Կար ժամանակ, երբ կրթահամալիրը սովորողի խնդիր ուներ։ Կրթահամալիրի դասավանդողներն ամեն ինչ անում էին, որպեսզի դպրոց բերեին որքան հնարավոր է շատ սովորողների, քանի որ նրանց թվից էր կախված յուրաքանչյուր դասավանդողի աշխատել-չաշխատելու հարցը։ Հիմա փոխվել են ժամանակները․ կրթահամալիրն ու այլընտրանքային ծրագիրը տարեց տարի ավելի գրավիչ են դառնում հայաստանցու համար։ Սովորողների թիվը գնալով ավելանում է, դասավանդողների թիվը աճում։ Նոր սովորողները կրթահամալիր են բերում նոր դասավանդողների։ Ամեն տարի կրթահամալիր են դիմում նոր մասնագետներ։ Այդ մասնագետները, անցնելով կրթահամալիրում աշխատելու բոլոր կարգերը, ներառվում են կրթահամալիրյան կյանքում և հայտնվում սեբաստացիական միջավայրում։ Իհարկե, կրթահամալիրում դեռ չաշխատած մասնագետի համար շատ նորություններ կան դպրոցում։ Մուտքի, մանկավարժական ճամբարները, կամավորական աշխատանքը բավական չեն, որպեսզի մասնագետը յուրացնի այն ամբողջը, ինչ պահանջվում է իրենից։ Այստեղ էլ նրանց օգնության են հասնում մենթորները։ Մենթորները արդեն աշխատանքային փորձ ունեցող մարդիկ են, ովքեր օգնում են նոր ընդունված մասնագետին ներառվելու կրթահամալիրյան կյանքին։ Արդեն երկրորդ տարին է, որ ես մենթոր եմ աշխատում։ Ինչ է ինձ տվել և տալիս մենթորությունը, և ինչու եմ կարևորում և պատասխանատվությամբ մոտենում այս աշխատանքին։ Նախ՝ ուզում եմ, որ կրթահամալիր դիմած մասնագետն իրեն մենակ չզգա, «չվախենա» այն ամենից, ինչ նոր է իր համար։ Կարողանա հասկանալ, թե ուր է ընկել, ինչ են իրենից պահանջում, և աստիճանաբար «ընտելանա» կրթահամալիրյան կյանքին։ Կարողանա ներառվել և ինքնուրույն դառնալ։ Այս ամենին այսքան պատասխանատվությամբ եմ մոտենում, քանի որ ուզում եմ, որ կրթահամալիրը լավ դասավանդողներ ունենա, և նոր դասավանդողն էլ չձախողի։
Այս երկու տարիների ընթացքում շատ տարբեր են եղել այն մարդիկ, որոնց հետ աշխատել եմ։ Մարդիկ տարբեր են՝ տարբեր մտածելակերպով, տարբեր ընդունակություններով և աշխարհայացքով։ Յուրաքանչյուրի հետ գտնում ես աշխատելու տարբերակը, հասկանում, թե ոնց օգնես։ Այս ընթացքում հասկացա, որ տարբեր մարդկանց հետ տարբեր մեթոդներով ես աշխատում․ միշտ չէ, որ դիմացինդ նույնքան պատրաստ է աշխատել քեզ հետ, որքան դու ես պատրաստ։ Դու պետք է գտնես ձևը մարդկանց հետ հարաբերվելու, նրանց խորհուրդ տալու, օգնելու։ Այն մեթոդը, որ մի դեպքում գործում է, մեկ այլ դեպքում չի գործում։ Պետք է վերանայես մոտեցումներդ, հարմարվես դիմացինի մարդկային որակներին, արժեհամակարգին, կարողություններին և ցանկություններին։ Մեկին ավելի շատ ես օգնում, մյուսին՝ ավելի քիչ, մեկի հետ ավելի շատ ես քննարկում իրավիճակային հարցեր, մյուսի հետ՝ ավելի քիչ, մեկին կազմակերպչական աշխատանքով ես ավելի օգտակար լինում, մյուսին՝ բովանդակային։ Բայց բոլոր դեպքերում մենթորի աշխատանքը պարտավորեցնում է, որ դիմացինդ լինի քո աշխատանքային առօրյայի մի մասը։ Երբեմն դու ես ներխուժում նրա անձնական տարածք, երբեմն՝ նա քո։ Այնքան շատ է շփումը, որ ակամա դառնում եք ընկերներ՝ ուզեք, թե չուզեք։
Մարդկային շփում
Մարդկային շփումը շատ կարևոր է այս աշխատանքում։ Քանի որ աշխատանքային նոր միջավայրում մարդիկ հայտնվում են հասուն տարիքում, միշտ չէ, որ ստացվում է ընկերներ գտնել, հարմարվել, մտերմանալ։ Իսկ աշխատանքի սիրով գալու համար ոչ պակաս նախապայման է նաև միջավայրը, ընկերների գոյությունը, մարդկային շփումը։ Այս առումով կարևոր եմ համարում «ինձ վստահված մարդկանց» հետ շփվելը, այնպես եմ անում, որ իրենց լավ զգան, մտերմություն, ընկերություն ենք անում։ Հաճախ քննարկում ենք դպրոցում առաջացած խնդիրները, գործընկերային հարաբերությունները։ Փորձում եմ այնպես անել, որ մարդիկ իրենց միայնակ չզգան, չնեղվեն, շփվեն մյուսների հետ։
Բովանդակային աշխատանք
Շատ կարևոր է, որ նոր ընդունված մասնագետը բովանդակային առումով պատկերացնի, թե իրենից ինչ է պահանջվում, շատ հաճախ՝ ինչ պահանջներ ունի իր հետ աշխատող սովորողը։ Աշխատանքներն ու նախագծերը կազմելիս կարողանա բովանդակային առումով ապահով սովորողի պահանջները, հետաքրքրությունները բավարարող նյութեր առաջարկել նրան, հետաքրքրել, մոտիվացնել։ Կարողանա նախագծերում ներառել սովորողին հետաքրքրող բաղադրիչներ՝ ելնելով սովորղների կարիքներից, հետաքրքրություններից, պահանջներից։ Այս հարցերում օգնում ես նրան, քննարկումների արդյունքում պարզում, թե ինչ դժվարություններ են առաջանում, փորձում լուծումներ առաջարկել։
Կազմակերպչական աշխատանք
Ուսումնական գործընթացում պակաս կարևոր չէ կազմակերպչական աշխատանքը։ Ամենալավ նյութն ու նախագիծը կարող է ձախողվել վատ կազմակերպված լինելու պատճառով։ Շատ ենք քննարկում, թե դասարանում այս կամ այն նախագծի տարրերը ոնց պետք է կազմակերպել, այնպես անել, որ դասարանում չաշխատող սովորող չլինի։ Քննարկում ենք, թե կազմակերպչական ինչ գործիքակազմեր կարող են լինել և ինչպես դրանցով աշխատել։
Տեխնիկակական աշխատանք
Տեխնիկական խնդիրներ լինում են, բայց դրանք ամենահեշտ լուծվողներից են։ Քանի որ դասավանդողի համար ամեն ինչ նոր է, երբեմն տեխնիկական հարցերն էլ են բարդ թվում։ Դրանք բազմազան են՝ սկսած սովորողի համակարգչի անսարքությունից․․․
Մեթոդական աշխատանք
Մեթոդական խորհրդատվությունն ու օգնությունը երևի ամենահետաքրքիր մասն են աշխատանքի։ Այստեղ է երևում դասավանդողի ինքնատիպությունը։ Սիրում եմ, որ նրանք «բացահայտումների», ջանքերի գնով փորձում են ամենատարբեր միջոցներով աշխատել և աշխատեցնել սովորողներին։ Պակաս կարևոր չեն մեթոդական քննարկումները։ Քննարկումները, իրավիճակներին համապատասխան մանկավարժական լուծումներ փնտրել-գտնելը, որևէ հարցի մասին երկխոսելը գրեթե ամենօրյա աշխատանք են։ Միշտ լինում են դասարանում իրավիճակներ, որոնց լուծման համար մենթորի խորհուրդն ու փորձն է պետք լինում։
Աշխատանք դպրոցում
Դպրոցում աշխատանքը անընդհատ է՝ կա՛մ քեզ կցված ուսուցիչն է քո դասաժամին ներկա լինում, կա՛մ դու ես մասնակցում նրա դասաժամին։ Ազատ ժամերին միշտ միասին եք՝ քննարկում եք ամենատարբեր հարցեր, կազմում նախագծեր և այլն։
Առցանց, օնլայն աշխատանք
Եթե մենթոր ես, պետք է պատրաստ լինես օրը քսանչորս ժամ օգնության հասնելու նոր ուսուցչին։ Դպրոցում աշխատելուց բացի (երբեմն օրվա ընթացքում այնքան զբաղված եք լինում, որ չեք հասցնում որևէ հարց քննարկել) շատ հաճախ քննարկումները տեղափոխվում են առցանց հարթակ։ Էլեկտրոնային հասցեով, տարբեր սոցիալական հարթակներով եք շփվում, հարցեր ուղղում, խորհուրդներ, ուսումնական նյութեր փոխանցում։
Այս աշխատանքում շատ կարևոր է այն, որ մենթորը պետք է զգույշ լինի, որ օգնության ձեռք մեկնելուց չվերածվի «բռնակալի», իր կարծիքը թելադրողի։ Կարևոր է, որ քո «օգնությամբ» չվնասես նոր դասավանդողին, հնարավորություն տաս, որ ինքնադրսևորվի, նախաձեռնի, լուծումներ գտնի, ավելի շատ՝ ուղղորդես, ոչ թե ամեն ինչ պատրաստի հրամցնես։ Այս առումով քո ուղղորդումներն էլ պետք է նպատակային լինեն՝ թույլ տան, որ դասավանդողը ինքնադրսևորվի, կարողանա մտացածը նախագծի վերածել, կազմակերպել, համակարգել, այսինքն՝ քո տվածը պետք է ավելի շատ գործիքակազմը լինի, ոչ թե՝ նյութը։
Այսպիսով, մենթորի աշխատանքն ինձ համար սիրելի աշխատանք է։ Պատասխանատվությունը շատ մեծ է այստեղ։ Աշխատում եմ, որքան հնարավոր է շատ փոխանցել մարդուն, օգնել, այնպես անել, որ չհիասթափվի դպրոցից, մանկավարժությունից, այլընտրանքային մանկավարժության պահանջների բազմազանությունից, դժվարություններից։ Պակաս կարևոր չէ, որ ճիշտ ընկալի Բլեյանի մանկավարժությունը, տեսնի առավելությունները, հաղթահարի դժվարությունները։