Արդեն տասը տարուց ավել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցումը կազմակերպվում է նաև ճամբարների միջոցով: Ուսումնական տարին բաժանված է չորս շրջանների. սեպտեմբերից դեկտեմբեր՝ առաջին շրջան, հունվար՝ երկրորդ, փետրվարից մայիս՝ երրորդ շրջան և հունիս՝ չորրորդ շրջան: Երկրորդ և չորրորդ շրջանների ուսուցումը ճամբարային է, որը շատ հագեցած է տարբեր ստուգատեսներով, փառատոններով, ճամփորդություներով, համագործակցային և այլ նախագծերով: Ճամբարը ուսումնական պլանով նախատեսված պարտադիր ուսումնական գործունեություն է, որին մասնակցում են կրթահամալիրի դասավանդողներն ու սովորողները, կարող են միանալ նաև երեխաներ այլ հանրակարթական դպրոցներից, այլ երկրներից տարատարիք սովորողներ, քանի որ մեր ճամբարները բաց են բոլորի համար:
Ուսումնական ճամբարը հեղինակային կրթական ծրագրի իսկական ձեռքբերում է, կարևոր մանկավարժական շեշտադրում, մեր մանկավարժության մեջ ուսումնական գործունեությունը կյանքի կոչելու, ցուցադրելու, տարածելու կարևորում: Ճամբարները սովորողի համար ինքնադրսևորման, ճանաչողական, զարգանալու, կրթահամալիրի ընձեռած հնարավորությունները գործնականում գնահատելու ու տարբեր գործունություններով զբաղվելու հնարավորություն են ընձեռում։
Դա հեշտացնում է նաև դասավանդողի գործը. ճամբարն իրական հնարավորություն է սովորողին ավելի լավ ճանաչելու, ավելի ազատ շփվելու, ընկերանալու, միասին ապրելու համար, քանի որ ճամբարը ջնջում է ուսուցիչ-սովորող կապը, և նրանք դառնում են ջոկատավար ու ճամբարական, որոնք անընդհատ զբաղված են միասին նորը ստեղծելու, խաղալու, երգելու, պարելու, քայլելու, զրուցելու սիրելի աշխատանքով: Կա՞ ավելի լավ ու հեշտ եղանակ իրար ճանաչելու: Ես միայն այս մեկը գիտեմ…
Տարիների ընթացքում ճամբարի կազմակերպման ձևերն ավելի հստակ դարձան իրենց բաղադրիչներով: Նախագծերն իրարից տարբերվող դարձան, հետաքրքրություններն ու հավեսը շատացան, ու ճամբարը դարձավ ամենասպասված շրջանը թե՛ սովորողի, թե՛ դասավանդողի համար: Ճամբարը հետաքրքիր և մինչև վերջ ուսումնական դարձնելու գործում այնքան ենք հմտացել, որ մեծ սպասումով ու հաճույքով ենք իրականացնում, իսկ ճամբարականները թելադրում են իրենց պահանջները, որը շատ է օգնում իրական, հավեսի ճամբար կազմակերպելու հարցում: Ճամբարային շրջանը սկսելուց առաջ նախօրոք մեր մեդիահարթակներում հրապարակում ենք ճամբարային նախագծերը՝ ըստ օրերի, օրվա աշխատանքն՝ ըստ ժամերի, որտեղ հստակ երևում են գործունեության տարբեր ձևերը, նախագծի խնդիրներն ու նպատակները, նկարագրված է լինում նաև ընթացքն ու ակնկալվող արդյունքները: Պարզ է, որ նախագիծը կարող է փոփոխվել ու տարբեր ձևակերպումներ ստանալ, բայց հիմնական գործունեություններ պարունակող բաղադրիչները պետք է լինեն հստակ և հրապարկված: Ճամբարի հիմնական բաղադրիչներն են.
- Մասնակցություն ստուգատեսներին (Դիջիտեք, Բնագիտատեխնիկական, Մարզական, Ազգագրական, Երաժշտական և այլն),
- Սովորող-սովորեցնող նախագծեր, տարատարիք խմբային աշխատանք,
- Մարզական պարապմունքներ՝ բակային խաղեր, լող(բացօթյա և փակ լողավազաններում), հեծանվավարություն, սահնակ, դահուկ, չմուշկ և այլն,
- Մեդիահմտություններ. բլոգուսուցում,
- Տեխնոլոգիա, խոհանոցային գործունեություն,
- Բնագիտական աշխատանքներ, փորձեր, ռոբոտաշինություն,
- Ազգային երգ-պար, ազգային խաղեր,
- Միջավայրի խնամք,
- Ընթերցանություն,
- Ժամանցային, զարգացնող խաղեր, կինոդիտումներ,
- Ծեսեր,
- Միասնական քայլք, ճամփորդություններ,
- Գիշերակացով ճամբարներ:
Ձմեռային ճամբարը սկսում ենք անմիջապես Ամանորից հետո՝ ամփոփելով ուսումնական տոնական օրերը, ներկայացնելով ընտանեկան նախագծեր, տոնական քաղաքը ներկայացնող նյութեր, զրույցներ, տոնի մասին ավանդույթներ, շնորհավորանքներ, մեդիաբացիկներ:
Այնուհետև սահուն անցում ենք կատարում դեպի մեր կրթահամալիրյան ստուգատեսներ. Դիջիտեք, Բնագիտատեխնիկական և Մարզական, Ազգագրական, որտեղ յուրաքանչյուրը ներկայանում է տարվա իր ձեռքբերումով, լավագույն նախագծով, խմբային կամ անհատական աշխատանքներով: Դասարանում միասին նայում ենք մեր տարվա աշխատանքի արդյունքում ստեղծված նյութերը, քննարկում աշխատանքը, թերությունները շտկում, ընտրում լավագույնները և հայտագրվում: Ստուգատեսն ամփոփում ենք դդմածեսով:
Բացի ստուգատեսներին մասնակցելուց Ձմեռային ճամբարի լավագույն բաղադրիչն են բակային խաղերը, եթե բախտներս բերի և տարին ձյունառատ լինի՝ սահնակն ու դահուկը, չմշկասահքը: Դե իսկ մյուս՝ տեխնոլոգիական, բնագիտական, խոհանոցային, ժամանցային, խաղ-երգ-պարային, համերգային բաղադրիչները սահուն փոխարինում են մեկը մյուսին՝ հետաքրքիր դարձնելով օրվա յուրաքանչյուր րոպեն:
Ի տարբերություն Ձմեռային ճամբարի՝ Ամառային ճամբարը հիմնականում կազմակերպվում է մեր խնամված, կանաչապատ բակում և ամառային լողափում: Առավոտյան ընդհանուր պարապմունքը սկսում ենք բակում՝ միասին երգում, պարում, խաղում: Բակի տարբեր հատվածներն ու դասարան լաբորատորիաներն օգտագործում ենք տարբեր գործունեություններ իրականացնելու համար: Օրինակ՝ պարտեզների ներքին բակերում ընթերցանության ժամ ենք ունենում, տարբեր քննարկում-խաղեր ենք կազմակերպում, նկարում ենք: Ավազե հրապարակում ազգային, բակային խաղեր ենք խաղում, ամառային լողափում լողում, լողափնյա խաղեր ենք խաղում, ճաշում: Շատ ենք քայլում նաև մեր կրթահամալիրի Բանգլադեշում, էկոաշխատանքներ ենք կազմակերպում, քայլում ենք նաև Երևանի տարբեր փողոցներով, թաղերով, ճանաչում մեր քաղաքը, մեր շրջապատը և բնակիչներին:
Հուսով եմ՝ կարողացա ճիշտ ու հետաքրքիր ներկայացնել մեր ճամբարներն իրենց բաղադրիչներով, սովորողին և ուսուցիչին փոխանցվող հավեսով, ոգևորությամբ:
Ձմեռային ճամբարը նոր է ավարտվել, բայց մենք սպասում ենք մեր հերթական ամառային ճամբարին, որի բաղադրիչները ներկայացված են ստորև.
- մանկական լողափնյա ճամբարներ 6-10 տարեկանների համար,
- պատանիների ճամբարներ,
- «Մուտք կրթահամալիր» ճամբարներ,
- պատանեկան աշխատանքային ճամբարներ,
- Սևանի «Ժայռ»-ում ընթերցողական-հայրենագիտական-բնապահպանական-ռազմամարզական բաց ճամբար,
- արշավախմբային դաշտային բացօթյա մոբիլ դպրոց (դաշտային ճամբարներ),
- Արատեսի ռազմամարզական ճամբար,
- մասնակցություն Արցախի «Ասպետ» ճամբարին,
- մասնակցություն Իզմիրի տիեզերագիտական ճամբարին,
- մասնակցություն միջազգային ճամբարներին:
Կրթահամալիրում կազմակերպվող ճամբարները բաց են տարատարիք սովորողների համար՝ անկախ ազգությունից և հետաքրքրությունների շրջանակից:
Սիրով սպասում ենք բոլորին:
Խմբագիր՝ Տաթև Աբրահամյան