Հայ-վրացական հանրակրթական կամուրջները նախ և առաջ մարդկային և մշակութային կամուրջներ են։
Մշակութային՝ այս դեպքում՝ գրական ու ժամանակակից: Չենք կարող չծանոթանալ ու չընթերցել մեր ընկեր-հարևանների գրականությունը, գրականություն, որտեղ շատ են մարդկային, մշակութային, կերպարային, մենթալիտետային նմանությունները մեզ հետ: Վրաց ժամանակակցի՝ գրողի՝ հերոսի՝ կյանքն ու մտորումները, պրոբլեմներն ու բարդույթները ժամանակակից մարդու, ԽՍՀՄ-ի և Մեծ Եղբոր քաղաքականության բովով ու ռուսաստանյան գերիշխանության տակով անցած երկրների, դրանց քաղաքացիների ապրումներ են:
Վրաց գրող Շալվա Բակուրաձեն Հայաստանի բարեկամն է․ անդրադառնում է մեր հասարակական կյանքին, պատերազմին, ծանոթ է հայ գրականությանը։ Արցախյան պատերազմի օրերին իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին։
«Խոսքը մարդկանց մասին է. հասարակ քաղաքացիական անձանց մասին, ովքեր պայքարում են գոյության համար, ի՞նչ է սա, եթե ոչ էթնիկ զտում»,- մեջբերում է Բակուրաձեն:
Շոթա Իաթաշվիլին հետաքրքիր բանաստեղծություն ունի Բակուրաձեի՝ Հայաստանի հետ կապի մասին․

Շալվա Բակուրաձեն Երևանում

Լուսադեմին Երևանի կենտրոնական փողոցներից մեկում՝ 
«Հոլիդեյ ին էքստրա» հյուրանոցի պատուհաններից մեկից
Կախարդական մեղեդի էր հնչում․
Նոր զարթնած Շալվա Բակուրաձեն էր,
Որ կախարդված նայում էր Արարատ լեռանը ու
Ջիվան Գասպարյանի մեղեդիներն էր երգում մեծ խանդավառությամբ,
Նրա կարմիր և կապույտ մարզաշապիկների վրա 
Հատուկ տպված ֆիններեն գրառումն էր պսպղում,
Իսկ սիրտը հնագույն լեզուների հանդեպ
Անսահման սիրով էր բաբախում։
Շալվա Բակուրաձեի ընկերները նստած էին սեղանների շուրջ,
Շատախոսում էին, անեկդոտներ էին պատմում,
Խոսում էին սիրուց, ֆուտբոլից, դժվար կյանքից,
Քիչ էին խմում և շատ ծիծաղում,
Իսկ Շալվա Բակուրաձեն գնում էր նրանց մոտ,
Ընդհատում էր ու
Աքքադերենի ստուգաբանությունից էր սկսում խոսել։
Նրան ուրիշ թեմաներ չէին հետաքրքրում,
Ու առանց այն էլ այլ բոլոր թեմաները
Գլխապտույտ վարպետությամբ տեղափոխում էր
Լեզվաբանական դաշտ։
Դիանա Անփիմիադին՝ նախկին լեզվաբանը՝
Փայլուն սև աչքերով ու խորամանկ ժպիտով,
Կասկածանքով էր լսում Շալվա Բակուրաձեի փաստարկները
Ու երբեմն նույնիսկ վիճում էր հետը,
Բայց դա ոչ մի կերպ չէր փոխում հանգամանքը․
Բոլոր հատուկ կամ պատահական արտաբերված բառերը
Իսկույն անցնում էին Շալվա Բակուրաձեի
Լեզվաբանորեն մոտիվացված ուղեղով,
Եվ հնչում էր ստուգաբանական տպավորիչ մեկնաբանություն։
Առավոտյան՝ նախաճաշելիս, նա ինձ ու Թեա Թոփուրիային ասաց, 
Որ աշխարհում վատ բառ ընդհանրապես գոյություն չունի։
Նա բոլորիս հետ միասին ու հետո առանձին-առանձին
Խոսում էր ութերորդ դարի չճանաչված
Վրացական բանաստեղծական հուշարձան «Աբուկուրա»-ի մասին,
Որն սկզբից մինչև վերջ
Անգիր գիտեր ու ուսումնասիրել էր, 
Եվ իր յուրահատուկ արտասանական ներկայացմամբ
Նա մեզ համար երգում էր հատվածներ այս անձեռակերտ տեքստից։
Շալվա Բակուրաձեն, նոր ծանոթացած հայ գրողների հետ,
Զրուցում էր հայոց լեզվի փառահեղության մասին,
Զրուցում էր այն մասին, որ հատուկ է ընտրել
Իր զավակի համար հայ դայակ,
Որպեսզի նա փոքրիկ Նիկոլոյին հայերեն սովորեցնի,
Եվ նրանք այս ամենը լսելուն պես սիրահարվում էին
Ոչ միայն Շալվա Բակուրաձեին,
Այլ ամբողջ վրաց պատվիրակությանը։
Շալվա Բակուրաձեն Երևան ժամանելու առաջին օրվանից 
Ասյա Դարբինյանից հայկական դրոշ էր խնդրում,
Եվ երբ վերջին օրը Ասյան բերեց դրոշը,
Նա խանդավառված ցատկում էր հյուրանոցի դիմաց,
Ծփծփում էր դրոշը,
Նա երգում էր Բեթհովենի «Ձոն ուրախության»-ը
Եվ այդ հարցում հյուրանոցի մոտ հայտնված
Ռատի Ամաղլոբելիին էլ ներգրավվեց,
Իսկ հետո լեփ-լեցուն գիշերային բարում՝
Էլեկտրոնային երաժշտության ներքո,
Դրոշը մեջքին գցած,
Նա դերվիշի պես պարում էր հայ երիտասարդների մեջ։
Շալվա Բակուրաձեն շատ է քնում իր համարում
Այս գեղեցիկ օրերի ընթացում,
Նա շատ բաներից էր բացակա,
Բայց երբ արթնանում ու միանում էր
Հայ-վրացական պաշտոնական և ոչ պաշտոնական միջոցառումներին,
Նա փառատոնի ամենալուսավոր կետն էր դառնում՝
Չնայած թուխ դեմքին և գանգուր մազերին։
Նա սիրում է ամեն հին բան և, հետևաբար, ուրախ էր,
Երբ քայլում էր  հայոց հողի վրայով,
Հայկական գրություններն էր դիտում
Եվ հայոց լեզու լսում։
Նա սիրում էր Արարատը ու չէր կարող
Հյուրանոցի պատուհանին հենված
Չերգել նրա համար,
Երբ տեսնում էր։

Ընդհանրապես Շոթա Իաթաշվիլիի պոեզիան գնացքի շարժման հնարքով է կառուցված, անվերջ ընթացք է, բայց այդ ընթացքն արագ՝ անցումներով, ու անցումների կանգառներում մտածելու շատ բան կա։

Օրինակ՝

Մարդիկ աշխատում են․
Բռնում են մկնիկն ու սլաքը շարժում մոնիտորի վրա։
Մարդիկ աշխատում են․
Ծաղիկներն են ջրում և երկնքում գալակտիկաները դիտում։
Մարդիկ աշխատում են․
Նստած են բանկերում, փող են հաշվում ու չեկեր դուրս գրում։
Մարդիկ աշխատում են․
Օղի են խմում ու քաբաբ ուտում։

․․․

Կամ՝

Չեն հիշում կանայք առաջին գիշերվա արցունքն ու արյունը,
Չեն հիշում շները տիրոջ ձայնը, հոտը և դեմքը,
Չեն հիշում ծառերը  իրենց ճյուղերի վրա հոսող ձյունն ու անձրևը, 
Չեն հիշում մեղուները դեպի ծաղիկներ
Եվ այնտեղից հետ՝ դեպի փեթակ ճանապարհը,
Չեն հիշում տղամարդիկ, թե ինչպես եկան այս աշխարհ։

Ասելիքը շատ է՝ մեր կյանքի հետ կապվող ու բազմաշերտ՝ 21-րդ դարն է՝ ափիդ միջից հոսող, խառնված։
Իմ սիրելի բանաստեղծներից է նաև Էկա Քեվենաշվիլին՝ փոքր բաները պայծառ լույսի տակ ներկայացնող, դետալային գրականություն կերտող պոետը։ Կարդացե՛ք։

Հին սիրո երգը

Պահարանը հավաքելիս կորած գուլպայի զույգը
Այնպես ընկավ,
Ինչպես նկարների ալբոմի՝ մեջտեղից կտրված նկար,
որից քեզ հեռացրել են:
Հիմա զղջում  եմ, թե ինչու չքացրի քեզ:
Ինչո՞ւ չի կարելի՝ ուղղակի լինես
Իմ մեծ, բայց հին սերը։

․․․

Դիանա Անփիմիադին փիլիսոփա պոետ է․ նրա ընտրած թեմաները սուր են, ցավոտ ու ցավեցնող, խոսքը կտրուկ է ու դիպուկ։ Կարդալով՝ խորասուզվում ես տեքստի մեջ ու դժվար կտրվում։ Երբեմն խճճվում ես քո մտքերում ու բանաստեղծի տողերում, մոռանում, թե որն է քո միտքը, որը՝ բանաստեղծինը։

Վրաց ժամանակակից պոեզիան խորն է, ցավեցնող ու սթափեցնող, անցումներով ու արագ ընթացքով։

Դաթո Տուրաշվիլի, ջինսի սերունդը
Վրաց արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ է, ծնվել է 1966 թվականին Թբիլիսիում: 1989-ին մասնակցել է Դավիդգառեյա մենաստանում (Արևելյան Վրաստան) տեղի ունեցող ուսանողական ընդվզումների առաջնորդներից մեկը և նրա առաջին պատմվածքները հենց այդ իրական դեպքերի վրա են հիմնված:
Տուրաշվիլին երկու անգամ արժանացել է Վրաստանում հեղինակավոր SABA (2003, 2007) մրցանակին:
«Ջինսի Սերունդը» վեպը լույս է տեսել 2001 թ. և բավականին լայն տարածում գտել։ Վրաստանում վերջին քսան տարիների ընթացքում ամենակարդացվող գրքերից մեկն է համարվում, որը հիմնված է իրական փաստերի վրա. 1983 թ. Երիտասարդների մի խումբ փորձում է ինքնաթիռ առևանգել և փախչել սովետական Վրաստանից:
Տուրաշվիլու գրիչը պարզ է, արագ, այնպես, ինչպես մեր կյանքը: Թեման՝ արդի. ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հենց այդ ջինսի սերունդ ասվածը դարձավ իր տեսակի մեջ կործանված սերունդ՝ վախերով, բարդույթներով, անազատությանը սովոր ապրելակերպով, իր երկրում հյուր լինելու բարդույթով:
Նոր երկիր կերտում է նոր մարդը՝ առանց անցյալի քաղաքական մտածողության կաղապարի ու առանց կարծրատիպի:
Տուրաշվիլին գրում է.
Ես չէի կարծում, որ երբևէ կհրապարակեմ այս գիրքը, որովհետև միամտորեն ենթադրում էի, որ Սովետական Միության փլուզումից հետո Վրաստանի սովետական անցյալը միայն իբրև դառը հիշողություն կմնար, բայց պարզվում է՝ անցյալը կարող է վերադառնալ և հատկապես այն դեպքում, երբ մենք ինքներս չենք կարողանում բաժանվել այդ անցյալից:
Մենք բաժանվեցինք միայն ժամանակից, բայց ոչ մտածելակերպից այդ երկրի, որն անվանում էին «Չարի կայսրություն», որտեղ բարությունը հազվադեպ երևույթ էր: Տիեզերք դուրս եկած առաջին պետությունը չկարողացավ ջինս կարել: Ջինս կարելուց ավելի բարի գործ ինչը կարող էր լինել. Այնուամենայնիվ, սովետական կայսրությունում չկարողացան ջինս կարել, և այդ պատճառով էլ գտան ամենաչար ելքը՝ ջինսը պարզապես արգելեցին:
Պարզվեց՝ արգելված ջինսն ավելի քաղցր էր, քան արգելված պտուղը, ջինս ձեռք բերելը հավասարազոր էր ազատություն ունենալուն, և Սովետի մարդիկ փորձեցին ջինս ձեռք բերել մաքսանենգությամբ:

Սովետական գաղափարախոսությունը առանձնակի կրքոտությամբ էր հակառակվում ամերիկյան արժեքներին (այդ թվում ջինսերին), և Սովետի մարդիկ սխալմամբ կարծում էին, թե որտեղ ջինսերն են, այնտեղ էլ երջանկություն է:
Չնայած՝ որտեղ որ ջինս չկար, այնտեղ ինչ-որ առումով չկար նաև մասնավոր սեփականությունը՝ իբրև հիմքը քո ազատության, և դու միայն գերեզմանում կարող էիր ազատ լինել: Ավելի ստույգ՝ Սովետական Միությանը քո ազատությունը միայն այն ժամանակ չէր հետաքրքրում, երբ դու պառկած էիր դագաղի մեջ՝ և ի տարբերություն այլ սեփականության՝ քո գերեզմանին աչք չէին դնի:
Հետաքրիքիր զուգահեռ է՝ ջինսն ազատության խորհրդանիշ: Արգելված պտղի քաղցր լինելու թեման տարբեր դրսևորումներով ու ձևակերպումներով արդի է տարբեր դարաշրջանների գրական տեքստերում, բայց Դաթո Տուրաշվիլու ստեղծագործության զուգահեռը չի կապվում անձի՝ գրական հերոսի, մտածելակերպի ու հայացքների հետ՝ մի ամբողջ սերնդի ձգտումների զուգահեռ է, սերնդի բարդույթ ու երազանք: Սովետական Միության քաղաքականությունը հետևողական էր ու, գոնե իմ կարծիքով, հստակ ծրագրված՝ անհատի վերացումը՝ մարդու՝ սեփական դեմքի վերացումը: Ահա այս հարցադրումներին է անդրադարձել գրողը՝ փորձելով ելք գտնել, ցույց տալ ելք փնտրող՝ այլ դիմագիծ ու մտքեր ունեցող՝ տարբերվող քաղաքացիների մոդելներ:
Հնարավոր է՝ կար նաև այլ պատճառ, բայց փաստ է, որ սեփականություն էր միայն գերեզմանի հողը, որը Սովետական Միությունը չէր խնայում ժողովրդից, և Սովետի վրացիների աստիճանական անկումը հենց այստեղից սկսվեց: Վրացու ճաշակը հենց այդ ընթացքում փոխվեց, որովհետև միակ բանը, որը նա համարում էր իր մասնավոր սեփականությունը, գերեզմանն էր. Սկսեցին այնպիսի գերեզմաններ արարել, որ վրացին երբևէ չէր ունեցել: Մինչ այդ վրացական գերեզմանը եղել է պարզ ու հասարակ, իսկ Սովետական Միությունում ոչ միայն գերեզմանի, այլև մահվան նկատմամբ վերաբերմունքը փոխվեց: Եվ Սովետական Վրաստանում գերեզմաններում հայտնվեցին մարմարե սեղաններ ու աթոռներ, մոտոցիկլետներ և նույնիսկ մեքենաներ:

Այն ժամանակ էլ իշխանությունում կային վրացիներ, ովքեր մահացածներին ավելի շատ էին սիրում ու հարգում, քան ողջերին, բայց միևնույն է, գերեզմանի երաշխիք ունենալու համար մի պայման կար՝ պետք է մեռնեիր քո մահով:

Տուրաշվիլու հերոսներն ուտոպիստ էին, երիտասարդ, նրանց քայլերը մտածված չէին, գործողություններն՝ անմշակ, բայց հենց այդ ուրիշության, տարբերվելու, սեփականն ունենալու՝ կլինի դա ջինսե տաբատ, միտք, թե այլ դրսևորում, հատկություններն էլ առանձնացնում էին նրանց անդեմ շրջապատից: Անըդհատ վախի ու ու անշարժության մթնոլորտը կոտրող մարդիկ էին երկրի հույսը՝ մտածող երիտասարդությունը:
Զուգահեռները մերօրյա իրականության հետ ևս արդի ենք՝ խիզախումը, երազի պակաս ու գորշություն, բարեկեցության ձգտում, որը մոռացության է տալիս իրականությունը:
Վեպը դինամիկ է, արագ ընթերցվող, հարցադրումները՝ հետաքրքիր ու մտորելու առիթ տվող:

Օգտագործված գրականություն
1. Դաթո Տուրաշվիլի, Ջինսի սերունդը, Անտարես, 2014թ.
2. Արամ Պաչյան, Ջինսի գրականությունն՝ ըստ Տուրաշվիլիի
3. Տուրաշվիլու հոդվածները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով