Արդեն երկու տարի է, որ կրթահամալիրում լայնորեն կիրառվում է բլոգային ուսուցումը, և կայացած փաստ է այն, որ բլոգները՝ սովորողի, թե ուսուցչի, ուսումնական տարածքներ են, որտեղ արտացոլվում է յուրաքանչյուրի ուսումնական գործունեությունը:
Աշխատանքային փորձը ցույց տվեց, որ բլոգային ուսուցումն ունի բազմաթիվ առավելություններ: Փորձեմ ամփոփ ներկայացնել դրանք:
Ուսումնական նյութի հասանելիություն: Անկախ այն բանից, թե մարդը որտեղ է գտնվում, նրան միշտ հասանելի է բլոգում տեղադրված նյութը՝ դասավանդողի հանձնարարություն, թե սովորողի կատարած առաջադրանք: Սա թույլ է տալիս սովորողներին ու դասավանդողներին իրենց աշխատանքը կատարել որտեղ ասես՝ տանը, դրսում, ժամանցի որևէ վայրում…
Ուսումնական նյութերի համակարգվածություն: Մեդիաուսուցման պայմաններում սովորող, թե դասավանդող ստեղծում են տասնյակ նյութեր, որոնց մեջ, իհարկե, լինում են չհաջողվածներ, բայց ստեղծված նյութերի մեծ մասը հետաքրքիր է, օգտակար, ուսանելի և անհրաժեշտ է դա պահել՝ հետագայում օգտագործելու նպատակով: Ուստի կարևոր է դառնում այս նյութերի որտեղ և ինչպես պահելու հարցը: Բլոգն այս հարցում կարող է շատ լավ օգնական լինել, որովհետև թույլ է տալիս ոչ միայն իր մեդիատարածքում հարյուրավոր նյութեր պահել, այլև դրանք դասավորել, համակարգել և ներկայացնել՝ այդ կերպ հեշտացնելով այս կամ այն նյութը գտնելու գործը:
Ուսումնական նյութի ընտրության անսահմանափակ հնարավորություն: Ի տարբերություն հանրակրթական դպրոցների, որտեղ ուսուցման ընթացքում օգտագործվող նյութերի մեծ մասը տպագիր է և այդ կերպ՝ սահմանափակ, մեր կրթահամալիրում մենք ունենք ուսումնական նյութեր ընտրելու և օգտագործելու անսպառ հնարավորություն: Այս նյութերը ոչ միայն վերցվում են համացանցից, մեդիագրադարանից, մեր դասավանդողների, սովորողների բլոգներից, կրթահամալիրում ստեղծված և ստեղծվող ամսագրերից, այլև թարգմանվում են դասավանդողի և սովորողների կողմից: Շատ հաճախ նաև ուսումնական նյութեր ստեղծում են դասավանդողները՝ ելնելով ուսուցանվող նյութի բովանդակությունից և հիմնվելով սովորողների գիտելիքների ու կարողությունների վրա:Եվ սովորողների, դասավանդողների կողմից արվող այս թարգմանություններն ու ուսումնական նյութերը, տեղադրվելով նրանց բլոգներում, կարող են օգտագործվել նաև մյուսների կողմից:
Փորձի փոխանակման հնարավորություն: Ի տարբերություն հանրակրթական դպրոցների, որտեղ դասավանդողի ստեղծած նյութերը մնում են թղթի վրա և կարող են հասանելի լինել միայն սահմանափակ թվով մարդկանց, մեր կրթահամալիրում բլոգի միջոցով այն, ինչ ստեղծվում է, մշակվում կամ հավաքվում է, հասանելի դառնալով բոլորին՝ կրթահամալիրում աշխատող դասավանդողին, թե այլ դպրոցի ուսուցչին:
Բաց և թափանցիկ ուսուցում: Դասավանդողն իր ծրագրերը, նախագծերը, առաջադրանքները, հանձնարարությունները և ուսուցման արդյունքները տեղադրում է իր բլոգում՝ այդ կերպ հնարավորություն տալով ցանկացած մեկին, ով հետաքրքրվում է կրթահամալիրում իրկանացվող ծրագրերով կամ տվյալ դասավանդողի կողմից իրականացվող ուսումնական գործունեությամբ, ցանկացած պահի մտնել համապատասխան բլոգը և կատարել ուսումնասիրություն: Նման ուսումնասիրություն կարող է կատարել և՛ նախարարության աշխատակիցը, և՛ կրթահամալիրի վարչական անդամը, և՛ ծնողը, և՛ տվյալ բնագավառով հետաքրքրվող ցանկացած մարդ՝ խուսափելով ավելորդ լարումից և հնարավոր կեղծիքից:
Օբյեկտիվ գնահատման հնարավորություն: Ելնելով այն հանգամանքից, որ կրթահամալիրում իրականացվող ցանկացած դասընթացի ողջ ընթացքը տեսանելի է բլոգում, ուստի դյուրին է այս կամ այն դասավանդողի, սովորողի բլոգնը մտնելով՝ գնահատել նրա գործունեությունը՝ գրանցելով կատարած աշխատանքը, բացթողումները:
Հետաքրքիր են նաև սովորողների դիտարկումներն իրենց բլոգների և ընդհանրապես բլոգավարության վերաբերյալ՝ Տիգրան Գրիգորյան, Անահիտ Վերմիշյան, Կարեն Մարգարյան, Մարկ Հովհաննիսյան: Նրանցից գրեթե բոլորը բլոգը համարում են սեփական տարածք, ուրախ են, որ տիրապետում են բլոգն աշխատեցնելու մեդիագիտելիքներին, ուրախ են նաև, որ իրենց ուսուցիչներն են բլոգով աշխատում՝ այդ կերպ ուսուցումը դարձնելով ավելի մատչելի:
Ինչպես յուրաքանչյուր աշխատանք, այնպես էլ բլոգային ուսուցումը, սահմաններ չի ճանաչում և մշտապես առաջ գնալու, կատարելագործվելու հնարավորություններ ունի:
Խմբագիր՝ Մարիետ Սիմոնյան