եռավար-առցանց ուսուցումը մեզ համար սովորական, ոչ խորթ վիճակ է։ Կրթահամալիրը շարունակում է իր հեռավար բնականոն ուսումնական գործունեությունը։ Այս՝ զատկական շաբաթների ընթացքում սովորողներին առաջարկեցինք ունենալ իրենց անհատական աշխատանքային պլանները, ինչպես մանկավարժական աշխատողներինն է։ Պիտի երևա սովորողի ինքնուրույնությունը․ չէ՞ որ նա է իր կրթության հեղինակը, չէ՞ որ այժմ առավել, քան երբևէ գործ ունենք ընտանեկան դպրոցի հետ։ Եվ այսպես՝ ըստ ապրիլյան օրացույցի՝ առաջին պլանում սովորողն է՝ իր հեղինակած անհատական աշխատանքային պլանով, որն ունի չորս կարևոր բաղկացուցիչ՝
- ապրիլի ուսումնական օրացույցով ընտանեկան նախագծեր,
- ընտանեկան ուսումնական գործունեություն, ընտանեկան աշխատանք, որոնք ընտանիքով են որոշում, և շատ կարևոր է, որ նկարագրվեն, հրապարակվեն,
- հեռավար-առցանց ուսուցման ծրագրով ուսուցչի հրապարակած առաջադրանքները, առցանց պարապմունքները,
- սովորողի ինքնակրթությունը՝ ինչ է կարդում, գրում, լսում, դիտարկում, ուսումնասիրում՝ օգտագործելով իր ընկերների, ուսուցիչների բլոգները, մեդիագրադարանը։
Ընտանեկան ուսուցումը ուսումնական գործունեության այս ժամանակահատվածում կարող է շատ օգնել, քանի որ շատերն այսօր տանն են, ավելի շատ ժամանակ են անցկացնում սովորողի հետ, օգնում մտքերով, խորհուրդներով, աշխատանքով, ներգրավվում զանազան ուսումնական նախագծերում, հեղինակում դրանք և այլն։ Այս դեպքում երեխայի հիմնական և անմիջական ուսուցիչը դառնում է ծնողը, իսկ ավելի երկրորդային՝ օգնողը, հուշողը, խորհրդատուն՝ ուսուցիչը։
Սովորողի աշխատանքային պլանի առաջին բաղադրիչում ուսումնական օրացույցով նախատեսված նախագծերն են։ Կրթահամալիրի ապրիլյան օրացույցով սկսում ենք «Զատիկ» նախագիծը, որն այս տարի ամբողջովին ընտանեկան է։ Սովորողները ներկայացնում են ընտանեկան զատկական հորինուկներ, երգեր, զատկախաղեր, ձայնագրություն, տեխնոլոգիա, կերպարվեստ, ածիկացան, խոհանոց, ազգային խաղեր, ծառզարդար և այլն։ Սովորողներն իրենց աշխատանքներով ցույց են տալիս մի շարք հմտությունների ու կարողությունների՝ բանավոր և գրավոր խոսքի, ստեղծագործական երևակայության, հաղորդակցական կարողությունների զարգացում, ասել է թե՝ իսկական ընտանեկան կրթություն՝ ընտանեկան տոնի և նրա բաղադրիչների ուսուցմամբ։
Սովորողի աշխատանքային պլանի երկրորդ բաղադրիչը որոշվում է ընտանիքով, ընտանիքում։ Քանի որ սովորողը տանն է՝ իր հարազատ միջավայրում, ավելի հեշտ է ընտրում՝ ինչի մասին է ուզում խոսել, պատմել, ներկայացնել, ինչպես, ինչ ձևաչափով։ Ընտանեկան ուսուցիչն այստեղ ծնողն է, քույրը, եղբայրը, բարեկամը։ Սովորողն է ազատ է իր գործունեության մեջ. չկա ոչ մի պարտադրանք, կան ուղղորդումներ, հուշումներ, աջակցություն։ Այս մեկշաբաթյա ընտանեկան ուսումնական գործունեության ընթացքում ընտանիքներն իրենց սովորողների հետ ստեղծել են տարատեսակ նախագծեր, որոնք ներառում են տարբեր ուղղություններ՝
- խոհանոց,
- ազգային խաղեր,
- երգ,
- դաշնամուրային կատարում,
- ինքնաշեն սարքի ստեղծում,
- զբոսանք,
- ընթերցանություն,
- հողագործություն,
- տեխնոլոգիա,
- մաթեմատիկա,
- շրջակայի խնամք,
- ընտանեկան ռադիո,
- մարզանք շնիկի հետ։
Աշխատանքները սովորոողները ներկայացնում են տարբեր կերպ՝ պատումով, ձայնագրությամբ, տեսանյութով։
Աշխատանքային պլանի երրորդ բաղադրիչը ուսուցչի՝ որպես յուրաքանչյուր սովորողի զրուցավար-խորհրդատուի առցանց մասնակցությունն է ընտանեկան ուսուցմանը։ Նա, պարբերաբար տեսակապի մեջ մտնելով սովորողի հետ, լրացնում է ծնողին, օգնում անհրաժեշտ դիտարկումներով, ուղղորդումներով, մեկնաբանություններով, ուսումնական նյութերով։ Ուսուցիչը, սակայն, չի սահմանափակվում միայն իր այդ գործառույթով։ Նա շարունակ փնտրում է նոր գործիքներ, ստեղծում նոր նյութեր ինքնակրթվում։ Իմ մեկշաբաթյա գործունեության ընթացքում փորձել եմ բացի ուսումնական նյութի վերլուծություն-քննարկումից ներառել նաև ուսումնական գործունեության այլ ձևեր՝ սովորողի օրն ավելի բազմաբովանդակ դարձնելու նպատակով։ Շաբաթվա սկզբին որոշեցի փորձնական նամակ ուղարկել. «Ո՞վ է ուզում ինձ հետ լոտո խաղալ»։ Չանցավ մի քանի րոպե, ու… նամակների տեղատարափ՝ ես, ես, ես…Միասին իրականացրինք առցանց-հեռավար խաղեր տեսակապով, իսկ սովորողները խաղին մասնակցեցին ինքնաշեն խաղաքարտերով։
Խաղացինք նաև «Այլկերպ» խաղը։ Սովորողները պիտի կարողանային այլ կերպ բացատրել այն բառերը, որոնք ուղարկել էի նախապես նրանց էլեկտրոնային հասցեներին։
Խաղով ուսուցումը ամենամեծ հրճվանքն պարգևում սովորողին։
Աշխատանքային պլանի չորրորդ բաղկացուցիչը սովորողի ինքնակրթությունն է՝ ի՞նչ է կարդում, գրում, լսում, դիտարկում, ուսումնասիրում՝ օգտագործելով համացանցը, ուսուցչի, սովորողների բլոգները։ Նշեմ, որ սովորողներին շատ է դուր եկել առցանց ներկայացումներ դիտելը, առցանց թանգարաններ այցելելը, ինչի մասին նրանք սիրով գրում են բլոգներում և խորհուրդ տալիս բոլորիս։ Կարդում են գեղարվեստական ստեղծագործություններ, լսում գեղեցիկ երաժշտություն, ստեղծագործում բլոգում, ինքնակրթվում։
Չմոռանամ նշել, որ ինքնակրթության հրաշալի տարբերակ է նաև սովորողի օրագիրը, որտեղ նա ներկայացնում է ինքն իրեն՝ իր հույզերով, զգացմունքներով, մտորումներով, դիտարկումներով, դժգոհություններով, առաջարկություններով ու ցանկություններով։ Ճիշտ է, սկզբում դժվար էր սովորեցնել գրել այն ամենի մասին, ինչ մտածում են։ Զրույց-քննարկումների ժամանակ բոլորը ակտիվ քննարկում են, վերլուծում՝ իրար հերթ չտալով, բայց երբ գործը հասնում է գրելուն, մի պահ լռություն…Սակայն սովորողները բավականին արագ հաղթահարեցին այդ «արգելքը», և հիմա մեծ մասամբ ավելի ակտիվ են վարում իրենց բլոգները, ազատ են և անկաշկանդ։
Սովորողի օրինակին փորձում են հետևել նաև ծնողներն իրենց դպիրյան ընթերցարանի ընտրանիով, որոնք տարածում են նաև սոցցանցերում։
Ահա այսպիսի ընտանեկան ուսումնական շաբաթ ստացվեց, իսկ առջևում նոր շաբաթն է՝ նոր ակնկալիքներով, նոր մեդիագործիքների բացահայտումով ու կիրառությամբ։
Խմբագիր՝ Մարինե Ամիրջանյան