«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանների աշխատակարգը շուրջտարյա է, բաժանված հետևյալ բաժինների՝ գարնանային, ամառային, աշնանային և ձմեռային պարտեզներ՝ յուրաքանչյուրն իր եղանակին համապատասխան ծեսերով, նախագծերով և ստուգատեսներով, խաղաստեղծ միջավայրով, խնամված բակ-պարտեզով ու պտղատու ծառերով:
Նախակրթարանում սաների գործունեությունը կազմակերպվում է կրթահամալիրի, նախակրթարանի ուսումնական օրացույցներով` ըստ ուսումնական նախագծերի, ծեսերի, ստուգատեսների, ուսումնական ճամփորդությունների։
2-5տարեկանների՝ խնամքի, ուսուցման և զարգացման գործունեությունը կազմակերպվում է խմբի (դասարանի) ուսումնական օրացույցով, որը դպրոց-պարտեզի օրացույցի հավելվածն է՝ կրթահամալիրի, նախադպրոցական լաբորատորիայի, խմբային, ընտանեկան, անհատական ուսումնական նախագծերով։
Յուրաքանչյուր ամսվա սկզբին տեղի է ունենում դաստիարակների, 5 տարեկանների դասվարների հավաք-սեմինար, որտեղ միասնական, ըստ ուսումնական օրացույցի, քննարկում ենք մեկ ամսվա աշխատանքային գործունեությունը, նախագծերը, 2-5 տարեկանների` խնամքի, ուսուցման և զարգացման խմբերի հիգիենայի, սննդի, անվտանգության ճիշտ կազմակերպման նորմերը:
5 տարեկանների ուսումնական գործունեության արդյունքները ներկայացվում են ամենշաբաթյա Ամսիկների տեսքով:
Ամսիկները կազմակերպվում են յուրաքանչյուր ամսվա հինգշաբթի օրերին: Յուրաքանչյուր հինգշաբթի 5-6 տարեկանների ուսուցման մեկամյա խմբերը լաբորատորիայի ղեկավարի հետ կազմակերպում են առցանց սեմինար-քննարկումներ, որոնց արդյունքում որոշվում է տվյալ շաբաթվա ստուգատեսի նախագիծը։ Ստուգատեսային գործունեության արդյունքները գրանցվում են մշակված դիտարկման թերթիկներում: Յուրաքանչյուր սովորողի համար, սահմանված կարգով, լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Ստուգատեսին ակտիվորեն ներառվում են նաև սովորողների ծնողները, քոլեջի նախադպրոցական բաժնի ուսանողները, հյուրերը:
Հինգ տարեկանների զարգացման խմբերում իրականացվող ամենշաբաթյա ստուգատեսների նպատակն է շարունակ զարգացող մեդիամիջավայրում ուսուցումը կազմակերպել խաղի միջոցով, խաղի մեջ այնպես, որ սանը չզգա՝ ինչպես է սովորում, ինչքան է սովորում, երբ է սովորում։ Այս ամենով փորձում ենք զարգացնել սովորողների ինքնուրույնությունը, ստեղծագործական երևակայությունը, իրար հետ շփվելու, իրար ճանաչելու, իրար հետ սովորելու և միասին բազմաթիվ խնդիրներ լուծելու հմտություններն ու կարողությունները, ինչն էլ անվանում ենք «Իմացումի հրճվանք» կրթական այլընտրանքային ծրագիր։
Դրսում ուրախ բակ-պարտեզն է, ու ամառ է: Ջա˜ն…
Նախակրթարանի ամառային օրացույց
- Հունիսի 1- օգոստոսի 31` ամառային լողափնյա պարտեզներ
- Հունիս 2, 9, 16, 23`«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունիսիկ» ստուգատես
