Հետազոտական աշխատանքը հեղինակային կրթական ծրագրի Ավագ դպրոցի առանձնահատկություններից է և կարևոր ձեռքբերումը։ Կրթական գործունեության այս նոր ձևը՝ հետազոտական աշխատանքների իրականացումը, փորձարկվեց 2022-23 ուստարում, որի շնորհիվ Ավագ դպրոցի սովորողների և դասավանդողների ուսումնական գործունեությունն էլ ավելի հագեցած և բովանդակալից դարձավ։
Որպես առաջին քայլ` սահմանվեց «հետազոտական աշխատանք» հասկացությունը, ձևակերպվեցին ներկայացվող պահանջները։

Սահմանում՝ 
Հետազոտական աշխատանքը գիտական թեմայի կամ քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ մշակութային հիմնախնդրի հետազոտումն է տեսական և/կամ գործնական լուծման ակնկալիքով /,սահմանումը՝ հասարակագիտական մասնախմբի անդամ Աշոտ Տիգրանյանի։

Այնուհետև Ավագ դպրոցի դասավանդողները սովորողներին առաջարկեցին հետազոտական աշխատանքների թեմաները /, սովորողներին նույնպես տրված էր իրավունք՝ առաջարկելու իրենց նախընտրած թեմաները, որից իրենք լիարժեք օգտվեցին/։ Սովորողներն ընտրեցին թեմաները և ղեկավարներին, այդ թվում` իրենց չդասավանդող ուսուցիչներից։ Այսպիսով սկսվեց սովորողների աշխատանքը, որում ընդգրկվեցին նաև արտակրթահամալիրային մասնագետներ։ Սահմանվեց հետազոտական աշխատանքներ իրականացնողների և նրանց ղեկավարների աշխատանքային հանդիպման ժամանակացույց։ Հանդիպումների ընթացքում քննարկվել է աշխատանքների ընթացքը, օգնել են հաղթահարելու հանդիպող դժվարությունները, քննարկվել են արտակրթահամալիրային մասնագետի հետ իրականացվող աշխատանքի բովանդակությունը և կազմակերպչական ու բովանդակային այլ հարցեր։

Որպես հասարակագիտական լաբորատորիայի ղեկավար՝ ուզում եմ այս հոդվածում ներկայացնել հետազոտական աշխատանքների պաշտպանության իրականացման գործընթացը մասնավորապես հասարակագիտական լաբորատորիայում։

Հասարակագիտական առարկաներից սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությունները պատշաճ կազմակերպելու  համար նախ մշակվել և հասարակագիտական լաբորատորիայի բլոգում հրապարակվել է հասարակագիտական առարկաներից սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանության ժամանակացույց, որն ավելի կազմակերպված և համակարգված էր դարձնում պաշտպանությունների իրականացումը։ Մինչ հետազոտական աշխատանքների պաշտպանությունը՝ իրականացվել են նախապաշտպանություններ։ Հետազոտական աշխատանքի ղեկավարը պաշտպանությունից մեկ շաբաթ առաջ աշխատանքն ուղարկել է հասարակագիտական մասնախմբին, մասնախմբի անդամները հանդես են եկել դիտարկումներով և առաջարկություններով, որից հետո աշխատանքները գրախոսվել են ղեկավարի կողմից ընտրված կրթահամալիրային կամ արտակրթահամալիրային մասնագետի կողմից։ Այս գործընթացից հետո աշխատանքը ներկայացվել է հանրային պաշտպանության։ Սովորողը պաշտպանությանը ներկայացնում էր ոչ թե հետազոտական աշխատանքի տեքստը, այլ սահիկաշարով ներկայացնում էր թեմայի արդիականությունը, հիմնավորում թեմայի ընտրությունը, աշխատանքի ընթացքը, բովանդակության առանցքային պահերը և իր եզրահանգում-ամփոփումը։

Սովորողների պատրաստած սահիկաշարերի ընտրանուց՝

Գրախոսականների ընտրանուց՝

  • ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Սմբատ Հովհաննիսյանի կարծիքը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող Տիգրան Գրիգորյանի հետազոտական աշխատանքի վերաբերյալ:
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնի Գունանկարի արվեստանոցի ղեկավար Կարեն Մկրտչյանի կարծիքը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի 12-րդ դասարանի սովորող Ալլա Թադևոսյանի հետազոտական աշխատանքի վերաբերյալ:
  • Երկրաֆիզիկոս, «Հայանտառ» ՊՈԱԿ «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի փոխտնօրեն Մկրտիչ Ալեքսանյանի կարծիքը՝ 11-րդ դասարանի սովորող Կարինե Գոմցյանի աշխատանքի վերաբերյալ:։
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի դասավանդող Աշոտ Տիգրանյանի կարծիքը՝ 11-րդ դասարանի սովորող Վահան Ավետիսյանի աշխատանքի վերաբերյալ:

Ինչ տվեց հետազոտական աշխատանքի իրականացումը սովորողին

Թե ինչ է տալիս սովորողին հետազոտական աշխատանք իրականացնելը, իրենց եզրահանգումներում գրում են սովորողները․

«Ուսումնասիրելով Խամսայի մելիքությունները՝ վստահորեն կարելի է ասել, որ թյուր է այն կարծիքը, թե Հայաստանը պետականություն չի ունեցել 700-800 տարի: Խամսայի մելիքությունները վառ օրինակ են, թե ինչպես կարելի է միասնականության, ճկունության և ճիշտ դիվանագիտության շնորհիվ ունենալ երկիր, զարգացնել այն, հզորացնել, և ինչպես միասնականության բացակայության ու պառակտվածության պատճառով կարելի է կորցնել ամեն ինչ: Խամսայի մելիքությունների ուսումնասիրության շնորհիվ նաև կարող ենք վստահաբար պնդել Արցախի, այնտեղ գտնվող մեր եկեղեցների  հայկական լինելը: Նաև այս մելիքությունների պատմությունը վերհանելով՝ կարող ենք հակափաստարկներ ներկայացնել թշնամու բերած խեղաթյուրված պատմության դեմ: Մելիքությունների պատմությունը նաև ցույց է տալիս, որ մենք պատմությունից դասեր չենք քաղում:  Իսկ ինչո՞ւ ես ընտրեցի այս թեման. մայրս Թամրազյան է՝ Մելիք-Բեգլարյանների ժառանգը, հետևաբար ես էլ եմ այդ տոհմի ժառանգ: Իշխանական ծագում ոչ բոլորն ունեն, և ես հպարտ եմ իմ այդ ծագմամբ: Իսկ ցանկությունս մեկն է՝ վերականգնել իմ տոհմի՝ Մելիք-Բեգլարյանների Գյուլիստանի մելիքությունը, դարձնել երբեմնի հզոր միավորը և այնպես անել, որ այն հարատևի»,-գրում է 12-րդ դասարանի սովորող Արեն Մինասյանը։

 «Երբեք չպետք է մոռանալ հաշվի առնել երեխայի անհատականությունը, առանձնահատկությունները, ուրիշներից ստացած տեղեկատվությունը և անձնական փորձը, ինչպես նաև չպետք է մոռանալ նրա հույզերը, հնարավորինս լավ հասկանալ, ընկալել ու նրան աջակցել»,-գրում է 12-րդ դասարանի սովորող Լուսի Ղարիբյանը։

«Օգտվելով նրանից, որ իմ պապիկը՝ Արտաշես Շահնազարյանը, պատմաբան է, ինձ օգնեց հետաքրքիր տեղեկություններ քաղել տարբեր աղբյուրներից։ Նրա հետ աշխատելը շատ մեծ արդյունք տվեց։ Նա ոչ միայն ինձ օգնեց տարբեր աղբյուրներից Տավուշ բերդի մասին տեղեկություններ հանելու հարցում, այլ նաև աղբյուրներից դուրս այլ հետաքրքիր բաներ պատմեց։ Իմանալով, որ պապիկս դեռ մարտին պետք է մեկներ Տավուշի մարզ, խնդրեցի նրան ինձ իր հետ տանի, որպեսզի ինքս անձամբ ևս մեկ անգամ տեսնեմ Տավուշ բերդը։ Ոչինչ չէր փոխվել վերջին այցելությունիցս։ Միայն փոխվել էր այնոր ավելի շատ տեղեկություններից հետո ամրոցն ասես ավելի հարազատ ու ծանոթ դարձած լիներ։ 
Առ այսօր Տավուշ բերդի պեղումների արդյունքում նորանոր իրեր՝ սպասք, գործիքներ, հագուստի մասունքներ, զարդեր են ի հայտ գալիս, որոնք բերդի անցյալի խոսուն վկաներն են։ Ոստի պետք է լրջորեն վերաբերվել այդ և մյուս բոլոր հուշարձանների պահպանմանը, վերականգմանը։ Հակառակ դեպքում այդ հուշարձաններն կանհետանան, դրանց հետ էլ մի ողջ պատմական շրջան։
Չգիտեմ` ձեզանից որևէ մեկը եղե՞լ է Բերդ քաղաքում։ Եթե ոչ, ապա ես բոլորիդ սիրով հրավիրում եմ այցելելու այդ հրաշալի վայրը։ Պապիկիս էլ կխնդրեմ, որ անպայման մեզ տանի տարբեր հետաքրքիր վայրեր, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանաք Տավուշի մարզի պատմությանը»,-գրում է 10-րդ դասարանի սովորող Աելիտա Շահնազարյանը։

«Որպես ամփոփում կցանկանայի ավելացնել, որ այս բոլոր՝ առաջին հայացքից սովորական թվացող խնդիրները իրականում ունեն շատ խորը արմատներ, որոնք կարող են ավելի խորանալ, եթե չստեղծվեն լուծումներ։ Իմ աշխատանքի հիմնական նպատակն է միավորել բոլոր խնդիրները մեկ նյութում և հստակեցնել խնդիրը, քանի որ առաջին հայացքից անհնար է նկատել այս ամենը։ Աշխատանքի ընթացքը և աղբյուրները, որոնք օգտագործում էի, ինձ օգնեցին ավելի խորանալ ընտրածս թեմայի մեջ և անդրադառնալ նաև միջազգային տվյալներին»,-գրում է 12-րդ դասարանի սովորող Ստելլա Սարգսյանը։

«Երևանը որպես կորսված հիշողություն 17-րդ դարից մինչև մեր օրերը» հետազոտությունը պարզեց, որ քաղաքացին իր հիշողության, իր անցյալի հանդեպ այնքան էլ լուրջ պատասխանատվություն չի կրում, խոսքը ոչ թե անհատական հիշողությունների մասին է, այլ ավելի շատ կոլեկտիվ հիշողության մասին, որ իր մեջ ներառում է Երևանը հիմա։ Իհարկե, մենք չենք ժխտում նաև այն փաստը, որ մի շարք քաղաքացիների մոտ Երևանը նաև անհատական հիշողություն է և որոշակի տեղեր ավելի խորհրդանշական են իր համար (սիմվոլիկ), քան մնացած բնակիչների։ Մենք նաև փաստում ենք, որ Երևանի այսպիսի կազմաքանդումը կամ քանդումը չի բերում նոր քաղաքաշինական և ճարտարապետական ճիշտ լուծումների։ Այս ամենի արդյունքում կարող ենք հաստատել, որ վտանգի տակ են մի շարք պատմամշակութային արժեքներ կրող շինություններ կամ թաղամասեր, որոնք Երևանին յուրահատուկ մշակութային կոլորիտ են հաղորդում»,-գրում է 11-րդ դասարանի սովորող Սոնա Բիանջյանը։

«Սառը պատերազմը միշտ հետաքրքրել է ինձ, իմ ապագա մասնագիտությունը քաղաքագիտությունն է , և այս թեման ուղիղ կապ ունի քաղաքագիտության հետ։ Այս թեմայի մեջ ամփոփված է նորագույն պատմության մեջ եղած աշխարհակարգային փոփոխությունները»,-գրում է 10-րդ դասարանի սովորող Աշոտ Խաչատրյանը։

«Ինչպես տեսնում եք, աշխատանքի արդյունքում ունեցանք լիարժեք պատկերացում և ձեռք բերեցինք հարուստ տեղեկություններ Կորեայի մասին: Բացահայտվեցին որոշ գաղտնիքներ, որոնց մասին գրեթե ոչ ոք չգիտեր և ոչ մի տեղ չի ցուցադրվել: Ստացանք ներածության մեջ նշված բոլոր հարցերի պատասխանները: Աշխատանքի հիմնական գաղափարն այն էր, թե ինչ փոփոխությունների կարող է ենթարկվել պետությունը արտաքին և ներքին քաղաքականության ազդեցության հետևանքով: Չնայած բազմաթիվ պատերազմների՝ նրանք կարողացան պահպանել ո՛չ միայն իրենց սովորույթները, այլ նաև յուրօրինակությունը, մշակույթը և լեզուն: Նրանք ստեղծեցին իրենց այբուբենը՝ հանգըլը, որը դարձավ կարևորագույն ազգային արժեք»,-գրում է 10-րդ դասարանի սովորող Տիգրան Գրիգորյանը։

«Վստահ եմ, որ մեր հնագետների նվիրյալ աշխատանքի շնորհիվ Հայաստանի տարածքում դեռ կհայտնաբերվեն հելլենիստական շրջանի բազմաթիվ այլ նմուշներ, որոնց շնորհիվ ավելի լավ կլուսաբանվի և կուսումնասիրվի Հելլենիստական Հայաստանի հարուստ պատմությունն ու մշակույթը, իսկ հայտնաբերված և ուսումնասիրված հնագիտական գտածոները մեծ պատիվ կբերեն աշխարհի ցանկացած թանգարանի»,-գրում է 10-րդ դասարանի սովորող Արեգ Հակոբյանը։

«Հետազոտական աշխատանքը կատարելու ընթացքում ստացա բազմաթիվ հետաքրքիր ինֆորմացիաներ սամուրայների մասին և ոչ միայն։ Այս թեման ընտրելու պատճառները շատ էիննախ վաղուց հետաքրքրվել եմ սամուրայներով և իրենց կյանքով, սամուրայների թեմայի շուրջ կարելի էր գրել այնպիսի տեղեկատվություն, որոնց մասին դժվար թե շատ մարդիկ լսած լինեին։ Եվ նույնիսկ արդի ժամանակներում սամուրայները, սամուրայների կյանքը, սամուրայների ապրելակերպը և բուսիդոն խորը հետազոտություններ են անցնում։ Կարծում եմ՝ ով հետաքրքրված է Ճապոնիայով և սամուրայներով, նրանց դուր կգա իմ հետազոտական աշխատանքը»,-գրում է 10-րդ դասարանի սովորող Դավիթ Գրիգորյանը։

Ինչ տվեց հետազոտական աշխատանքի ղեկավարումը դասավանդողին

  • դասավանդողի նոր որակների դրսևորում
  • դասավանդողի ուսումնական աշխատանքի կազմակերպման նոր մակարդակի դրսևորում
  • ինքնակրթության գործնականացում
  • սովորողների հետ համագործակցելու կարողությունների զարգացում
  • արտակրթահամալիրային մասնագետների հետ աշխատելու փորձի կատարելագործում /պարբերաբար հանդիպումներ կոնկրետ աշխատանքի շուրջ/
  • մասնագիտական խմբերի համագործակցության խորացում նախապաշտպանական փուլում, փոխօգնություն
  • միջառարկայական կապերի ամրապնդում

Հետազոտական աշխատանքներ ղեկավարած հասարակագետների հաշվետվությունները՝

Աշխատանքի ընթացքում ծագած դժվարություններ

Անշուշտ, ցանկացած նոր գործ ենթադրում է բնական դժվարություններ, որոնք առաջանում են փորձի պակասից։ Բնականաբար, հետազոտական աշխատանքների իրականացման ընթացքում կային դժվարություններ ինչպես սովորողների, այնպես էլ դասավանդողների համար՝

  • նախ բացարձակ մեծամասնության մոտ կար այդպիսի աշխատանքի փորձի բացակայություն
  • հետազոտական աշխատանքի ղեկավարումը ներառված չէր և՛ դասավանդողի, և՛ սովորողի աշխատաժամանակի մեջ, որը լրացուցիչ ծանրաբեռնվածություն էր սովորողի և դասավանդողի համար
  • սովորողները և դասավանդողները ցուցաբերում էին ոչ իրատեսական մոտեցում․օրինակ՝ դասավանդողը վերցնում էր մեծաքանակ հետազոտական աշխատանքների ղեկավարում, իսկ սովորողը վերցնում էր իր կարողությունները գերազանցող հետազոտական աշխատանքի թեմա, ինչը նվազագույնի էր հասցնում որակյալ աշխատանքի ապահովման հնարավորությունը
  • կային դեպքեր, երբ դասավանդողը աշխատում էր սովորողի հետ, ում չէր դասավանդում, սակայն այսպիսի դեպքերում հասարակագետ-դասավանդողները դժվարություններ չեն ունեցել

Այս ամենը հաշվի առնելով՝ ընթացքում ձևավորվեց նախապաշտպանությունների և պաշտպանությունների ձևաչափը, որտեղ արդեն կային քննարկումներ, դիտարկում-առաջարկներ, գրախոսականների ելույթներ, նաև մասնագետ գրախոսների։ Հատկապես իրեն արդարացրեց նախապաշտպանությունների փուլը /ներքին գրախոսություն/, իրար փոխօգնությունը և հանրային պաշտպանությունների ժամանակ հարցադրումներով հանդես գալը, որի ընթացքում նաև խրախուսվում էր սովորողների շարունակական աշխատանքը իրենց պաշտպանած թեմայի շրջանակում։

Հասարակագիտական առարկաներից հետազոտական աշխատանքներ հանրային ձևով պաշտպանել են 36 սովորող /52 սովորողից/, որոշ սովորողներ /աշխատանքը չպաշտպանած/ կշարունակեն աշխատել ամառային արձակուրդի շրջանում, որոնց պաշտպանությունները կիրականացվեն նոր ուսումնական տարվա սկզբում։           

2023-2024 ուստարում Ավագ դպրոցում հետազոտական աշխատանքների իրականացումը կշարունակվի, որն արտացոլված է Ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների ուսումնական պլաններում և դասավանդողի աշխատաժամանակում։ 2023-2024 ուստարում Ավագ դպրոցի սովորողներին հասարակագետներն առաջարկում են հետազոտական աշխատանքի հետաքրքիր և արդիական թեմաներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով