«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժության տարածման ձևերից է կրթական փոխանակումներով ճամփորդությունների ընթացքում այցելությունները հայաստանյան տարբեր դպրոցներ, որի փորձը կրթահամալիրում ունի տասնամյակների պատմություն։ 2023-2024 ուսումնական տարում հեղինակային կրթական ծրագրի ներկայացման մեկ այլ փորձ կիրառվեց, դեռ շարունակում է կիրառվել՝ ըստ Հանրակրթության պետական չափորոշչով որոշված ուսումնական բնագավառների։
Հունվարի 25-26-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ Հանրակրթության պետական չափորոշչի «Հասարակություն, հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառի հեղինակային կրթական ծրագրի հանրային ներկայացում, որի նպատակն էր շահագրգիռ մարդկանց ներկայացնել «Հասարակություն, հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառի կազմակերպումը կրթահամալիրում՝ հեղինակային փոխլրացնող մոտեցումներով։ Որպես մասնախմբի ղեկավար՝ հավաքը համակարգել եմ ես, և այս պատումով կփորձեմ ներկայացնել բնագավառի հանրայնացման գործընթացը՝ պատրաստությունից մինչև արդյունքներ։
Նախ մշակվել են հավաքի բովանդակային ուղղությունները և երկօրյա աշխատակարգը, այնուհետև Մանկավարժության կենտրոնը հրապարակել է հայտարարությունը, որն ուղարկվել է նաև մեր գործընկեր դպրոցներին և անհատների։ Հավաքին եկան մասնակցելու նրանք, որոնց հետաքրքրում էր հեղինակային մանկավարժությունը։ Գործընկեր դպրոցներից եկել էր Արմավիրի մարզի Գեղակերտի միջնակարգ դպրոցի սովորողների մի մեծ խումբ՝ պատմության ուսուցչուհի Լուսինե Ալավերդյանի ուղեկցությամբ։ Կարևոր եմ համարում նշել, որ Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը վաղուց է ծանոթ կրթահամալիրին և հեղինակային մանկավարժության նկատմամբ միշտ ցուցաբերել է հետաքրքրություն, որն այսօր էլ փոխանցում է իր գործընկերներին ու սովորողներին։ Հավաքին մասնակցելու էր եկել նաև ազգագրագետ Լուսինե Խառատյանը, ով արդեն դարձել է կրթահամալիրի լավ բարեկամն ու գործընկերը։ Ունեինք նաև Կրթության պետական տեսչությունից հյուրեր, ովքեր կարևորեցին և բարձր գնահատեցին հեղինակային կրթական ծրագրի մեր ձեռքբերումները։
Հավաքն իրականացավ մի շարք առանցքային ուղղություններով․
- Կլոր սեղան՝ «Հասարակագիտական առարկաների դասավանդումը կրթահամալիրում»,
- Հանդիպում հրավիրյալ մասնագետի հետ․հյուրը՝ ազգագրագետ Լուսինե Խառատյան,
- Հասարակագետ-դասավանդողների հետազոտական աշխատանքների պաշտպանություն, սովորողների հետազոտական աշխատանքների անոնս,
- Օրացուցային նախագծերի և սովորողների նախագծային գործունեության արդյունքների ներկայացում,
- Հավաք կրթահամալիրի Քոլեջում՝ «Հասարակագիտական առարկաների դասավանդումը Քոլեջում․համագործակցային նախագծերի արդյունքների ներկայացում»,
- Կլոր սեղան՝ «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ»-ի պատմության ներկայացում,
- Այլ։
Հավաքի առաջին օրը սկսվեց կլոր սեղանով, որի ընթացքում ես՝ որպես հասարակագիտական մասնախմբի ղեկավար, հետազոտական վարժարանի 12-րդ դասարանի սովորողներ Արթենի Ջանիկյանի և Կարինե Գոմցյանի, ինչպես նաև 2023-ի շրջանավարտ Իլոնա Սահակյանի հետ սահիկաշարով ներկայացրինք հասարակագիտական առարկաների դասավանդումը կրթահամալիրում՝ հեղինակային կրթական ծրագրով։
Կլոր սեղանի առաջին հատվածում մատնանշվեցին այն մոտեցումները, որոնք շեշտադրվում են հեղինակային կրթական ծրագրում հասարակագիտական առարկաները դասավանդելիս, ինչպես նաև հասարակագիտական առարկաների դասավանդման իրականացման ձևաչափերը։
Հեղինակային կրթական ծրագրում շեշտադրվում են հետևյալ մոտեցումները՝
- Գործնականություն,
- Ուսումնասիրվող երևույթի բազմակողմանի դիտարկում,
- Հասարակական գիտությունների ուսումնասիրման ոլորտում անհրաժեշտ հմտությունների ձևավորման կարևորում,
- Համագործակցություն բոլոր հնարավոր գործընկերների հետ (կրթական հաստատություններ, գիտահետազոտական կենտրոններ և ինստիտուտներ, անհատ մասնագետներ),
- Արդյունքների իրատեսական վերլուծություն, ինքնագնահատում և զարգացման ուղիների ձևակերպում։
Հասարակագիտական առարկաների դասավանդման իրականացման ձևաչափերը՝
- Ուսումնական բաց պարապմունքներ,
- Հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումներ,
- Կլոր սեղան-քննարկումներ,
- Արտագնա պարապմունքներ,
- Մասնակցություն գիտաժողովների,
- Հասարակագիտական ամենամյա բաց ստուգատես,
- Հասարակագիտական առարկաներից սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանություն,
- Նախագծային գործունեություն,
- Ուսումնական ճամփորդություն։
Կլոր սեղանի երկրորդ հատվածում հանդես եկան սովորողները։ Հեղինակային կրթական ծրագրի կարևոր ձեռքբերում եմ համարում, երբ սովորողն է ներկայացնում հեղինակային մանկավարժությունը։ Իսկ մեր սովորողները դա անում են սիրով, անկաշկանդ և գրագետ ձևով։ Հետազոտական վարժարանի 12-րդ դասարանի սովորող Արթենի Ջանիկյանը ներկայացրեց «Գիտությունը կրթահամալիրում» հատվածը՝ շեշտադրելով վերջին երեք տարիների ընթացքում կրթահամալիրում հյուրընկալված տարբեր ոլորտի մասնագետների հետ հանդիպումները։ Կարևոր եմ համարում նշել, որ Արթենին, որպես հետազոտական աշխատանքի թեմա, ընտրել է «Հրավիրյալ մասնագետների հետ համագործակցության կրթական հետևանքները», որի հանրային պաշտպանությունը կիրականացվի մարտի 1-ից կրթահամալիրում մեկնարկող «Հասարակագիտական ստուգատես 2024»-ի շրջանում։ Սովորողն իր խոսքում մատնանշեց այն հիմնական ձեռքբերումները, որոնք ունենում են սովորողները հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումների արդյունքում։ Մասնավորապես՝
- սովորողները հնարավորություն են ունենում հանդիպելու տարբեր բնագավառների գործիչների հետ, որի արդյունքում հանրակրթությունը մարդկայնանում է,
- հասարակական, քաղաքական, մշակութային, հանրային գործիչներն այդպիսով ներառվում են կրթության-հանրակրթության գործում,
- առարկայական այլընտրանքային ծրագրերով նախատեսված թեմաների ավելի խորը ուսուցման ապահովում, քանի որ հրավիրյալ մասնագետները թեման ներկայացնում են ավելի խորությամբ, համակողմանի,
- սովորողների հետաքրքրությունները հնարավորին բավարարվում են,
- սովորողների սոցիալական շփման ընդարձակում,
- համագործակցային ցանցի ընդարձակում հանրակրթական այլ հաստատությունների, գիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ։
12-րդ դասարանի սովորող Կարինե Գոմցյանը ներկայացրեց «Արտագնա պարապմունքներ, մասնակցություն գիտաժողովների» հատվածը՝ որպես նշված ուղղության ակտիվ մասնակից։ Սովորողը կարևորեց մասնավորապես տարբեր թեմաներով և ձևաչափով գիտաժողովների մասնակցությունը, որոնք ոչ միայն ընդլայնում են սովորողի աշխարհայացքն ու մտահորիզոնը, այլև դրանք սոցիալականացման և տարբեր գիտնականների հետ կապեր ստեղծելու լավագույն հարթակ են։
2023-ի շրջանավարտ Իլոնա Սահակյանը ներկայացրեց կլոր սեղանի «Հասարակագիտական ամենամյա բաց ստուգատես․Տիգրան Հայրապետյանական օրեր» հատվածը՝ որպես «Տիգրան Հայրապետյան 2020» անվանական մրցանակակիր։ Շրջանավարտը, մանրամասն ներկայացնելով հասարակագիտական ամենամյա ստուգատեսի և Տիգրան Հայրապետյանական օրերի բովանդակային ուղղությունները և ամենատարբեր նախաձեռնությունները, շնորհակալությամբ ավարտեց իր խոսքը՝ երախտապարտ լինելով կրթահամալիրին սովորողների ուսումնական աշխատանքը գնահատելու և խրախուսելու համար, և հասարակագետ դասավանդողներին՝ սովորողներին հասարակագիտական ակտիվ գործունեության մղելու համար։
Կլոր սեղանի երրորդ՝ ավարտական հատվածում ես ներկայացրի հաջորդ կարևոր բաղադրիչները՝ հասարակագիտական առարկաներից սովորողների հետազոտական աշխատանքների հանրային պաշտպանությունների կազմակերպումը, հասարակագիտական թեմաներով դպիրյան հոդվածները և հասարակագիտական մասնախմբի տարեկան օրացույցը։
Կլոր սեղանի ավարտից հետո իր տպավորություններով և առաջարկներով հանդես եկավ ազգագրագետ Լուսինե Խառատյանը, ով ողջունեց հասարակագիտական առարկաների դասավանդման նման կազմակերպումը, որը կարող է օգտակար լինել հանրապետության այլ դպրոցների համար։
Հավաքի հաջորդ նախաձեռնությունը հրավիրյալ մասնագետի հետ հանդիպումն էր, իսկ մասնագետը ազգագրագետ Լուսինե Խառատյանն էր։ Հանդիպման թեման էր՝ «Բանավոր պատմությունը որպես պատմության ուսումնասիրման մեթոդ»։ Պետք է փաստեմ, որ թեման հետաքրքրել էր սովորողներին, hանդիպումն անցավ բովանդակային և ակտիվ քննարկման ձևաչափով, մեր սովորողները բազում հարցեր ուղղեցին բանախոսին, հանդես եկան իրենց կարծիքներով, իսկ Լուսինե Խառատյանը ողջունեց նախաձեռնությունը՝ կարևորելով ստացված առողջ երկխոսությունը, ծավալված քննարկումը։ Շնորհակալ ենք մեր լավ բարեկամ, գործընկեր Լուսինե Խառատյանին բովանդակալից և գործնական պարապմունք իրականացնելու համար։ Համոզված ենք, որ մեր համագործակցությունն ունի ծավալման հեռանկար։
Հավաքի առաջին օրվա հաջորդ նախաձեռնությունը կրթահամալիրի վրացերենի դասավանդող Ռինա Շագինյանի համակարգմամբ կլոր սեղան-հավաքն էր՝ միջին դպրոցի և հետազոտական վարժարանի սովորողների մասնակցությամբ։ Դասավանդողը սովորողների հետ ներկայացրեց «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ»-ի շուրջ տասնյակ տարիների պատմությունն ու փոխադարձ ձեռքբերումները։ Սա ևս հեղինակային մանկավարժության կարևոր ձեռքբերումներից է, որին հավատարիմ են թե՛ կրթահամալիրը, թե՛ մեր վրաց գործընկերները։
Հագեցած օրակարգ ուներ հավաքի երկրորդ օրը, որն անցավ ավելի ակտիվ և հետաքրքիր մթնոլորտում։ Օրը սկսեցին հետազոտական վարժարանի սովորողներ Լաուրա Թորոսյանը և Արի Ագոփը, ովքեր ներկայացրին և՛ կրթահամալիրային-օրացուցային նախագծեր, և՛ իրենց նախագծային գործունեության արդյունքները։ Սովորողները բավականին մանրամասն և պատշաճ ներկայացրին հասարակագիտական գործիչներին նվիրված օրացուցային նախագծերը՝ «Տիգրան Հայրապետյանական օրեր, մրցանակակիրներ» և «Վանո Սիրադեղյանական օրեր, մրցանակակիրներ»։ 11-րդ դասարանի սովորող Լաուրա Թորոսյանը, որպես «Տիգրան Հայրապետյան 2023» անվանական մրցանակակիր, ներկայացրեց «Տիգրան Հայրապետյան» քաղաքագետին, լրագրողին և միջազգայնագետին նվիրված օրացուցային նախագիծը և նրան նվիրված անվանական մրցանակն ու մրցանակակիրներին, իսկ 11-րդ դասարանի սովորող Արի Ագոփը, որպես «Վանո Սիրադեղյան 2023» անվանական մրցանակակիր, ներկայացրեց «Վանո Սիրադեղյան» քաղաքական, պետական և հանրային գործչին, ինչպես նաև գրողին և նրան նվիրված անվանական մրցանակն ու մրցանակակիրներին։ Հեղինակային մանկավարժության ևս մեկ ձեռքբերում, երբ խրախուսվում են հեղինակային մանկավարժն ու սովորողը հենց հեղինակային մանկավարժության ստեղծման, կայացման և տարածման գործում ունեցած ավանդի համար։
Հաջորդ նախաձեռնությունը թերևս օրվա ամենակարևոր բաղադրիչն եմ համարում՝ հասարակագետ-դասավանդողների հետազոտական աշխատանքների պաշտպանություն, սովորողների հետազոտական աշխատանքների անոնս։ Այս պաշտպանությունը առանձնանում էր նրանով, որ սովորողների կողքին իրենց հետազոտական աշխատանքը ներկայացնում էին նաև հասարակագետ-դասավանդողները՝ Արմեն Ոսկանյանը և Աշոտ Տիգրանյանը։ Արդեն երկրորդ տարին է, ինչ հեղինակային կրթական ծրագրի ձեռքբերում և ուսումնական պլանի բաղադրիչ է դարձել հետազոտական վարժարան-ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքը, որը սովորողները ներկայացնում են հանրային պաշտպանության։ Հետազոտական աշխատանքը ձևավորում է սովորողի մի շարք կարողունակություններ, մասնավորապես ի ցույց է դնում սովորողի ինքնուրույնությունը, նախաձեռնողականությունը և ստեղծական միտքը։
Հետազոտական աշխատանքների ներկայացումից հետո հյուրերի հետ միասին շրջեցինք Մայր դպրոցում՝ հետազոտական վարժարանի և միջին դպրոցի ճամբարականների ջոկատներով, որի ընթացքում հյուրերը ականատես եղան հեղինակային կրթական ծրագրի ևս մեկ բաղադրիչի՝ սեբաստացի տարատարիք ճամբարականների ձմեռային ուսումնական ճամբարային գործունեությանը․․․տպավորված էին։
Հավաքի երկրորդ օրվա վերջին նախաձեռնությունը նախատեսված էր Քոլեջում, որտեղ հասարակագետ Հեղինե Խալաթյանը իր մի քանի գործընկերների հետ կլոր սեղանի տեսքով ներկայացրեց համագործակցային նախագծերի արդյունքներ։ Ներկայացումից տպավորված էին ոչ միայն մենք՝ հասարակագետներս, այլև Կրթության պետական տեսչական մարմնի ներկայացուցիչները՝ հանրակրթության վարչության ավագ մասնագետները, ովքեր կլոր սեղանի վերջում կիսվեցին իրենց տպավորություններով ու կարծիքներով։ Անկեղծ ասած՝ ինձ համար բացահայտում էր Քոլեջն իր ուսանողական համայնքով, ես կրթահամալիրի Քոլեջում տեսա մի նոր որակ, անկաշկանդ, գրագետ խոսք ունեցող, կարծիք արտահայտող ուսանողներ, ովքեր, առանց չափազանցության, հիացրին նաև հյուրերին։
Չնայած կատարված ծավալուն և արդյունավետ աշխատանքին, այդ երկու օրերը ես և իմ գործընկերները ընկալում ենք ոչ միայն որպես հաշվետվություն, այլև «Հասարակագիտական ստուգատես-2024»-ի նախերգանք: Իսկ առջևում մարտն է՝ հասարակագիտական նախագծերի բաց ստուգատեսով և Տիգրան Հայրապետյանական օրերով։