Սույն հոդվածում կծանոթանաք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական պլաններով և կարգերով որոշված ուսումնական ճամփորդություններին՝ գյուղական, վրանային-արշավախմբային, եռօրյա, որոնք բազմաբովանդակ են և արտացոլում են որևէ նախագծի շարունակականություն կամ արդյունք։ Հոդվածում կծանոթանաք ճամբարի ուսումնական բաղադրիչներին և որակական հատկանիշներին։

Ուսումնական ճամփորդությունները, կրթահամալիրի ուսումնական պլանով որոշված, ուսումնառության պայմանագրով սահմանված, յուրաքանչյուր սովորողի ինքնուրույնության, հայրենաճանաչության, հայրենասիրության առանձնահատուկ արժեքների ցուցիչներ են։

Կրթահամալիրում իմ՝ կարճաժամկետ, բայց ուսումնական յուրահատուկ փորձով լի ժամանակահատվածը ինձ փոխանցեց յուրահատուկ գաղափարներ և արժեքներ, որոնք կարևոր են անհատականություն կերտելու համար։

Իսկ ի՞նչ է ուսումնական ճամփորդությունը սովորողի համար։

Իմ ճամփորդական փորձի վրա հիմնվելով` շեշտադրեմ․ ձևավորվում է սովորողի կոգնիտիվ ֆունկցիան, որը տեղեկատվությունը հասկանալու, մեկնաբանելու բարձր ունակությունն է: Սովորողների մոտ ձևավորվում են մշակութային բազմաշերտ արժեքներ, սովորողը դառնում է հայրենաճանաչ։ Յուրաքանչյուր գյուղական ճամփորդություն, որով ես ինքս եմ անցել, թե՛ ինձ, թե՛ սովորողի համար առանձնահատուկ փորձ է՝ ունենալու հնարավորություն մասնակցելու գյուղատնտեսական աշխատանքներին, դրա մասը լինելու։ Ինչպես նաև` շատ կարևոր անջրպետների վերացմանն է ուղղված՝ գյուղացի-քաղաքացի, երևանցի-լոռեցի․․․Յուրաքանչյուր սովորող կրում և փոխանցում է կարևորագույն արժեքը՝ մենք բոլորս հայ ենք, անկախ բնակության վայրից, զբաղեցրած դիրքից և պաշտոնից։


Յուրաքանչյուր ճամփորդություն, որը համակագել եմ, կամ մասնակիցը եղել, առանձնացել է գիտելիքով և փորձով, որոնք ստացել եմ և փոխանցել յուրաքանչյուր սովորողի, արժեքներ` կարևորագույն արժեքներ, որոնք ապագա ամուր հասարակություն կերտելու անքակտելի մասն են։

Առաջին ճամբարը, որը նախագծել եմ, Վաղաշենի բնապահպանական-արշավախմբային ճամբարն էր։ Նախագծման միտքը առաջացավ Արատեսում արտագնա մուտքի ճամբարին մասնակցելով։ Այս մուտքի ճամբարն ինձ փոխանցեց իրական փորձ և պատկերացում կրթահաամալիրի կարևորագույն արժեքների, հայրենաճանաչության, ճամբարների կազմակերպման և դրանց առանձնահատկությունների մասին։ Կարող եմ վստահորեն նշել, որ արտագնա փուլը ինձ հնարավորություն և փորձ տվեց, որպեսզի իմ մտքերում և գաղափարների իրագործման հարցում համարձակ անեմ քայլերս։ Կրթահամալիրի հիմնադիր տնօրենի ուղեկցությամբ եղանք Մարտունու ինֆոտանը, որտեղ էլ նոր ծանոթություններ ձեռք բերեցի և համագործակցության առաջարկ արեցի։

Վերադառնալով քաղաք` պլանավորեցի ճամբար Վաղաշենում: Մարտունեցի սովորողների հետ իրականացրինք բնապահպանական աշխատանքներ տարածքում, ծանոթացանք տեղի պատմամշակութային վայրերին, այցելեցինք Ծակքարի կամուրջ, Վանեվան վանական համալիր։

Երկու տարի շարունակ մասնակցել եմ նաև գյուղական ճամբարներին՝ Զովաբերում և Ծաղկունքում։ Կարևոր արժեքներ, որոնք ձեռք են բերում սովորողները, կաևոր կապեր, որոնք կապում են գյուղի և քաղաքի բնակիչներին։ Կրթական նման փոխանակումները զարգացնում են և մանկավարժությանը նոր շունչ են հաղորդում նաև գյուղական դպրոցներին, դասավանդողներին, սովորողներին։

Էլ ի՞նչ ճամբար առանց Արատես, ձյուն, ազգագրություն և ազգային խոհանոց․․․

Հաջորդ ճամբարը Արատեսում էր, բովանդակային ուղղությունները՝ ձմեռային մարզական խաղեր և ազգագրության փառատոն, ազգային խոհանոց։ Սովորողները հետաքրքրությամբ և սիրով էին պատրաստում հայկական ազգային աղանդերները, պատմում էին դրանց պատմության և պատրաստման եղանակի մասին։ Բայց նաև չդիմանալով գայթակղությանը՝ պատրաստելիս համտեսում էին Արատեսի մեղրը։

Մի շարք ճամբարներ հետագայում ևս նախագծեցի, արդեն էլ ավելի վստահ, համարձակ։ Նախագծերը արվեստի փառատոնի շրջանակում են, որոնք ներառեցին Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցի սաներին․ համագործակցությունը շարունակվում է։

Ինչ խոսք, ունեցել եմ նաև դժվարություններ, որոնք կապված էին իմ անփորձության հետ՝ նախագծի կազմման, պլանավորման, խմբի ձևավորման։ Բայց այնուամենայնիվ համարձակվել եմ վերցնել այդ պատասխանատվությունը և ստանձնել ճամբարի իրականացման նախաձեռնությունը։

Ունեցել եմ դժվարություններ նաև Վաղաշենում՝ կապված տեղումների հետ, բայց գտել եմ լուծում․ ըստ եղանակային կանխատեսումների սպասվում էին տեղումներ։ Որոշեցինք փոքր վրանները տեղավորել մեծ վրանի մեջ, որպեսզի և՛ տաք լինի, և՛ անձրևից չթրջվենք։ Ճամբարները նաև զարգացնում են հնարամտությունը և մտքի ճկունությունը, ոչ վերբալ փորձի փոխանցման ուրույն գործիք են սովորողի համար։

Դժվարություններ եմ ունեցել նաև հայրենագիտական կանգառների ընտրության հարցում, քանզի չեմ կողմնորոշվել ՝ հատկապես ո՞ր կանգառներն է կարևոր, ի՞նչ կտա տվյալ տարիքային խմբի սովորողին։ Այս հարցում ինձ օգնել են մանկավարժական ամենշաբաթյա արշավները, որի արդյունքում էլ ավելի եմ սիրել Հայաստանը, համարձակ եմ դարձել նմանօրինակ ճամփորդություններ նախագծելիս․ այնուամենայնիվ, ինչ խոսք, դեռ շատ սովորելու բաներ կան։

Թվածս ճամբարները, որոնք շարունակվել են և շարունակվում են, իմ համոզմամբ, կրթություն են բոլոր տեսակի սահմաններից և պատերից դուրս` մարդու, սովորողի, անհատի կերտման գործում, ստեղծականության դրսևորման, ստեղծագործելու, ինչպես նաև` թերևս ինձ համար ամենակարևորը՝ ինքդ քեզ ճանաչելու ամենատարբեր հնարավորություններ են տալիս։

Երանի մեր սովորողներին, որ այս տարիքում ունեն այս հնարավորությունը․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով