Սույն հոդվածը նպատակ ունի ներկայացնելու մեր կատարած մշակութային ծավալուն աշխատանքը։

Աշխատանքի ծավալը հսկայական է, եթե հաշվի առնենք նրա կատարման կարճ ժամանակահատվածը: Սակայն սա չի ազատում մեզ պատասխանատվությունից` լրջագույնս մանրակրկիտ կերպով ուսումնասիրելու և ներկայացնելու այն:

Պարարվեստ և առհասարակ ազգագրություն մուտք գործեցի 2016 թվականին՝ ունենալով լուրջ մտադրություններ: Մեծանալով ազգայինը կրող ընտանիքում՝ ինձ համար կարևոր էր դա պահպանելը և տարածելը, շարունակել սովորել և բացահայտել այն, ինչը չգիտեի:

Տարիների կուտակած փորձը, և այն իրականացնելու ցանկությունը ինձ տարավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ դասավանդելու իմացածս և սովորել չիմացածս: Հենց այստեղ էլ սկսեց հետազոտական աշխատանքս:

Ազգային մշակույթի գոհարների ուսումնասիրությունը բավականին պատասխանատու գործ էր, և չէր կարելի անլուրջ մոտենալ։ Հետևապես մեկ տարի անընդմեջ ծանոթանալով Սրբուհի Լիսիցյանին , նրա կատարած հսկայածավալ աշխատությանը, հասունացավ այն պահը, երբ որոշեցի քայլ անել, և ինձ համար, ինչու՞ չէ, նաև այս ոլորտով հետաքրքրվողների համար, անել նոր բացահայտումներ՝ մեզ թողնված հարստությունից։

«Սրբուհի Լիսիցյանին, նրա իրականացրած գործունեությանը ծանոթացել եմ դեռ ուսանող ժամանակ։ Այն ժամանակ, երբ ծանոթացա աշխատությանը, երբեք չէի մտածի, որ կգա այնպիսի ժամանակահատված, երբ ես կսկսեմ ուսումնասիրել տվյալ աշխատությունը։ Այդ ժամանակ այն ընդունեցի որպես տվյալ օրերին հանձնարարված առաջադրանք և սահմանափակվեցի այդքանով։
Աշխատությամբ սկսեցի հետաքրքրվել այն ժամանակ, երբ Ազգային երգ ու պարի ակադեմիայում անցա վերապատրաստման փուլերից մեկը։ Այնտեղ խոսվում էր Լիսիցյանի աշխատության մասին և ցուցադրվեց իր աշխատություններից մեկը։ Այդ ժամանակ սկսեցի փոքր ուսումնասիրություններ անել՝ օգտվելով թե՛ համացանցից, թե՛ գրադարաններում առկա գրքերից, թե՛ ընկերներիս ունեցած տեղեկություններից։
Այնուհետև մասնակցեցի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցող «Կաքավագիր» նախագծային ակումբի շնորհանդեսին։ Այնտեղ մեզ նվիրեցին «Պարագրաֆ» գրքույկը, ինչը հետաքրքրությունս էլ ավելի մեծացրեց։ Գրքույկի մասին պատմեցի Արմենուհի Սոկրատունուն և որոշ ժամանակ անց հենց նրա առաջարկով որոշեցինք լիսիցյանական օրերի շրջանակում ներկայացնել «Կինետոգրաֆիա» նախագիծը»։ (Մերի Գարեգինյան)

Կինետոգրաֆիան վերականգման հիմնակետ

Մերի Գարեգինյանի հետ ձեռնամուխ եղանք զարկ տալու այս հետազոտությանը: Նախ՝ ուսումնասիրելով հատորները, յուրացնելով նյութը՝ կրթահամալիրի օրացույցով հաստատված լիսիցյանական օրերի ընթացքում ներկայացրինք «Կինետոգրաֆիայի ուսումնասիրում-ներկայացում» նախագիծը։ Նախագիծը ներկայացնելուց առաջ սկսեցինք կինետոգրաֆիայի նշանների ուսումնասիրում։ Աշխատանքը բավականին բարդ էր։ Ուսումնասիրելուց հետո սկսեցինք յուրացնել նշանները և հետագայում ավելի հստակեցրինք մեր նախագիծը։ Նախագծի շրջանակներում ներկայացրինք Սրբուհի Լիսիցյանի մասին տեղեկատվություն և հետո արդեն՝ կինետոգրաֆիայի։  Նախագծի նպատակն էր ուսումնասիրել, ներկայացնել, ծանոթացնել Սրբուհի Լիսիցյանի կողմից ստեղծած շարժման գրառման համակարգը, այն դարձնել արդիական, հասանելի դարձնել սվորողներին, բացահայտել լիսիցյանական գրառման «գաղտնագրերը»։  Կինետոգրաֆիայի համակարգը ցուցադրելով՝  խոսել ենք  դրա ստեղծման կարևորության, պահպանման և կիրառման մասին։

Տվյալ նախագիծը մշակելուց և ներկայացնելուց հետո դեռևս հստակ չէինք պատկերացնում մեր հետագա քայլերը։ Աշխատանքը իրականացնելը բավականին բարդ և ինչ-որ տեղ նաև ռիսկային էր։ Սակայն որոշեցինք շարունակել և ավելի զարգացնել մեր աշխատանքը, քանի որ այն նաև ինքնակրթվելու մոտիվացիա էր  մեզ համար։ Ամիսներ շարունակ մենք ժամանակ առ ժամանակ վերադառնում էինք աշխատությանը, նորից ուսումնասիրում այն և ավելի յուրացնում նշանների համակարգը, կատարում ուսումնասիրություններ արդեն առկա համակարգերով։

Բազմաթիվ ուսումնասիրությունների ընթացքում պարի վերականգման միտք  առաջացավ։ Որոշեցինք, որ վերականգման աշխատանքներին պետք է մասնակցեն նաև սովորողները։ Ուսումնական պարապմունքների ընթացքում խոսելով աշխատության մասին՝ ձևավորեցինք կինետոգրաֆների խումբ և սկսեցինք մեր բազմաբովանդակ աշխատանքը։ Սովորողները նախ՝ մեր օգնությամբ յուրացրին շարժման գրառման համակարգը, որից հետո սկսեցինք ընտրված պարի վերականգման աշխատանքները։ Պարի ընտրությունը նույնպես բարդ էր․ փնտրում էինք, գտնում էինք, դիտարկում էինք բազմաթիվ պարեր, բայց որոշեցինք ներկայացնել Վանի տարածաշրջանի «Սարը սարին հակվեց» պարերգը։  Պարերգը մեզ գրավեց իր երաժշտական չափով։ Մեզ հանդիպած և մեզ ծանոթ քոչարիները դանդաղ հատվածում ունեն 2/4, 4/4 երաժշտական չափ։ «Սարը սարին հակվեց» պարերգը տարբերվում էր իր դանդաղ հատվածում ունեցած 6/8 երաժշտական չափով։

Ընտրությունը կատարելուց հետո սկսեցինք մեր պարի վերականգման աշխատանքները։ Տվյալ գործընթացում ունեցել ենք բազմաթիվ դժվարություններ, որոնց հաղթահարմանը մասնակցել  են սովորողները՝ կինետոգրաֆների խումբը։

Ողջ ընթացքում ունեցել ենք շարժումների հստակեցման, հաշվի համապատասխանեցման, զսպանակների տարբերության դժվարություններ։ Կան շարժումներ որոնք կարողացել են գաղտնազերծել հենց սովորողները։ Ունեցել ենք շատ կարճ, բայց բովանդակալից աշխատանքային ժամանակահատված։ Ժամանակի սղությամբ պայմանավորված՝ հասցրինք վերծանել միայն պարի դանդաղ հատվածը և այն ներկայացնել «Ձոն» ստուգատեսի ընթացքում։ Պարը վերծանելուց հետո կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում իրականացվեց պարի ձայնագրման աշխատանքները (ձայնագրող՝ Էմիլ Զաքարյան, դուդուկահար՝ Արթուր Գևորգյան,  հարվածային գործիք՝ Լաերտ Գրիգորյան)։ Մեր աշխատանքի արդյունքը  ներկայացրինք կրթահամալիրում։
Լիահույս և պատրաստակամ ենք էլ ավելի զարգացնելու մեր նախագիծը, շարունակելով հենց «Սարը սարին հակվեց» պարերգի արագ մասի վերծանումը՝ համագործակցելով այլոց հետ։

Նախագիծը մեզ հնարավորություն տվեց բացահայտել շարժման գրառման համակարգը, այն ներկայացնել սովորողներին։

Սովորողներին հնարավորություն տրվեց բացահայտել և՛ Սրբուհի Լիսիցյանին, և՛ նրա կատարած աշխատանքը։ Մեզ՝ կինետոգրաֆներիս խմբին, ինքնակրթեց, մոտիվացրեց, բացահայտեց, ընկերացրեց։

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ պարը սահմաններ չի ճանաչում և միավորում է բոլորին։

Գրականության ցանկ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով