկայությամբ ներկայացնի յուրացրածը։ Շատ լավ է, որ մանկապարտեզը կապ ունի ժողովրդական պարեր կատարող պարուսույցի՝ Լաերտ Գրիգորյանի խմբի կամ խմբերի հետ։ Դա լավ հնարավորություն է տալիս, որ երեխաները դիտեն նրանց ելույթները, նույնիսկ մասնակցեն, անունով ճանաչեն և մտերմանան պարողների հետ, համատեղ նախագծեր մշակեն և փոքր խմբերով մտնեն նախակրթարաններ՝ «Սովորող-սովորեցնող» նախագծով:

Եթե սաներն արդեն յուրացրել, սովորել են պարերգը, ապա ավելի լավ է, որ պարելիս երգեն կամ պարերգը սովորեն պարի հետ միաժամանակ: Կարելի է նաև երեխաներից թմբկահար, դպրոցի սաներից շվիահար ընտրել, թմբկահարը ապահովի ռիթմը, տա պարը ազդարարելու սկիզբը և ավարտը: Եթե պարը պարզ է, այսինքն` երեխաները պարում են իրենք իրենց, ազատ ձևերով, ուրեմն՝ թմբկահարի գործը շատ հեշտ է, պարզապես գտնում է պարին հարմար ռիթմը և ստեղծագործում:

Ցանկալի է, որ ունենան իրենց պարի շապիկները՝ պարզ, հասարակ, հարմար: Ցանկալի է պարը կազմակերպել բացօթյա՝ բնության մեջ, այգիներում, պուրակներում։ Խմբասենյակում կազմակերպելու դեպքում շատ հարմար են մարզական հարթակները, գորգերը։ Խմբասենյակում կարելի է հայելիներ ամրացնել, որպեսզի նայեն և կրկնօրինակեն շարժումները, իսկ տարածքը միշտ պիտի լինի օդափոխվող և ախտահանված։

Պարը գեղեցիկ է և բնական, երբ պարում են տարբեր տարիքի երեխաներ։ Երբ 5 տարեկանների խումբը յուրացնի պարը, նրանց կարելի է միացնել փոքրերին, որպեսզի մեծերին նայելով՝ ավելի արագ ու սիրով սովորեն պարել: Փոքրերի պարը պետք է լինի շատ պարզ` քայլել նվագի ուղեկցությամբ, միմյանց ձեռքից բռնած՝ շարժվել աջ ու ձախ, ձեռքերը շարժել, ծափ տալ, տեղում պտտվել և այլն: Ընթացքում հարկավոր է աստիճանաբար հղկել, կոկել, նրբացնել ու մանրել շարժումները, ոտքերի, ծնկների շարժումները պարային համակարգի բերել: Շատ կարևոր են ազատ, ինքնաբուխ պարերը։ Երբ երեխային լրիվ ազատություն է տրվում, նվագը լսելով՝ նա սկսում է մենապարել, պտտվել ու թռչկոտել ըստ իր ցանկութան, կամաց-կամաց նրան են միանում ընկերները, և սկսում է պարային մենամարտ հավես խաղը: Կարելի է նրանց հուշել, որ նմանակեն որևէ կենդանու և նրա պես պարեն:

Պարային հավես շարժումներ են ստեղծվում խաղողածեսի ժամանակ, երբ ոտաբոբիկ սկսում են համաչափ ճզմել խաղողը, տրորել և չլմփացնել ռիթմիկ շարժումներով, լողավազանի մեջ՝ չլմփոցներով, տկլորիկ փորիկերին ռիթմիկ հարվածելով պարելով, ջրում երաժշտություն և շարժում հորինելով և այլն։ Ամեն ինչում և ամեն տեղ կարելի է պարային շարժում և պար ստեղծել կենդանի պարերգերի ուղեկցությամբ, հարվածային գործիքներ ստեղծելով, ինչպես օրինակ՝ ջրի չլմփոց, ոտքերի հարված, ծափ, դույլ-թմբուկ, շիշ-շրխկաններ, քար-շրխկաններ…

Երբ սանը ցանկանա պարել, նրան չպետք է արգելել, ինչ ժամանակ ու հանգամանքներ էլ լինեն, թող պարի՝ ստեղծագործի։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում խաղալիքներ, երաժշտական գործիքներ, շրխկաններ փորձում ենք ինքներս պատրաստել, և դրանք անվանում ենք «ինքնաշեն» գործիքներ: Երբ ծանոթանում ենք տվյալ երաժշտական գործիքին, փորձում ենք ինքներս պատրաստել, և թեկուզ այն չհնչի այնպես, ինչպես իրական գործիքն է հնչում, բայց և այնպես, արտադրության գործընթացի հաճույքը և հետագայում այդ գործիքով խաղալը գերազանցում են բոլորիս սպասելիքները: Պետք է տեսնել նրանց հրճվանքը երաժշտական գործիքը ինքնուրույն ստեղծելիս, իսկ այդ ստեղծած գործիքից ձայնի վերարտադրումը գերագույն հաճույք է պատճառում նրանց, խենթանալու աստիճան հաճելի է։ Ահա՛ ձեզ իմացումի հրճվանքի ևս մի կարևոր դրսևորում:

Կարևոր է երեխային տալ ազատություն, չկաղապարել նրան, չթելադրել, թե ինչպես խաղալ ինքնաստեղծ գործիքով, թող նա հորինի, ստեղծի, երևակայի, մտածի: Երևակայությունից հետո հաջորդ քայլը ստեղծականությունն է, ստեղծագործենք ազատ և վայելենք այն: Կյանքով ուսուցում, որը անընդհատ է, սանի համար հայտնագործությունների անվերջ շղթա, որով ապրում է իմացումի անծայրածիր հրճվանքը:

Սաներն այդ գործիքները պետք է ազատ օգտագործեն և խնամեն: Դաստիարակները չպետք է բողոքեն աղմուկից, որը դուր է գալիս երեխաներին: Երաժշտական գործունեությունը կարելի է իրականացնել նաև բացօթյա, բաց տարածության մեջ, հնչյուններին կմիանան թչունների ծլվլոցը, ծառերի խշշոցը, քամու մեղմ սուլոցը: Երաժշտականությունն անհրաժեշտ է ապահովել ամեն օր, ամեն ժամ։

Բոլոր խաղերի ընթացքում երեխան անընդհատ շարժման մեջ է: Երաժշտություն +պար+ խաղ + մարմնամարզություն + ազատություն և երևակայություն = կյանքի բնական ընթացք․ ահա՛ մեր ուսուցման բանաձևը:

Երգ-երաժշտության յուրացումը կախված է նրանից, թե ինչպես է կազմակերպվում առօրյան, որովհետև երգն ու պարը պիտի ոչ թե լինեն ինքնանպատակ, այլ օգնեն, լրացնեն, գեղեցկացնեն, թեթևացնեն օրվա գործերն ու աննկատ կատարեն իրենց գործը: Երգը և երաժշտությունը պետք է կիրառել ամենուր՝ խմբասենյակը հավաքելիս, սանի հագուստը փոխելիս, լվացվելիս, լողալիս, ինքնագլոր և հեծանիվ վարելիս։ Ուսումնական գործունեության ընթացքում մեզ միշտ ուղեկցում են բազմաթիվ երգեր՝

Նախակրթարանը երգերը ընտրում է ծեսերի լաբորատորիայի ձայնադարանից ՝ երաժիշտ դաստիարակի օգնությամբ:

Փետրվարի 1-ից երեք օր շարունակ ծնողական համայնքը «Նռանե» պարային համույթի հետ համատեղ մասնակցեց փորձերին, ապրեց սեբաստացիական խենթ ու վարակիչ միջավայրում և ուրբաթ-համերգին՝ փետրվարի 5-ին, հաշվետու ելույթով հանդես եկավ։ Ստորև ներկայացնում եմ երեք օրերի փորձերը և հաշվետու ելույթը։
Սեբաստացի ծնողական համայնք 
Պարուսույց՝ Լաերտ Գրիգորյան։

2022թ. մայիսի 27, սպասված, կայացած սիրուն օր.
Առավոտյան ժամը՝ 8։50-ին սեր-ծնողական համայնքը և դաստիարակների խումբը Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում էին։ Ամենուրբաթյա ժամերգության պատասխանատուն այս անգամ ծնողական համայնքն ու դաստիարակներն էին։ Ժամերգությունն սկսեցինք տերունական աղոթքով։ «Ես մեղավոր, մի ուխտավոր» ծնողական համայնքի կատարմանը հաջորդեց դաստիարակների «Տեր ողորմեա»-ն, և միասնական շարականները կատարելուց հետո սկսվեց միասնական պարերգերի կատարումները եկեղեցու բակում:
Իսկ օրն ավարտեցինք շշմելու Ուրբաթ- համերգով, որի պատասխանատուն ծնողական համայնքն էր՝ իր դաստիարակներով։

Ճամփորդություններ.

Շարունակելի…

Պարային ակումբի փաթեթ 

Խմբագիր՝ Տաթև Աբրահամյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով