Բացում եմ այս տարի լույս տեսած անգլերենի 5-րդ դասարանի դասագիրքը։ Դասագրքի հեղինակային խումբն է՝ Մ․Ամիրաղյան, Կ․ Պողոսյան, Ք․ Տոնոյան, Գ․ Վարդանյան։ («Մարի» հրատարակչություն, Երևան 2023)
Դասագիրքը ստեղծված է ըստ «Օտար լեզու» ուսումնական բնագավառի նոր չափորոշիչների։
Այն տպավորությունն է ստեղծվում, որ հեղինակները դասագիրքը ստեղծելիս ամենայն մանրամասնությամբ հաշվի են առել անգլերենի 5-րդ դասարանի առարկայական ծրագրի յուրաքանչյուր կետն ու պահանջը, նաև այն, որ դասագրքի և նոր չափորոշիչների համապատասխանությունն անպայմանորեն ստուգելու են ՀՀ ԿԳՄՍ նախարարության վստահված փորձագետները։ Այս առումով ամեն ինչ գերազանց է արված։ Այդուհանդերձ, բոլորովին անտեսված են սովորողի անգլերեն բառապաշարի, լեզվական կառուցվածքների և բառակապակցությունների իմացության համապատասխանությունը դասագրքի լեզվական նյութին, բառապաշարի և բառակապակցությունների մատուցմանը, տեքստերի և երկխոսությունների լեզվական աստիճանական բարդացմանը։
Արդյո՞ք դասագրքի առավելությունն է մայրենիի իսպառ բացակայությունը
2022-ի դեկտեմբերին ես մի հոդված գրեցի՝ «Օտար լեզու դասավանդելիս գործածե՞լ մայրենին, թե՞ չգործածել․ այս է խնդիրը» ։ Հոդվածը հիմնականում այլոց փորձի ուսումնասիրության վրա է հիմնված, բավականին ծավալուն է, տարբեր հարցեր է բարձրացնում և տալիս դրանց պատասխանները։ Այստեղ ուզում եմ մի տեղին համեմատություն անել հոդվածում արծարծված մի մտքի և սույն դասագրքի մեթոդաբանության միջև։ Մեջբերում հոդվածից «Երբ օտար լեզվի մի լավ ուսուցչի բաց դասի ենք ներկա լինում, ուսուցիչը սովորաբար ցուցադրական դաս է ներկայացնում, որով ցույց է տալիս իր ուսուցման արդյունքը, սովորողների ձեռք բերած լեզվական կարողությունները: Սովորաբար նման դասերի ընթացքում մայրենին չի օգտագործվում, և դա բնական է ու տրամաբանական: Ուսուցիչն ուզում է իր ուսուցման վերջնարդյունքը երևա: Միտքս ավելի պատկերավոր արտահայտելու համար տեղին եմ համարում անել այս համեմատությունը. բաց դասը մարդու արտաքինն է իր մաքուր և արդուկված վերնաշապիկով, կոստյումով ու փայլեցված կոշիկներով, իսկ մայրենիի օգտագործումը փոխհասկացվածությունն է, որը չի երևում, բայց դրա աննկատ օգտագործման անհրաժեշտությունը միշտ էլ եղել է ամբողջ դասընթացի ընթացքում»։
Այս դասագրքում իսպառ բացակայում է մայրենիի գործածումը, ու այդ պատճառով էլ անհարկի ձևով շատ է կարևորվում ապրումակցող, հոգատար ու բանիմաց ուսուցչի դերը, ով ստիպված է լինելու տալ դասագրքում օգտագործված բազում բառերի, բառակապակցությունների բացատրությունները, հայերեն համարժեքները։ Իսկ եթե ուսուցիչը ո՛չ ապրումակցող է, ո՛չ հոգատար և ո՛չ էլ շատ բանիմա՞ց։ Այս առումով դասագիրքը իր էությամբ նմանվում է մի անվերջանալի բաց դասի, որի ընթացքում նույնիսկ սովորելը սիրող ներքին մեծ մոտիվացիա ունեցող սովորողների համար արհեստական դժվարություններ են ստեղծվում, և ուսումնառությունը հոգեմաշ ու ձանձրալի կդառնա։
Դասագրքի հենց առաջին էջերում բազմաթիվ են այն բառերն ու բառակապակցությունները և արտահայտությունները, որոնք տեղ չեն գտել դասագրքի վերջում տրված «Vocabulary – բառապաշար» բաժնում։ Դասագրքի առաջին թեման ըստ չափորոշչի 5-րդ դասարանի ծրագրի՝ սիրելի զբաղմունքներն են՝ հոբիները, նախասիրությունները։ Հետաքրքիր և միևնույն ժամանակ զարմանալի և անհասկանալի է այն, որ «preferences – նախասիրություններ» բառը, որը տվյալ թեմայի ամենակարևոր բառերից է և այդ պատճառով էլ հենց առաջին էջում ու առաջին պահանջում օգտագործված է, բացակայում է գրքի վերջում տրված բառապաշարային ցանկում։ Այդ ցանկում բացակայում է նաև «to prefer – նախընտրել» բայը, ինչը նույնպես օգտագործվում է թեմայի տարբեր բաժիններում։ Ինչո՞ւ չի կարող սովորել սիրող ու հետաքրքրասեր սովորողը այդ բայի և բայով կազմված գոյականի իմաստը գտնել գրքի վերջում տրված բառապաշարի ցանկում։ Ուսուցի՞չը պետք է տա այդ բառերի հայերեն բացատրությունները՝ դասը վերածելով հայերեն բացատրությունների։ Ինչո՞ւ պետք է այս դասագիրքը առաջին անգամ իր ձեռքը վերցնող սովորողը չհասկանա հենց առաջին էջի առաջին պահանջը։ Կարդում ենք բառապաշարի «p» տառով սկսվող բառերի ցանկը։ Այստեղ տեղ են գտել այնպիսի բառեր, որոնք սովորողը դեռ երրորդ դասարանում էր յուրացրել՝ «pen – գրիչ, pencil – մատիտ, play – խաղալ, put – դնել», բայց բացակայում են առաջին թեմային բնորոշ և տեքստերում էլ առկա «prefer և preference» բառերը։ Դասագրքի երկրորդ էջում զետեղված պահանջում էլ առկա են «bake – թխել, artist – նկարիչ, delicious – համեղ, hate – ատել, չսիրել» բառերը, որոնք նույնպես բացակայում են գրքի վերջի բառապաշարի ցանկում, որոնց փոխարեն ամենայն ջանասիրությամբ ներառված են բոլոր սովորողներին քաջածանոթ «ball – գնդակ, bag – պայուսակ, apple – խնձոր, dog – շուն, door – դուռ, hand – ձեռք, hat – գլխարկ» բառերը։ Դասագրքի կազմման նման անհեթեթ մեթոդաբանության հետևողական շարունակումը դիտարկելով՝ գալիս ենք այն եզրահանգմանը, որ դասագրքի հեղինակները անտեսում են այն փաստը, որ սովորողների մեջ հնարավոր է լինեն այնպիսիները, ովքեր ցանկություն կունենան և ամենակարևորը՝ կկարողանան առանց ուսուցչի օգնության կատարել նշված առաջադրանքները՝ օգտվելով գրքի վերջում տրված անգլերեն-հայերեն իրենց առաջին բառարանից։ Նման մոտեցումով դասագրքի հեղինակները թույլ չեն տալիս սովորողներին անել իրենց առաջին հետազոտական աշխատանքներն ու առաջին փոքրիկ հայտնագործությունները։ Նրանք պետք է անպայման ուշադիր լսեն ուսուցչի հայերեն բացատրությունները, որպեսզի կարողանան կատարել դասագրքի առաջին էջերի առաջին պարզագույն առաջադրանքները։ Փաստորեն բացառվում է այն իրողությունը, որ սովորողների շարքերում կարող են լինել այնպիսիները, ովքեր երբեմն էլ անուշադիր են լինում դասերի ընթացքում։
Նույն անհեթեթությունը հետևողականորեն շարունակվում է դասագրքի բոլոր էջերում և բաժիններում։ Օրինակ՝ գրքի վերջի բառարանում բացակայում են «science և fiction» բառերը, բայց դա չի խանգարում, որ սովորողները «ունկնդրելը» բաժնում մի տեքստ լսեն և կռահեն «science fiction movie – գիտաֆանտաստիկ ժանրի ֆիլմ» բառակապակցության իմաստը։ Խե՜ղճ ուսուցիչ։ Փաստորեն նրա անգլերեն դասն անընդհատ հայերեն բացատրություններով է ընթանալու։
Վստահ եմ, որ «Types of Hobbies» (14-րդ էջ )10 տողանոց տեքստում սովորողների համար կլինի մոտ 30 անծանոթ բառ, ինչը հակասում է օտար լեզվի դասավանդման մեթոդաբանությանը։ Մանկավարժահոգեբանական ուսումնասիրություններով հաստատված և օտար լեզվի դասավանդման մեթոդաբանության մեջ ընդունված է, որ կրտսեր դպրոցում նոր տեքստը պետք է ունենա 6-7 նոր բառ։ Սա այն դեպքում, եթե տեքստին նախորդեն այդ բառերի բացատրությունները։ Դասագրքի հեղինակների մեթոդաբանական ամենամեծ նորամուծությունը այն է, որ նրանք նոր բառերով, նոր բառակապակցություններով ընթերցանության համար տեքստեր են առաջարկում ու առաջադրանքներ են տալիս՝ գաղտնի պահելով դրանց հայերեն համարժեքները, դեռ ավելին՝ դրանք բացակայում են նաև դասագրքի վերջի տեղեկատվական բառարանում։