«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իրականացնում է հեղինակային մանկավարժություն, որտեղ ուսուցումը նախագծային է և ուղղված է սեբաստացի սովորողների  ինքնուրույնության-ինքնակազմակերպման, համակեցության, ստեղծականության և այլ հմտությունների ձեռքբերմանը: 

Ըստ 2023-2024 ուստարվա սովորողի անհատական ուսպլանի՝ եռօրյա արշավախմբային, վրանային ճամբարին մասնակցությունը պարտադիր է (տարվա ընթացքում 3 օր)։ 

Վրանային ճամբարներն արդեն երկար տարիներ գործում են կրթահամալիրի ուսումնական պլանում ՝ որպես հեղինակային մանկավարժության բաղադրիչ, և յուրաքանչյուր տարի ունենում են իրենց զարգացումները։  Ահա ռազմամարզական ճամբարի  զարգացման մի օրինակ․

  • «Ժայռ» ռազմամարզական բազայում տեղակայվել է վրանային ճամբար (2012-2018թ)
  • 2021-ին, 2022-ին ճամբարը կազմակերպվել է Մարտունի համայնքի Վաղաշենի տարածքում։ 
  • 2023թ. ճամբարը կազմակերպվել է ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Արտանիշ թերակղզում, Ճամբարակ համայնքի Շողակաթ (Շորժա) գյուղի տարածքում։

Վրանային-լողափնյա ճամբար 2023թ

Ճամբարի վայրը՝ Արտանիշ, «Կենարար սոճի» հանգստյան գոտու տարածք

Արտանիշի վրանային-լողափնյա ճամբարը՝ որպես ճամբարային տարածք, դեռ հարկավոր էր փորձարկել և կատարել եզրակացություններ տարածքի և ճամբարային-նախագծային բովանդակության առումով: Կրթահամալիրի ջանքերով մեկ շաբաթում ստեղծվեցին դաշտային պայմաններում ապրելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Հավաքագրվեց առաջին կամավոր հետազոտական խումբը: Մեկնում են 10 տարատարիք սովորող Միջին դպրոցից, 10 մանկավարժ և համակարգող: Մանկավարժական խմբում ներառված են մարզիկներ, հայրենագետ, ինժիներ-ֆիզիկոս, լողուսուցման մասնագետ, առաջին բուժօգնության մասնագետ, երաժիշտ և այլն: Առաջին խմբի գործը դժվար էր՝ կարծես նոր տուն տեղափոխվես, որտեղ պետք է ամեն ինչ ունենալ զրոյից, քանի որ առանձնացված մի դաշտում ես, որտեղ խանութ և հարևան չկա ։ Անհրաժեշտ է աչքի տակ ունենալ ամեն ինչ՝ ավելից մինչև լվացքի պարան։

Եռօրյա ճամբարի նախագիծը կազմել էի ինքս՝ ներառելով նշված բոլոր բաղադրիչները, այնուհետև ներկայացրել էի դիտարկման: Շտկումները կատարելուց հետո ունեցանք «Արտանիշի հետազոտական-բնապահպանական վրանային» ճամբարի ամբողջական նախագիծ:

Որպես հետազոտական այց՝ ճանապարհը կազմել էի Սևան-Մարտունի-Վարդենիս-Արտանիշ երթուղով: Ուզում էի հասկանալ` որքանով հետաքրքիր կլինի սովորողներին կամ դասավանդողներին դիտարկել Սևանա լիճը գրկած բնակատեղերը, գյուղերը, գետերը, ճանապարհները և առհասարակ, ինչ որ կա այդ 220 կմ ճանապարհին ընկած հատվածում: Արդյո՞ք չեն ձանձրանա 2.5 ժամ ձգվող ճանապարհից, կամ որքանով հետաքրքիր կարող են լինել տեղանքները… Այո՛, այս ճանապարհը ես անվանում եմ Արտանիշ հասնելու երկար ճանապարհ: Նշեմ, որ տարածաշրջանի վերաբերյալ նախապես կատարել էի ուսումնասիրություններ և դեռ շարունակում եմ, հետաքրքրված իմ հետազոտական նախագծով՝ համացանցով, թե հարցուփորձով, ընկեր-բարեկամի միջոցով տեղեկացել էի տեղանքից, որքանով կարողացել էի:

Ճանապարհի ընթացքում ունեցանք 4 հայրենագիտական կանգառ՝ Բերկունքի լճափնյա հարթակը, Հայրավանքը, Կարճաղբյուրը, Փոքր Մասրիկը։

Ճանապարհը իսկապես շատ գեղեցիկ էր՝ հայելի Սևան, ոսկի դաշտեր, մարդաշատ Վարդենիս, անուշ գյուղեր…Չգիտեմ, երևի ծիծաղելի է, բայց ինձ շատ հոգեհարազատ է գյուղերին բնորոշ բույրը, մի տեսակ լավը պահպանված, ազնվության, բարության հոտ եմ առնում, ու դեմքիս գոհ մի հայացք է գալիս, ասես ես ստեղծած լինեմ մեր գյուղերը, մեր հացատները, էն որ մի-մի եկեղեցի արժեն՝ մաքո՜ւր, լո՜ւռ, խորհրդավո՜ր… Ափսոս, որ մեր նոր սերունդը հեռանում է գյուղական մշակույթից: Չէ՛, մենք ապրենք, մեր հեղինակային մանկավարժության շնորհիվ այս ամենով կրթվում են բոլոր տարիքի սեբաստացիները, անընդհատ, անընդհատ…Կեցցե՛ն հեղինակային մանկավարժություն ընտրողները:

Վերադառնամ մեր ճանապարհին: Որքան էլ տեղանքները նշելով, պատմելով շարժվում ենք առաջ, միևնույնն է, մեկ ժամ հետո բոլորի մտքին Արտանիշի ճամբար շուտ հասնելն է: Հասկացա. ճանապարհը շատ է երկար՝ լողը մնաց, լողը…

 Արտանիշի թերակղզի այս երթուղով հասնելը պետք է հստակ նախագծային նպատակ ունենա, այլապես՝ լողը մնաց, լողը…

Կարծես հասանք մի ցուցանակի՝ «Կենարար սոճի» հանգստյան գոտի։ Թեքվեցինք դեպի ձախ․ ևս 5 կմ ճանապարհ։ Իմացումի հրճվանքը շարունակվում է նաև այս հատվածում։ Արևային էներգիայի երկար ձգվող կայան, որի մասին կարելի է խոսել, ներկայացնել։ Այնուհետև բացվում է հրաշալիքների հրաշքը՝ անվերջ ձգվող ծիրանի այգի՝ կարգով, շարքով մշակված։ Հրճվում ես, երբ աշխարհի վերջին, սահմանային տարածաշրջանում հանդիպում ես նման մշակի, թեկուզ բիզնեսի։ Ես այսպիսի պատկերից փառավորվում եմ։

Նախագծում  ճամբարային երկրորդ օրը նշել էի Արտանիշի բարձունքի նվաճում: Ինքս Արտանիշի բարձունքը դժվարությամբ հաղթահարել էի երևի 7 տարի առաջ, երբ կրթահամալիրի վրանային-լողափնյա ճամբարը «Ժայռ» ռազմամարզական բազայի տարածքում էր: Բարձրացել էինք մասնագետի ուղեկցությամբ, շատ երկար ճանապարհով, տապ շոգին, մի կերպ… Տեսարանը վերևից, ինչ խոսք, չքնաղ է․ միակ բարձունքն է, որտեղից երևում են մեծ և փոքր Սևաններն ամբողջությամբ:

Երեկոյան մասնագետների խմբով քննարկում էինք առավոտվա մեր բարձունքը, կիսվում մեր փորձով, հնարավոր ռիսկերով: Եկանք մի որոշման, որ ելնելով եղանակային շոգ պայմանից, քայլքի երկարությունից, բարձունքի ուղղությունը փոփոխել դեպի Շշասար, որը շատ ավելի մոտ էր ճամբարին: Այն բարձրությամբ մի փոքր զիջում է Արտանիշի բարձունքին, բայց հետաքրքիր էր նաև որպես հետազոտական խմբի դիտարկում: Ի վերջո Արտանիշի բարձունքը հաղթահարված էր շատերիս կողմից, իսկ Շշասարը՝ ոչ: Առավոտյան 7-ին մարզչի հրահանգով խումբն արդեն պատրաստ էր քայլարշավին. բոլորը ուսապարկերով շարված էին՝ անհատական ջրամանով, արևային գլխարկով, հարմար հագուստով, արևապաշտպան քսուքները քսած։ Շարժվելուց էլ յուրաքանչյուրի ուսապարկում կանաչ խնձոր ու դեղձ էինք դնում՝ որպես օրապահիկ: Լավ է, չէ՞, իսկական արշավախմբային պատրաստվածություն: Ինքս այդ արշավին չկարողացա մասնակցել, խումբը ղեկավարեց հայրենագետ Ի. Ջանազյանը: Բարձունքից կատարված նկարները ինձ ոգևորեցին, որովհետև այն պատկերն էր երևում, որ հանգիստ կարելի էր սովորողների հետ վերևից դիտարկել Սևանի երկու թերակղզիները՝ միմյանց ձգվող հրվարդաններով, Շողակաթ(Շորժա) և Արտանիշ բնակատեղերով, թերակղզու մյուս կողմում գտնվող հայկական «Կիլիկիա» նավով և էլի շատ մանրամասնություններ, որոնք միայն վերևի հայացքը թույլ կտար բացահայտել, պատկերացնել: Հետազոտության ուղղությունը հետաքրքիր ստացվեց և ուսուցողական:

Ճամբարի նախապատրաստական աշխատանքներ՝ 

1. Խմբերի ձևավորում և հայտերի գրանցում։

Խմբերը կազմվում են

  • սեբաստացի սովորողներից,
  • կրթահամալիրում սովորելու դիմած այլ սովորողներից,
  • կրթահամալիրում աշխատանքի դիմած մասնագետներից,
  • սովորողների և մանկավարժների ընտանիքներից,
  • սեբաստացի մանկավարժական խմբերից,
  • այլ ցանկացողներից։  

Տեղեկացման մեխանիզմ

Էլեկտրոնային նամակով հայտարարության տեքստը՝ հայտագրման հնարավորությամբ ուղարկվում է

  • կրթահամալիրի սովորողներին,
  • սեբաստացի ծնողներին,
  • կրթահամալիրում սովորելու դիմած այլ սովորողներին,
  • կրթահամալիրում աշխատանքի դիմած մասնագետներին։

Նաև հրապարակվում և տարածվում է սոցիալական ցանցերում, այլ հարթակներում։

2. Ճամբարային ավանի ստեղծման համար անհրաժեշտ նյութական միջոցներ՝

  • վրաններ (արշավախմբային և ստացիոնար),
  • վրանների հատակի տակդիրներ,
  • դաշտային կահույք, 
  • դաշտային-խոհանոցային սպասք,
  • լողափնյա ցնցուղ,
  • լողափնյա հանդերձարան (նվազագույնը՝ 2 տեղ),
  • սանհանգույցներ (2 հատ),
  • գործիքների և տնտեսական ապրանքերի համար պահեստային մաս,
  • բացօթյա (ծածկով) խոհանոցի ստեղծում,
  • լուսավորության ուղի՝ մինչև լողափ,
  • գազ։

3 Տեղանքին ներկայացվող պահանջներ՝

  • լճափյա անվտանգ գոտի,
  • խմելու ջուր,
  • հոսանք,
  • խարույկի տարածք,
  • խոհանոցային տարածք,
  • հանդերձարանային տարածք։

4․ Նախագծային ճամբարի ուսումնական բաղադրիչներ կարող են լինել՝

  • հայրենագիտություն,
  • կենցաղավարում (վրանային և ինքնուրույն կյանքի վարման հմտություններ),
  • ազգագրություն՝ երգ, պար, տեխնոլոգիա, 
  • բնակավայրերի՝ բարբառի, մշակույթի, կենցաղի ուսումնասիրություն,
  • մարզական՝ լողուսուցում, սպորտային խաղեր, մարմնամարզություն,
  • բնապահպանություն՝ տարածքի մաքրում, խնամք,
  • բնագիտական՝ տեղանքի դեղաբույսեր, ուտելու բույսեր,
  • բարձունքի նվաճում,
  • տարաբնույթ քննարկումներ,
  • ընթերցանություն,
  • այլ։

5. Երթուղին (ուղեցույց)

Ճանապարհի երթուղին նախագծելիս պետք է հաշվի առնել հեռավորության տվյալները՝

  • Երևան-Սևան-Արտանիշ (130կմ)
  • Երևանից (Հարավ-արևմտյան թաղամաս)-Սևան-Մարտունի-Վարդենիս-Արտանիշ (240կմ)
  • Երևանից (Հարավ-արևմտյան թաղամաս)-Սևան-Մարտունի-Վարդենիս-Արտանիշ-Երևան (370կմ)


6. Ընտրել երկար երթուղի՝ ելնելով նախագծի բովանդակությունից։ Օրինակ՝

  • հայրենաճանաչություն,
  • հասարակագիտական գործունեություն,
  • բանահավաքություն,
  • գետերի, վտակների ուսումնասիրություն, 
  • բնապահպանական գործունեություն,
  • համայնքային համագործակցություն,
  • «Բլեյան բաց ցանցի» տարածում՝ կրթական փոխանակում,
  • այլ։

7. Դիտակետեր կարող են հանդիսանալ՝

  • Բերկունքի ամրոցը,
  • Հայրավանքը՝ Բերկունքի կողմից,
  • Մարտունի, Կոթի եկեղեցին,
  • Արծվանիստի եկեղեցին,
  • Կարճաղբյուրը՝ ճանապարհին ամենամոտ ափը,
  • Փոքր Մասրիկի դաշտերը,
  • այլ։

Կարճ երթուղին ընտրելիս հայրենագիտական կանգառ կարող է լինել Սևանում՝ Հրազդան գետի ելման կետում։

Երաժիշտը ապահովում է.

  • կրթահամալիրի օրացույցով նշված ծեսերը,
  • երգուսուցումը,
  • պարերգերը,
  • խարույկի մոտ երգերի, պարերի կատարումը։

Բարձունքի նվաճում (ուղեցույց)

  • Ճամբարականները նվաճում են մոտակա բարձունքները (նվազագույնը՝ 1 բարձունք)։
  • Բարձունքի հաղթահարումից առաջ խումբը տեղեկանում է քայլարշավի կանոններին (նաև՝ քայլքի համար անհրաժեշտ իրեր, սնունդ՝ հարմար կոշիկ, արևային գլխարկ, արևապաշտպան քսուք,  ընդմիջման համար ուսապարկում՝ ջուր, միրգ․․․)
  • Մոտակա լեռը Արտանիշի գագաթն է՝ 2461 մ, հարաբերական բարձրությունը՝ 560 մ, կորդինատները՝ 40°28′45″ հս․. լ. 45°18′58″ ավ. ե.HGЯO: Միակ գագաթն է, որտեղից երևում է ամբողջ Սևանը։
  • Շշասար՝ 2221մ, ավելի մոտ է «Կենարար սոճի» հանգստյան գոտուն: Հարմար է կրտսեր տարիքի ճամբարականների համար: Բարձունքից երևում է հրվանդանը և երկու թերակղզիների գեղեցիկ տեսարանը:
  • Որպես հայրենագիտություն՝ պետք է ուսումնասիրել տարածքը, լեռնաշղթան, բարձունքը և գագաթը:
  • Վերևից ուսումնասիրել տեղանքների պատկերները, Սևանի բաժանումը մեծ և փոքր մասերի, թերակղզիները և այլն։
  • Բարձունքից լուսաբանել տեսարանը՝ նկարագրական խոսքով, միասնական պարերգով, ընթերցմամբ։
  • Բարձունքի նվաճման կամ քայլքի հարմար ժամանակահատվածը․ սկիզբ՝ առավոտյան ժամը՝ 7:00 , ավարտ՝ մինչև 12:00։


Ճամբարի ընդունման-հանձնման կարգը 

  • Ջոկատի ղեկավարները (գործող խմբի և ճամբար գալուն պատրաստվող խմբի) նախօրոք իրար հետ կապ են  հաստատում։ Նոր խմբի ղեկավարը տեղեկանում է ճամբարում իրականացված  աշխատանքներից, որպեսզի կարողանա ապահովել դրանց շարունակականությունը, տեղեկանում է  անհրաժեշտ իրերի և մթերքի վիճակի մասին՝ անհրաժեշտության դեպքում դրանք լրացնելու համար, տեղեկանում է կենցաղավարման այլ հարցերի:
  • Ջոկատի ղեկավարը ճամբարի հերթափոխի ավարտին հաշվում է գույքը, հաշվում է պահոցային գույքը և ներկայացնում հաջորդ խմբի ղեկավարին։
  • Ճամբարի հերթափոխի ընթացքում առաջացած խնդիրները ներկայացվում են ընդունող ջոկատի ղեկավարին։
  • Ջոկատների միջև կազմակերպվում է ընդունման-հանձման արարողակարգ (միասնական պարերգ, մարզական խաղ, այլ)… Ընթացքը լուսաբանվում է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով