«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանների աշխատակարգը շուրջտարյա է` բաժանված հետևյալ բաժինների՝ գարնանային, ամառային, աշնանային և ձմեռային պարտեզներ՝ յուրաքանչյուրն իր եղանակին համապատասխան ծեսերով, նախագծերով և ստուգատեսներով, խաղաստեղծ միջավայրով, խնամված բակ-պարտեզով ու պտղատու ծառերով:
Հոդվածում անդրադարձել եմ գարնանային պարտեզին` նկարագրելով այն բոլոր նախագծերը, ծեսերը, ստուգատեսները, որոնք իրականացնում ենք այս ընթացքում։
Տարվա այս հրաշք, կյանք տվող ու ապրեցնող եղանակը, վստահ եմ, սիրում են բոլորը` մեծից փոքր։ Անվերջանալի ու մշտական թվացող ձմռան ցրտին գալիս է փոխարինելու արևաշատ, տաքուկ, պայծառ ու ջերմացնող գարունը։ Դեռ գարնան սկզբին, երբ արև ենք նշմարում, միանգամից գնում ու կանգնում ենք այնպես, որ ուղիղ արևի ճառագայթների տակ լինենք՝ հեռու ստվերոտ տեղերից։ Գարունը մի նոր շունչ ու տրամադրություն է բերում նաև նախակրթարան։ Միայն դաստիարակների մոտ չէ, որ փոփոխություն է նկատվում։ Գարնանը պակաս չեն ոգեշնչվում նաև սաները՝ ուրախ մռութիկներ, արևից տաքացած ու շիկացած թուշիկներ, երջանիկ, փայլող աչուկներ․ չէ՞ որ վերջապես օրվա մեծ մասն անցկացնելու ենք բակում և այնտեղ իրականացնելու թե՛ առավոտյան նախավարժանքը, թե՛ երգուսուցումը, թե՛ զբոսանքը հակաբացիլ միջավայրում, թե՛ արտասանությունը՝ քարե շրխկաններով, թե՛ ստվերախաղը …
Եվ այսպես, ի՞նչ է պետք ուրախ, հավես, խենթություններով լի օր ունենալու համար, իհարկե, գարնան բույր, արևոտ ու ջերմ եղանակ, բարձր տրամադրություն։ Ինչպե՞ս կարող ենք հանգիստ նստել գարնանը․ փոխում ենք հողաթափերը ու շտապում դուրս։ Գնում ենք դեպի պարտեզի կանաչապատ և խնամքով մշակված տարածքներ ու վազվզում, թռչկոտում, կարդում, երգում ու խաղում, ուսումնասիրում, հետազոտում, բացահայտում, զարմանում, փնտրում, գտնում ծաղիկներ, բույսեր, քաղում դրանք։ Իհարկե, սաներն արդեն գիտեն, որ պետք է քաղել ծաղիկների միայն գլխիկները, որպեսզի արմատը մնա, նորից աճի ու շատանա։
-Ընկե՛ր Ռուզան, տեսեք` Արսենն ուզում է ծաղիկն արմատով քաղել, մենք էլ ծաղիկ չենք ունենա,- ինձ է դիմում հուզված Սոսեն, երբ տեսնում է, որ նոր սաներից մեկը փորձում է հողից հանել ծաղիկը։
Գարնան առաջին իսկ օրերից նախակրթարանում սկսում ենք մայրիկատոնի նախապատրաստական աշխատանքները: 2-4 տարեկանների հետ իրականացնում ենք «Ձոն մայրիկի» նախագիծը, որի շրջանակում ամեն գործունեություն կապված է լինում հենց մայրիկների հետ՝ այլընտրանքային նկարչություն, երբ նկարչական տաղավար ծառայում է ինչպես խմբասենյակը, այնպես էլ բացօթյա հակաբացիլ միջավայրը, համեղ խոհանոց, տեխնոլոգիական աշխատանք․․․ Բա մայրիկիների մասին բլբլոցնե՞րը․ ուղղակի լսել է պետք:
-Իմ մայրիկը նման է ծաղիկի, իրանից միշտ անուշ հոտ ա գալիս, — ամաչկոտ աչուկներով անկեղծանում է Սարգիսը։
-Իսկ իմ մայրիկը արևի նման ա, հենց գրկում եմ, տաքանում եմ, — ասում է Ադրինեն։
Ամեն անգամ նմանատիպ գործունեություն իրականացնելիս, համոզվում եմ, որ դրանք շատ կարևոր նպատակ ունեն նախակրթարանում՝ զարգացնում են սաների բանավոր խոսքը, ստեղծագործական երևակայությունը, նրանց մոտ ձևավորում են տեխնոլոգիական հմտություններ, ինքնարտահայտվելու կարողություններ․․․
Կրթահամալիրին քիչ թե շատ ծանոթ ամեն ոք գիտի՝ ինչպես են այստեղ նախապատրաստվում ծեսերին։ Գարնան ամենասպասված ծեսերից մեկը Զատկի ծեսն է, որին ամենայն մանրամասնությամբ պատրաստվում են նախակրթարանի սաները։ Ծեսի իրականացումը սաներին հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմելու բուն ծեսի մասին։ Իրենց տեսածն ու յուրացրածը սաները տեղափոխում են նաև ընտանեկան պարտեզներ, տեսաֆիլմեր են պատրաստում ու դառնում ծեսի անմիջական կրողն ու տարածողը։
Այնքան հավեսով ու սիրով են մասնակցում ծեսին հատուկ երգերի ուսուցմանը, ծիսական խոհանոցին, զատկածառի զարդարմանը… «Սա ի՛մ ներկած ձուն է, հիմա ի՛մ հերթն է կախելու, ես ա՛յս գույնն եմ ուզում ներկել»՝ մի իսկական տոնական իրարանցում։
Գիտե՞ք՝ ի՜նչ մեծ ոգևորությամբ են խաղում ձվիկներով մարզական խաղերը, բա ձու պտտոցի՞ն, գլորոցի՞ն, էլ չեմ ասում ձու փչոցիի մասին, որը մի ուրիշ հրճվանք ու խինդ է պատճառում սաներին։ Իսկ փորձե՞լ եք ձեր երեխայի հետ ածիկ ցանել։ Անպայման փորձեք ու կտեսնեք՝ ինչ մեծ պատասխանատվությամբ են մոտենում այդ գործին՝ անհամբերությամբ սպասելով իրենց աշխատանքի արդյունքին՝ ածիկի ծլելուն։
Կրթահամալիրի սաները ծեսերին ծանոթանում են հենց խաղի միջոցով։
Զատկի տոնին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ, և ամեն օրն ունի իր անունն ու խորհուրդը։ Նախապես պատմում ենք օրերի նշանակությունը, ու մեկ էլ լսում ենք հարցադրումները՝ բա ե՞րբ ենք ցորենը աղալու, երբ՞ ենք չիք անելու, ե՞րբ ենք խնոցի խաղալու, կլինի՞ այսօր գովենք մեր ծառերին, կարո՞ղ եմ ես թխել զատկի գաթան․․․ Ու այսպես շարունակ․․․
Ավագ Երկուշաբթին Ջրաղացպանի օրն է։ Սաների հետ խոսեցինք, թե ինչպես են մեր տատիկ-պապիկներն աղացել ցորենն ու դրանից ալյուր ստացել, ինչեր են պատրաստել այդ ալյուրից… Նրանք պատմեցին՝ ինչ գիտեին, որից հետո գնացինք բակ ու անցանք գործի։
Ավագ երեքշաբթին «Հիմար-իմաստուն»-ի վիճակը քաշելու և խնոցի հարելու օրն է եղել: Մարդիկ շտապել են եկեղեցի։ Տասը թղթակտորներից հինգի վրա գրվել է «իմաստուն» բառը, մյուս հինգի վրա՝ «հիմար»։ Ըստ ավանդության՝ տասը երեխա վերցրել է մեկական թուղթ, իսկ մտքում իղձ պահած մարդիկ նախապես ընտրել են երեխաներից մեկին։ Եթե ընտրած երեխային ընկնում էր «իմաստուն» բառը, դա նշանակում էր իղձի իրականացում, իսկ եթե «հիմար»՝ իղձի «
տապալում»
։ Ավագ երեքշաբթի օրը կանայք առավոտից խնոցի են հարել․ այդ օրն այնքան խնոցի է հարվել, որքան չի հարվել Մեծ պասի՝ անցած բոլոր օրերին։
Նախակրթարանում Ավագ երեքշաբթին առանձնացնում ենք «Խնոցի-հարոցի» ազգային խաղով, ինչպես նաև սաներին ցույց ենք տալիս, թե ինչպես են մածունից կարագ ստանում։
Ավագ չորեքշաբթիի խորհուրդը «չիք անելն է» եղել: Մարդիկ ոգևորությամբ մաքրել են իրենց տները՝ հավատալով, որ դրանով ազատում են իրենց տունը նաև վատ ու չար բաներից:
Նախակրթարանում օրն սկսում ենք խմբասենյակի մաքրությամբ՝ կարևորելով սեփական տարածքն ու միջավայրը մաքուր պահելու ու խնամելու գործը։ Ինչպես նաև չիք ենք անում բոլոր հիվանդությունները, սաների լացը, սուտ խոսելը․․․
Զատկական օրացույցի Ավագ հինգշաբթի օրը այգեպանները վերցրել են կացինը, մտել են այգի ու վատ բերք տվող ծառերի բնին կացնի բութ կողմով հարվածել և վախեցրել՝ «Բերք ես տալու, տու՛ր, թե չէ` կկտրեմ»:
Իսկ 2-4 տարեկանների հետ օրն առանձնանում է ծառերի գովքով՝ բնությունից բերք ու բարիք ուզելով։
Ավագ ուրբաթ օրը խոհանոցային է։ Այս օրը տատիկներն ու մայրիկները զատկական համեղ կերակուրներ, քաղցրավենիք են պատրաստել ու առատ սեղան գցել։ Սաների հետ իրականացրինք խոհանոցային գործունեություն՝ թխեցինք զատկական տոնական սեղանը զարդարող և ամբողջական տեսք տվող չամիչով թխվածք։ Սաները սկզբից մինչև վերջ մեծ հետաքրքրությամբ ու հավեսով մասնակցեցին պատրաստման ընթացքին։ Իսկ վերջում ճաշակեցին իրենց ձեռքով պատրաստած անուշեղենը։
Էլ ի՞նչ գարնանային պարտեզ՝ առանց ռոդարիական հնարքների։ Ո՞վ է ասել, որ մարզվելու համար պետք է կանգնել տեղում։ Կարելի է ցատկել, վազել, գնացք վարել՝ միևնույն ժամանակ մի լավ մարզվել։ Կամ՝ ինչո՞ւ պետք է սպասենք երաժշտական որևէ գործիքի նվագակցության, եթե ձեռքի տակ ունենք, օրինակ՝ լիքը հողաթափ։
Գարնան մայիս ամիսը շատ հագեցած է կրթահամալիրում։ Մայիսյան ստեղծագործական հավաքի շրջանակում շատ հավես ու հետաքրքիր նախագծեր ենք իրականացնում։ Հաճախ սանն ինքն է ընտանիքի որևէ անդամի հետ մասնակից դառնում իր պարտեզի շրջակա տարածքի խնամքի, կանաչ անկյան ստեղծման ու գեղեցկացման աշխատանքներին։
Բա որքա՜ն է սանը հպարտանում և ոգևորվում, երբ մայրիկը գալիս ու հեքիաթ է կարդում իր և իր ընկերների համար։ Իսկ ավագ ընկերները միշտ պատրաստակամ են սովորեցնելու իրենց կրտսեր ընկերներին։
Մայիս ամիսը, կարելի է ասել, իր ողջ հմայքով ամփոփվում է Համբարձման ծեսի իրականացմամբ։ Ծեսը նպատակ ունի 2-4 տարեկաններին ծանոթացնելու ազգային տոներին, նրանց դարձնելու անմիջական մասնակիցը, ինչը հնարավորություն է տալիս վերականգնելու այն, տարածելու, նոր կյանք տալու ու փոխանցելու։
Մինչ բուն ծեսի իրականացումը, սաներին ծանոթացնում ենք բնության զարթոնքին, ծառին ու ծաղկին։ Խոսում ենք բնության կարևոր նշանակության ու դերի մասին։ Պատմում ենք ծեսին հատուկ ծաղկահավաքի մասին, երբ 7 աղջիկներ, սափորը վերցրած, գնացել են 7 աղբյուրից 7 բուռ ջուր, 7 քար, 7 ծառից տերև, 7 տարբեր ծաղիկ հավաքելու։ Մենք էլ սաների հետ վերցրինք վիճակի սափորն ու դուրս եկանք Հարավի բակ։ 2-4 տարեկաններն արդեն գիտեն, որ ծաղիկները տարածվում են սերմերի, ինչպես նաև արմատների միջոցով, դրա համար պետք է քաղել միայն ծաղիկը՝ առանց վնասելու արմատը։
Տեսնել է պետք՝ ի՜նչ խանդավառությամբ են սաները վազվզում բակում՝ ծաղիկներ հավաքելու, ու ի՜նչ սիրով են շրջան կազմած նստում՝ ծաղկամայր տիկնիկ պատրաստելու, ծաղկեպսակ հյուսելու։
Համբարձման ծեսին հատուկ ավանդույթներից մեկը կաթնապուրի պատրաստման ու ճաշակման արարողությունն է։ Հնում Համբարձման ծեսի առավոտյան բոլոր ընտանիքներում օրն սկսվում էր կաթնապուր եփելով։ Որոշ տեղերում այն եփում էին խմբովի՝ թաղերով կամ հարևաններով, և մի քանի շերեփ շաղ տալիս արտերի շուրջը` նախ հնձի առատությունն ապահովելու նպատակով, ապա մորեխից ու կարկուտից պաշտպանելու համար։
Շատ ընտանիքներում Զատիկից մինչև Համբարձում կաթնապուր չէին եփում և Համբարձմանն առաջին անգամ եփվող կաթնապուրն ուտում էին հատուկ հանդիսավորությամբ: Մարդիկ հավատում էին, որ այն մարդը, ով առաջինը կճաշակեր կաթնապուրը, կլիներ տարվա հաջողակը:
Երբ այս ամբողջ նախապատմությանը ծանոթանում են սաները, մեկ էլ սկսվում է իրարանցումը՝ «Բա մենք չե՞նք պատրաստելու», «Ես շատ եմ սիրում, տատիկս եփում է մեր համար», «Ես եմ ուզում բրինձը լցնել․․․»
Դե, իսկ կաթնապուրն առավել համեղ ու անուշահոտ է, երբ սաներն իրենց ձեռքով են պատրաստում։
Իսկ վիճակահանությունն ամենասպասված պահն է, որն իրականացնում ենք Համբարձման ծեսին հատուկ երգերով ու խաղիկներով` իմանալու համար՝ ինչ է սպասվում այդ տարի սաներին։
Իզուր չէ, որ գարունը մեր սաների ամենասիրելի եղանակներից է։ Գիտնականները պարզել են, որ երեխաների հասունացումը աննախադեպ արագանում է հենց գարնանը։ Երեխաները մեղուների նման են՝ գարնանն ավելի հանգիստ են լինում, ուրախ, քիչ ագրեսիվ։ Դա տեսանելի է նաև նախակրթարանում… Ի դեպ, նկատել եմ` գարնանը, հատկապես նոր ընդունվող սաները, առավել հեշտ են հարմարվում պարտեզի առօրյային, քան տարվա մյուս եղանակներին…
…Երանի՜ գարունները գային ու չգնային…
Նախաբանը՝ նախակրթարանի լաբորատորիայի բլոգից