Գերմաներենի մասնագետ Հանս Քրիստոֆ Պոխան արդեն երկրորդ տարին է՝ ժամանում է Հայաստան Հայկական կամավորական կորպուսի և «Դար» հիմնադրամի հրավերով, որպեսզի օգնի Գեղարքունիքի մարզի «Գագարին» նախագծում ներգրավված գյուղերի՝ օտար լեզուների ուսուցիչներին՝ ձեռք բերելու դասավանդման նոր առաջադեմ մեթոդներ։ Կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը համակարգում է «Գագարին» նախագծի հանրակրթության ոլորտը, և այդ է պատճառը, որ Հանս Քրիստոֆը կրթական փոխանակման հանդիպումներ է ունենում նաև կրթահամալիրի սովորողների և դասավանդողների հետ։ Այս տարվա հունվար-փետրվար ժամանակահատվածի նրա այդ գործունեության մասին է իմ այս հոդվածը։
Հունվարի 18-ը գերմանացի հրավիրյալ մասնագետ Հանս Քրիստոֆի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների ու ուսուցիչների համար հագեցած օր էր։ Նախ հանդիպում տեղի ունեցավ Միջին դպրոցի սովորողների և ուսուցիչների հետ։ Հանս Քրիստոֆը սովորողների հետ անգլերենի յուրօրինակ պարապմունք անցկացրեց՝ օգտագործելով օտար լեզուների ուսուցման ինտերակտիվ, հաղորդակցական մոտեցումը: Այդ օրվա պարապմունքը իմ ստեղծած ուսումնական նյութի հիման վրա էր՝ Balance in Love – Հավասարակշռությունը սիրո մեջ, որը նախատեսված է ազդելու մանկավարժության բովանդակության երկու հիմնական բաղադրիչների՝ վերաբերմունքի և արժեքային համակարգի ձևավորման վրա: Տեքստում իմ հիմնական գաղափարն այն է, որ թե՛ բնության մեջ, թե՛ հասարակական կյանքում կան օրենքներ, որոնք անմիջապես սկսում են ազդել ու հավասարակշռության բերել ցանկացած անհավասարակշիռ երևույթ։ Հասարակական կյանքում մարդը հոգևոր հավասարակշռության մեջ է դիմացինի հանդեպ սիրով ու հարգանքով, իսկ բնության մեջ՝ բնության օրենքներով։ Հանս Քրիստոֆը թեման քննարկելու համար չդիմեց տեքստի վերարտադրմանը, ինչպես սովորաբար անում են շատ ուսուցիչներ: Նա համացանցից ընտրել էր վեց նկար, և դրանք քննարկելով՝ պարզեց, թե աշակերտները որքան լավ են հասկացել տեքստի ոգին, ասելիքը։ Դասի վերջում Հանս Քրիստոֆը սովորողներին առաջարկեց երկխոսություններ հորինել և դերակատարումներով ցույց տալ՝ ինչպես հավասարակշռության բերել ցանկացած անհավասարակշիռ սոցիալական երևույթ: Դասից ոգեշնչված էին բոլորը՝ ուսանողները, ուսուցիչները, ես և, իհարկե, ինքը՝ Հանս Քրիստոֆը:
Ժամը 13:00-ին Ավագ դպրոցի ընթերցասրահում հավաքվել էին կրթահամալիրի օտար լեզուների բոլոր ուսուցիչները։ Ինչպես նախատեսված էր, Հանս Քրիստոֆը պետք է ներկայացներ Google Workspace For Education հարթակը մեր օտար լեզուների ուսուցիչներին: Սկզբում Հերմինե Անտոնյանն օգնեց ուսուցիչներին գրանցվել այդ հարթակում, որից հետո Հանս Քրիստոֆը քայլ առ քայլ բացատրեց, թե ինչու է կարևոր կրթության կազմակերպման այս հարթակը հանրակրթական դպրոցում կիրառելու համար։ Այժմ մեր բոլոր օտար լեզուների ուսուցիչների անհատական համակարգիչների վրա կա Google Workspace for Education պատկերակը: Իհարկե, հարթակի մի քանի գործիք մենք արդեն իրականացնում ենք, օրինակ՝ Google Drive և Google ձևաթղթերը, բայց Հանս Քրիստոֆն այն կարծիքին է, որ մեր ուսումնական պարապմունքներն ավելի կազմակերպված կլինեն և բովանդակային առումով էլ կշահեն, եթե ներդրվի Google Classroom հարթակը։
Արտադրությամբ ուսուցման գերմանական երկակի (դուալ) համակարգը
Այս թեմայով ուսումնական պարապմունքը առանձնահատուկ հետաքրքրեց մեր Քոլեջի ուսանողներին փետրվարի 1-ի հանդիպման ընթացքում։ Կրթական դուալ համակարգն այլ կերպ մեկնաբանվում է որպես միջին մասնագիտական կրթության և որակավորման բարձրացման համակարգ: Այն գործում է որպես սահուն անցում հանրակրթական դպրոցից աշխատավայր: Գերմանիայում հանրակրթական դպրոցների սովորողներն արդեն 16 տարեկանում կարող են ընդգրկվել ուսման դուալ համակարգում: Երկրում 16-19 տարեկանների 50%-ը ընդգրկված է կրթական դուալ համակարգում: Սովորողների ուսումնառությունն իրականացվում է և՚ արտադրական ձեռնարկության աշխատավայրում, և՚ մասնագիտացված դպրոցի դասասենյակներում: Ուսման տևողությունը 2-ից մինչև 3,5 տարի է: Ուսումն ավարտելուց հետո սովորողները ստանում են մասնագիտական որակավորման հավաստագրեր, որոնք ճանաչված են ոչ միայն Գերմանիայի, այլ նաև այլ զարգացած երկրների արտադրական ընկերությունների կողմից, և այս համակարգում սովորողների մոտ 90%-ը ուսումն ավարտելուց հետո միանգամից պահանջված է դառնում աշխատաշուկայում, և նրանք անցնում են մշտական աշխատանքի: Այդ է պատճառը, որ Գերմանիայում երիտասարդների գործազրկության մակարդակն այդքան ցածր է՝ 5,6%:
Հանս Քրիստոֆն առանձնահատուկ ոգևորությամբ ներկայացրեց Գերմանիայի կրթական դուալ (երկակի) համակարգը ներկայացնող պրեզենտացիան։ Այստեղ գրավիչն այն է, որ յուրաքանչյուր պատանի կարող է ընտրել իր նախասիրություններին համապատասխան հարյուրավոր արհեստներից և միջին մասնագիտական կրթական բաղադրիչներից ցանկացածը ու ստանալ և՛ միջնակարգ կրթություն, և՛ միջին մասնագիտական որակավորում՝ միաժամանակ ստանալով միջինը 1100 € ամսական աշխատավարձ։ Պրեզենտացիայի մեջ ընդգրկված տեսաֆիլմը ցույց է տալիս մասնագիտական ուղղվածությամբ դպրոցների կահավորվածությունը։
Քոլեջի վերնատանը փետրվարի 8-ի ուսումնական պարապմունքը՝ «Հայերի արտագաղթը Հայաստանից» թեմայով, մի իսկական վարպետության դաս էր։
Դասի ընթացքում կիրառվեց թեմայի պանելային քննարկման դերախաղային մեթոդը։ Ուսանողները նախօրոք ստացել և կարդացել էին թեմայի վերաբերյալ տեղեկատվական հոդված, որի թեմատիկ բառերն ու արտահայտությունները մեծապես օգնելու էին նրանց քննարկման ընթացքում։ Հանս Քրիստոֆն էլ իր հերթին կազմել էր քննարկման ընթացքում կիրառվող բարեկիրթ արտահայտությունների ցանկը՝
- երբ լիովին համաձայն ես արտահայտված տեսակետին
- երբ հիմնականում համաձայն ես արտահայտված տեսակետին, բայց կուզենայիր որոշ լրացումներ անել
- երբ համաձայն չես արտահայտված տեսակետին և բերում ես քո փաստարկները։
«Պանելային քննարկում» բառակապակցությունը այսպես է բացատրվում Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում՝ «նաև՝ պանելային բանավեճ կամ պարզապես՝ պանել), որոշակի թեմայի քննարկում մի խումբ մարդկանցով լսարանի առջև, որպես կանոն, գիտական, գործարար կամ ակադեմիական կոնֆերանսների, երկրպագուների համաժողովների կամ հեռուստատեսային շոուների ժամանակ։ Սովորաբար քննարկումը վարում է մոդերատորը, որը ղեկավարում է քննարկումը, երբեմն հարցեր է տալիս լսարանին և փորձում է քննարկումը դարձնել տեղեկունակ և հետաքրքիր»։ Օրինակ՝ հանրությանը հետաքրքրող տարբեր թեմաների վերաբերյալ պանելային քննարկումներ է կազմակերպում Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստատեսության առաջին ալիքով, որտեղ բանավիճող կողմերն իրական մարդիկ են՝ իրենց իրական տեսակետով։
Մեր բաց դասի ընթացքում բանավիճող կողմերը Քոլեջի ուսանողներն էին, ովքեր դերաբաշխումով դարձել էին այս կամ այն մտացածին կերպարի տեսակետները արտահայտողները։ Քննարկման մոդերատորը նույնպես ուսանող էր։ Դասի առաջին մասում Հանս Քրիստոֆը արել էր դերաբաշխումը և ներկայացրել էր պանելային քննարկման մասնակիցների տեսակետները, որոնք պետք է պաշտպանեին ուսանողները ըստ իրենց դերերի, իսկ արդեն մոտ 45 րոպե տևողությամբ քննարկման ընթացքում նա ոչ մի բառ չասաց։ Իր տեսակետն էր պաշտպանում 49 տարեկան Սամվել Գրիգորյանը, որը մեծ հայրենասեր էր ու միանգամայն դեմ էր արտագաղթին։ Կարևոր ասելիք ուներ Հայկական կամավորական կորպուսի մենեջեր Արինա Զոհրաբյանը, որ հայրենադարձվել էր ԱՄՆ-ից։ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն էլ տեղեկացնում էր կառավարության այն գործառույթների մասին, որոնցով կկարողանան մեղմացնել արտագաղթողների հոսքը։ Իր հինգ երեխաների հետ արդեն հինգ տարի արտասահմանում ապրող Գայանե Գևորգյանը պատմում էր արտասահմանում իր աշխատանքի մասին և արտասահմանից իր հայրենիքին ինչ-որ ձևով օգնելու իր պատրաստակամության մասին։ Երիտասարդ բժիշկ Թևոս Ադամյանը պատրաստվում է արտագաղթել Գերմանիա և արտահայտում է ապագայի նկատմամբ իր մտահոգությունները։
Մեծ բավականությամբ էի լսում դերախաղի բոլոր մասնակիցների տեսակետները ու նրանց պատասխանները լսարանի հարցադրումներին։ Այնպիսի տպավորություն էր, որ ուսանողների այդ խումբը ամիսներ շարունակ պատրաստվել էր այդ դասին՝ անգիր սովորելով իրենց դերերը։ Ողղակի անհավատալի էր այն, որ նրանք ընդամենը մի քանի րոպե առաջ էին ստացել Հանս Քրիստոֆի հրահանգները իրենց դերերի վերաբերյալ։ Ուսանողների խոսքը հանպատրաստից էր՝ խոսելու ընթացքում ստեղծվող։ Կարծում եմ, որ անգլերեն ազատ արտահայտվելու ունակությունների վրա իր դրական ազդեցությունն է ունեցել նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի շրջանավարտ, Քոլեջում անգլերեն դասավանդող Արմինե Խաչատրյանը։
Քոլեջի նոր ծրագիրը
Լիովին փոխվել է մեր Քոլեջը։ Այստեղ եմ աշխատել վերջին յոթ տարիների ընթացքում և վստահությամբ կարող եմ ասել, որ ստեղծվել է բանիմաց ու իրենց գործին նվիրված դասավանդողների, բարեկիրթ ուսանողների, մանկավարժական աշխատողների՝ սիրո և հարգանքի վրա հիմնված մարդկային փոխհարաբերություններով մի համայնք։ Ստեղծված նման համայնքը նոր ուսումնական տարում լիովին կարող է համապատասխանել ու բավարարել Քոլեջում ոչ հայախոս ուսանողների ներգրավման ծրագրի պահանջներին։