Մայիսյան 19-րդ հավաքի համար նախատեսված անգլերենի բաց պարապմունքները Հետազոտական վարժարանում մի նոր որակ ստեղծեցին: Այնպես ստացվեց, որ բոլոր երեք բաց պարապմունքներում սովորողներն իրենց դասավանդողների ղեկավարությամբ ցույց տվեցին, որ հետազոտական աշխատանքներ են իրականացրել ամբողջ դասարաններով:
Առաջին դասարանական հետազոտական աշխատանքը ներկայացրեցին Մայիսի 16-ին 10-րդ և 11-րդ դասարանցիների անգլերենի ընտրությամբ խմբերը Սիլվա Հարությունյանի ղեկավարությամբ: Նրանք բացահայտել էին, թե ինչ հոգեբանական ազդեցություն են ունենում երաժշտության տարբեր տիպերը մարդկանց վրա: Ամենահետաքրքիրն այն էր, որ սկզբում խոսքերով էին ասում երաժշտության հոգեբանական ազդեցությունների մասին, որից հետո ասվածը հիմնավորում էին գործնականորեն՝ նվագելով մի որևէ երաժշտական գործիքի վրա:
Նանե Մարտիրոսյանն ու Լևոն Ծատուրյանը խոսեցին այն մասին, թե ինչպես է դասական երաժշտությունը հանգստացնում մարդու նյարդային համակարգը, հանում լարվածությունից և հույս ներշնչում ապագայի նկատմամբ: Առաջին հաճելի ու գործնական անակնկալը մատուցեց Նանեն: Նա մոտեցավ դաշնամուրին ու նվագեց Շոպենի «Պրելյուդ Մի մինորը»: Տպավորությունը ցնցող էր: Սկզբում լսում ես, թե ինչպես են հայկական դպրոցի 10-11-րդ դասարանցի սովորողները անգլերեն խոսում դասական երաժշտության մասին՝ լեզվի իմացության բավականին բարձր մակարդակով, իսկ հետո էլ դաշնամուրի վրա Շոպեն նվագում՝ ասածն ավելի հիմնավոր դարձնելու համար:
Հասմիկ Վարդերեսյանը խոսեց հայկական ազգային նվագարանների և երաժշտության մասին: Նա ասաց, որ Հայաստանը փոքր երկիր է, բայց բազմազան է մեր երկրի լանդշաֆտը՝ լեռներ, նախալեռներ, դաշտավայրեր: Երաժշտությունն էլ այդպիսին է: Այն մեկ խրոխտ է ու մարտնչող, մեկ այլ դեպքում էլ՝ միալար ու քնքշություն արտահայտող: Հասմիկն առանձնակի ոգևորությամբ խոսեց դուդուկի՝ ծիրանափողի մասին:
Փոքր դահլիճում նստած այդ օրվա հանդիսատես սովորողներն ու դասավանդողները մեծ բավականություն ստացան, երբ էլեկտրոկիթառով իր ելույթը սկսեց Էմիլ Հարությունյանը: Նա հենց իր ելույթով՝ առանց խոսքերի, ցույց տվեց, թե ինչ ազդեցություն է ունենում Progressive Alternative Metal երաժշտական ոճը: Ինձ համար այնքան էլ հասկանալի չէր երաժշտական այդ նորագույն ոճը, բայց ակնհայտ էր, որ 21-րդ դարի մարդկանց՝ սովորողներին, այն շատ դուր եկավ:
Արամ Մինասյանը բեմ բարձրացավ ու սկսեց խոսել Ֆլամենկո կիթառային երաժշտական ոճի մասին: Այնքան լրջություն, սեր ու նվիրում կար Արամի խոսքում ու կիթառային հնչյունների մեջ: Ֆլամենկոյի հոգեբանական ազդեցությունն էլ հենց դա է՝ ռոմանտիկ սիրո լրջության ինքնադրսևորում ու նվիրվածություն:
Մայիսի 16-ի երկրորդ անակնկալը մատուցեց 10-րդ դասարանցիների ընտրության խումբն իրենց դասավանդող Իրինա Ապոյանի ղեկավարությամբ: Նրանք ներկայացրեցին «Սոցիալական իրազեկության բարձրացում» հետազոտական նախագծի արդյունքները: Ինչո՞ւ էր առաջացել նման հետազոտական նախագիծ իրականացնելու պահանջը: Մի որևէ հարցի մասին սոցիալական իրազեկության բարձրացման հզոր միջոց է հեռուստատեսությունը, սակայն այն վաղուց դարձել է գործիք նրանց համար, ովքեր կարողանում են իրենց գովազդի համար վճարել: 10-րդ դասարանցիների այս նախագծային խումբը գտել է ելքը. հետազոտել իրենց հուզող մի որևէ խնդրի լուծման ուղիներն ու բարձրաձայնել դրանք կարճ տեսաֆիլմերով:
Արի Ագոփը, Յանա Խաչատրյանը և Մկրտիչ Պապիկյանը ուսումնասիրել են կամավորության խնդիրը Հայաստանում և մի ֆիլմ են ստեղծել, որը ցուցադրեցին իրենց ելույթից հետո «Volunteering: Personal growth or waste of time – Կամավորություն. անձի զարգացման ա՞ճ, թե՞ ժամանակի կորուստ»:
Սովորողների մեկ այլ խումբ՝ Մարիա Աբրահամյանը, Մերի Մարկոսյանը, Լալա Հովհաննիսյանը և Սեդա Յենգիբարյանը, ուսումնասիրել են մեր շրջապատի պատերին արված նկարները, գրությունները և փորձել են պարզել, թե արդյոք դրանք գրաֆֆիտի արվեստի օրինակներ են, թե՞ վանդալիզմ: Իրենց ուսումնասիրությունների հիման վրա էլ սոցիալական հնչեղություն ունեցող մի ֆիլմ են ստեղծել <<Graffiti or Vandalizm : Art or Crime – Գրաֆֆիտի՞, թե՞ վանդալիզմ. արվես՞տ, թե՞ հանցանք>>:
Գրիշա Ենոքյանը կարևոր սոցիալական իրազեկում է համարում կիբերհանցագործությունների մասին տեղեկացումը։ Այդ խնդրին ուղղված մի ֆիլմ է ստեղծել:
Բացահայտում ենք ստեղծագործությունների թաքնված ուղերձները
Կերպարվեստի, երաժշտության, գրականության և կինոմատոգրաֆիական ստեղծագործություններում ստեղծագործողները հաճախ բացահայտորեն չեն ցուցադրում կամ արտահայտում ամեն ինչ: Իսկական ստեղծագործողի համար անհետաքրքիր է ամեն ինչի մասին բաց գրելը, կամ էլ՝ ամեն ինչ բաց ներկայացնելը: Կարևոր հաղորդագրությունները հաճախ թաքնված են բարձրորակ ստեղծագործությունների մեջ, որպեսզի գրական ստեղծագործության ընթերցողը, երաժշտությունը լսողը կամ կերպարվեստի ստեղծագործությունը դիտողը բացահայտի այն ամենը, ինչ ուզում էր ասել հեղինակը։ 10-րդ դասարանցիների իմ նախագծային խմբի խնդիրն էր բացահայտել այդ թաքնված հաղորդագրությունները կերպարվեստի ստեղծագործություններում, երաժշտական և գրական ստեղծագործություններում, ինչպես նաև՝ ֆիլմերում։ Սովորող Ալիսա Հակոբյանը տվեց նման նախագիծ իրականացնելու գաղափարը և ինքն էլ ավելացրեց, որ կհետազոտի գրական երկերի թաքնված ուղերձների բացահայտման սկզբունքները՝ լուսաբանելով կոնկրետ օրինակներով: Աշխատանքի բաժանումը սովորողներն իրենք արեցին՝ ելնելով իրենց հետաքրքրություններից, նախասիրություններից: «Բացահայտում ենք ստեղծագործությունների թաքնված ուղերձները» նախագծի արդյունքների ներկայացումը կայացավ մայիսի 20-ի ուսումնական բաց պարապմունքով:
Գրական երկերի թաքնված ուղերձների իր բացահայտումների սկզբունքներն ու մեթոդներն իրենց օրինակներով ներկայացրեց Ալիսա Հակոբյանը:
Ալիսան երեք գրքերի օրինակներով էր կատարել իր բացահայտումները՝ Ջերոմ Դեյվիդ Սելինջերի «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վեպը, Ուիլյամ Գոլդինգի «Ճանճերի տիրակալը» վեպը և ամենամանրամասն ուսումնասիրությամբ՝ Էմիլի Բրոնտեի «Մոլեգին հողմերի դարավանդը» վեպը: Ըստ Ալիսայի ուսումնասիրության՝ գրական երկերի թաքնված ուղերձների բացահայտումը հետևյալ էտապների հաղթահարումով է լինում՝ մանրամասն ընթերցումը, ամբողջ համատեքստի ընթերցման ու յուրացման կարևորությունը, կերպարների վերլուծությունը, քննարկումը և մտքերի փոխանակումը: Ալիսան մանրակրկիտ վերլուծել և բացահայտել էր Էմիլի Բրոնտեի վեպում թաքնված կարևոր ուղերձները հետևյալ բառիմաստներում՝ «ուրվականներ», «տափաստան», «եղանակ, քամի և ծառեր», «շներ», «մազերի գույնը և ձևը»: Առաջին անգամ էի կարդում գրական երկի նման վերլուծություն:
Լուիզա Թովմասյանը ընտրել էր երաժշտությունը, ավելի ճշգրիտ՝ երգերի մեջ թաքնված ուղերձների հաղորդման ամենատարածված մեթոդներից մեկը՝ բառերի նուրբ փոխաբերությունները և այլաբանությունները: Երգահանները հաճախ օգտագործում են բանաստեղծական լեզուն և սիմվոլիզմը՝ ավելի խորը իմաստներ հաղորդելու համար՝ թույլ տալով ունկնդիրներին յուրովի մեկնաբանել ուղերձը:
Իր հետազոտական աշխատանքում Լուիզան վերլուծել է Քանյե Ուեսթի, Փինք Ֆլոյդի և Քենդրիք Լամարի երգերը:
Մարիա Թամրազյանը ուսումնասիրել էր առակների մի խումբ և տվել դրանց թաքնված ուղերձների բացահայտումները: Նա ընդունեց, որ իր թեման մի փոքր մանկական շունչ ունի և այդ պատճառով էլ իր խոսքը մատչելի էր կառուցում: Կարծում եմ, որ Մարիան իր այս հետազոտական աշխատանքով կարող է հաջողությամբ իրականացնել «Սովորողը՝ սովորեցնող» նախագիծ դպրոց-պարտեզներում:
Առանձնահատուկ հետաքրքրություն ուներ Մերի Կարապետյանի թեման՝ «Թաքնված ուղերձները Արտավազդ Փելեշյանի և Հենրիկ Մալյանի ֆիլմերում»: Արտավազդ Փելեշյանի ֆիլմերից ընտրվել էր «Տարվա եղանակները»: Փելեշյանի ֆիլմում չի հնչում մարդկային որևէ ձայն: Տեսնում ենք միայն նկարահանված պատկերները ու լսում Վիվալդիի համանուն երաժշտությունը, իսկ բաց պարապմունքի ընթացքում լսում էինք նաև Մերիի ձայնը իր բացահայտումներով: Տեղին ու տպավորություն գործող էր նաև Հենրիկ Մալյանի «Նահապետ» ֆիլմի հազարավոր խնձորների թափվելու ու դեպի ջուրը գլորվելու անխոս՝ «Դլե յաման» երգով ուղեկցվող տեսարանի նկարագրությունը Մերիի խոսքերով: Մերին բավականին ճիշտ էր բացահայտել նաև «Կտոր մը երկինք» ֆիլմի թաքնված ուղերձը՝ «Պետք է մինչև վերջ պայքարել սեփական երջանկության համար՝ հակադրվելով նույնիսկ համայնքում ընդունված կարծրատիպերին»:
Բաց դասի վերջում կերպարվեստում թաքնված ուղերձների մասին իր խոսքն ասաց Եկատերինա Այվազյանը: Եկատերինան Հակոբ Հակոբյանի, Լեոնարդո դա Վինչիի և Կազիմիր Մալևիչի թաքնված ուղերձների մի քանի բացահայտումներ արեց: Բաց դասին ներկա սովորողների համար անսպասելի նորություն էր Հակոբ Հակոբյանի կտավների թաքնված ուղերձների բացահայտումը: Նա իր ուսումնասիրության մեջ աշխատել էր պատասխանել այս հարցերին. ինչո՞ւ է Հակոբ Հակոբյանը ծառերը միայն խոր աշնանը պատկերում, երբ նրանք տերևաթափ են, ինչո՞ւ է նա ավտոբուսի կանգառը նկարում միայն մանեկեններով, ինչո՞ւ է նա ծաղիկը թառամած ու ցողունն էլ կոտրված նկարում: Ելենան խոսեց նաև Լեոնարդո դա Վինչիի հայկական տառերի հայելային արտացոլմամբ պատկերումների, ինչպես նաև՝ Կազիմիր Մալևիչի հանրահայտ «Սև քառակուսի» կտավի մասին: