Ստուգումը գնահատման գործիք, ոչ թե՝ «զենք»․․․
Աշխարհը փոխվում է, կրթության կազմակերպումը փոխվում, բայց կրթական գործիքները շարունակում են որպես «զենք» գործածվել կրթության մեջ։ Դրանցից են 4-րդ դասարանի տարեվերջյան ստուգումները , որոնք, ըստ պետական չափորոշչի, պետք է ունենան տեղեկատվական բնույթ, որոնք կարող են ու պետք է օգտակար լինեն և՛ դպրոցին, և՛ սովորողին, և՛ ընտանիքին․․․ Ցավոք, սոցցանցերում ոչ պատահականորեն այս ստուգումը շարունակվում է «քննություն» կոչվել։ Այն որպես «զենք» գործածվում է դպրոցի, ուսուցչի ձեռքին՝ սովորողին ու ընտանիքին լարման, կախման ու շփոթի մեջ պահելով․․․ Շատ ավելի ցավալի է, երբ ուսուցիչն է այս ստուգումը քննություն համարում, և դրա հետ կապված բոլոր դրսևորումները ներկայացնում է համացանցում։ Այնինչ մենք՝ ուսուցիչներս, պիտի հանրությանը փոխանցենք այս կրթական գործիքի իրական նպատակը, բացատրենք, որ այն ունի միայն ու միայն տեղեկատվան բնույթ, չի ազդում սովորողի դասարանից դասարան փոխադրման վրա։ Պարզապես այն մատնանշում է այն սահմանը, որն անցնելով՝ սովորողն առաջին կրթական աստիճանից՝ տարրականից, տեղափոխվում է մյուս աստիճան՝ միջին օղակ։
Հետաքրքիր կլիներ, եթե սոցցանցերում կամ մակավաժական հարթակներում ուսուցիչները բերեին իրենց փորձն ու լուծումները, բաց հարթակներում լսվեին նրանց խոսքը, դիտարկումները, դրանց արդյունքում ստեղծվեին կրթական առաջին աստիճանի արդյունքների բաց ներկայացումներ, որոնք հանրայնացվեին հանրակրթական դպրոցներում՝ ծնողների, հանրության առաջ։ Հասկանալի է, քանի դեռ փակ դռների ու պատուհանների ետևում է գործում հանրակրթական դպրոցը, ունենալու ենք այն, ինչ ունենք այսօր․․․Վստահ եմ, որ հանրակրթության մեջ կան ուսուցիչներ, դպրոցներ, որոնք ստեղծում են նոր գործիքներ։ Բայց մենք սիրում ենք այլ երկրներին, ամենատարբեր գրանտներին ու ծրագրերին նայել՝ չտեսնելով մեր սեփական, հայկական հողում ստեղծված մանկավարժությունը․․․
Հայաստանյան կրթական իրականության մեջ է ստեղծվել, ապրում ու գործում ՀՀ հանրակթության օրենքով ամրագրված հեղինակային ծրագիրը, որն այսօր իրականացվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, հանրությանը հայտնի՝ բլեյան դպրոցում։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 4-րդ դասարանցիների տարեվերջյան ստուգումներն անցկացվում են երկու փուլով․․․
Առաջին փուլն իրականացվում է մայիս ամսին՝ կրթահամալրիում մայիսյան մանկավարժական հավաքի ընթացքում։ Այո՛, հեղինակային մանկավարժությունը ստեղծում է նոր մանկավարժության հեղինակ սովորողներ։
Այս փուլում սովորողն իր ուսումնական բլոգում բացում է «մայրենիի, մաթեմատիկայի ստուգատես 2024» բաժինը, որտեղ սկսում է հրապարակել ուսուցչի բլոգում, Խոսքի մշակույթի բլոգում հրապարակված ուսումնական առաջադրանքների փաթեթի կատարումը։ Առաջադրանքները ապահովում են ՀՀ հանրակրթական չափորոշիչների տարրական կրթական աստիճանն ավարտողին ներկայացվող վերջնարդյունքները։ Առաջադրանքերի փաթեթն ունի հետևյալ ուղղությունները․
— գրավոր խոսքին ուղղված առաջադրանքներ,
— բանավոր խոսքին ուղղված աշխատանքներ,
-ընտանեկան նախագծեր։
Մեկ ամսվա ընթացքում սովորողն իր բլոգի նշված բաժնում հավաքում է իր կատարած ուսումնական նյութերը, որոնց արդյունքները ցույց են տալիս սովորողի և՛ մեդիակրթության, և՛ առարկայական, և՛ ստեղծական, և՛ որոնողական աշխատանքի հմտություննները։ Այս փուլում խնդիր է դրված, որ սովրողի հետ ամեօրյա աշխատանքում հետաքրքիր ու ամբողջական ամփոփումներ ստացվեն։ Շատ կարևոր է, որ հեղինակային ծրագիր իրականացնող ուսուցչի ստեղծած փաթեթի առաջադրանքները սովորողը հավեսով ու հաճույքով կատարի․․․ Ի դեպ, յուրաքանչյուր տարի առաջադրանքների փաթեթը փոխվում է, նորացվում․․․
Առաջարկվող փաթեթում ուսուցիչը նշում է աշխատանքի ավարտման ժամկերտը , որը հնարավորություն է տալիս սովորողին հանգիստ, անշտապ աշխատու․ սովորողը առաջադրանքները կատարում է երբ հարմար է, որտեղ հարմար է․․․
Առաջին փուլի ավարտին դասավանդողն իր բլոգում ամփոփում է սովորողների աշխատանքները։ Դրանք առանձին-առանձին հրապարակվում են նաև կրթահմալիրի կայքում։ Այստեղ ամփոփումը միավորային չէ, որակական է՝ քանի ընթերցում է ունեցել, կայքում քանի նյութ է հրապարակել, ընկերներ, ծնողները ինչպես են գնահատել և այլն․․․
4-րդ դասարանցիների համար երկրորդ փուլն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 07 մայիսի 2024 թվականի N 713-Ա/2 հրամանով, որը վերաբերում է և՛ պետական, և՛ հեղինակային ծրագրով աշխատող դպրոցներին։ Այս ստուգումը հանրության մեջ հայտնի է «քննություն»-ով, քննությանը հատուկ բոլոր վատ հոգեվիճակներով, լարումով, վախով, գնահատանիշի մրցակցությամբ և այլն․․․
Հեղինակային կրթական ծրագրում մշակվել է ստուգումն իրակնացնելու, այո՛, սովորողահաճո մոդել, երբ սովորողն է իր աշխատանքի միավորային գնահատողը։
Կրթահամալիրի մայրենիի, մաթեմատիկայի մասնախմբերը մշակում են առաջադրանքերի տարբերակները։ Մայրենի լեզվի դասավանդողները կազմում, քննարկում, ընտրում են տարիքին համապատասխան տեքստեր, մշակում են հարցերը։ Հրամանով նշված օրը սովորողը դպրոց է գալիս անհատական համակագչով, մասնակցում է առավոտյան ընդհանուր պարապմունքին, միասին երգում են, պարում, կարդում․․․ Ժամը 10։00 վիճակահանությամբ ընտրվում է աշխատանքի տարբերակը։ Սովորողներն իրենց էլեկտրոնային հասցեներին ստանում են տարբերակը, լրացնում, տեղադում են իրենց անհատական բլոգներում, պատասխանը ուղարկում են ուսուցչին։ Ստուգումն ավարտող սովորողը լողում է դպրոցի բացօթյա լողավազանում․․․ Օրվա ընթացքում ուսուցիչը ուղարկում է ճիշտ տարբերակը, ստուգման չափանիշները։ Սովորողն ինքն է ստուգում իր աշխատանքը, իր ինքնաստուգման միավորն ուղարկում է ուսուցչին, հետո՝ ստանում է նաև ուսուցչի գնահատական-պատասխանը։ Տարբեր գնահատանիշների դեպքում ուսուցիչն ու սովորողը քննարկում են, ճշտում գնահատանիշի անհամապատասխանության պատճառները։ Սա ևս դառնում է ուշագրավ ուսումնական աշխատանք։
Ստացվում է գնահատման երեք աղյուսակ՝ սովորողի, ուսուցչի և երկուսի համաձայնեցված, վերջնական գնահատումը․․․ Այստեղ հետաքրքիր է, որ սովորողը մեկ անգամ էլ որպես ստուգող է հանդես գալիս․ բոլորիս խնդիրն է, չէ՞, որ սովորողը նախ և առաջ տեսնի իր սխալը, սխալի վրա սովորածն է սեփականություն դառնում․․․ Եղան դեպքեր, երբ սովորողն իրեն ավելի խիստ էր գնահատել, քան ուսուցիչը, դեպքեր, երբ համաձայնությամբ գնահատվեց, բայց առանց լարումի, վախի․․․ Այսպիսի գնահատման դեպքում է, որ սովորողների ու դասավանդողների միջև անուղղակի ստեղծվում է աշխատանքային հարաբերություններ․․․
Ահա մի փորձ՝ բլեյան դպրոցի հեղինակային կրթական ծրագրից։ Գուցեև մյուս ուսումնական հաստատություններում ևս կան այլ հետաքրքիր փորձեր։ Վստահ եմ, որ եթե ուսուցիչն ազատագրվի կատարողի իր կարգավիճակից ու դառնա ստեղծող, իր ստեղծածը վստահորեն հրապարակող, ուսումնական շատ լավ գործիքների ականատեսը կդառնանք։
Կից ներկայացնում եմ մեր ստուգատեսի ամփոփաթերթը․