Արդեն երկու տարի է՝ մեր Թատրոն-ավտոբուսում սովորողների հետ անգլերեն տարբեր հեքիաթներ ենք բեմադրում ստվերախաղով․ փոքրիկ, հմայիչ բեմ, պայքարող լույս ու ստվերներ և սովորողների անսահման ոգևորություն։ Սակայն այս տարվա հեղինակային մանկավարժության հոկտեմբերյան հավաքի ընթացքում մի նոր միտք ստեղծվեց․ ինչո՞ւ այդ կախարդանքը դուրս չբերել ավտոբուսից և չդարձնել շրջիկ բացօթյա թատրոն։
Մեր կրթահամալիրի կրտսեր դպրոցների բաց ու կանաչ տարածքները կարծես հատուկ ստեղծված են ստվերախաղի համար։ Եթե թատրոն-ավտոբուսի ներսում կարող էինք հյուրընկալել 10–20 հանդիսատես, ապա դրսում՝ ծառերի տակ, արևի լույսի ներքո(արևի ճառագայթները փոխարինում են ստվերների թատրոնի էկրանի լապտերին) կարող են հավաքվել 30, 40, նույնիսկ ավելի շատ սովորողներ։ Բացօթյա միջավայրը ազատում է, աշխուժացնում, իսկ ներկայացումները դառնում են ավելի ինտերակտիվ՝ խաղերով, շարժումներով, արձագանքներով ու անմիջական մասնակցությամբ։ Երեխաները ոչ միայն դիտում են, այլև ապրում են հեքիաթը՝ երբեմն նույնիսկ դառնալով ներկայացման մի մասնիկը։
Բացօթյա ստվերների թատրոն․ «Կարմիր գլխարկը»անգլերեն
«Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզի էստրադա

Ստվերների թատրոնը արվեստի հին, բայց երբեք չհնացող ձևերից է։ Այն միավորում է լույսը, շարժումը և պատմությունը՝ ստեղծելով մի աշխարհ, որտեղ երևակայությունը հիմնական դերակատարն է։
Ստվերախաղը հատկապես արդյունավետ է ուսումնական միջավայրում, քանի որ այն զարգացնում է պատկերային մտածողությունը և ստեղծարարությունը: Երբ մի նոր հեքիաթ ենք ուզում բեմադրել, նախ ստեղծում ենք տվյալ հեքիաթի ստվարաթղթե կերպարները: Սկզբում ուրվագծում ենք կերպարները, որից հետո մկրատով կտրում և հանում ենք դրանք՝ որպես ավարտուն կերպարներ՝ խաղարկման տիկնիկներ:
Ես նկատել եմ և կարող եմ հաստատել իմ սովորողների օրինակով, որ անգլերեն բառերն ու արտահայտությունները շատ ավելի արագ են ընկալվում և յուրացվում, երբ դրանք հնչում են կենդանի ներկայացման ընթացքում: Ավելին՝ նրանք թիմային աշխատանքի առաջին որակական հատկանիշներն են ձեռք բերում՝ համագործակցում և աջակցում են միմյանց, քանի որ պետք է էկրանի հետևի լույսի աղբյուրը կառավարել, ներկայացման տեքստը միասին խաղարկել: Կանաչ միջավայրը, թարմ օդը, բաց տարածքը ավելացնում են ազատություն, շարժում և ստեղծում են դրական հույզեր։
Բացօթյա ստվերների թատրոն․ «Երեխաները անտառում» հեքիաթը անգլերեն
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզ




Ինչպես է կազմակերպվում մեր շրջիկ ստվերների թատրոնը
Մեր նոր ձևաչափը պահանջում է մի փոքր ավելի շատ նախապատրաստություն, բայց փոխարենը տալիս է մեծ արդյունք։
- Էկրան՝ շարժական, դյուրակիր և ամուր,
- Ուժեղ լույսի աղբյուր․ հաճախ հենց արևի լույսն ենք օգտագործում,
- Տիկնիկներ՝ պատրաստված տեխնոլոգիայի ուսուցչի և սովորողների հետ,
- Անգլերեն հեքիաթների ճիշտ ընտրություն․ հեքիաթներ, որտեղ հնարավորինս շատ լինեն հերոսներ և ունենան ընդգծված ինտերակտիվություն,
- Ներկայացման գրավոր և բանավոր սցենար՝ բաժանված դերերով,
- Տարածք, որտեղ հանդիսատեսը կարող է նստել ազատ, լայն, առանց սահմանափակման։
Այս ամբողջը միավորվում է խաղարկային, կենդանի ներկայացման շուրջ, որտեղ մեծաթիվ հանդիսատեսն անգամ չի խանգարում, այլ ընդհակառակը՝ լրացնում է ներկայացումը իր արձագանքով։
Բացօթյա ստվերների թատրոն․ «Կարմիր գլխարկը» անգլերեն
«Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզ



Բացօթյա ստվերների թատրոնը մեզ համար դարձել է ոչ միայն կրթական մեթոդ, այլև տալիս է միջդպրոցական կապեր ստեղծելու հնարավորություն: Մեր շրջիկ բեմը թույլ է տալիս հեքիաթները տեղափոխել դպրոցից դպրոց: Կատարվում է փակ ուսումնական միջավայրից անցում դեպի բաց, կանաչապատ տարածք՝ նոր հանդիսատեսով, նոր ծանոթություններով ու նոր հուզումնառատ ապրումներով:
