Հեղինակ՝ Ռեյմոնդ Սմալիիան
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան

Մի անգամ Հոլմսին հարցրի.

-Մի՞շտ է, որ ետվերլուծությունում պետք է որոշել ուղղությունը, վերջին քայլը կամ վանդակը, որում խփվել է նշված խաղաքարը։

-Ամենևին,- պատասխանեց Հոլմսը,- Երբեմն հանդիպող հարցերը սրանցից շատ ավելի հետաքրքրական են և տարօրինակ։

-Կարո՞ղ եք օրինակ բերել,- հարցրի ես։

Հոլմսը մի պահ մտածեց։

-Խնդիրն այնքան էլ հեշտ չէ, որ հենց հիմա լուծեք։ Բայց, սպասեք։ Հենց նոր Ձեզ հարմար մի խնդիր մտածեցի։

Անսովոր ուրախ տեսքով նա տախտակին մի քանի խաղաքար շարեց։

-Սպասե’ք, Վաթսոն, դիրքը դեռ չեմ ավարտել,- ասաց Հոլմսը,- դարակից հանելով փոքր մի տուփ, որը հաճախ գրավել էր ուշադրությունս։- Շատ անգամներ եմ զգացել, որ ցանկացել եք հարցնել, թե ինչ կա այս տուփում, բայց լռել եք՝ քաղաքավարությունից ելնելով, այնպես չէ՞։

-Այո, Հոլմս,-խոստովանեցի,- շատ անգամ եմ փորձել կռահել, թե ինչ կա այդ տուփում։

-Եկեք հիմա նայենք, Վաթսոն։

Չարաճիճի երեխայի կամ թատերական աճպարարի տեսքով՝ նա դանդաղ և նույնիսկ  մելոդրամիկ ձևով բացեց տուփը և հանեց մի զինվոր։ Տեսքով նույնական էր Հոլմսի շախմատի մյուս զինվորներին, բայց կեսը սպիտակ էր, կեսը՝ սև։

-Աստվա’ծ իմ, սա որտեղի՞ց,-ծիծաղեցի ես։

-Օ, Վաթսոն, սա հիշողություն է մի փոքր խնդրի մասին, որը պատրաստ եմ հիմա Ձեզ ներկայացնել։

Սա ասելով, Հոլմսը հանելուկային զինվորը տեղադրեց g3 վանդակում և ստացվեց նկարում բերված դիրքը։

-Այս պարտիայում,- ասաց Հոլմսը,- ոչ մի խաղաքար կամ զինվոր չի անցել սպիտակ վանդակից սև վանդակը կամ սևից՝ սպիտակը։ Ի՞նչ գույն ունի g3 վանդակի զինվորը։

-Հասարակ բան է,-կատակեցի։-Այդ վանդակի զինվորը սև ու սպիտակ է։

-Չէ, լուրջ,-ծիծաղեց Հոլմսը,- սև թե սպիտակ զինվոր պետք է լինի g3 վանդակում, որպեսզի դիրքը համապատասխանի տրված պայմաններին։

Նայեցի տախտակին, բայց լուծելու ոչ մի բանալի չտեսա։ Հանկարծ գլխումս շշմեցուցիչ միտք ծագեց․

-Ասացիք, որ ոչ մի խաղաքար մի գույնի վանդակից չի անցել մյուս գույնի վանդակ։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող էին քայլել ձիերը։

-Վատ չէ, Վաթսոն, վատ չէ։ Ակնհայտ է, որ նրանք չեն էլ քայլել;

-Բա նրանց հետ ի՞նչ է եղել։

-Պարզ է, որ նրանց վերցրել են իրենց ելման վանդակներում։

Սա, մեղմ ասած, զարմանալի կատակի էր նման, բայց հնարավորության սահմաններից դուրս չէր։

-Սա հուշո՞ւմ էր,-հարցրի ես։

-Ոչ, Վաթսոն, ոչ այս խնդրի դեպքում, չնայած այսպիսի իրավիճակ իսկապես հանդիպում է նմանատիպ ուրիշ խնդիրներում։

-Այդ դեպքում ես փակուղում եմ և խնդիրը լուծելու ոչ մի բանալի չեմ տեսնում։

-Բանալին,-ասաց Հոլմսը,-սպիտակ արքայի դիրքն է։

-Սպիտակ արքան,- բացականչեցի ես։- Նա կարող էր այդ վանդակը գալ a3, a5, c5 և c3 վանդակներից մեկից։

-Այո, այո, — ասաց Հոլմսը,- բայց նա ինչպե՞ս կարող էր լքել իր սկզբնական e1 վանդակը։

Շփոթված նայեցի դիրքին։

Արքան չէր կարող անցնել d2 և f2 սև դաշտերով, քանի որ զինվորները իրենց տեղերում էին։

Հասկանալի էր, որ չէր կարող անցնել d1, e2, f1 վանդակներով, քանի որ նրանք սպիտակ էին։

Ինչպե՞ս կարող էր նա դուրս գալ իր սկզբնական դիրքից։

Եվ այդ ժամանակ հասկացա։

-Սպիտակները փոխատեղում են արել,- հաղթական ասացի ես։

-Հիանալի է, Վաթսոն։ Երկա՞ր, թե՞ կարճ փոխատեղում է եղել։

-Կարճ,-ասացի՝ մի քիչ մտածելով։

— Ինչո՞ւ,- հարցրեց Հոլմսը։

-Եթե լիներ երկար փոխատեղում, թագուհու կողմի նավակը ստիպված կլիներ a1 սև վանդակից տեղափոխվել d1 սպիտակ վանդակ։

-Ավելի ու ավելի լավ է ստացվում։ -բացականչեց Հոլմսը։- Մի՞թե  սա չի բացահայտում մեր զինվորիկի գաղտնիքը։

-Չեմ հասկանում, Հոլմս, թե ինչպես, -պատասխանեցի, բայց հանկարծ ամեն ինչ հասկացա։ -Թագավորը կարող էր g1 վանդակից հասնել իր հիմիկվա դիրքը միայն h2 և g3 վանդակներով։ Եթե g3 վանդակում լիներ սպիտակ զինվոր, նա պետք է տեղափոխված լիներ h2 վանդակից, և արքան չէր կարողանա անցնել։ Նշանակում է, որ հանելուկային զինվորը պետք է սև լինի։

-Վաթսոն,-ասաց Հոլմսը,- հիմա Դուք իսկապես սկսում եք ընկալել ետվերլուծության իմաստը։

Խմբագիր՝ Մարինե Ամիրջանյան
Էջի նկարը՝ Առնոլդ Միքայելյանի բլոգից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով