Մանկավարժությունը գիտություն է, և դրան պետք է վերաբերվել հավուր պատշաճի։ Դարեր շարունակ ուսումնասիրվել է այս գիտությունը։ Տարբեր մանկավարժներ, փիլիսոփաներ գրել են մանկավարժության մասին, փորձել են ներկայացնել այդ գիտության տարբեր կողմերը, առաջարկել են մանկավարժական տարբեր մոտեցումներ, ներկայացրել են իրենց փորձը։ Դրանցից յուրաքանչյուրն էլ ունի իր ուժեղ և թույլ կողմերը, իր առավելություններն ու թերությունները։ Յուրաքանչյուրն էլ մեզ մտորելու, փորձարկելու, հետևություններ անելու հնարավորություն է տալիս։ Մեզանից յուաքանչյուրն իր ուսուցչական ճանապարհի տարբեր փուլերում հիացել, ոգևորվել և ոգեշնչվել է տարբեր մանկավարժ-մտավորականների մոտեցումներով, նրանց մանկավարժական սկզբունքներով։ Երբեմն թվում է, որ դարեր շարունակ մանկավարժության մասին նույն բաներն են գրվել և գրվում։ Թվում է, թե հարյուր տարի առաջ և այսօր նույն խնդիրներն են ու առաջարկվող նույն մոտեցումները։ Դրանք միշտ արդիական են, միշտ այժմեական։ Տարբեր մանկավարժների, փիլիսոփաների աշխատանքները ուսումնասիրելը և այսքան տարի այս ոլորտում աշխատելն ինձ բերել է այն համոզման, որ մանկավարժությունը սիրո մասին է՝ երեխայի նկատմամբ սիրո, մանկավարժի աշխատանքի նկատմամբ սիրո։ Առանց այդ սիրո չկա մանկավարժություն, չկա ուսուցչություն, չկա կրթություն։
Կարծում եմ՝ այս մտքի հետ անմիջապես կհամաձայնի ուսուցիչների մեծ մասը։
Թվում է, թե սա շատ պարզ և հեշտ բան է։ Իհարկե, բոլորը կասեն՝ սիրում են երեխաներին։ Բայց սա բավականին ընդհանրական ձևակերպում է և երբեմն իրականությունը չի արտացոլում։ Երբ մենք ասում ենք՝ սիրում ենք երեխաներին, մենք տեսնո՞ւմ ենք այն բոլոր երեխաներին, որոնց դասավանդում ենք, մտածո՞ւմ ենք այն հանդուգն, չենթարկվող, երբեմն անհարգալից երեխաների մասին, որոնք մեր դասարաններում են։ Մտածո՞ւմ ենք ոչ այնքան մաքուր և կոկիկ հագնված, երբեմն փնթի և վրայից հոտ եկող երեխաների մասին, որոնք այդ ամենի հետ մեկտեղ դեռ նաև վատ են սովորում։ Թե երբ ասում ենք՝ սիրում ենք երեխաներին, մտածում ենք միայն «խելոք» երեխաների մասին, որոնք խնամված են, լավ են սովորում և որևէ վարքային խնդիր չունեն։ Որոնք ոչ մի գլխացավանք չեն պատճառում։
Անկեղծ լինենք…
Իսկ ես կարո՞ղ եմ և պարտավո՞ր եմ բոլորին սիրել։
Դժվար է սիրել բոլոր երեխաներին առանձին-առանձին։ Եվ գուցե անհնարի՞ն է։ Երեխային պետք է ճանաչե՞նք որպեսզի սիրենք, թե՞ պետք է սիրելով փորձենք ճանաչել։ Ի՞նչ կբացվի մեր առջև, եթե մենք փորձենք ճանաչել, որ հետո սիրենք, և ի՞նչ կբացվի մեր առջև, եթե մենք փորձենք սիրելով ճանաչել։
Այս թեմայի շուրջ շատ եմ մտածել։ Իմ դիրքորոշումը հետևյալն է՝ յուրաքանչյուր երեխա արժանի է սիրո և պետք է սիրված լինի։ Երբ մենք մտնում ենք դասարան, մենք պետք է մեր սրտում ունենանք սեր յուրաքանչյուր երեխայի նկատմամբ և փորձենք նրանց ճանաչել՝ «այս սիրո մեջ լինելով»։ Այս դեպքում մենք հաստատ երեխայի մեջ ավելի շատ կբացահայտենք գեղեցիկը, դրականը, բարին և այն թերությունները, որ ունի աշակերտը։ Իսկ թերությունները, որոնք շտկման կարիք ունեն, մեզ համար չեն լինի գլխացավանք, նրա արարքները մեզ չեն նյարդայնացնի, այլ կմղեն լուծումներ գտնելուն։ Մենք բոլոր դժվարությունների և խնդիրների պատճառը երեխայի մեջ չենք փնտրի, այլ կփորձենք վերանայել նաև մեր մոտեցումները։
Իմ մակավարժական աշխատանքի սկզբնական փուլում մի աշակերտ ունեի, որն մտավոր խնդիրներ ուներ/ ուսուցման առանձնահատուկ պայմանների կարիք/։ Հաճախ կարիք էր լինում նրա հետ անհատական աշխատել։ Երեխան չէր մտապահում այն, ինչ սովորում էինք։ Լինում էին դեպքեր, որ մեկ շաբաթ շարունակ աշխատում էինք որևէ թեմայի շուրջ (օրինակ՝ սովորում էինք որոշ գույներ), թվում էր, թե ամեն ինչ յուրացրել է, և կարելի է ուրախանալ հաջողությամբ։ Բայց հաջորդ շաբաթվա սկզբին ոչինչ չէր հիշում, և պետք էր ամեն ինչ սկսել նորից։ Երեխան նաև որոշ ֆիզիկական խնդիր ուներ (բերանից անընդհատ թուք էր գալիս), և դա, մեղմ ասած, այնքան էլ հաճելի չէր։ Ես պատրաստակամ աշխատում էի նրա հետ, որովհետև դա համարում էի իմ պարտքը։ Բայց ամեն անգամ տհաճությամբ էի սկսում աշխատանքը, խուսափում էի նրան մոտ նստելուց, աշխատում էի ձեռքերին չդիպչել, որովհետև դրանք հաճախ թքոտ էին լինում։ Մեր համատեղ աշխատանքը և՛ ստացվում էր, և՛ չէր ստացվում։ Կարծես ամեն ինչ ըստ «կարգի» արվում էր, բայց արդյունք չկար։ Երեխան չէր բացվում, չէր հիշում սովորածը։ Ես էլ ամեն օր գալիս էին տուն և ինձ մեղավոր էի զգում, որ չեմ կարողանում հաղթահարել «ֆիզիկական տհաճությունը» և ավելի մոտ լինել երեխային։ Ես այդ ժամանակ վստահ չէի, որ ճանաչում եմ այդ երեխային կամ փորձում էի ճանաչել, և չգիտեի սիրո՞ւմ էի այդ երեխային, թե՞ ոչ։ Նույնիսկ այդ հարցերն ինձ չէի տվել, բայց մի օր այդ հարցերը ծնվեցին։
Հարցերըը ծնվեցին, երբ սկսեցի թերթել Յանուշ Կորչակի աշխատությունները և այնտեղ հանդիպեցի հետևյալ ձևակերպումներին.
Ճանաչիր նախ քեզ, մինչ կուզես ճանաչել երեխաներին։
Սիրի՛ր քո երեխային ինչպիսին որ կա` անտաղանդ, ձախորդ, հասուն: Ուրախացիր, երբ շփվում ես նրա հետ, քանի որ երեխան տոն է, քանի դեռ քեզ հետ է (այս մեկն ուղղված է հենց ծնողներին, բայց դա էական չէր):
Եվ սկսվեցին ինքնաճանաչման փորձերը, պայքարը, մտորումները, վերաարժևորումը և շատ դժվարին մի ճանապարհ։
Այդ ընթացքում ևս մի դեպք տեղի ունեցան։ Ես հերթական անգամ դժգոհում էի հոգեբանին, որ սայլը տեղից չի շարժվում, և կարծես չեմ կարողանում երեխային սովորեցնել այն, ինչ նախատեսել եմ։ Հոգեբանն ինձ ասաց, որ ես շատ եմ կենտրոնացել այդ գիտելիքը երեխային փոխանցելու վրա և մոռանում եմ նրա կարողությունների մասին, որ գուցե իմ կողմից դրված չափանիշները բավականին բարձր են և չեն համապատասխանում երեխայի կարողություններին։ Երեխային ժամանակ է պետք, ինձ էլ՝ համբերություն։
Կորչակի հաջորդ միտքն ինձ օգնեց թողնել երեխայի գլուխը գիտելիք լցնելու ցանկությունը, պահանջը, որ դարձրել էի առաջնահերթություն։
Մի՛ պահանջիր քեզնից, որ դու միանգամից լինես լուրջ, հասուն ուսուցիչ՝ հոգուդ մեջ հոգեբանական հաշվապահություն ունենալով և գլխումդ՝ մանակավարժական կոդեքս։
Եվ ես թողեցի…. Սկսեցի փնտրել այդ երեխային սիրելու ուղիներ։ Սկսեցի իմ մեջ գտնել այն բոլոր կետերը, որոնք ինձ խագարում են այդ երեխային սիրել։
Եվ գտա սիրտը` մտքի փոխարեն, սերը` մանկավարժական տեսությունների ու չոր գիտելիքի փոխարեն։ Ու եկավ սերը, եկավ հասկացածությունը։ Երեխան իրեն սիրված և հասկացված զգաց։ Հաջորդող մի քանի պարապմունքից հետո հանկած վեր կացավ և ամուր գրկեց ինձ։ Այդ ամենի մեջ այնքան սեր և շնորհակալություն կար։ Եվ ես ինձ այնքան փոքր զգացի։
Մենք շարունակեցինք աշխատել երեխայի հետ արդեն «այլ մակարդակում» և այլ հայտնագործումների համար։ Չեմ կարող ասել, որ ակադեմիական առումով մենք շատ առաջ գնացինք, բայց երեխայի պոտենցիալի բացահայտման, նրա անձի ձևավորման առումով բավականին լավ ճանապարհ անցանք։
Այս ճանապարհն անցնելիս ես ավելի շատ բան սովորեցի, քան սովորել էի երբևէ։ Այո՛, դժվար ճանապարհ է այս ճանապարհը, բայց պետք է համարձակվել և անցնել։
Իհարկե, սա մեկ անգամ արվող աշխատանք չէ։ Մեկ երեխայի սրտի ուղին գտնելը դեռ չի նշանակում, որ այդ հարցը մեկընդմիշտ լուծել ես։ Սա շարունակական, ամենօրյա և դժվարին գործընթաց է, որի միջով պետք է անընդհատ անցնել։ Իհարկե, իդեալական կլիներ, եթե բոլոր ուսուցիչները սիրեին բոլոր երեխաներին։ Բոլոր ասելով՝ նկատի ունեմ յուրաքնաչյուր երեխայի` անկախ նրա վարքից, առաջադիմությունից, ֆիզիկական և մտավոր առանձնահատկություններից։
Հավաքական մակարդակում մենք սիրում ենք բոլոր երեխաներին, անհատական մակարդակում` չենք սիրում յուրաքանչյուր երեխայի։
Նորից գամ իմ հարցադրմանը՝ ուսուցիչը պարտավո՞ր է սիրել բոլոր երեխաներին։ Իրավունք ունե՞նք նման պահանջ դնելու և բոլորից պահանջելու, որ սիրեն բոլոր աշակերտներին։ Այստեղ առաջանում է երկրորդ միտքը՝ եթե չի սիրում, ապա գոնե պարտավոր է հարգել յուրաքանչյուր երեխայի։ Մի պահ ինձ թվում էր, որ գտել եմ միջանկյալ լուծում. մենք կարող ենք չսիրել երեխայի այս կամ այն արարքը, բայց իրավունք չունենք չսիրել նրան որպես երեխա։ Մենք կարող ենք չընդունել երեխայի այս կամ այն արարքը, բայց իրավունք չունենք չհարգել նրան։ Մենք պետք է արդարամիտ լինենք բոլորի նկատմամբ՝ անկախ մեր սիրել-չսիրելու չափից։ Արդա՛ր դատիր։ Այս սկզբունքը շատ կարևոր է կրթության մեջ։ Արդա՛ր դատիր անկախ քո անձնական վերաբերմունքից։ Դատի՛ր, դատապարտի՛ր արարքը, բայց ո՛չ երեխային։ Հարգի՛ր երեխային, եթե նույնիսկ չես կարող սիրել նրան։
Շատ միամիտ…
Իսկ ի՞նչ է հարգանքը։ Ու նորից փնտրտուք… Ու նորից մեծ մանկավարժներից մի միտք, որը գալիս է ևս մեկ անգամ քեզ ապացուցելու, որ առանց սիրո չկա և չի կարող լինել հարգանք։ Ինչպես գրում է Շալվա Ամոնաշվիլին.
Ի՞նչ է հարգանքը։
Սիրո դրսևորման ամենագեղեցիկ ձևերից մեկը, իհարկե, եթե այն անկեղծ է։
Հարգանքը սիրո դրսևորում է։ Հարգել Երեխային, նշանակում է աճեցնել քո մեջ Մանկավարժական Սեր։
Հարցը բաց է, դժվար, վիճելի և հենց դրանով իսկ հետաքրքիր։ Շատերը կարող են չհամաձայնել ինձ հետ, պնդել, որ այս մոտեցումը անհասանելի, անիրականանալի է, որ սիրո մասին այս պատումները և մտքերը միայն գեղեցիկ խոսքեր են։
Իսկ ես ամեն օր համոզվում եմ, որ մանկավարժության մեջ ՍԵՐՆ այլընտրանք չունի։