«Արվեստի փառատոնը» կարևոր դեր ունի հեղինակային մանկավարժության օրացույցում՝ իբրև ուսումնական պլանը սպասարկող կրթական գործիք։ 2019 թ-ից այն իրողություն է, որը  հնարավորություն է տալիս սովորողներին, ուսուցիչներին և արվեստային հանրությանը ներգրավվել արվեստի տարբեր ուղղությունների մեջ, յուրացնել և սովորել տարբեր գեղարվեստական ​​տեխնիկաներ և ոճեր: Փառատոնը տարեցտարի զարգացում է ապրում, եթե այն նախորդ տարիներին կազմակերպվում էր միայն ուսումնական չորրորդ շրջանում և ամբողջ հունիս ամսին, արդեն երկու տարի է կարող ենք փաստել, որ փառատոնը ունի շուրջտարյա տարբեր նախագծային դրսևորումներ։

Փառատոնը  հարթակ է  առաջարկում արվեստի ինստիտուտցիաներին, արվեստագետներին՝ ներկայացնելու  իրենց գործունեությունը, համագործակցելու, փոխանցելու և շփվելու տարբեր տարիքի և ծագման սովորողների հետ: Աշխատարանների, ցուցահանդեսների, ներկայացումների և քննարկումների միջոցով արվեստի փառատոնը ստեղծում է դինամիկ ուսումնական միջավայր, որը խթանում է ստեղծականությունը, քննադատական ​​մտածողությունը և արվեստի  դերը:

Կրթության մեջ արվեստի փառատոնի հիմնական ազդեցություններից մեկը գեղարվեստական ​​ինքնարտահայտման խթանումն է, հաղորդակցումը: Աշխատարանների լայն շրջանակը, ներառյալ՝ նկարչությունը, հողարվեստը,  քանդակը, ռակուն, ցիանոտիպիան, լինոտպագրությունը, վիդեո արտը, պերֆորմանս արտը, պոեզիան և իլյսուստրացիան, պարը,  մասնակիցներին խրախուսում են փորձարկել նոր միջոցներ և տեխնիկա: Սա ոչ միայն բարձրացնում է նրանց գեղարվեստական ​​հմտությունները, ճանաչողությունը, այլև օգնում է նրանց  բացահայտել ինքնարտահայտման ներքին շերտերը, հմտությունները:

Ավելին, գործող արվեստագետների հետ աշխատարանները, բանախոսությունները և արվեստի փառատոններին միջազգային ռեզիդենտ արվեստագետների ներկայությունը հարստացնում են հեղինակային մանկավարժության մեջ կրթական փորձը՝ տալով մենթորության, համագործակցության և մշակութային փոխանակման բացառիկ հնարավորություններ: Մասնակից սովորողներին, ուսանողներին, ուսուցիչներին ընձեռվում է եզակի հնարավորություն  սովորել ոլորտում կայացած մասնագետներից,  պատկերացում ունենալ նրանց ստեղծագործական գործունեության վերաբերյալ և ստանալ կառուցողական արձագանք աշխատարաններում իրականացրած գործունեության մասին: Դիտարկելով ոլորտում առկա վերապատրաստումները, բուհական կրթական ծրագրերը և նախաձեռնությունները՝ տեսնում ենք, որ այսպիսի բազմաշերտ փորձառություն որևէ այլ տեղ չկա։ Հեղինակային մանկավարժության մեջ կրթության արդիականությունը գեղարվեստի մասով հնարավոր և իրական է դառնում փառատոնային գործունեությամբ, արվեստագետների հետ աշխատելով։

Միջազգային արվեստագետների ներկայությունը տալիս է հեռանկար և մասնակիցներին թույլ տալիս բացահայտել մշակութային տարբեր ավանդույթներ և փորձառություններ՝ խթանելով միջմշակութային ըմբռնում ու գնահատանք, հմտությունների նոր զինանոց, որոնք հետո դառնալու են նախագծային ուսուցմանը սպասարկող գործիքներ:

Բացի այդ, արվեստի փառատոնը ծառայում է  որպես միջդիսցիպլինար ուսուցման հարթակ, որտեղ մասնակիցները կարող են բացահայտել կապերը արվեստի և այլ ակադեմիական առարկաների միջև: Համատեղ նախագծերի, ցուցահանդեսների և ներկայացումների միջոցով մասնակիցները ստանում են հնարավորություն բովանդակալից երկխոսության մեջ մտնել, մտքեր փոխանակել և ավելի խորը գնահատել գիտելիքի և արտահայտման տարբեր ձևերի փոխկապակցվածությունը:

Ընդհանուր առմամբ, «Արվեստի փառատոնի»  մանկավարժական և կրթական դերն անգնահատելի է բոլոր տարիքի մասնակիցների ստեղծագործական, քննադատական ​​և մշակութային գրագիտության ձևավորման գործում: Գեղարվեստական ​​աշխատարանների, համագործակցության և ուսուցման համար տարածք տրամադրելով՝ ամենամյա փառատոնները ոգեշնչում են ստեղծականություն, խթանում են մշակութային ըմբռնումը և հարստացնում մասնակիցների կրթական փորձը՝ ի վերջո նպաստելով ավելի կենսունակ և մշակութային հասարակության ձևավորմանը:

Ձևավորելով շուրջտարյա գործունեության հարթակ,  տարատեսակ նախագծային գործունեության ձևեր, լրամշակելով Գեղարվեստի ուսումնական կենտրոնի, դպրոցի կանոնադրությունը, «Արհեստ և արվեստ» բնագավառի կազմակերպման փորձը, շուրջտարյա ուսումնական գործունեության ամփոփ հարթակ է դառնում ամառային «Արվեստի փառատոնը»։

Փառատոն 2024-ի կազմակերպումը այս տարի կայացավ գլխավոր գործունեության կազմակերպման ձևաչափ դառնալով աշխատարանային կազմակերպումը՝ Արվեստի փառատոն 2024-ի օրացույց։ Օրացույցում տեղ են գտել ոչ միայն տեղացի, գործող ճանաչված արտիստների, այլև արտասահմանցի արվեստագետների աշխատարանները։ Դեռ 2023-ի փառատոնի շրջանակում ձևավորված ֆրանսիական «Մենք» նախագծի հետ սկսած գործընկերությամբ հունվար ամսից աշխատել ենք նախագծի արվեստագետներ՝ պարուսույց, պերֆորմանս արտիստ Ալին Դերդերյանի և արվեստագետ, նկարիչ, Սորբոնի համալսարանի դասախոս, հրատարակիչ Գևորգ Այվազյանի հետ՝ համատեղ մշակելով ամառային փառատոնի աշխատարանների բովանդակությունը։ Այս տարի գործընկերություն ձևավորվեց նաև Երևան Բիենալե միջազգային հիմնադրամի հետ, փառատոնին դարձավ մասնակից հիմնադրամի ռեզիդենտ արտիստ Անդրես Լոզանոն՝ «Արվեստ և իմպրովիզացիա» աշխատարանով։

Փառատոնի տեղեկանք՝

  1. Մայիսի 27․Քարե աղմուկ Մուշեղ Բարսեղյանի հետ․ Բաց աշխատարան
  2. Հունիսի 3․ ժամը՝ 13։00-14։30․ «Հողարվեստի աշխատարան»․ Ալեքսեյ Մանուկյան
  3. Հունիսի 4․ ժամը՝ 13։00-14։30․ «Գրաֆիկա»․ աշխատարան․ Զարուհի Թովմասյան
  4. Հունիսի 4,5,6,7, 10 ․ ժամը՝ 10։00-12։00․ «Պոեզիա և իլյուստրացիա»․ Գևորգ Այվազյան
  5. Հունիսի 5, ժամը՝ 11։00-12։00․ «Գրաֆիկա»․ աշխատարան․ Զարուհի Թովմասյան
  6. Հունիսի 5․ ժամը՝ 13։00-14։00․ «Պերֆորմանս» բանախոսություն և աշխատարան․ Արման Գրիգորյան
  7. Հունիսի 6, 7 ժամը՝ 13։00-14։00.«Ալտերնատիվ լուսանկարչություն կամ Ցիանոտիպիա»․ Ծովինար Մանուկյան
  8. Հունիսի 6, 7, 10, 11․ ժամը՝ 11։00-13։00․ «Խորեգրաֆիայի աշխատարան»․ Ալին Դերդերյան
  9. Հունիսի 10, ժամը՝ 13։00-14։00․ «Վիդեո արտ.Ժանրի առանձնահատկությունները» աշխատարան․ Գագիկ Չարչյան
  10. Հունիսի 11․ժամը՝ 10։00-20:00 «Ռակու»․ Վահրամ Գալստյան
  11. Հունիսի 11.ժամը՝ 13:00. «Վիդեո արտ.Ժանրի առանձնահատկությունները» աշխատարան․ Գագիկ Չարչյան#2
  12. Հունիսի 12, ժամը՝ 12։00․ Անդրես Լոզանո․ Արվեստ և իմպրովիզացիա
  13. Հունիսի 13, ժամը՝ 11։00․ «Փառատոնային հանգրվան»․ Ցուցահանդես
  14. Հունիսի 13, ժամը՝ 12։00․ Հետազոտական աշխատանքները փառատոնային Գեղարվեստում
  15. Հունիսի 14, ժամը՝ 13։00․ Ալին Դերդերյան․«Rendre larmes» մենապար
  • Փառատոնը ունեցել է 10 աշխատարան։ Ընդհանուր առմամբ բոլոր աշխատարաններին ունեցել ենք գրանցված 91 մասնակից, սակայն աշխատարաններին նաև մասնակցել են Գեղարվեստի ակադեմիայից ուսանողներ, գործող արվեստագետներ, այդ թվում՝ փառատոնի արտասահմանցի արվեստագետները, ինչպես նաև՝ մանկավարժական ճամբարից կրթահամալիրի դասվարներ, երկարացված օրվա կազմակերպիչներ։ Այս պարագայում մասնակիցների թիվը հասնում է 130-ի։
  • Փառատոնն ունեցել է երեք ցուցադրություն՝ «Ամփոփիչ անդրադարձումներ» «Փառատոնային հանգրվան»․ Ցուցահանդես Ալին Դերդերյան․«Rendre larmes» մենապար և վիդեո արտ։ Ցուցադրությունները ընդգրկել են «Փարաջանով 100»-ի և փառատոնային աշխատարանի արդյունքները։

Կարող ենք արձանագրել, որ հեղինակային մանկավարժությունը իր հետազոտական,  նախագծային, փառատոնային ուսուցմամբ հերթական անգամ  լիացավ նոր հմտություններով, նոր կրթական զինանոցով և որպես զարգացում շարունակում է  նորովի գեղեցիկը հայտնաբերելու իր ճանապարհը։ Դրա փաստական ապացույցն են Հետազոտական աշխատանքները փառատոնային Գեղարվեստում   և փառատոնային գործունեության ամբողջական հաշվետվությունը՝

Կհանդիպենք…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով