Երբ փոքր էի, հաճախ էի մեծերից լսում «կյանքն առանց դժվարության անհետաքրքիր է» արտահայտությունը: Ամեն անգամ լսում էի ու զարմանում: Զարմանում էի, որովհետև չէի հասկանում ասածի իմաստը: Տարիներ հետո, ամեն անգամ, երբ հանդիպում եմ նոր դժվարության, հիշում եմ այդ խոսքերն ու հասկանում, որ դժվարությունները հաղթահարելով ենք ինքնավստահություն ձեռք բերում: Պայքարելու, պայքարից հաղթանակած դուրս գալու ձգտումն է մեզ ուժեղացնում: Ցանկացած դժվարության մեջ պետք է նոր հնարավորություն փնտրես: Երբ գտնես, իմացիր, որ հաջողությունն ապահովված է:
Կորոնավիրուսի պանդեմիայի «թեթև ձեռքով» առաջացած դժվարությունները չպետք է խոչընդոտ լինեն կարևոր աշխատանքը շարունակելու համար: Ֆիզիկական միջավայրի փոփոխությունը չպետք է խանգարի ուսումնական գործընթացի շարունակականությանը: Իրավիճակի թելադրանքով հեռավար-առցանց ուսուցման կազմակերպումն այժմյան իրականության կարևոր մասնիկներից մեկն է: Այն իր դրական և բացասական կողմերով կարելի է կայացած համարել: Փորձեմ դրական կողմերը նշել:
Այս իրավիճակը, ուսումնական գործընթացի այսպիսի կազմակերպումը հնարավորություն տվեց ծնողներին և երեխաներին իրար լավ ճանաչելու: Ընտանեկան դպրոցում նրանք են ուսուցչի պարտականությունները ստանձնում: Մենք՝ ուսուցիչներս, որպես օգնական-խորհրդատու ենք հանդես գալիս: Ընտանիքի ներգրավվածությունն ուսումնական գործընթացում նպաստում է սովորողի ուսումնական պաշարի հեշտ յուրացնելուն:
Ընտանիքի ներառմանը նպաստում է ծնող-ուսուցիչ-սովորող անմիջական կապը: Այդ համագործակցության արդյունքում ստեղծվում և իրականացվում եմ շատ հետաքրքիր նախագծեր: Ցանկացած դժվարություն միասին հաղթահարելը, սովորողին, ինչո՞ւ չէ, նաև ծնողին ոգևորելն ու միասին հաջողությունը տոնելը՝ արդեն մեծ ձեռքբերում է:
Ներկայացնում եմ եռակողմ համագործակցության արդյունքներից մեկը:
Գրում է Եվա Պապյանը. «Երբ տունը դառնում է դպրոց»
Ողջույն: Գիտենք, որ հիմա արտակարգ իրավիճակ է, և բոլորս տանն ենք: Դրա համար էլ ես որոշեցի մի փոքր ձեզ պատմել, թե ինչպես եմ անցկացնում իմ օրը տանը։ Գնացի՜նք: Առավոտյան արթնանում եմ, լվացվում եմ, մարզվում, թարմանում և պատրաստվում, որ
նախաճաշեմ: Նախաճաշից հետո բացում եմ համակարգիչս, ստուգում էլեկտրոնային փոստս, որ տեսնեմ օրվա առաջադրանքները: Հետո սկսվում է մեր տեսադասը, որից հետո արդեն սկսում եմ տնային հանձնարարությունները կատարել:
Որպեսզի օրվա ընթացքում շատ չձանձրանամ, օգնում եմ մայրիկիս, աշխատում եմ շատ ընթերցել: Կարդում եմ Ջանի Ռոդարիի, Հանս Քրիստիան Անդերսենի, Ղազարոս Աղայանի հեքիաթները. զատկական օրերին սկսեցի նաև Աստվածաշնչյան ընթերցումներս: Ասեմ, որ դրանք ինձ մեծ հաճույք են պատճառում: Գիտեմ, որ բոլոր երեխաներն էլ սիրում են հեքիաթներ ու պատմվածքներ կարդալ, այդ պատճառով որոշեցի հուշել նրանց, որ բացի հեքիաթներից կարդան նաև Աստվածաշունչ: Սուրբ Հարության տոնին՝ ընթերցելով Աստվածաշունչը, որոշեցի, որ այսուհետև պետք է շաբաթվա ընթացքում իմ հաղորդումներից մեկը նվիրեմ Աստվածաշնչյան ընթերցումներին: Ովքեր տեսանյութեր չեն էլ նկարում, խորհուրդ կտամ ընթերցել Աստվածաշունչ, որովհետև այն շատ հետաքրքիր է, գունեղ ու նկարազարդ: Եվ նաև կարծում եմ, որ բոլոր երեխաների գրապահարանում պետք է անպայման լինի մանկական Աստվածաշունչ, քանի որ այդ գրքի տեղն ուրիշ ոչ մի գիրք չի կարող գրավել:
Ընթերցելուց բացի, սիրում եմ նաև խաղալ ու զբոսնել: Ամենօրյա զբոսանքների ժամանակ չեմ մոռանում իմ սիրելի անվաչմուշկները: Մասնակցում եմ նաև սիրելի պարի պարապմունքներին: Երեկոյան մայրիկիս, հայրիկիս ու տատիկիս հետ խաղում եմ Մոնոպոլիա, Լոտո, Այլ կերպ:
Ուզում եմ ասել, որ ուղեղս մարզելու համար նաև մանկական խաչբառ եմ լուծում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, խանութ-խանութ եմ խաղում, որի ժամանակ ուրախ թվաբանություն եմ անում: Սիրում եմ նաև գեղեցիկ երաժշտություն ունկնդրել և նկարել:
Ընտանեկան դպրոցի օրերին բավականին ուսումնական տեսանյութեր եմ պատրաստել: Օրինակ՝ տատիկիս հետ աղվեսախաղ եմ խաղացել, միջինքի գաթա եմ թխել, հիգիենայի
ստուգատեսին եմ մասնակցել և պատմել կորոնավիրուսից պաշտպանվելու միջոցների մասին, մայրիկիս հետ խաղային ֆլեշմոբ եմ արել, խաղացել եմ սիրված «Կլաս » խաղը: Ակտիվ մասնակցում եմ բոլոր նախագծերին և ֆլեշմոբերին: Իմ հրապարակումներին կարող եք հետևել իմ բլոգում:
Չնայած զբաղված լինելուն, այնուամենայնիվ ինձ ինչ-որ բան պակասում էր: Նկատելով ձանձրույթս և լավ իմանալով հետաքրքրություններս՝ իմ դասվար ընկեր Մանուշակը ոգևորեց ինձ և առաջարկեց ստեղծել իմ սեփական հաղորդումների շարքը:
Իմ ընտանիքում հաճախ են լինում խոսակցություններ ստեղծագործելու, հոդվածներ և տեսանյութեր պատրաստելու մասին: Տեսնում եմ, թե ինչպես է լրագրող մայրիկս անընդհատ տարբեր նյութեր և հետաքրքիր հոդվածներ գրում: Գիտե՞ք, ես նաև հեռուստաընկերությունում եմ եղել, այսինքն՝ հայրիկիս աշխատավայրում, որտեղ տեսել եմ, թե ինչպես են նկարվում լուրերը, հաղորդումները, նույնիսկ, թե ինչպես են շպարվում հաղորդավարները եթերից առաջ և հայտնվում կախարդական հեռուստացույցի մեջ:
Ասեմ, որ տեսանյութերիս պատրաստման գործում ինձ օգնում է մայրիկս: Թեմաներն ընտրում եմ ես, քանի որ գիտեմ, թե ինչը կարող է հետաքրքրել ընկերներիս և հասակակիցներիս, գտնում ինֆորմացիան, գրում, որից հետո մայրիկս այն խմբագրում է և վերածում սցենարի: Շատ եմ սիրում սցենարից դուրս մեջբերումներ անել, որովհետև մայրիկս ասում է, որ դրանք նյութի աղն են, համն ու հոտը: Նկարահանումից հետո ես, մայրիկս ու հայրիկս դիտում ենք տեսանյութը և ընտրում ամենալավ կադրերը:
Հետևեք ինձ ԵՎԱ TV-ի եթերում:
Եվ հա, մի երազանք ունեմ, որպեսզի մի օր իմ հաղորդումները տեսնեմ արդեն հեռուստացույցի իրական էկրանին:
Վերջում ուզում եմ խոստովանել, որ չնայած զբաղված լինելուն, միևնույն է տանը ձանձրալի է: Կարոտում եմ դպրոցիս և դասընկերներիս և հույս ունեմ, որ շուտով նորից կհանդիպենք:
Սիրով՝ Եվա Պապյան
Գրում է Եվայի մայրիկ Դիանա Պողոսյանը.
Այս «նվնվան» օրերին, երբ բոլորիս վրա հաստ շերտով նստած է նոր թագավարակով վարակվելու վախը, սոցիալական ու հոգեբանական ճնշումը, համաձայնեք, որ դժվար է կենտրոնանալ ուսումնական գործընթացի անընդհատության, երեխաների դաստիարակության և կենցաղային շատ ու շատ մանրապճեղ գործերի վրա:
Բայց ծնողական բնազդն ու բարձր գիտակցությունը, մանկավարժական պարտքն ու հոգատարությունը, ինչպես միշտ, հաղթում են: Արդեն մեկ ամիս է, ինչ այդ բոլոր դերերը միանձնյա են, իսկ տուն և դպրոց հարթակները՝ մեկտեղված:
Հազիվ էինք յուրացրել ու մարսել առցանց-հեռավար ուսուցման կանոններն ու գործիքները, երբ տիար Բլեյանը հայտարարեց ընտանեկան ուսուցման մեկնարկի մասին: «Բայց… ախր ո՞նց»՝ հաստատ անցավ բոլորի մտքով, վստահ եմ, նույնիսկ այն մանկավարժների, որ նաև Սեբաստացի սովորողի ծնող են:
Բայց դե մեր ազգին բնորոշ հատկություն է՝ դժգոհելու, բողոքելու և համախմբվելու միաժամանակյա գործընթացը: Անցյալ շաբաթ զատկական եռուզեռի մեջ էինք՝ դիմակի «աչքի պոչով» ձուկ էինք որսում, չամչի ու ձվի տրամագիծը հաշվում, ձեռնոցներով՝ անզգայաբար մրգի ու բանջարեղենի որակը ստուգում: Երեխաներն էլ այդ ամենին հետևում էին՝ լուսանկարելով, երգելով ու նկարելով: Մենք՝ հայերս, սիրում ենք (բարեբախտաբար) Սուրբ Զատիկն անթերի տոնել, չէ՞ որ Քրիստոս Հարություն առավ մեր բարօրության համար…
Արտակարգ դրության պայմաններում Եվան դարձավ արտակարգ քնկոտ: Քանի որ տեսադասերն էլ կեսօրից շուտ չեն, շտապելու տեղ չկա: Բայց նախորդ շաբաթ կրկին շուտ արթնանալը դարձավ սովորույթ, քանի որ հասցնել էր պետք նաև ընտանեկան դասացուցակի դասերը պատրաստել: Օրվա առաջին կեսը բնակարանը որևէ նախարարության աշխատասենյակ կամ նկարահանման հրապարակ էր հիշեցնում՝ համակարգիչների կտկտոց, թղթերի ու գրքի թերթերի սվսվոց, անընդհատ հնչող «Камера! Мотор!»: Իսկ արդեն երեկոյան՝ ամեն ինչ խաղատան կանոններով՝ խաղադրույքներ, հաշվարկներ, էմոցիաներ, հաղթողներ ու պարտվողներ:
Հիմա մտածում եմ, որ այս չարաբաստիկ վարակը երևի բոլորիս էլ մի փոքր պետք էր: Մի հարկի տակ ապրելով՝ չէինք ապրում իրար հետ ու իրարով, չէինք նկատում՝ ինչպե՞ս է փոխվել յուրաքանչյուրիս ձայնն ու ծիծաղը, ինչպիսի՞ն են տխուր և ուրախ դեմքերս, ինչի՞ կարիք ու ավելցուկ ունենք: Ես անչափ հոգատար, բայց և խստապահանջ մայր եմ, գուցե վատ է, բայց չեմ հանդուրժում անլիարժեքություն, իսկ այս օրերին, աղջկաս հետ դառնալով աշակերտ, հիշեցի, որ ինքս էլ ոչ վաղ անցյալում աշակերտ եմ եղել՝ մի քիչ ալարկոտ, մի քիչ անհավես և շա՜տ քմահաճ:
Հարգանքով՝ Դիանա Պողոսյան
Որպես վերջաբան՝ ուզում եմ մեջբերել Գ.Մարկեսի իմաստուն խոսքերից մեկը՝ «Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է:» Օգտվեք ստեղծված հնարավորությունից: Գտեք սովորելու, ինքնակրթվելու Ձեր տարբերակը, որովհետև կյանքը շարունակվում է:
Մենք գտանք նոր հնարավորություն՝ ուսումնական պրոցեսը շարունակելու, համոզված եմ, որ մեր հաջողությունն ապահովված է:
Խմբագիր՝ Տաթև Աբրահամյան