Ուսումնական ճամփորդությունները (այսուհետ` ճամփորդություն) կրթական ծրագրի բաղկացուցիչներն են: Դրանք որոշված են առարկայական ծրագրով կամ ուսումնական նախագծով (նախագծերով), և ինքնուրույն ուսումնական նախագիծ կամ ուսումնական պարապմունք են (Ուսումնական ճամփորդությունների կազմակերպման կարգ)։
Ճամփորդության կազմակերպումը հեղինակային ուսուցման կարևոր բաղադրիչն է։
Ճամփորդությունն ուսումնական պարապմունք է, որն իրագործվում է դասարանից, դպրոցից դուրս։ Մեր երկիրն ինքնին մի դասարան է, որն անընդհատ կարիք ունի բացահայտվելու, ինչն էլ դառնում է հայրենագիտական, ուսումնական ճամփորդության նպատակներից մեկը։
Ճամփորդության կազմակերպման առաջնային խնդիրն այն անվտանգ միջավայրում կազմակերպելն է։ Հաշվի պետք է առնել տեղանքը, եղանակը, ճանապարհը, տվյալ վայրը տվյալ եղանակին արդյո՞ք կարելի է այցելել, և այլ ամենատարբեր հանգամանքներ։ Ճամփորդությունը համակարգող ուսուցիչներն իրենք են պատասխանատու սովորողների անվտանգության համար։
Ճամփորդությունները կարող են լինել բազմաբնույթ՝ հետազոտական, իմացական, ճանաչողական, բանահավաքչական, բնապահպանական, կրթական փոխանակումներով պայմանավորված՝ նոր կապերի ստեղծում, մշակութային, գյուղական ճամբարներ, որևէ ծեսի իրագործման շրջանակներում, բարձունքի հաղթահարման նպատակով և այլն։ Ճամփորդությունները լինում են մեկօրյա և բազմօրյա։
«Ճամփորդության տևողությունը որոշվում է ըստ ճամփորդության նպատակի, խնդիրների, մասնակիցների տարիքի և ֆիզիկական պատրաստվածության։ Մեկօրյա ճամփորդության դեպքում հեռավորությունը Երևանից չպետք է գերազանցի 100կմ-ը »,– պահանջում է ուսումնական ճամփորդութան կարգը։
Ինչպես և թելադրում է կարգը, մեկօրյա ճամփորդությունը պետք է չանցնի 100 կմ հեռավորության սանդղակը։ Այնպես պետք է կազմակերպել, որպեսզի մինչև ժամը 19։00-ն լինի վերադարձը։
Ճամփորդություններն իրականացվում են նախապես որոշված նախագծով, որի բաղադրիչներից մեկը հետազոտական աշխատանքն է՝ ուսումնասիրությունը այցելվող վայրի վերաբերյալ համացանցի օգնությամբ կամ լավ տեղեկացված անձանց միջոցով։ Հավաքվում են տեղեկություններ, դիտարկումներ (եթե այդպիսիք կան) և տեղադրվում բլոգներում։ Այս աշխատանքը հանդիսանում է նախաճամփորդական աշխատանք, ինչի շնորհիվ ճամփորդական խումբը հասկանում է՝ ուր է գնում և ինչու: Այնուհետև պետք է որոշել ելակետից վերջնակետ ուղու հեռավորությունը՝ Google Maps ծրագրի միջոցով։ Առաջարկվող հավելվածներ՝
Ճամփորդություն համակարգող ուսուցիչը պետք է իմանա, թե քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում այցելվող վայրը և որքան ժամանակ կպահանջվի այնտեղ հասնելու համար, որին պետք է գումարվի նաև կանգառներում անցկացվող ժամանակը։ Ճամփորդության համար սահմանված ժամանակահատվածը չպետք է գերազանցի կամ շուտ ավարտվի նախատեսվածից։
Շատ կարևոր է երթուղու գծումը, ուղղությունը որոշելը։ Ուսուցիչը պետք է նախապես զբաղվի դրանով, տեղյակ լինի, թե ուր է գնում, քննարկի հայրենագետների կամ գոնե տվյալ վայրին ծանոթ մարդու հետ, իմանա այդ երթուղու վրա գտնվող բոլոր հնավայրերի, եկեղեցիների, հուշակոթողների մասին, դեպի գետ, լեռ, սար, լիճ բացվող հարմար դիտակետերի մասին, որպեսզի կարողանա ներառել նախագծի մեջ, եթե դրա անհրաժեշտությունը կա։
Այնուհետև պետք է հստակեցվի ճամփորդության օրը, ժամը՝ սկիզբը, ավարտը։
Հաջորդ քայլը պետք է լինի եղանակի տեսությանը հետևել, որպեսզի մասնակիցները տեղեկացված լինեն համապատասխան հագուստ և անհրաժեշտ պարագաներ ունենալու մասին։ Կարելի է օգտվել mes.am հավելվածից։
Պետք է ճիշտ հավաքել ճամփորդական պայուսակը՝ ճամփորդողին հարմար հագուստ, կոշիկներ, աղբի տոպրակներ և ձեռնոցներ, սնունդ, ջուր՝ համապատասխան քանակով, եթե ճամփորդությունը գիշերակացով է՝ նաև քնապարկ։
Ուսուցիչը պետք է մշակի որոշակի կանոննր։ Կանոնները օգնում են խնդիրներից, դժվարին իրավիճակներից հնարավորինս զերծ մնալ, մասնակից ճամփորդների մոտ ձևավորել պատասխանատվության զգացում. խումբը դառնում է հեշտ կառավարելի, ապահով: Մի քանի կարևոր կանոններ, որոնք կարելի է կիրառել կրտսեր և միջին տարիքի սովորողների հետ ճամփորդելու ժամանակ՝
- ճամփորդը ծանոթ է ճամփորդական նախագծին,
- ճամփորդը չի ուշանում,
- ճամփորդը չի մոռանում անհրաժեշտ իրերը,
- չի տրտնջում,
- չի բողոքում,
- հաղթահարում է դժվարությունը,
- ճանապարհի կեսից ետ չի դառնում:
Կանոնների շարքը ուսուցիչն ինքը կարող է ավելացնել կամ պակասեցնել, մշակել նորը՝ տարբեր խմբերի առանձնահատկություններից ելնելով։
Միջառարկայական կապեր
4-րդ դասարանից բարձր սովորողների հետ ճամփորդությունները կազմակերպելիս, հաշվի առնելով ճամփորդության բնույթը, կարելի է ստեղծել միջառարկայական կապեր։ Ուղղությունը որոշելու պահից սկսած՝ ճամփորդական նախագծի կազմման գործում պետք է մասնակցեն համակարգող բոլոր ուսուցիչները՝ առաջ բերելով իրենց առարկայի մասով նպատակներ, խնդիրներ։ Հետաքրքիր են լինում հենց այսպիսի նախագծերը։
Ուսումնահայրենագիտական ճամփորդությունների ժամանակ շեշտը կարելի է դնել տեղացիների հետ զրույցների, համատեղ քայլքերի, ծիսական երգ ու պարերի, խաղերի, ընթերցումների, մարզական խաղերի, այցելությունների, բնապահպանական որևէ գործառույթի վրա, որտեղ և առաջ են գալիս միջառարկայական կապերը՝ հայրենագիտություն-երաժշտություն, երաժշտություն- բնագիտություն, մայրենի-հայրենագիտություն և բազմաթիվ այլ կապեր, համագործակցություններ:
Ավելի կրտսեր տարիքի սովորողների հետ ճամփորդությունների ժամանակ դասվարը ևս կարող է համագործակցել երաժշտի, օտար լեզուներ դասավանդող ուսուցիչների, մարզիչների հետ։
Ուսումնահայրենագիտական բաղադրիչը կարող է լինել ամենատարբեր բնույթի ճամփորդությունների հիմքում՝ մարզական հանդիպումներից մինչև էկոլոգիական բնույթի ճամփորդությունները:
Ճամփորդությունների կազմակերպման հաջորդ կարևոր բաղադրիչը վերջնարդյունքն է, սեբաստացիական լեզվով ասած՝ ճամփորդապատումը, որն էլ իր հերթին պետք է բովանդակային առումով համապատասխանի վերջնարդյունքի պահանջներին՝
- ի՞նչ գիտեի,
- ի՞նչ էի ակնկալում սովորել,
- ի՞նչ սովորեցի:
Առանց ինչի դժվար է հասկանալ՝ ճամփորդության հիմքում դրված նպատակը իրագործվե՞ց, թե՞՝ ոչ: Առհասարակ յուրաքանչյուր պարպմունք այս մոդելով կառուցելը շատ արդյունավետ է լինում, երբ ուսուցիչը պատկերացնում է, թե ինչ ճանապարհով պետք է անցնի շոշափելի հաջողության հասնելու համար: Եվ քանի որ ուսումնական ճամփորդությունն առաջին հերթին ուսումնական պարապմունք է, ուստի վերջնարդյունքը դրա կարևոր բաղադրիչներից մեկն է: Այն պետք է լինի շեշտադրված և առաջնային:
Բարձունքի հաղթահարում
Կրթահամալիրում իրականացվում են նաև բարձունքի հաղթահարման նախագծեր։ Ըստ ուսումնական օրացույցի՝ սեպտեմբերի 1-ին՝ «Գիտելիքի օրը՝ բարձունքին», սեպտեմբերի 21-ին՝ «Անկախության օրը՝ բարձունքին» և մայիսի 28-ին՝ «Հանրապետության օրը՝ բարձունքին», բարձունքներ նվաճելու օրեր են։ Հարյուրավոր սովորողներ, տասնյակ դասավանդողներ մեկնում են հանրապետության բոլոր մարզեր՝ բարձունքներ հաղթահարելու։
Բարձունքների ընտրության հարցով պետք է զբաղվի առաջնորդ ուսուցիչը, ով քայլելու է առջևից և իր հետևից տանելու է իրեն վստահող սովորողների խումբը։ Բարձունքները, ըստ իրենց դիրքի, լինում են հեշտ, միջին բարդության, միջինից դժվար բարդության և բարդ, որոնք ընտրվում են տարիքային առանձնահատկությունը հաշվի առնելով։
Առաջարկվող մի քանի ուղղություններ՝
- Բարձունքի հաղթահարում․ Թեժառույք,
- Տոն, քայլարշավ, բարձունք. Ամբերդ,
- Ճամփորդություն դեպի Թեղենյաց վանք,
- Գոշ, Գոշի լիճ. ճամփորդական նախագիծ,
- Բարձունքի հաղթահարում. Մեծեփ։
Այս շարքը շատ մեծ է, քանի որ մեր լեռնային երկրում անթիվ են բլուրները, լեռները, բարձունքները, բարձրադիր վանքերը, բերդերը, որոնք էլ կարող են դառնալ նոր կամ փորձված նպատակակետեր: Նոր ուղղություններից պետք չէ խուսափել, պարզապես լավագույնս պետք է ուսումնասիրել երթուղիները, տեղանքը՝ նախքան ճամփորդական նախագիծ կազմելը: Ես ինքս շատ անգամներ վերցրել եմ ուղղություններ, վայրեր, որոնցով առաջին անգամ խմբիս հետ եմ գնացել: Հարցրել եմ գիտակների, տեղացիների, լսել նրանց դիտարկումները: Հետագայում դրանք դարձել են վայրեր, որ ես առաջարկել եմ ուրիշների՝ իմ դիտարկումները անելով:
Ներկայացնեմ մեկօրյա ճամփորդությունների և քաղաքային քայլքերի մի փոքր ցանկ, որոնցից կարելի է օգտվել.
- Ճամփորդություն դեպի Դաշտադեմ,
- Քայլք Աշտարակ քաղաքում,
- Դեպի Ապարանի ջրամբար,
- Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ,
- Դեպի Մուսալեռ, Սարդարապատ,
- Ձմեռային խաղեր Սևաբերդում։
Քաղաքային քայլքեր՝
- Արամի փողոցով դեպի Խանջյան,
- Բացահայտում ենք Կոնդը,
- Քայլք Հրազդանի կիրճով,
- Կասկադից քայլքով դեպի Հաղթանակ զբոսայգի,
- Թումոյից դեպի Հրազդան ստադիոն։
Ես ճամփորդ եմ՝ արշավական։ Ճամփորդելը իմ ապրելաձևն է, ես դրանով ապրում եմ: Սիրում եմ իմ երկիրը, մեր լեռները, դաշտերը, հորիզոնները։ Իմ բոլոր սովորողները գիտեն դրա մասին։ Եվ վարակիչ է իմ հիացմունքը․ փոխանցվում է նրանց։ Նրանք էլ փորձում են իրենց ընտանիքների հետ շատ վայրերում լինել, որ պատմեն ինձ, ու գուցե մի վայրում էլ ես եղած չլինեմ և շարժեն իմ հետաքրքրությունը և․․․Որոշվա՛ծ է նոր ուղղություն, իսկ ուղեկցորդը ինքը՝ սովորողը կլինի։ Այսպես և բացվում են նոր ճանապարհներ, նոր երթուղիներ, նոր նախագծեր, նաև առաջ է գալիս ընտանիքի մասնակցությունը և դերը:
Ճամփորդությունները, բացի ուսումնական լինելը, ձևավորում են շատ կարևոր միջանձնային հարաբերություններ: Առաջ են գալիս անկանխատեսելի խնդիրներ և լուծումներ: Հոգեբանորեն պետք է պատրաստ լինել ամենատարբեր իրավիճակներ հարթելու, ելք գտնելու: Ճանապարհը մոգական ուժ ունի, կարողանում է կապել շատ մարդկանց, դարձնել միասին քայլող, ապրումակցող ընկերներ կամ հեռացնել նրանց, ովքեր մեր մասնիկը չեն:
Միշտ ասել եմ, որ կրթահամալիրը կյանքի դպրոց է՝ կենդանի, շոշափելի, հասանելի, հասկանալի և իրական։ Կրթահամալիրյան ճամփորդություններն էլ առանձնահատուկ կրթության ձև են՝ իրենց խոր բովանդակությամբ՝ առաջին քայլից մինչև ամփոփումը:
Սովորողի համար մենք՝ իրենց ընկեր- ճամփորդ ուսուցիչներս, դառնում ենք առաջնորդներ, որոնց իրենք վստահում են և որոնց հետևից կքայլեն՝ բարձունքներ նվաճելու, նոր վայրեր, եզերքներ բացահայտելու։ Չէ՞ որ երեխաներն ամենաուժեղ հաղորդիչներն են՝ վերադարձնում են այն, ինչ ստանում են, ինչ դու ես փոխանցել իրենց։
Ճամփորդենք՝ սովորելով, սովորենք՝ ճամփորդելով: