Ճամփորդելն իմ տարերքն է ու լավ է, որ աշխատանքային գործունեության մեջ կարողանում եմ սիրելի զբաղմունքը վերածել ուսումնական գործընթացի։ Ես մեծ ոգևորություն եմ ապրում, երբ սովորողներիս հետ բայացահայտում ենք Հայաստանն ու աշխարհի տարբեր անկյունները։
«Ուխտագնացության» նախագծի գաղափարը «Դեպի Վենետիկ» չստացված ճամփորդությունից հետո շարունակում էր բոցկլտալ իմ հոգում, ու երբ եղավ առաջարկ` ուխտ բռնել դեպի Հորդանան, անմիջապես լցվեցի այն իրականացնելու առաքելությամբ։ Այս ուղղությունը հայկական իրականության մեջ հայտնի չէ, բացահայտված չէ։ Ծիծաղելի է, բայց շատ մարդիկ նույնիսկ երկրի գտնվելու վայրի մասին գաղափար չունեն։
Ուրախալի է, որ սեբաստացիական համայնքը՝ ուսուցչով, ծնողով, սովորողով միավորվեց ուխտագնացության գաղափարի շուրջ, և նախագիծը դարձավ իրականություն։
Հոկտեմբերի 18-24-ին «Ուսումնական արձակուրդը Հորդանանում» նախագծով սեբաստացիների 28 հոգանոց խումբը մեկնեց Հորդանան։
Ճամփորդական նախագիծը կազմված էր շատ խնամքով, որի համար շնորհակալ եմ Հովհաննես Մարտիրոսյանին, ով ինձ պես խանդավառ տրվեց այս գործին։
Համառոտ նախագծի բովանդակության մասին
Նախագծում ներառված էին՝
աշխարհի ամենա-ամենաները՝
- Երկրի ցամաքային ամենացածր կետը՝ Մեռյալ ծով,
- ամենատաք և ամենաղի ծովը՝ Կարմիր ծով,
- Հորդանան գետն իր ողջ երկայնքով ամենացածր հունն ունի ծովի մակարդակից,
քրիստոնյաներիս համար կարևոր սրբավայրեր՝
- Հորդանան գետ՝ Հիսուսի մկրտության վայր, տնօրինական սրբավայր,
- Նաբավ լեռ՝ Աստվածաշնչում հիշատակված է որպես մի վայր, որտեղից Մովսեսը հայացք է գցել Ավետյաց երկրի վրա,
արժեքավոր հրաշալիքներ՝
- Պետրան՝ Նաբաթեացիների կողմից փորագրված քաղաքը,
- Ջարաշը՝ աշխարհի լավագույն պահպանված հռոմեական քաղաքներից մեկը,
- Վադի Ռում անապատը։
Ճամփորդության նախագիծը մինչև վերջ ուսումնական էր և դրանում համոզվում էինք ամեն պահի։
Մեզ համար տպավորիչ էին գիշերային աստղադիտումները։ Մոտ մեկ ժամ ուսումնական պարապմունք անապատում՝ բաց երկնքի տակ։Մանրամասն ներկայացվեց երկնակամարում երևացող աստղերի և մոլորակների դիրքադրությունը, դրանց մասին տրվեցին տեղեկություններ, ապա վայելեցինք աստղային երկինքը և կատարեցինք դիտումներ աստղադիտակներով։ Դե իսկ գլխավոր՝ գաճաճ աստղի ծագելը դիմավորեցինք լուսաբացին՝ անապատում՝ ժայռին ծվարած սպասելով արևածագին։
Ճամփորդական այս 7 օրերի ընթացքում սովորողները դրսևորեցին հարգալից և հոգատար վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի արժեքների նկատմամբ։ Հովհաննեսի բազմաբովանդակ խոսքի շնորհիվ կարևորեցինք հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների ժառանգորդ լինելը և հասկացանք, թե ինչքան կարևոր է դրանց պահպանման գործում պատասխանատու վերաբերմունք ցուցաբերելը։
Հորդանանի կառավարությունը վերահսկում է զբոսավարների ինստիտուտը և բոլորին պատրաստում է մի տրամաբանությամբ՝ գովաբանել սեփական երկիրը, ներկայացնել առավելությունները, դրդել զբոսաշրջիկներին գնումներ կատարելու։ Ուրախ եմ, որ մեզ ուղեկցող Ֆադիհի խոսքը լրացնում էր Հովհաննեսը՝ ճշտումներով և աստվածաշնչյան պատումներով, ինչն ամբողջացնում էր մեր պատկերացումները երկրի մասին։ Հատկապես ուխտագնացության կանգառներում անգնահատելի էր Հովհաննեսի ներկայացումը։
Այս նախագիծը մասնակից դասավանդողներիս համար մասնագիտական զարգացման լայն հնարավորություն էր, սովորողների համար՝ աշխարհաճանաչողություն։
Սովորողների մասին
Ցանկացած ուսումնական ճամփորդությունն ունի նպատակ և խնդիրներ, որոնք ուղղված են սովորողների մոտ տարբեր վերջնարդյունքների ու կարողունակությունների ձևավորմանը։
Սովորողները վերահսկում էին իրենց զգացմունքները և ցանկությունները, հետևում էին համակեցության կանոններին, հարգալից էին խմբի դասավանդողների, մեզ ուղեկցողների նկատմամբ։
Նրանց մոտ ձևավորվել է պատասխանատվություն, պարտաճանաչություն, ժամանակի կառավարում։
Կրթահամալիրի սովորողները ճամփորդությամբ ուսուցման բազմամյա փորձ ունեն՝ բարձունքի հաղթահարում, հայրենագիտական ճամփորդություններ, արշավախմբային ճամբարներ։ Փորձի շնորհիվ է, որ ցանկացած վայրում կարողանում են դրսևորել սեբաստացիական համերաշխություն, ընկերություն, հոգատարություն։
Միջազգային նախագծերի կարևորությունը
Միջազգային նախագծերը կարևոր նշանակություն ունեն վարժարանի զարգացման ծրագրում։ Առաջին հերթին դա նպաստում է ընդունելության աճին որակական առումով, մեծացնում է ծնողների վստահությունը կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրի հանդեպ։
Միջազգային նախագծերի շնորհիվ սովորողները հնարավորություն են ստանում լինելու այլ երկում, ծանոթանում և հաղորդակից են լինում տվյալ երկրի մշակութային արժեքներին, զարգացնում են օտար լեզվով հաղորդակցվելու հմտությունները։
Գնահատում են իրենց երկրի աշխարհագրական, մշակութային, պատմական արժեքները։
Իսկ նախագծի ուխտագնացության բաղադրիչը հոգևոր արժեքների ձևավորմանն է նպաստում և հոգևոր դաստիարակություն է փոխանցում սովորողներին, որն այսօր շատ կարևոր է ու դրա պակասը կա մեր հասարակության մեջ։
Նախագծի զարգացումը
«Դեպի Հորդանան» ուխտագնացության նախագիծը կարող է դառնալ շարունակական՝ ներառելով հետևյալ զարգացումները, որոնք մշակել ենք մեզ ուղեկցող Հովհաննես Մարտիրոսյանի հետ միասին։
Ճամփորդության բաղադրիչներ՝
- այցելություն Հորդանանի կրթական հաստատություններ,
- հասարակագիտական քննարկումներ՝
- Մեծ Մերձավոր արևելք․ հորդանանյան գործոն թեմայով,
- հետազոտական աշխատանքներ՝
- Կրոնական զբոսաշրջություն․ Հայաստան և Հորդանան համեմատություն,
- Հորդանան․ իսլամի և քրիստոնեության հանդիսավայր/այս թեմայով արդեն սկսել ենք հետազոտական աշխատանքը/,
- Ուխտագնացություն՝ կտակարանյան ընթերցումներ,
- Կարդում ենք ժամանակակից արաբական պոեզիա՝ «Կարդում ենք արտասահմանյան գրականության» ենթանախագիծ
- Հորդանանի ճանաչումը աշխարհագրական կոնտեքստում,
- Աստղագիտություն-համեմատականներ`
- աստղային դիտումներ Վադի Ռում անապատում, դիտումներ Բյուրականում,
- ժայռապատկերների ուսումնասիրություն Վադի Ռումում և Քարահունջում:
Ճամփորդական նախագծի արդյունքում կունենանք՝
- ուսումնասիրություններ, թարգմանություններ,
- հետազոտական աշխատանքների պաշտպանություն,
- ընթերցումներ,
- նյութերը փաթեթով կտրամադրվի կրթահամալիրի գրադարանին,
- «Ուխտագնացություն» նախագիծը կմտնի կրթահամալիրի օրացույց և դրա մասնակիցը կդառնան ավելի շատ դասավանդողներ, սովորողներ, ընտանիքներ։
«Ուխտագնացություն» նախագծի այլ զարգացումներ
«Ուխտագնացություն» նախագիծը կարող է ունենալ հետաքրքիր զարգացումներ, որոնք սովորողներին կտան հոգևոր դաստիարակություն և կրթություն։
Աշխարհում հայտնի շատ ուխտավայրեր կան, որոնք ունեն իրենց յուրահատկությունն ու հոգևոր խորհուրդը։ Առաջարկում ենք հետևյալ ցանկը սկզբի համար`
- Իսպանիա՝ Սանտյագո դե Կոմպոստելա տաճար, որտեղ թաղված են սուրբ Հակոբ առաքյալի մարմինը, իսկ գլուխը՝ Երուսաղեմի սուրբ Հակոբում,
- Վենետիկ՝ սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանություն։
Այս բոլոր ուխտագնացություններով նախագծային խմբերին կպատրաստենք դեպի Երուսաղեմ ուխտագնացության։
Բացի ճամփորդական նախագծերից նաև սովորողների համար կիրականացվեն բաց պարապմունքներ, որոնք կպատրաստեն ուխտագնացության։
Կից կարող եք ծանոթանալ նախագծի մասնակիցների պատումներին՝