Հեղինակային կրթական ծրագրի զարգացման ուղղություններով որոշված, տարեկան օրացույցում ամրագրված ստեղծագործական՝ Հոկտեմբերյան և Մայիսյան հավաքներն արդեն մանկավարժական պատմություն ունեցող, իրենց յուրահատկությամբ առանձնացող հարթակներ են։
Այս տարվա հոկտեմբերյան հավաքը թվով 18-րդն է։ Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս Հոկտեմբերյան հավաքը դարձավ մանկավարժական քննարկումների, նախագծերի ներկայացման բաց հարթակ։ Ստեղծագործական հավաքները կրթահամալիրում որպես միջոցառումներ չեն կազմակերպվում․ դրանք հեղինակային մանկավարժության գործունեության, աշխատանքային օրացույցի՝ բնականորեն առաջացած հարթակներ են։
Մանկավարժական մեր հավաքները հենց մանկավարժությունից խոսելու, մանկավարժությունը ներկայացնելու ու իրական խնդիրները վերհանելու հնարավորություններ են։ Կարևոր է, որ ուսուցիչները կարողանան ներկայացնել իրենց աշխատանքը՝ ներառելով սովորողներին, ցույց տան, թե ինչպես են աշխատում որպես թիմ։ Այդ ներկայացումները լինեն իրական՝ կենդանի խոսքով, գործով, կրթական միջավայրում։ Մանկավարժությունը կենդանի հարթակ բերելու, կարևորելու խնդիրն այսօր առավել քան կենսական է։ Այս մասնագիտությունը գնալով ավելի քիչ պահանջված, անտեսված է դառնում։ Բոլոր երիտասարդներն էլ գիտեն, որ ուսուցչի աշխատանքը ծանր է, չկարևորված ու չարժևորված, աշխատավարձը՝ ցածր, պահանջներն ու աշխատանքը՝ հետզհետե ավելացող, կասկածներն ու ատեստավորումները՝ ավելացող ու հաճախ անտեղի։ Ասածիս փաստացի ապացույցն այն է, որ ուսուցիչների թափուր տեղերն ամեն տարի ավելանում են, և երիտասարդները դպրոց մտնել չեն ուզում։ Հետաքրքիր է, որ որևէ պաշտոնյայի երեխա ևս մանկավարժությամբ զբաղվել չի ցանկացել․ ես վերջին երեսուն-քառասուն տարում նման դեպքի չեմ հանդիպել, եթե կգտնեք, ուղղեք ինձ։ Մանկավարժությունը կարևորման ու այլ տեսանկյունից մատուցման կարիք ունի, եթե կուզեք՝ վերաբրենդավորման։ Հին մոտեցումներն ու շեշտադրումները չեն աշխատում, նորը չկա։ Սովորողը, ուսանողը մանկավարժության մեջ պիտի հեռանկար տեսնի, հետաքրքրություն, ճանաչելի, հայտնի դառնալու, լավ վարձատրվելու հնարավորություն։ Մանկավարժական մեր ամենամյա հավաքները՝ ուսուցչի արժևորման, ժամանակակից մանկավարժության ներկայացման, ուսուցիչների միջև երկխոսության ու գործընկերության ստեղծման փորձեր են։ Ժամանակակից մանկավարժությունը ստեղծում են ժամանակակից մանկավարժները՝ չխուսափելով սխալվելուց, խնդիրների մասին խոսելուց՝ այսպիսով ապահովելով զարգացումը։
Հեղինակային մանկավարժությունն՝ իր ամենամյա հավաքներով, հենց հայ ժամանակակից մանկավարժության, այդ մանկավարժությունը ներկայացնելու նոր մշակույթ է ստեղծում, ներկայացնում։
Այս տարվա Հոկտեմբերյան հավաքն առանձնացավ իր կլոր սեղաններով, որոնք ներկայացրին նոր ուղղություններ ու մշակումներ, վերհանեցին կարևոր խնդիրներ։ Կրթական միջավայրի նորամուտներով, միջավայրի ու կրթական բովանդակության համատեղ զարգացումներով՝ որպես լուծումներ, համատեղ աշխատանք։
Հավաքի ծրագրից առանձնացրել եմ՝
- Հավաքի հայտարարությունը,
- Հավաքի աշխատակարգը,
- Հոկտեմբերյան 18-րդ հավաք․ բովանդակային ուղղություններ,
- Հավաքի ուղեցույց։
Կլոր սեղանների՝ այս տարվա ուղղություններն առանձնացրել էինք հաշվի առնելով զարգացումը, գործընկերների, այլ շահառու խմբերի պահանջը, առաջացած-կուտակված խնդիրները։ Հեղինակային մանկավարժության այս հանդիպումներն առանձնանում են իրենց կենդանությամբ ու անմիջականությամբ։ Նախագծերը կրում են շարունակական բնույթ և բաց են ոչ միայն նոր մտքերի համար, այլև ներառող են՝ կարող են նոր մարդկանց ու խմբեր ներառել։
- Սովորողների հետազոտական նախագծերի կազմակերպումը հետազոտական վարժարանում. Մարթա Ասատրյան և ընկերներ: Այս կլոր սեղանին ներկայացվեց կրթահամալիրի Հետազոտական վարժարանի մեկ տարվա փորձը․ ի՞նչ տվեց հետազոտական աշխատանքի ղեկավարումն ուսուցչին, ի՞նչ տվեց սովորողին։ Սովորողները ոգևորված ներկայացրին իրենց փորձը։ Սա կարևոր շուրջտարյա նախագիծ է՝ հստակ արդյունքներով։
- Ուսումնական արշավախմբային, ռազմամարզական ճամբարները հանրակրթական չափորոշչի ապահովման գործիք. Մարթա Ասատրյան և ընկերներ։ Այս կլոր սեղանին ներկայացվեցին այս տարվա Ռազմամարզական ճամբարի ձևավորման սկզբունքները և զարգացումը։ Կրթահամալիրում Ռազմամարզական ճամբարները և դրանց կազմակերպումը որոշված է ուսումնական պլանով, և տարիների ընթացքում հստակ ձևավորված, ձևակերպված փորձ ունենք։
- ԴԿՏ նորացված համակարգը հեղինակային կրթական ծրագրի բաց հարթակ, առաջարկ, հիմնավորում. Նառա Նիկողոսյան և ընկերներ։ Հեղինակային կրթական ծրագիրն ընդհանուր հարթակում ներկայացնելու հետ կապված դժվարությունների մասին խոսել ենք տարբեր փուլերով։ Կլոր սեղանը ևս միտված էր այդ խնդիրների բարձրաձայնմանը և հնարավոր լուծումների ներկայացմանը։
- Սովորողների ստարտափ նախագծեր, արտադրությամբ ուսուցում։ Կրթահամալիրի արտադրական ուսուցման խմբերի գործունեության արդյունքների ներկայացում և սովորողների նախաձեռնությունների, առաջարկած նոր նախագծերի ներկայացում, քննարկում։
- Օտարալեզու սովորողի ներառումը հայկական դպրոցում․ «Դպիր» ամսագիր, Մարիետ Սիմոնյան և ընկերներ։ Ինչպես ներառել օտարալեզու սովորողներին, կրթահամալիրն արդեն ունի գրանցված փորձ, ներկայացվեց այդ փորձը, հարթակ բերվեց փորձը՝ որպես ամբողջական ծրագիր ներկայացնելու անհրաժեշտությունը, քայլերը։ Խոսեցին սովորողները, ծնողները, ներկայացրին ներառման իրենց փորձը։
Հոկտեմբերյան հավաքը միավորեց հեղինակային կրթական ծրագրի գործընկեր խմբերին՝ նախագծային, ճամփորդական խմբեր, դարձավ նոր մտահղացումների ու ձեռնարկների սկիզբ, որոնք կամփոփվեն արդեն Մայիսյան ամենամյա հավաքին։
Սովորողը և ուսուցիչը հանրային լինելու, խոսելու ու ներկայացնելու կարևոր հմտություններ են ձեռք բերում։ Լավ է, որ մանկավարժությունից խոսելը կարևորվում է՝ ապահովելով ընթացք ու զարգացում, խրախուսելով ու առաջ մղելով ակտիվ խմբերին։ Հենց այդ ակտիվ խմբերն էլ մանկավարժության առաջմղիչն են՝ սովորող-սովորեցնող նախագծով հմտությունների փոխանցողը։ Կրթահամալիրը բաց է առաջարկների ու համագործակցությունների համար, եկեք միասին ստեղծենք ու կարևորենք ժամանակակից հայ մանկավարժությունը, միասին աշխատենք։