Օրածեսիկ-ստուգատեսների կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի՝ կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է: Արդյունքներ, որոնք պետք է լինեն ամենատարբեր հմտությունների ցուցադրություններ: Օրածեսիկ-ստուգատեսները կազմակերպվում են շաբաթվա բոլոր օրերին: Կրթահամալիրի յուրաքանչյուր դպրոց ունի օրածեսիկի իր ֆիքսված օրը:
Օրածեսիկների դերը շատ մեծ է 5 տարեկանների ուսուցման և զարգացման գործում: Օրածեսիկ-ստուգատեսները մեր առաջ դնում են մի շարք խնդիրներ. յուրաքանչյուր ստուգատես իր գործունեության այս կամ այն ձևով նպաստում է սովորողի երևակայության, ինքնուրույնության, տրամաբանության, ստեղծագործական մտքի և անձնային այլ որակների զարգացմանը:
Յուրաքանչյուր ամիս մասնախմբի ղեկավարի հետ անցկացվում են սեմինարներ, որտեղ որոշվում են տվյալ ամսվա ստուգատեսների նախագծերը։ Այս ամենից հետո նոր հրապարակվում են դասվարի բլոգում և կրթահամալիրի օրացույցում:
Ստուգատեսի պատասխանատուն յուրաքանչյուր ստուգատեսից հետո կատարում է համապատասխան եզրահանգումներ կամ դիտարկումներ` գտնելով և վերացնելով թերությունները: Իրականացվող օրածեսիկ-ստուգատեսներն ունեն տարբեր ուղղվածություններ` տեխնոլոգիական, մարմնակրթական, խոհանոցային, երգ, պար և ռիթմիկա, ճամփորդություններ, մեդիագրագիտություն…
Տեխնոլոգիական գործունեության ստուգատես
Տեխնոլոգիական գործունեությունը ներառում է․
Ինքնաշեն խաղ-խաղալիքների ստուգատես
Դասարանը՝ արվեստանոց. ինքնաշեն խաղալիքներ
«Թումանյանական տիկնիկներ»․ տեխնոլոգիական ստուգատես
«Ինքնաշեն թաղարներ». բույսերի տնկում և թաղարների ձևավորում. բնագիտատեխնոլոգիական ստուգատես:
Մարզական գործունեության ստուգատես
Մի փոքր խոսենք 5 տարեկան ակտիվ սովորողի ֆիզիկական դաստիարակությունից: Ֆիզիկական զարգացման կարևորագույն միջոցը ֆիզիկական դաստիարակությունն է։ Այն կարևոր նշանակություն ունի սովորողների անձի ձևավորման, նրա ֆիզիկական ներդաշնակ զարգացման, մտավոր առաջընթացի, բարոյահոգեբանական որակների դաստիարակման գործում: Մարզական ստուգատեսները ներառում են մարզական պարապմունքներ, լող, հեծանիվներով և ինքնագլորներով մարզումներ:
Խոհանոցային գործունեության ստուգատես
Այն իր մեջ ներառում է խոհանոցային գործունեության տարբեր ձևեր` ծիսական խոհանոց. ասիլ-վասիլներ, «Զատկական խոհանոց». խոհանոցային գործունեության ստուգատես, որտեղ շեշտը մեծ մասամբ դրվում է ծիսական խոհանոցի վրա: Խմբասենյակում բոլոր պայմանները կան աշխատանքի համար՝ իրական ուսումնական-աշխատանքային գործիքներ, պարագաներ և միջոցներ՝ տարբեր չափի տարաներ, թասիկներ, կտրատախտակներ, գոգնոցներ, գլխարկներ և այլն:
Խոհանոցն այն վայրն է, որտեղ սաները ծանոթանում են խմոր անելու հետաքրքիր գործընթացի հետ: Ուսումնասիրում են, մտածում-փնտրում, գտնում կամ չեն գտնում պատասխաններ: Ի՜նչ հետաքրքիր պատասխան-վարկածներ են լինում, որ մեծերի մտքով չի էլ անցում․ այստեղ ստեղծված են բոլոր պայմանները, որ նա ապրի-խաղա: Խահանոցային գործունեության ստուգատեսները օգնում են, որ սովորողը ճանաչի ծիսական ուտեստները, զարգանում են ինքնասպասարկման կարողությունները, հմտությունները, խմբով աշխատելու կարողություններ է ձեռք բերում։
Երաժշտական գործունեության ստուգատես
Նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման գործում անգնահատելի դեր ունեն երաժշտական դաստիարակությունը, երաժշտական մշակույթի ձևավորումը, որոնք այս տարիքում նպատակահարմար է իրականացնել ազգային երաժշտության միջոցով: Սովորողի երաժշտական կրթության մեջ արդյունավետ նյութեր կարող են լինել ծիսական ազգային երգերը, խաղերգերը: Ծեսի միջոցով սանի զարգացումն արդյունավետ է նաև այնքանով, որ ծեսը, որպես միասնական, ինտեգրված գործունեություն, նպաստում է նաև դպրոց – ընտանիք – համայնք արդյունավետ համագործակցությանը:
Ճամորդական—ընթերցողական ֆլեշմոբ ստուգատեսներ
«Դեկտեմբերիկ»֊ միասնական ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ-ստուգատես, «ճամփորդում ենք Թումանյանով» ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ-ստուգատես
Ճամփորդությունները ճանաչողական հմտությունները զարգացնելու ամենաարդյունավետ մեթոդներից են, որոնք նպաստում են սովորողի ֆիզիկական ակտիվության զրագացմանը, շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատվության զգացումի ձևավորմանը, հայրենասիրության ընկալմանը:
Օրածեսիկ-ստուգատեսներն ունեն ևս մեկ առավելություն: Քանի որ կրթահամալիրի յուրաքանչյուր դպրոց այն իրականացնում է շաբաթվա մեկ օր, մյուս դպրոցները հնարավորություն ունեն գնալ-տեսնելու, ինչո՞ւ չէ, նաև մասնակցելու: Ինչպես տեսնում ենք, օրածեսիկ-ստուգատեսները իրենց գործունեության ձևերով շատ բազմաբնույթ են և տարբեր լինելով` համալիր ազդում են սանի համակողմանի և ներդաշնակ զարգացման վրա՝ ապահովելով 5 տարեկան ակտիվ սանի ուսուցման և զարգացման արդյունավետությունը: