Հեղինակ՝ Ռեյմոնդ Սմալիիան
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան

Մի քանի օր հետո Հոլմսի հետ հիշարժան երեկո անցկացրի, որի ընթացքում ետվերլուծության մասին շատ ավելին իմացա, քան ցանկացած ուրիշ պարագայում: Ինձ այն շատ էր հետաքրքրում և սկսեցի հարցով․
-Ասացե՛ք, Հո՛լմս, ետվերլուծության բոլո՞ր խնդիրներն են ընդգրկում վերջնական մատային դիրք։

-Ամենևին,-պատասխանեց նա,-նրանց մեծ մասը, ինչպես պարզվում է, այդպիսի դիրք չի պարունակում։
Հետո հարցրի՝ արդյո՞ք միշտ է խնդիրը պահանջում պարզել, թե որ գույնի խաղաքարերը որ կողմում են խաղում։

-Հասկանալի է, որ ոչ։ — Այդ հարցը շատ հազվադեպ է հանդիպում։ Թույլ տվեք ավելի սովորական իրավիճակներ ցուցադրելու համար մի փոքր վարժություն առաջարկել, օրինակ՝ նկարում բերվածը։

— Վաթսոն, այս օրինակը «վարժություն» անվանեցի, քանի որ չափազանց հեշտ է  «խնդիր» կոչվելու համար։ Ինչպես տեսնում եք՝ կողմերից ոչ մեկին ոչ միայն մատ չի հայտարարված, այլ նաև՝ շախ; Հայտնի է, որ սպիտակները ձեր կողմից են խաղում։ Հարց՝ եթե վերջին քայլը սևերն են արել, ո՞րն է այդ քայլը, և ո՞րն է եղել սպիտակների վերջին քայլը։
Մի քիչ մտածելուց հետո ասացի․
-Կներեք, Հոլմս, որ վատ աշակերտ եմ, բայց դիրքը նորից թվում է անհնարին։ Ակնհայտ է, որ սևերը փախել են a7 վանդակի շախից, բայց չեմ հասկանում, թե սպիտակները ինչպես կարող էին փղով շախ հայտարարել։

-Վատ չէ, Վաթսոն, ամենևին էլ վատ չէ։ Տեսնում եմ, որ սկսում եք մտածել։ Բայց ինչո՞ւ եք պահում մոռանալու սովորությունը, որ քայլ է նաև հակառակորդի խաղաքարը վերցնելը։

Հասկանալի է, որ դրանից հետո ամեն ինչ հասկացա։

-Ճիշտ է, Հոլմս, ճիշտ է։ Սևերն իրենց վերջին քայլով a7 վանդակից վերցրել են a8 վանդակում գտնվող սպիտակների խաղաքարը։ Դրանից առաջ այդ խաղաքարը պետք է բացեր g1-a7 անկյունագիծը՝ փղով շախ հայտարարելու համար։ Ի՞նչ խաղաքար է եղել։ Ակնհայտ է, որ ձին a8 վանդակ կարող էր հասնել b6 վանդակից։ Հետևաբար վերջին քայլով սևերը a7 վանդակից տեղափոխվել են a8 վանդակ՝ վերցնելով սպիտակ ձին։

-Ճիշտ է,- ասաց Հոլմսը։
Հանկարծ նոր միտք ծագեց։

-Հոլմս, -հարցրի,-այս խնդրում պարտադի՞ր էր նշելը, թե որ կողմում են խաղում սպիտակները։

-Իհարկե,-պատասխանեց Հոլմսը։- Եթե այդ մասին չիմանայինք, հնարավոր էր և երկրորդ լուծումը՝ անցողիկ սպիտակ զիվորը փոխարինվել էր փղի։

Մի քանի րոպե հետո հարցրի․

-Հոլմս, ետվերլուծական բոլո՞ր խնդիրների լուծումներն են սկսվում դիտարկելով, թե որն է եղել վերջին քայլը։

-Օ՜, ոչ,-պատասխանեց Հոլմսը։- Շատ խնդիրներում հնարավոր էլ չի լինում որոշելը, թե որն է եղել վերջին քայլը։ Այնուամենայնիվ, հնարավոր է որոշել քայլ կամ քայլերի հաջորդականություն, որ այդ պարտիայում արվել են, բայց հնարավոր չի լինում որոշել, թե երբ են արվել, և դա խնդիրը լուծելու համար կարևոր էլ չէ։

-Կարո՞ղ եք այդպիսի օրինակ բերել,- հարցրի։

Հոլմսը մի ակնթարթ մտածեց և շարեց նկարում բերված դիրքը։

-Հարց՝ ո՞ր վանդակում է վերցվել սպիտակ թագուհին։

Դիրքին նայելով՝ այսպես էի մտածում

-Հոլմս, տեսնում եմ, որ սևերը կորցրել են թագուհին, երկու փղերը և ձին։ Կարելի է ասել, որ խաղաքարերից երկուսը վերցվել են սև զինվորների կողմից e6 և h6 վանդակներում։ Նրանցից մեկը d7 վանդակից վերցրել է e6 վանդակի խաղաքարը, իսկ մյուսը՝ g7 վանդակից՝ h6 վանդակինը։ Սպիտակ փղերից ոչ մեկը չէր կարող հայտնվել այդ վանդակներում, քանի որ c1 վանդակի փիղը փակված է b2 և d2 վանդակների զինվորներով, իսկ f1դաշտի փիղը՝ e2 և g2 վանդակների զինվորներով։

-Շատ լավ, Վաթսոն, -ընդհատեց Հոլմսը։-Ուրախ եմ, որ ինքնուրույն կարողացաք դա հասկանալ։

-Հասարակ բան է, թանկագին Հոլմս,-կատակեցի ես։- Բայց վախենում եմ, որ դատողություններս հետագայում շատ օգտակար չեն լինի։ Լավ, հիմա հասկանալի է, որ e6 և h6 վանդակներում վերցված խաղաքարերը թագուհին և ձին են։ Կնշանակի՝ թագուհին վերցվել է կամ e6 վանդակում կամ h6 վանդակում, բայց չեմ հասկանում, թե ինչու թագուհին չի կարող վերցված լինել այդ վանդակներից ցանկացածում, իսկ ձին՝ մյուսում։

-Շատ լավ,-ասաց Հոլմսը,- մի քանի հուշում կանեմ՝ հարցերի տեսքով։ Այսպիսի խնդիրները լուծելու կարևոր հնարքներից է ճիշտ հարցեր փնտրելը, որոնք պետք է ինքներդ Ձեզ տաք։ Այսպիսով՝ ո՞ր խաղաքարն է վերցվել b3 դաշտում։

-Ակնհայտ է, որ սև փիղը։

-Ո՞րն է այդ փղի սկզբնական հասցեն։

-Հասկանալի է, որ c8 վանդակը, քանի որ f8 վանդակի փիղը միայն սև վանդակներով է քայլում։

-Ճիշտ է։ Հիմա վճռորոշ հարցն է առաջանում։ Ո՞ր խաղաքարն է ավելի շուտ վերցվել․ սպիտակ թագուհի՞ն, թե՞ սև փիղը։

Պատասխան չեմ գտնում։

-Հարցը այլ կերպ ձևակերպենք։ Սպիտակ թագուհին վերցվել է նախքա՞ն b3 վանդակում սպիտակ զինվորի կողմից փիղը վերցնելը, թե դրանից հետո։

Նորից նայեցի դիրքին և սկսեցի հասկանալ։

-Սպիտակ թագուհին, — ասացի,- դաշտ է մտել a2 վանդակով, նշանակում է, որ զինվորը սկզբում վերցրել է b3 վանդակի խաղաքարը՝ ճանապարհ բացելով թագուհու համար։ Քանի որ զինվորը վերցրել է փղին, կնշանակի, որ փիղը վերցվել է թագուհուց առաջ։

-Ճիշտ է, -ասաց Հոլմսը։ -Մի՞թե սա չի լուծում խնդիրը։

— Չեմ տեսնում, թե ինչպես։

-Լավ, կարծում եմ, որ պետք է հետևյալ հարցը տամ։ Փիղը c8 վանդակից դուրս գալով b3 վանդակում վերցվել է նախքա՞ն e6 վանդակում եղած խաղաքարը վերցնելը, թե դրանից հետո։

— Սկզբում սև զինվորը վերցրել է e6 վանդակում գտնվող սպիտակ խաղաքարը՝ ճանապարհ բացելով իր փղի համար։

-Ճիշտ է, — ասաց Հոլմսը։ — Վաթսոն, հիմա Ձեր ձեռքին են խնդրի բոլոր մասերը։ Ընդամենը մնում է դրանք միացնել։

-Հիմա հասկանում եմ, -ասացի։ — Սպիտակ խաղաքարը е6 վանդակում վերցվել է նախքան սև փղի դուրս գալը և b3 վանդակում վերցվելը։ Հետևաբար սպիտակ թագուհին e6 վանդակում չի վերցվել։ Այլ խոսքերով, հերթականությունը հետևյալն է եղել․ սկզբում ձին վերցվել է e6 վանդակում, հետո սև փիղը դուրս է եկել և վերցվել է b3 վանդակում, հետո դուրս է եկել սպիտակ թագուհին, որն էլ եղել է h6 վանդակում վերցված խաղաքարը։ Այսպիսով, թագուհին վերցվել է h6 վանդակում։

-Շատ լավ է, Վաթսոն, — խրախուսելով ասաց Հոլմսը։ — Կարծում եմ, որ մի քիչ էլ փորձ հավաքելով կարող եք ետվերլուծություն անել։

Խմբագիր՝ Մարինե Ամիրջանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով