Աշխատում եմ կրտսեր դպրոցում, այդ պատճառով էլ կարևորում եմ ձևավորող գնահատումը։ 1-3-րդ դասարաններում գնահատումը կատարվում է սովորողի զարգացման աճի բնութագրումով, որն ինքնին ձևավորող գնահատում է, բոլոր դասվարները և առարկայական դասավանդողները նույն մոտեցմամբ են աշխատում։ Չորրորդ դասարանում և մինչև հինգերորդ դասարանի երրորդ ուսումնական շրջանը գնահատումը նույնպես ձևավորող է, և յուրաքանչյուր դասավանդող ինքն է ընտրում ձևավորող գնահատման իր մոտեցումները։ 2023 թվականին առաջին անգամ մշակեցի չորրորդ և հինգերորդ դասարանների ձևավորող գնահատման դրույթները՝ ըստ նոր չափորոշիչների և հեղինակային կրթական ծրագրի պահանջների։

Իսկ ինչպե՞ս է կատարվում ձևավորող գնահատումը այլ երկրներում՝ ինչ չափանիշներ են հաշվի առնվում, ինչպես է կարևորվում ձևավորող գնահատումը։ Ինձ հետաքրքրում էին հատկապես այլ երկրներում աշխատող ուսուցիչների տեսակետները, աշխատանքային փորձի նկարագրությունը։ Այդպիսի հնարավորություն է տալիս ամերիկյան edutopia.org  էլեկտրոնային մանկավարժական ամսագիրը, որտեղ հրապարակվում են ուսուցիչների առաջադեմ փորձը նկարագրող հոդվածներ։ Հետաքրքիր է՝ ես կգտնե՞մ այնտեղ ձևավորող գնահատման այնպիսի մոտեցումներ, որոնք կիրառելի կլինեն իմ աշխատանքում։

2019-ի ապրիլի 26-ին edutopia.org ամսագրում հրապարակվեց Լաուրա Թոմասի «Ձևավորող գնահատման արագ ձևերը – Fast Ways to Formative Assessment» հոդվածը, որտեղ նա ձևավորող գնահատման մի քանի գործառույթ է առաջարկում։

Exit Slips — Ելքի սայթաքումներ – Որևէ թեմա ուսուցանելուց հետո Լաուրա Թոմասը իր սովորողներին 4-5 հարց է ուղղում, որի նպատակն է պարզել, թե յուրաքանչյուր սովորող որքանով է հասկացել տվյալ թեման և ինչ կարողություններ ու հմտություններ է ձեռք բերել։ Սովորողները գիտեն, գիտակցում են, որ ազնիվ պետք է լինել այդ հարցերին պատասխանելիս։ Եթե պատասխանը արտագրեն որևէ տեղից, ապա ուսուցիչը կիմանա, որ իր սովորողները գիտեն ամեն ինչ և նորից չի բացատրի այն, ինչ չեն հասկացել։ Հարցերը տրվում են Գուգլի ձևաթղթերում (Google Forms): Դրանք այն նույն ձևաթղթերն են, որոնք մենք օգտագործում ենք Ֆլեշմոբների համար։ Սա ուղղակի այն դեպքն է, երբ ասում ենք՝ սխալների վրա ենք սովորում։

Dipstick – Չափիչ ձողիկ – Սովորողներին տրվում են տարբեր գիտելիքներ և կարողություններ պահանջող առաջադրանքներ՝

  • գրավոր շարադրանք պահանջող
  • ինչ-որ  միտք կամ գաղափար տեսողական պատկերների միջոցով արտահայտելու կարողություն
  • էլեկտրոնային փոստով կամ սոց․ ցանցերով ընկերոջը հաղորդագրություն կամ այլ տեղեկատվություն ուղարկելու կարողություն։

5 Minute-Interview  Assessment – 5 րոպեանոց հարցազրույցի գնահատումը – Դասավանդողը սովորողների հետ առանձին, 5 րոպե տևողությամբ, զրուցում է որևէ թեմայի շուրջ։ 5 րոպեն քիչ ժամանակ չէ։ Այս ընթացքում դասավանդողի համար պարզ են դառնում տվյալ սովորողի ձեռքբերումները և բացթողումները։

Մեկ այլ դասավանդող՝ Մակ Թայ անունով, իր հոդվածում  «Quick Checks for Understanding – Հասկանալը արագ ստուգելու հնարքներ» մի քանի հնարք է առաջարկում, որոնք թույլ են տալիս արագ գնահատել, թե ինչպես են սովորողները հասկանում մատուցվող նյութը։

Ժեստերի  ազդանշան տալը   

Բութ մատը վեր՝ հասկանում եմ և կարող եմ դա բացատրել իմ բառերով:

Ձեռքի ալիքաձև շարժում՝  որոշ չափով եմ հասկանում և չեմ կարող իմ բառերով բացատրել։

Բութ մատը ցած՝ դեռ չեմ հասկանում և չեմ կարող բացատրել:

Որպեսզի ուսուցիչը հասնի իր նպատակին, նա շարունակում է ինտերակտիվ վարժանքներն այնքան ժամանակ, մինչև բոլոր սովորողներն իրենց բութ մատը վերև բարձրացնեն։ 

Վարժանքներ, որոնց հիմքում ընկած է ընտրությունը

Ճիշտ/սխալ

Համաձայն եմ/համաձայն չեմ

Մակ Թայը առաջարկում է նաև ստուգել, թե ինչպես են սովորողները գծապատկերների և նկարների միջոցով ցույց տալիս իրենց հասկացածը։

Առաջադրանքների օրինակներ՝

Սովորողներին առաջարկվում է պատկերել այն գործոնները, որոնք խթանում են բույսերի աճը։

Սովորողներին առաջարկվում է գծապատկերների կամ նկարների միջոցով ցույց տալ մի որևէ պատմության իրադարձությունների զարգացումը։

«Ձևավորող գնահատումը տարրական դպրոցում» հարցումն ինձ տարավ մեկ այլ էլեկտրոնային ամսագիր ՝  «TeachStarter», որտեղ հետաքրքրությամբ կարդացի Ջինա Սագերի ձևավորող գնահատման մասին հոդվածը։

Ահա ձևավորող գնահատման երկու հնարք, որոնք օգտագործում է Ջինա Սագերը։

Ցատկ՝ տառը ճանաչելով

Փոքր երեխաները սիրում են շարժվել ու ցատկոտել։ Այդ սերը օգնում է տառերի անունների ու պատկերների ճանաչման գնահատմանը։ Լայն ժապավենի վրա տառեր են գրվում։ Տառերը նոր սովորած երեխաները կանգնում են այդ տառերի առջև։ Երբ ուսուցիչը մի տառի անուն է տալիս, այդ տառի դիմաց կանգնած երեխան ուրախ ցատկում է դրա վրա և բարձրաձայն կրկնում տառի անունը։ Որոշ ժամանակ հետո երեխաները փոխում են իրենց տեղերը։

Երկու ճիշտ և մեկ սխալ

Որևէ պատմություն լսելուց հետո ուսուցիչն այդ պատմության բովանդակության մասին երեք նախադասություն է ասում՝ երկուսը ճիշտ, իսկ մեկը՝ սխալ։ Սովորողները պետք է առանձնացնեն սխալը։

Clutter-free Classroom կայքը նույնպես առաջարկում է շարժում պահանջող ձևավորող գնահատման հնարք, որը կոչվում է չորս անկյուն։ Սկզբում բոլոր սովորողները սենյակի մեջտեղում են հավաքվում։ Սենյակի յուրաքանչյուր անկյուն ունի իր անվանումը, որը չորս տառերից մեկն է (a, b, c, d): Սա բազմընտրական վարժության նման է, բայց սովորողները գրիչով նշելու փոխարեն վազում են այդ տառով անվանված անկյունը։ Սովորողները լսում են հարցը, որոշում են ճիշտ անկյունը և վազում այնտեղ։

Կանաչ և կարմիր քարտեր

Դասարանի բոլոր սովորողներն իրենց առջև ունեն կանաչ և կարմիր քարտեր։ Երբ ուսուցիչը մի նոր թեմա է բացատրում, մի քանի սովորող բարձրացնում է կանաչ քարտը։ Դա նշանակում է, որ նրանք հասկացել են այն, ինչը բացատրվում է։ Մնացած սովորողները բարձրացրել են կարմիր քարտերը, որովհետև չեն հասկանում այն, ինչը բացատրվում է տվյալ պահին։ Ուսուցիչը սկսում է այլ բառերով և ավելի մատչելի բացատրել։ Ավելանում է կանաչ քարտերի քանակը։ Ինտերակտիվ վարժանքներով ուսուցիչը հասնում է իր նպատակին՝ բոլոր սովորողները ուրախությամբ բարձրացրել են իրենց կանաչ քարտերը։    

Եզրակացություն

Կրտսեր դպրոցում ձևավորող գնահատման մասին կարդացածս բոլոր հոդվածներում հետաքրքիր մանկավարժական հնարքներ են նկարագրված։ Վստահությամբ կարելի է ասել, որ հնարավոր է դրանցից մի քանիսը կիրառել ուսուցման ընթացքում։ Այնուամենայնիվ, այդ բոլոր հնարքները հիմնականում թույլ են տալիս ուսուցչին պարզել, թե տվյալ պահին  սովորողները հասկանում են բացատրվող թեման, կամ էլ՝ հասկացել են որևէ կարդացած տեքստ, նախադասություն կամ արտահայտություն։ Հնարավո՞ր է որևէ նմանություն գտնել ձևավորող գնահատման այլոց փորձի՝ իմ ուսումնասիրած օրինակների և իմ կատարած մշակման մեջ։ Այո՛, կա այդպիսի նմանություն։ Չորրորդ և հինգերորդ դասարանների ձևավորող գնահատման իմ մշակման մեջ սովորողները իրենք պետք է ինքնագնահատեն իրենց գիտելիքներն ու կարողությունները՝ ընտրելով հնարավոր չորս ձևերից մեկը՝ կարողանում է, մասամբ է կարողանում, դժվարանում է, չի կարողանում։ Գնահատման այս ձևը որոշակի նմանություն ունի վերը նկարագրված ժեստերի միջոցով ազդանշան տալու հետ՝ բութ մատը վեր, ձեռքի ալիքաձև շարժում և բութ մատը ցած։ Տարբերությունն այն է, որ ձևավորող գնահատման իմ մշակած առաջարկը հիմնված է չափորոշչային կարողությունների վրա, որն արձանագրելի է, իսկ այս հոդվածների՝ բավականին հետաքրքիր մանկավարժական հնարքները օգնում են ուսուցչին և սովորողներին միայն տվյալ պահին, և արձանագրելի չեն։ Ցանկալի արդյունքը կլինի այն ժամանակ, երբ համատեղվեն այդ երկու մոտեցումները։

Laura Thomas “ Fast Ways to Formative Assessment”, Edutopia

Jay McTighe “Quick Checks for Understanding”, Edutopia

Jeanne Sager “18 Formative Assessment Examples Students Love as Much as Teachers Do”

Clutter-free Classroom

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով