Թվային տեխնոլոգիաների և կրթական առցանց հարթակների զարգացմանը զուգահեռ՝ օտար լեզուների ուսուցման ինտերակտիվ ձևերը շարունակում են արդիական մնալ: Իմ ուսուցչական գործունեության ընթացքում շատ անգամներ համոզվել եմ, որ ուսումնառության արդյունավետության համար շատ կարևոր են զգայականությունը և սովորողի ինքնադրսևորումը: Այս ամենին հասնելու համար, իհարկե, կան շատ մեթոդներ և հնարներ, սակայն ցանկանում եմ կիսվել իմ համեստ փորձառությամբ և պատմել թատրոնի միջոցով սովորեցնելու մասին:
Ես հաճախ եմ դասն սկսում «Պատկերացրեք…» արտահայտությամբ: Այն միանգամից թոթափում է սովորողի լարվածությունը, ճկում է երևակայությունը և տրամադրում է մի մեծ խաղի՝ դաս-թատրոնի: Այս դեպքում թատրոնը դառնում է բանալի՝ նոր գիտելիք և հմտություն ձեռք բերելու համար: Սովորողները ազատություն են տալիս իրենց հույզերին, մարմնի «լեզվին» և դիմախաղին, փորձարկում են տարբեր զգացողություններ, իրավիճակներ և ինքնաարտահայտվում են մանկական անկեղծությամբ: Հենց այս ազատությունն է, որ թույլ է տալիս զարգացնել ստեղծագործական, հաղորդակցական, առաջնորդության, հռետորական խոսքի զարգացման, գեղարվեստորեն ներկայանալու հմտությունները և նպաստում անձնային աճին:
Օտար լեզուների արդյունավետ ուսուցանումը թատերական ներկայացումների միջոցով իմ կարծիքով հատկապես արդյունավետ է գիտելիք փոխանցելու համար: Երկրորդ լեզու սովորելու մեծագույն դժվարություններից մեկը կապված է բառերը, արտահայտությունները հիշելու և դրանք համապատասխան կոնտեքստում օգտագործելու հետ: Թատրոն-նախագիծը լավ առիթ է բառերի հետ խաղալու, դրանք էմոցիոնալ դաշտում փորձարկելու և, տպավորությունների ֆոնի հիման վրա, երկարաժամկետ հիշողության մեջ պահելու համար:
Թատրոն-նախագիծը , անշուշտ նաև մարտահրավերային է, այն առումով որ պահանջում է կազմակերպչական մեծ ջիղ, խմբի և ժամանակի կառավարման հմտություններ, սակայն ստացված վերջնարդյունքը արդարացնում է բոլոր դժվարությունները:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, հանրակրթության նոր չափորոշիչներին համապատասխան, ուսումնառությունը կազմակերպվում է նախագծային մեթոդով: Այն ենթադրում է սովորողների ներգրավում կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ: Նախագծային գործունեությունը պետք է ամփոփվի որևէ էական վերջնարդյուքով, և թատերական ներկայացումը, այս պարագայում, կարող է դիտվել որպես վերջնարդյունք, որտեղ հնարավոր է չափել սովորողի ձեռք բերած գիտելիքները, հմտությունները, արժեքները և վերաբերմունքը :
2022 թ-ից սկսած «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի կրտսեր սովորողների հետ՝ որպես տարբեր նախագծերի վերջնարդյունքներ, իրականացրել եմ տիկնիկային, դերային, ստվերայն ներկայացումները : Ներկայացումներից յուրաքանչյուրի ընթացքում տեսել եմ սովորողների անզուսպ ոգևորությունը, սովորելու, հասկանալու և կրկնելու մեծագույն կամքը: Սովորողները սիրում են այս մեթոդը, քանի որ այստեղ նրանք ազատվում են պարտավորվածությունից, սխալվելու վախերից և ավելորդ սթրեսներից: Թատրոն-նախագիծը և ՛ դաս է, և ՛ յուրօրինակ թերապիա, որը օգնում է վերադարձնել մարդ-բնություն իրական կապը և վայելել սովորելու բերկրանքը: Այն տալիս է ավելին, քան մենք կարող ենք պատկերացնել․ փոխում է դասավանդող-սովորող փոխհարաբերությունները, մեծացնում է պատասխանատվության և հարգանքի մտնոլորտը, սովորեցնում է սիրել:
Թատրոն-նախագծերի շնորհիվ էականորեն փոխվել է նաև իմ վերաբերմունքը դասավանդման նկատմամբ: Ես սկսել եմ լուրջ վերաբերվել մանկական խաղին և դիտարկել այն որպես ռեսուրս՝ սովորողների ուսումնական կարիքները բացահայտելու, նրանց ավելի լավ ճանաչելու, նրանցով հիանալու ու հպարտանալու համար:
Ձմեռային ճամբարի ընթացքում Արևմտյան դպրոց պարտեզի 4-րդ ջոկատը հանդես է եկել «Թարգմանում ենք ազգագրական երգեր» նախագծով: Ճամբարականները հայերենից անգլերեն թարգմանել, ապա ստվերային ներկայացման միջոցով ներկայացրել են «Գնացեք, տեսեք» ազգային խաղերգը։ Նախապատրաստական բոլոր աշխատանքները կազմակերպել և իրականացրել են փոքրիկ ճամբարականները: Այս նախաձեռնությունը տաղանդի, ստեղծագործ մտքի, ճկունության և կազմակերպվածության դրսևորում է:
Խմբագիր՝ Արևիկ Ներսիսյան