Ճամփորդելը, սար ու ձորում գիշերելը, դժվարություններ հաղթահարելը փոքրուց արյանս մեջ են: Ինչ ինձ հիշում եմ, ճամփորդում եմ: Ծնողներս երկրապահ-ուսուցիչ-արշավորդներ են եղել, արշավելը` ապրելակերպ: Միշտ պատրաստ էի ամեն ինչի, «չեմ կարող »արտահայտությունը գոյություն չուներ ինձ և եղբայրներիս համար. այդպես էին դաստիարակել ծնողներս, հատկապես` հայրիկս: Արշավային ու սարահոտ ամռանը հաջորդում էին դպրոցական օրերը: Չէի սիրում դպրոցը. դաշտերից և սարերից հետո դպրոցական օրերն անտանելի էին: Մայրս դպրոցի հաշվապահն էր, մորաքույրս` կազմակերպիչը: Ամռան ազատ օրերին էլ դպրոցի բակում բույսերն էի խնամում, օգնում էի պահակին. ինձ համար կրթությունը սա էր: Դասընկերներիցս շատերը բակում չէին աշխատում` պատճառաբանելով, որ ծնողները չեն թողնում (մոռացա նշել, որ ծնվել եմ Արարատի շրջանի Ավշար գյուղում): Զարմանում էի: Կրթահամալիրում հայտնվելուց հետո համոզվեցի, որ կրթության մասին իմ պատկերացումները ճիշտ էին: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կամավոր աշխատանքի անցնելուց հետո երջանկությանս սահման չկար: Բակում երկար աշխատում էի. ցանկանում էի հողից սերս հանել: Չէի պատկերացնում, որ սրտումս պահած դպրոցը գոյություն ունի: Ա՜յ քեզ զարմանք, սովորղները, ուսուցիչները, ծնողները, բոլոր-բոլորը` անգամ ծրագրի ղեկավարը, դպրոցի բակում աշխատում էին: Ահա իմ երազած` հենց դպրոցի բակից սկսվող իսկական կրթությունը:
Դեռ գյուղում ապրելու տարիներին, երբ հողից հաց էինք ստանում, մտածում էի արտադրական կրթության մասին: Մտածում էի` ինչու դպրոցներում չի կարող ուսուցումը նաև այս ուղղությամբ ընթանալ. չէ՞ որ հետագայում սա է դառնում բնակչության մի մասի ապրուստի միջոց: Կրթության մեջ այն շատ կարևոր է: Սովորողները պետք է ոչ միայն «տիրապետեն» իրացման կանոններին, այլ նաև պետք է կարողանան կիրառել դրանք: 2019-2020 ուսումնական տարվա աշնանը Միջին դպրոցի դասավանդողների և սովորողների համար արտադրական կրթության փորձարկման շատ լավ հնարավորություն ստեղծվեց: Կրթահամալիրը գնել էր 1 տ 450 կգ արքայանարինջ, որից 200 կգ-ը տրամադրեց Միջին դպրոցին: Շատ արագ գրեցի «Չրատոն − չրատուն» նախագիծը , և մեծով-փոքրով սկսեցինք փորձարկել չիր պատրաստելու տեխնոլոգիան: Աշնան մանկավարժական դպրոցն էլ լավ շրջան էր այս աշխատանքներն իրականացնելու համար: Օրեր անց բոլորս հմտացանք այս գործում: Դասավանդող-սովորող ուսումնասիրեցինք արքայանարնջից չիր պատրաստելու տարբերակները և գտանք ճիշտ եղանակը: Միջին դպրոցի ջերմոցն էլ կարծես միրգ չորացնելու համար ստեղծված լիներ` տաք և արևոտ:
Ինչ է պետք արքայանարնջի չիր պատրաստելու համար.
· միջին չափի խուրմաներ
· կախիչներ
· ամուր թել
Պատրաստման եղանակը
· Հարկավոր է ընտրել միջին չափի արքայանարինջներ (մեծերը ուշ կչորանան): · Հարկավոր է շատ բարակ կեղևահանել միրգը (ինչո՞ւ բարակ, որովհետև մրգերի վիտամինների մեծ մասը կեղևի տակ է):
· Կեղևահանելուց հետո թելով կապկպել միրգն այնպես, որ կախելուց չպոկվեն:
· Հարկավոր է չորացնել զով տեղում: · Ուշադիր լինել, որ արքայանարինջները իրար չկպչեն:
· Երկու օրը մեկ հարկավոր է ձեռքի ափով տրորել պտուղը, որպեսզի չորանալուց հետո փափուկ չիր ստացվի:
· Երբ սկսում է չորանալ, պտղի միջի շաքարը փոշու տեսքով դուրս է գալիս չրի մակերես:
· Հավաքել և պահել կտորից տոպրակների մեջ:
Միջին դպրոցի սովորողները չիր պատրաստելու գործում բավական հմտացան և իրենց փորձը փոխանցեցին ընկերներին: Տեխնոլոգիայի և բույսերի և կենդանինեի խնամքով զբաղվող ընտրությամբ խմբի սովորողները շատ արագ և հեշտությամբ կեղևազրկեցին և կախաններ ստեղծեցին, որոնք էլ իրենց տեղը գտան ջերմոցում: Չրի արտադրությունը հետաքրքրեց շատ սովորողների և ուսուցիչների և դարձավ ուսումնական այլ առարկաների համար ուսումնասիրության նյութ «Սարալանջ» ռադիոն է պատմում արքայանարնջի չրի պատրաստման գործընթացի մասին, մաթեմատիկայի դասաժամերին սովորողները չափումներ իրականացրին, որի արդյունքում պարզվեց, որ միջին չափի մեկ հատ արաքայանարնջի կշիռը մոտավորապես 350-400 գրամ է, այսինքն` 200 կգ-ում մոտ 500 հատ արքայանարինջ կա, տես հաշվարկը՝ 200×1000=200000 գ 200.000:400=500 հատ միջին չափի արքայանարինջ:
5 կգ մաքրելուց հետո, սովորողները նորից կշռեցին մաքրած արքայանարինջները, և տեսանք, որ կեղևից կես կգ կուրուստ ունեցանք, չորանալուց հետո թաց զանգվածի 70 տոկոսը անհետանում է: Մեկ ամիս անց չիրը պատրաստ էր. շաքարը փոշու տեսքով նստեց չրի վրա, սովորողները կախանները իջեցրին և թելից առանձնացնելուց հետո շարեցին արկղերի մեջ:
Արքայանարնջի չրի պատրաստմանը զուգահեռ սկսեցինք պատրաստել խնձորի և գազարի չիր: Սկզբում գազարի չիր պատրաստելու մասին տեղեկություններ փնտրեցինք համացանցում, բայց, նյութեր չգտնելու պատճառով, ես իմ փորձը փոխանցեցի սովորողներին և գործընկերներիս:
Գազարի չրի բաղադրատոմսը.
· 2 կիլոգրամ գազար
· 2 բաժակ ջուր
· 1 կիլոգրամ շաքարավազ
· 1 հատ կիտրոն
. 1 տուփ վանիլին
Պատրաստման եղանակը
Շաքարաջուրը եռացնել, ավելացնել կիտրոնը և վանիլինը, ապա ավելացնել կտրատած գազարը, լավ եռացնել և թողնել, որ սառչի: Քամելուց հետո շարել, որ չորանա, ապա հավաքել և պահել սառը տեղում: Սովորողները մեծ սիրով և հաճույքով սկսեցին պատրաստել գազարի չիր:
Չորացած և պատրաստի չրերը փոքր չափերով սովորղները իրականացրեցին վաճառ, իսկ մնացածը զարդարեցին կրթահամալիրում իրականացվող ծեսերի սեղանները և Ագարակի տաղավարը:
Հատկանշական է և կարևոր, որ արտադրական ուսուցումը սահուն կերպով մտավ նաև ընտանեկան դպրոց: Սովորողներն ուսումնասիրեցին կաթից մածուն և պանիր ստանալու տարբերակները: Որպես մանկավարժ`այս գործում կարևորում եմ գործնական աշխատանքի շնորհիվ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները, որոնք սովորողը հետագայում կկարողանան կիրառել տարբեր իրավիճակներում:
Արտադրական ուսուցման շնորհիվ սովորողները կարողանում են տեսական գիտելիքները գործնականում կիրառել, ձեռք են բերում մասնագիտական զարգացում և փորձ:Կարևոր և առաջնային ձեռքբերում է նաև այն, որ սովորողը ժամանակի հոսքի մեջ կարողանա ճիշտ օգտագործել իր ստացած հմտությունները: Այս փորձը նրան կարող է նաև հետագայում օգնել մասնագիտության ընտրության կողմնորոշման հարցում:
Խմբագիր՝ Արևիկ Ներսիսյան