«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հետազոտական վարժարանի 10-12-րդ դասարաններում ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչ է սովորողների հետազոտական աշխատանքը։ Սա մեծ ծավալի, հետաքրքիր աշխատանք է, որն ընդգրկում է բազմաբնույթ թեմաներ, ոլորտներ։ Յուրաքանչյուր տարի խմբագրվում-լրամշակվում է հետազոտական աշխատանքների բովանդակությանը, կազմակերպմանն ուղղված կարգը, մշակվում են ավելի շատ մասնագետների, դասավանդողների, սովորողների առաջարկած թեմաները։
Հետազոտական աշխատանքներն՝ իրենց բովանդակությամբ, կազմակերպմամբ, անընդհատ զարգանում են՝ ներառելով և՛ բովանդակային տարբեր տարրեր, և՛ կազմակերպման մեջ նորարարություններ․ մանկավաժական զարգացումներն ամենահետաքրքիրն են։ Մանկավարժական նոր լուծումները, հնարքները՝ դրանց տարբեր բաղադրիչների կիրառումը, հենց զարգացումն ապահովող տարրեր են։
Ուզում ենք պատմել մի փորձի՝ սովորող-սովորեցնող բաղադրիչի կիրառման մասին։ Առավել հմուտ սովորողն սկսեց օգնել իր ընկերոջը՝ այդ ընթացքում նոր հմտություններ ձեռք բերելով։ Սա հետաքրքիր փորձ էր, երբ սովորողներն աշխատեցին զույգով՝ համագործակցելով ու կարևոր հմտություններ փոխանցելով։ Ընթացքը կարևոր էր և՛ մենթոր-սովորողի և՛ հետազոտական աշխատանք գրող սովորողի, և՛ հետազոտական աշխատանքի ղեկավարի համար։ Սովորողների ներառումը ուսուցման գործընթացում կարևոր է․ սա է հենց մանկավարժությունը այդ հմտությունների զարգացումը՝ սովորողների ներառումը՝ իրենց հմտություններին համապատասխան։
Աշխատանքի փորձի մասին կպատմի 10-րդ դասարանի մենթոր-սովորող Դավիթ Մուրադյանը․ «Պատմեմ հետազոտական աշխատանք գրելու իմ փորձի մասին։ Իմ առաջին հետազոտական աշխատանքն իրականացրել եմ 2023-2024թթ. ուսումնական տարվա ընթացքում՝ 10-րդ դասարանում։ Աշխատանքիս թեման եղել է «Ոչ վերբալ հաղորդակցությունը քաղաքականության մեջ», ղեկավարը՝ Ավագ դպրոցի պատմության, քաղաքագիտության ուսուցիչ պրն. Աշոտ Տիգրանյանը։ Աշխատանքիս կայացման հարցում ոչ պակաս կարևոր դեր են ունեցել խորհրդատուներս՝ Միջին և Ավագ դպրոցների պատմության, հասարակագիտության ուսուցիչներ Սամվել Թամազյանն ու Հրայր Խաչատրյանը, ինչպես նաև հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարգարիտ Սարգսյանը, իմ կազմակերպիչ Լիլիթ Յախինյանը։ Հետազոտական աշխատանքիս կայացման գործում արժեքավոր դեր է ունեցել ՀՀ ԱԺ Արարողակարգի վարչության պետ և պարզապես հրաշալի անձնավորություն և ավագ ընկեր պրն. Ալեքսանդր Մխիթարյանը։ Համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքում մեզ հաջողվել է ստանալ բոլոր պահանջներին համապատասխան, հետաքրքիր, ուսուցողական հետազոտական աշխատանք (մանկավարժների, ուսումնասիրողների կարծիքով)։
Հետազոտական աշխատանքի պաշտպանությունը տեղի է ունեցել 2024թ. հունվարի 15-ին՝ ձմեռային ճամբարի ժամանակ, որին ներկա են գտնվել ՀՀ վարչապետ պրն. Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար տիկ. Ժաննա Անդրեասյանը, հետազոտական վարժարանի ուսուցիչները, սովորողները և հյուրերը։
Պատմեցի հետազոտական աշխատանքիս փորձի մասին, թե ինչպես եմ այն իրականացրել, ինչ դժվարություններ եմ ունեցել, ով է ինձ անգնահատելի աջակցություն ցուցաբերել։
Հետազոտական աշխատանքն, առաջին հերթին, պարգևեց փորձ, փորձառություն։ Իրականացնելով այն՝ ես հասկացա, թե ինչքան բարդ է թեմային համապատասխան նյութերի ու գրականության ուսումնասիրումը, դրանց ներառումը բուն տեքստի մեջ, այնուհետև՝ հանրային ներկայացումը և այլն։ Եթե փորձեմ հակիրճ լինել, ապա հետազոտական աշխատանք իրականացնելու ու ներկայացնելու արդյունքում զարգացրել եմ ներքոհիշյալ ունակություններս.
- Հետազոտական հմտություններ
- Տեքստային խմբագրում՝ սահմանված չափանիշներին համաձայն
- Հղումների, նկարների տեղադրում
- Ցանկերի, բովանդակության կազմում
- Շարահյուսական, ձևաբանական շտկումներ
- Հանրային ներկայացում
- Հանրային ելույթ ունենալու վախի հաղթահարում
- Լարվածության նվազում
- Կարևոր ու էական շեշտադրումների վրա կենտրոնացում
- Հետաքրքրաշարժ տեղեկությունների փնտրում
- Գրականության խորքային ուսումնասիրություն (ոչ միայն հայերեն)
- Ինքդ քեզ ղեկավարելու հմտություն
- Թիմային աշխատանք, մասնագետների հետ ընկերական մթնոլորտում աշխատելու ունակություն
Մի գործ է գրել հետազոտական աշխատանք, մեկ ուրիշ է՝ օգնել, այն ղեկավարել։ Ըստ երևույթին, հետազոտական աշխատանք կատարելու ունակությունից բացի, զարգացրել եմ նաև հետազոտական աշխատանք ղեկավարելու հմտությունս, քանի որ, ըստ էության, երբ դու գրում ես նմանատիպ աշխատանք, ապա կամա-ակամա դառնում ես ինքդ քո ղեկավարը, ուղեկցողն ու օգնողը։ Պետք է խոստովանեմ՝ վերջին շրջանում ունեցել եմ բարդություններ՝ կոնկրետ ներկայացման ընթացքի և կազմակերպման հետ կապված՝ չհաշված տեքստի մեջ բազմաթիվ ուղղագրական-քերականական վրիպակները, որոնց վրա աշխատում եմ ամեն օր։ Այժմ փորձում եմ կիսվել ընկերներիս հետ սեփական փորձով՝ իրենց իսկ հետազոտական աշխատանքը ջանասիրաբար և նվիրումով կատարելու, մոտիվացիան մեծացնելու համար։ Իսկ ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը։ Ծնվեց այն բանից հետո, երբ հասկացա, որ հետազոտական աշխատանքն իրականացնելն իրապես դժվար և ժամանակատար գործ է, և հետզհետե փորձում եմ ամեն կերպ օգնել ընկերներիս, որպեսզի ընթացքը համեմատաբար դյուրին դառնա։ Ներկայումս օգնում եմ համադասարանցիներիս, որոնց մի մասն արդեն պաշտպանել է։ Օգնությունը հիմնականում համապատասխան և անհրաժեշտ նյութերի տրամադրումը, խորհրդակցությունն ու խորհրդատվությունը, տեքստերի բովանդակության և շարադրության ուղղումները և լրացումներն են, ինչպես նաև բուն հոգեբանական աջակցությունը։
10-րդ դասարանի աշակերտ Անի Հարությունյանի հետ մենք ամեն շաբաթ հանդիպում ենք, քննարկում ենք նոր նյութերը, որոնք և՛ ինքը, և՛ ես գտնում ենք համացանցից կամ գրադարանից (բացի հանդիպումներից նաև հեռախոսով ենք քննարկում)։ Միասին նստում և աշխատում ենք։ Իհարկե, ժամանակը քիչ է, սակայն աշխատանքը իդեալականին մոտ հասցնելու մեր գերնպատակն ու ուժեղ մոտիվացիան թույլ են տալիս մեզ թեկուզև այդ 35-40 րոպեի մեջ տեղավորվել։ Անիի հետազոտական աշխատանքի թեման է «Հին հայկական զարդերն ու նախշերը»։ Փոխադարձ վստահության, հարգանքի, նպատակի «հավատարմության», աշխատասիրության և պատասխանատվության բարձր զգացումից և մեր հանդիպումների արդյունքներից ելնելով՝ լիովին վստահ եմ, որ աշխատանքը հասցնելու ենք իր վերջնանպատակին, իսկ դա թե՛ իր, թե՛ ինձ համար գերազանց արդյունք է։
Սա կարևոր փորձ եմ համարում, կարծում, որ հետազոտական աշխատանքի ղեկավարման, իրականացման մոդելում կիրառելի, ուսուցանող փորձ է, ինչը հետաքրքիր դրսևորումներ ու զարգացումներ կարող է ունենալ։
Օգնությունը հիմնականում բաղկացած է.
- Համապատասխան և անհրաժեշտ նյութերի տրամադրումից
- Խորհրդակցությունից ու խորհրդատվությունից
- Տեքստերի բովանդակության և շարադրանքի ուղղումներից և լրացումներից
- Բարոյահոգեբանական աջակցությունից
- Հանրային ներկայացման ժամանակ կարևոր տեղեկության վրա կենտրոնանալու խորհուրդներից, կետերի առաջարկներից
- Բուն տեքստի որոշ հատվածների խմբագրման, վերափոխման, վերաձևակերպման առաջարկներից
- Համապատասխան մասնագետների հետ կապի դուրս գալու և նրանց հետ աշխատանքը քննարկելու առաջարկներից, խորհուրդներից
Թիմային աշխատանքի ոգու, պատասխանատվության գիտակցման մակարդակի բարձրացում․
- Ղեկավար լինելու և ղեկավարելու ունակության զարգացում
- Նորանոր ու մինչև այդ անծանոթ գիտելիքի ստացում, յուրացում՝ կապված թեմայի, այսինքն՝ աշխատանքի հետ
- Նոր մարդկանց հետ կապերի ստեղծում, զարգացում, պահպանում
- Եվ իհարկե, ներքին բավարարվածություն՝ աշխատանքը հաջող իրականացնելու գաղափարից, միմյանց հարգելուց, վստահելուց և համատեղ ուժերով մի գերնպատակի հասնելու զգացումից»։
Կարծում եմ՝ Հետազոտական վարժարանի 10-րդ դասարանի սովորող Դավիթ Մուրադյանի պատումը հետաքրքիր է և՛ որպես սովորողի աշխատանքի զարգացում, և՛ որպես մանկավարժության մեջ կիրառելի-կիրառվող նոր հնարանք։
Պարզ է, որ մենթոր-սովորող կարող են դառնալ այն սովորողները, որոնք իրենց աշխատանքով ցույց են տվել, որ կարող են դա իրականացնել, որ այն կարող է արդյունավետ ու օգտակար լինել։ Ես՝ որպես Դավիթ Մուրադյանի հայոց լեզվի, գրականության ուսուցիչ, տեսա այդ հմտությունները Դավթի մոտ՝ հաջողված հետազոտական աշխատանք, դրա պաշտպանությունը համակարգելու փորձ, հաջողված ուսումնական նախագծեր, կլոր սեղաններ։ Որոշեցի, որ ինձ համար հետաքրքիր ու տարածելի մանկավարժական փորձ կարող է լինել, որը նաև օգտակար է կոնկրետ սովորողների համար, կարող է օգտակար լինել նաև սովորողների ու դասավանդողների տարբեր խմբերի համար։ Անի Հովհաննիսյանի հետազոտական աշխատանքի մենթոր-սովորողը դարձավ Դավիթ Մուրադյանը։ Աշխատանքի ընթացքը հետաքրքիր էր որպես ուսումնական գործունեություն, որի արդյունքում տեսա սովորողների ամենշաբաթյա աշխատանքը, միմյանց աջակցությունը, միասին ուսումնասիրելու-գտնելու հմտությունները։ Ծնվեց նաև մեր աշխատանքը՝ որպես մանկավարժական փորձ ներկայացնելու գաղափարը, որոշեցինք հանդես գալ համատեղ հոդվածով։ Հոդվածի շուրջ աշխատանքը հետաքրքիր էր․ Դավթի հետ աշխատանքը կոնկրետ է՝ արագ արձագանքում է, լրացնում, նորից ուղարկում, ուզում է հաջողել։ Աշխատանքը համարում եմ արդյունավետ, հաջորդ տարի նախատեսում ենք դրա զարգացումը։