- Հունիսի 1` Երեխաների իրավունքների պաշտպանության օր. հակաբացիլ- ընտանեկան ֆլեշմոբ՝ «Մեր տոնը բարձունքին». բարձունքների հաղթահարման ընտանեկան նախագծեր
- Հունիսի 1- 13` «Հակաբացիլ Կոմիտաս»
- Հունիսի 1- օգոստոսի 31` «Բա՜րև, ջուր». լողուսուցման ստուգատես
- Հունիսի 27-հուլիսի 29` «Ծիրանածես»
- Հուլիսի 4- 22` «Վարդավառ, Անձրևաբեր» ծեսեր
- Հուլիսի 24` Վարդավառի ծես
- Օգոստոս` Բաղը քաղինք, խաղողը տարանք։
Հունիս—օգոստոս ամիսների ծեսերը, նախագծերն ըստ օրացույցի`
- Բա՜րև, ջուր
- Անձրևաբեր-Վարդավառի ծես
- Ծիրանածես
- Ձմերուկածես
- Խաղողածես
- Հակաբացիլ Կոմիտաս
- Ծննդյան ծես
- Խաղողածես
- Բացօթյա քուն, քնի ծես, Աստղափայլ օրորներ:
Ամառային պարտեզ
Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։
Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և դիմավորում սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։
Նախակրթարանի բակ—պարտեզը խնամված է, կոկիկ՝ պտղատու ծառերով, գեղեցիկ բույսերով, խնամված խոտածածկ տարածքով: Սաներն ամեն օր մասնակցում են պարտեզի խնամքի աշխատանքներին: Մեկանգամյա օգտագործման ձեռնոցները և աղբի տոպրակները բակում միշտ ձեռի տակ են: Եթե երեխան ինքն է մաքրում, խնամում, մշակում իր շրջակա միջավայրը մեծի ու փոքրի հետ, ուսումնասիրում է, ճանաչում, բացահայտում, ապա ձևավորվում են գեղագիտական ճաշակ, սեր աշխատանքի նկատմամբ, ավելին անելու ձգտում։ Այս մշակույթը դեռ մանկությունից պիտի լինի բոլորի մեջ։ Բացօթյա կրթական միջավայրն ունի առանց ցանկապատերի, բաց, կանաչ լանջեր, ոռոգման և խմելու ջրի համակարգ։ Ամեն տարի իրականացվող գարնանային և աշնանային ծառատունկերին սաները ծնողների հետ մասնակցում են որևէ օղակի, հատվածի ստեղծմանը՝ վարդենիների պուրակ, բալենու այգի և այլն: Կարևոր է նրանց անմիջական շփումը, մասնակցությունը հողային աշխատանքներին․ հայրիկի կամ մայրիկի հետ փխրեցնում են հողը, փոս փորում, տնկում միասին ընտրած տնկին, ջրում: Բակային աշխատանքների համար ունենք սաների տարիքին համապատասխան գյուղատնտեսական գործիքներ` փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թաղարներ, մաղեր, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորոցույցներ և այլ պարագաներ:
Ամռանը սաների ամբողջ օրն անցնում է բակում։ Ամառային հավեսի գունեղ լողափ, ամառային գունեղ միջավայր, որտեղ սաները ինքնուրույն, ամենօրյա գործունեությամբ սովորում են, ապրում, ձեռք բերում բազում նոր հմտություններ ու կարողություններ՝ դասավորում են ամառային լողափի աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը, բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին: Ամառային պարտեզը փչովի կամ հավաքովի լողավազանով (լողավազաններ) կազմակերպված լողափ է, հիգիենիկ միջավայր, որտեղ իրականացվում է սաների ամառային գործունեությունը: Չենք մոռանում լողափնյա հրճվանք և խենթություն պարգևող, սաների շատ սիրելի այլընտրանքային ցնցուղե կամրջակների մասին: Նրանց շուրջ էլ ձևավորվում է ամառային լողափը՝ սաների լողափնյա գործունեությունը կազմակերպելու համար անհրաժեշտ գույք, պարագաներ, նյութեր, համապատասխան սեղան-աթոռներ, ճոճանակներ, ճոճքեր (գամակներ), սահարաններ, մարզական պարագաներ…
Ջրի հետ խաղալիս հուշեք նրան, որ արևի տակ ջրի մեջ գույներ կան: Նա երկար կփնտրի այդ «արևաջուր» գույները, կգտնի: Ա՜յ հայտնագործություն, ա՜յ իմացումի հրճվանք: 2-5 տարեկանները մի աննկարագրելի ձգողություն ունեն ջրի ու դրա հետ կապված գործողությունների հանդեպ: Հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են բաժակի ջուրը լցնում սեղանին ու ձեռքի ափերով չփչփացնում կամ ամբողջ ձեռքը մտցնում բաժակով ջրի մեջ: Երեխաներին հնարավորին շատ պիտի թողնել ջրի մոտ՝ ջրով տարբեր խաղեր կազմակերպելով: Ջրի մեջ կարելի է տարբեր առարկաներ լցնել և խառնել՝ երևակայությանը ազատություն տալով, ինչը և մենք անում ենք հատկապես ամռանը, երբ սկսվում է բացօթյա լողաշրջանը։ Հետո սկսում են ջրի համն ու հոտն ուսումնասիրել, մի քանի կում են անում ու զրուցում խմած ջրի համի մասին:
Հետո մի քիչ փոխում ենք ջրի համը, օրինակ՝ կիտրոն ենք քամում ջրի մեջ ու նորից խմում: Որոշում են համը և պատմում այս անգամ թթու ջրի մասին: Բա ո՞նց եղավ, որ ջուրը թթու դարձավ կամ թթվացավ: Հետո այլ համեր ենք տալիս ջրին (շաքարավազ, ալոեի կամ ուրիշ դառը բույսի հյութ): Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ լավ ծամածռած միմիկադիմային ֆոտոներ կլինեն: Բոլոր խաղերի ժամանակ լուսանկարում ենք սաների դեմքերի արտահայտությունները: Հետո դեմքերի նկարները դասավորում են ըստ արտահայտությունների՝ թթու դեմքեր, քաղցր, դառը դեմքեր… Ու էլի պատմություններ են հորինվում։ Խաղացեք, հորինեք…Իսկական զգայարանների թատրոն-ներկայացում․․․
Տեսեք՝ ոնց խառնվեցին բնագիտական փորձ-ուսումնասիրություններն ու ստեղծագործական երևակայությունը։ Ջրի տարբեր վիճակներն էլ են շատ հետաքրքիր: Ի՞նչ պետք է, որ սանին բացատրենք, թե ինչ է գոլորշին: Թող նա տեսնի ու զարմանա այդ հրաշքով: Ասպես են զարգանում սաների զգացողությունները լողափին՝ լողափային վարժություններով, լողափի հնարավորություններով՝ թաց ու չոր իրեր, սառը ու տաք ջուր, գունավոր ջուր, ձագար ու քամիչ, կլոր ու սուր քարեր, գունավոր տախտակների փոխարեն գունավոր թասիկներ՝ տարբեր նյութերով պատրաստված ջրային իրերով, խաղալիքներով: Խնդիրն ընտրելով՝ խաղը կազմակերպել և թողնել՝ իրենք խաղան, ու՝ վերջ: Խնդիրն ինքն իրեն կլուծվի:
Համի, հոտառության, շոշափելիքի, տեսողության, լսողության զգացումները կմշակվեն, կսրանան, շրջապատն ավելի ընկալելի ու հարուստ կդառնա, ավելի իրենցը կլինի:
Ծափ-խաղեր խաղալ ջրի մեջ, լսել ջրային ծափի՝ ջրի տակ տված ծափերի ձայնը, սկզբում ինքնաբուխ, հետո ռիթմով, երաժշտությանը համապատասխան: Ալիքներ անել, ամանով ջուրը բարձրից լցնել լողավազանի մեջ: Ձեռքերի ափով խփել ջրի մակերեսին, մաքուր քար գցել ջրի մեջ ու լսել չլմփոցը: Իսկական կենդանի երաժշտություն, որը կարելի է ձայնագրել ու հետո միասին լսել, փորձել պատմել: Կազմակերպել ջրային թատրոններ, ծափ-թատրոն: Հա՜, գիտե՞ք՝ ինչ ուրախ, զվարճալի, անսովոր ներկայացում է լինելու: Փորձե՛ք երգը ջրում բեմադրել: Բա պա՞րը՝ աջ, ձախ, պտույտ ու ճոճք․․․Է՛ս էլ քեզ ջրապար։ Բա հաճո՜ւյքը, խի՜նդն ու ծիծաղը, ջրի չլմփո՜ցը․ էս էլ քեզ պարերգ:
Նախակրթարաններում, բացի ջրային չլմփոցներից, ունենք նաև նախագիծ՝ «Ցեխաթերապիա» անվանումով: Դե, իսկ լողավազան, լողավազա՜ն․․․ Բայց մենք հնարամիտ ենք ամեն ինչում․ մեր ամառային լողափում միշտ տոն է, և միշտ լսվում են ջրի քչքչոցը և սաների ուրախ ճիչ-ծղրտոցները: Լողավազաններ, որոնք լցված կլինեն առատ ջրով, և մեզ կխենթացնեն մեր այլընտրանքային ցնցուղները, հրճվանք՝ հիանալի ու աննկարագրելի։ Հաճախ լողափին ջուրն ու ցեխը միանում են խաղին, սաները ցեխոտվում են ոտքից գլուխ, բայց երբ վախվորած աչուկներով նայում են՝ ինչպես են խաղին միանում նաև դաստիարակները, զայրանալու փոխարեն, դա լրիվ ուրիշ հրճվանք է։ Չլըմփ—չլըմփ ջրի մեջ, հետո՝ թավալ ցեխի մեջ. հաստատ մայրիկները կերազեն մանկանալ մի պահ, գոնե 5 րոպե միանալ ցեխախաղին։ Իսկ երեխաների ծիծաղը, ջրի չլմփոցը, ցեխի ճպճպոցը, թռչունների ծլվլոցը, կանաչ լանջերի բույրը միախառնվելով ստեղծում են դրախտային պատկեր՝ պարգևելով անսահման վայելք։ Ո՞վ չի նախանձի մեզ…
Բա սպունգանկարչությունը լողափին, փրփրադեզն ու գունավոր ջրային հրավառությունը լողափին. ինչքան ուզում ես հրճվիր, բացահայտիր, հայտնագործիր ու ապրիր իրական կյանքով․ ուսուցում, որ ապահովում է Բլեյանի դպրոցը… Դե կյանքն ուրախ ու թեթև վայելիր ու սովորիր, սովորիր, սովորեցրու բաց, թափանցիկ միջավայրում: Գլաքարային թատրոնն էլ մի ուրիշ հրաշք է: Քարը կարող է լեզու-բերան առնել, եթե սիրես նրան, գույն տաս: Գլաքարերը մարդ են դառնում, օձ կամ մողես, ծաղիկ կամ ծիտ: Պազվում է` գլաքարերը սիլիկոնե սոսնձով լավ էլ կպչում են իրար: Երևակայությունդ գործի դիր ու, ինչ ուզում ես, պատրաստիր: Բա ի՜նչ հավես շրխկաններ են դառնում գլաքարերը, ժամերով խաղա ու խաղա․ մոռանում են լացի ու մամայի մասին: Մի քիչ էլ ավազ, ջուր, քարեր+գույներ․ մի մեծ, գունավոր գլաքաղաք կդառնա… Դա էլ թողնում եմ ձեր երևակայությանը։
Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, թռչկոտի, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություններով դառնալով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…
Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Կարևոր է երեխային տալ ազատություն, չկաղապարել նրան, չթելադրել, թե ինչպես խաղալ ինքնաստեղծ գործիքով, թող նա հորինի, ստեղծի, երևակայի, մտածի: Երևակայությունից հետո հաջորդ քայլը ստեղծականությունն է․ ստեղծագործենք ազատ և վայելենք ստեղծածի բերկրանքը: Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ցուցադրում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը, եթե նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ» բաղադրատոմսը, ու կծնվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես, թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկությո՛ւն արա, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՜… Էլ չեմ խոսում ծիրանածեսի, բալահավաքի, ծիրանաչրերի մասին, որոնք ամառային պարտեզի բաղկացուցիչ մասն են՝ իրենց ծիսական երգուպարով, խաղերով ու թռնոցիներով:
Նախակրթարանի սաները սնվում են օրը 3 անգամ․
- նախաճաշ՝ 10։30,
- ճաշ՝ 12։30,
- հետճաշիկ՝ 15։30։
Ամեն առավոտ առավոտյան ծեսին նախատեսվում է մրգային նախաճաշ: Տվյալ օրվա համար սաներից նշանակում են հերթապահ-օգնականներ (անգամ լվացվելը վերածում ենք ուսումնական գործունեություն խաղի, լվացվում ենք ինքնուրույն, օճառով և ձեռքերը չորացնում միանգամյա թղթե սրբիչով): Մեծանալ, ամենից առաջ, թերևս, նշանակում է սովորել ամեն ինչ անել ինքնուրույն: Լվացվելուց հետո օրվա հերթապահները դաստիարակներից մեկի ուղեկցությամբ իջնում են խոհանոց: Խոհանոցում խոհարարի հետ միրգ-բանջարեղենը կշռելով, հաշվել-համեմատելով, իրար օգնելով տանում են բակ: Ամռանը հիմնականում սնվում են բակում: Օրվա հերթապահները լվացվելուց հետո արդեն բակում նախաճաշի, ճաշի և հետճաշիկի նախապատրաստական աշխատանքով են զբաղվում։ Ի՜նչ սիրալիր, իրար զիջելով, ափսե-գդալ հաշվելով, աթոռները ուղղելով, միրգ- բանջարեղենը լվանալով, կտրատելով, համեմատելով, համտեսելով, հետազոտելով միրգ -բանջարեղենի կորիզները, բլբլալով սպասքը դնում են սեղանին: Հետո սուրհանդակ է գալիս, թե նախաճաշը պատրաստ է, և սպասում են մեծ ընտանիքի հավաքվելուն։ Սաները, լվացվելուց հետո, հարմար տեղավորվում են․ բուրում են համեղ ճաշիկները, ու կանչում է սպասքով սեղանը: Սա՛ է կյանքով ապրելու հաճույքը՝ դիտարկելով, հետազոտելով, տեսնելով, շոշափելով, թեկուզև՝ սխալվելով։
Դե, իհարկե, ուտելուց հետո հավաքում են, լվանում մաքրում՝ օգնելով դաստիարակին: Ինքնուրույնության դրսևորման կարևորագույն նախապայմաններն են երեխային վստահելը ու հնարավորություն տալը, որ գործի, ինքը հաղթահարի փոքր դժվարությունները, որպեսզի հավատա սեփական ուժերին, լինի ավելի ինքնավստահ։ Ամենօրյա այս գործունեությունը նպաստում է երեխայի երևակայության, ուշադրության, խոսքի, մտածողության, առողջ ապրելակերպի զարգացմանը:
Ամառային լողափում լողափնյա շատ խաղեր կան՝ լվացքատուն, լողափնյա գնդակաորս, լողափնյա փրփրադեզ, լողափնյա մարզախաղեր։ Սաները խաղում են անընդհատ, անհոգնել։ Բացօթյա սնվելուց ու լավ կշտանալուց հետո ո՞ւմ քունը չի տանի, թող չքնի․ ամառ՝ առանց բացօթյա քնի՞։
Քնել պատրաստվող բզեզիկներն անցնում են գործի․ ինքնուրույն բացում են անկողինները, հանվում, և նախշուն տկլորիկները, կենդանի երաժշտության նվագակցությամբ, որին գումարվում են թռչյունների ծլվլոցը, տերևների խշշոցը, մեղմ շոյող քամին և ջերմացնող արևը, քուն են մտնում մաքուր օդին՝ տեղափոխվելով մի հեքիաթային դրախտավայր, որտեղ ամեն բան կարծես իրական է, գեղեցիկ, ինչպես հեքիաթում: Այսպիսի չթելադրող ու չպարտադրող, միևնույն ժամանակ, ստեղծական ու երևակայական միջավայրում են ծաղկում սեբաստացիները:
Լողափի կազմակերպման և շահագործման կարգ
Ամառային պարտեզը հավաքովի լողավազանով կազմակերպված լողափ է, հիգիենիկ միջավայր, որտեղ իրականացվում է սաների ամառային գործունեությունը:
Լողավազանից օգտվում են նախակրթարանի սաներն ու դաստիարակները: Այլ երեխաներ և խմբեր կարող են օգտվել լողավազանից միայն դպրոցի ղեկավարի թույլտվությամբ: Կողմնակի անձանց՝ լողավազանից օգտվելը խստորեն արգելվում է: Նախակրթարանի աշխատանքի ավարտից հետո լողավազանի պահպանության պատասխանատուն դպրոցի պահակն է:
Լողափին բոլորը լողազգեստով են կամ հարմար մարզազգեստով, լողաթափիկներով:
Շահագործումից հետո լողավազանը ծածկվում է համապատասխան ծածկոցով, առավոտյան՝ բացվում: Սաները սնվում են բակում՝ պահպանելով հիգիենայի պահանջները: Լողովազանից օգտվելուց առաջ և հետո սաները լողանում են ցնցուղի տակ: Լողավազանը միայն լողալու համար չէ: Նրա շուրջ հավաքվում է ամառային լողափը՝ սաների լողափնյա գործունեությունը կազմակերպելուն անհրաժեշտ գույք, պարագաներ, նյութեր, հարմապատասխան սեղան-աթոռներ, ճոճանակներ, սահարաններ…
Ամառային լողափի միջավայրին ներկայացվող պահանջներ․
- համապատասխան չափի լողավազան
- ջուրն ախտահանելու սարք
- այլընտրանքային ցնցուղներ
- ջրի և օդի ջերմաստիճանը չափելու ջերմաչափեր
- լողավազան տանող սահարան-աստիճան
- արևից պաշտպանվելու միջոցներ
- գետնին պառկելու հարմարանքներ
- սեղաններ, աթոռներ, նստարաններ, գնդակներ
- ճոճանակներ, ճոճքեր (գամակներ), սահարաններ
- գետինը ծածկված է ավազով կամ գլաքարով:
Սաների և աշխատողների անհատական միջոցներ․
- ամառային գլխարկ
- լրացուցիչ հագուստ և լողազգեստ
- սրբիչ
- արևապաշտպան քսուքներ
- հարմար լողափնյա կոշիկներ-չուստեր (լողաթափիկ):
Հիգիենա և անվտանգություն
- Լողավազանի ջուրը միշտ թափանցիկ է, զուլալ:
- Գետինը ծածկված է գլաքարով:
- Արևից պատսպարվելու այլ հարմարություններ կան:
- Կան լողացնցուղներ, ջուրը տաքանում է արևի ջերմությամբ:
- Լողավազանն ապահովված է ջուրը մաքրելու համապատասխան տեխնիկայով և մաքրելու անհրաժեշտ միջոցներով:
- Լողավազան մտնելուց և դուրս գալուց հետո սաները ցնցուղի տակ լողանում են:
- Լողավազանը շահագործելուց հետո սաները հավաքում են, դասավորում պարագաները, կարգի բերում լողափը:
- Սաների անվտանգության պատասխանատուն դաստիարակն է:
- Սաներն ու աշխատողները ամառային լողափում լողազգեստով կամ համապատասխան հագուստով են՝ լողակոշիկներով, սրբիչով, գլխարկով:
- Դաստիարակն ու մնացած աշխատողները պարտադիր պետք է լողալ կարողանան:
- Դաստիարակն ու օգնականը ամեն օր իրականացնում են լողուսուցման համապատասխան աշխատանքներ, ջուր մտնելուց առաջ՝ մկանները տաքացնելու վարժանքներ:
- Ջրի բարձրությունը լողավազանում սաների հասակին համապապատասխան է:
- Սաները նախապես նախավարժանքով պատրաստվում են լողավազան մտնելուն:
- Ճաշից անմիջապես հետո լողավազան չեն մտնում:
- Արևի տակ բոլորը գլխարկով են:
Առողջագետը սաների առողջության պահպանման, լողափի հիգիենիկ վիճակի վերահսկող-պատասխանատուն է:
Տնօրենը ամառային լողափի կազմակերպման պատասխանատուն ուսումնական ծրագրի ղեկավարն է:
Ղեկավարը ապահովում է սաների անվտանգ գործունեությունը լողափին (պաշտպանություն արևից, լողավազանի անվտանգ շահագործում, ջրի որակի անվտանգություն, սաների գործունեության անվտանգություն):
Ղեկավարը ապահովում է սաների ամառային առողջ և անվտանգ սնունդը՝ հիգիենիկ պայմաններում հիգիենիկ և անվտանգ պարագաներով, հաստատում է կերակրացանկը:
Առողջագետը լողափի հիգիենիկ վիճակի և ջրի որակի, անվտանգության վերահսկողն է: Առողջագետն ամեն օր դպրոցի ենթակայքում լողափի հիգիենիկ վիճակի մասին տեղեկություն է տեղադրում․
- ջրի վիճակը (թափանցիկությունը), օրվա սկզբում և վերջում ջրի ջերմաստիճանը, հոտը, օտար մարմինների, նյութերի առկայությունը ջրում, իրականացված անհրաժեշտ գործողություններ (ջրի ախտահանում, դատարկում…),
- լողացող սաների թիվը,
- չլողացող սաների անունները, չլողալու պատճառը,
- տեղեկատվություն պատահարների և իրականացված գործողությունների մասին,
- դաստիարակի հետ գրանցում է սաների ֆիզիկական և առողջական վիճակի փոփոխությունները (հասակ, քաշ, հարթաթաթություն, կեցվածք, մաշկային և այլ խնդիրներ,
- հետևում է սաների առողջական վիճակին, հսկում,
- արտակարգ պատահարի դեպքում իրականացնում է անհրաժեշտ գործողություններ,
- կազմում է սննդացանկը և տնօրենի հաստատմամբ օր առաջ հրապարակում:
Ծնողը
- Ապահովում է երեխային լողափին անհրաժեշտ պարագաներով:
- Ըստ կարգի՝ տեղյակ է պահում սանի բացակայության մասին:
- Հիվանդության պատճառով բացակայած սանի համար ներկայացնում է համապատասխան բժշկական փաստաթուղթ:
- Հատուկ ռեժիմի, սննդի այլ անհրաժեշտության մասին տեղյակ է պահում դաստիարակին կամ առողջագետին:
Դաստիարակը, օգնականը
- Ապահովում են զարգացնող անվտանգ միջավայր, միջոցներ:
- Պատասխանատու են սաների անվտանգության համար:
- Ամեն շաբաթ հրապարակում են գալիք շաբաթվա աշխատանքային նախագիծը և իրականացնում:
- Լողափին լողազգեստով են կամ համապատասխան մարզահագուստով, լողակոշիկներով (լողաթափիկ):
- Դաստիարակը մասնակցում է լողուսուցման սեմինարներին և լողուսուցում իրականացնում ըստ ծրագրի:
- Մինչև ժամը 10:00 կատարում է սաների հաճախումների հաշվառումը էլեկտրոնային մատյանում, նշում է բացականերին և բացակայությունների պատճառները, տվյալները հաղորդում բուժքրոջն ու խոհարարին, որոնք էլ, ըստ այդ տվյալների, իրականացնում են համապատասխան գործողություններն ըստ կարգի:
- Լողափի գործունեությունը լուսաբանում է խմբի բլոգում:
Ուրախ մանկական ճչոցներով, մանկական հրճվանքով ու հաճույքով լցված հիգիենիկ միջավայր, որտեղ իրենք պատսպարվում են ամռան տապից, լողում են, խաղում, նկարում, ծեփում, պատրաստում. մեր լեզվով ասած՝ իրական զարգացնող ուսումնական միջավայր …
Այսինքն՝ տեսեք, շատ բան պետք չէ՝ ընդամենը ամառային լողավազանով ամառային փոքրիկ լողափ, որտեղ միշտ ցնցուղ կա, որի ջուրը արևով է տաքանում: Է՞լ…
- Լողազգեստ, լողակոշիկներ, սրբիչ, գլխարկ
- խճաքար
- լողափնյա հովանոցներ
- սաների լողափնյա գործունեությունը կազմակերպելուն անհրաժեշտ գույք, պարագաներ, նյութեր` համապատասխան սեղան-աթոռներ, ճոճանակներ, սահարաններ,
- տարբեր չափերի տաշտեր, թափանցիկ բաժակներ, տարաներ, դույլեր, փոցխեր, բահեր, ավազ, գլաքարեր, կավ, ալյուր, բարձրորակ ներկեր ու վրձիններ, հոսող ջուր, օճառ, հյութ խմելու ձողիկներ:
Եղածն էլ այնքան թանկ չէ, որ հնարավոր չլինի ձեռք բերել: Խնդիրը կարևորել է պետք, ճիշտ ձևակերպել և իրականացնել: Անօգուտ և թանկարժեք վարագույրների, ծանր ու փոշոտ գորգերի, դահլիճների ծանր ու մեծ կահավորանքն ավելի ծանրացնելու, տարբեր անկյուններում անօգուտ ընկած տարբեր արձանիկների ու չգիտես ինչերի փոխարեն փչովի կամ հավաքովի լողավազան գնեք, դուրս հանեք այն ամենը, ինչ կարելի է հանել և ինչը օգտակար կլինի փոքրիկների ամառային գործունեության համար: Սիրուն ու սիրով կահավորեք լողափը:
Էլ ի՞նչ է պետք, որ նա լողալ սովորի, կենսափորձ ձեռք բերի, առողջ մարմին ու առողջ միտք ունենա, երջանիկ լինի, ազատ, ինքնուրույն, առանց վախերի…
Կից ներկայացնում եմ Նելի Արղությանի և Տաթև Սահակյանի հոդվածները, որոնք տպագրվել են «Դպիր» էլ․ ամսագրում:
Ջրային խաղերի և խաղաստեղծ միջավայր փաթեթը
Ամառային պարտեզի փաթեթ
- Մարգարիտ Հեքիմյան և ընկերներ
- Աննա Հայրոյան և ընկերներ
- Աղավնի Վանյան և ընկերներ
- Ինգա Անտոնյան և ընկերներ
- Հասմիկ Հարությունյան և ընկերներ
- Անուշ Ավետիսյան և ընկերներ
- Մերի Սմբաթյան և ընկերներ
- Գայանե Ավետիսյան և ընկերներ
- Արմինե Եղիազարյան և ընկերներ
- Անի Մարտիրոսյան և ընկերներ
- Էմմա Տերտերյան և ընկերներ
Խմբագիր՝ Արևիկ Ներսիսյան