​«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային մանկավարժության կարևորագույն բաղադրիչներից է «Ընտանեկան դպրոց-պարտեզ»-ը, որտեղ ծնողը ոչ թե դիտորդ է, այլ կրթական գործընթացի անմիջական մասնակից և համահեղինակ։ Տարատարիք խմբում իրականացված «Իմ խաղաստեղծ հայրիկը» նախագիծը դարձավ այդ համագործակցության վառ օրինակը՝ միավորելով ստեղծագործական միտքը, աշխատանքային հմտությունները և ընտանեկան ջերմությունը։

Նախագիծը մեկնարկեց պարզ առաջարկով՝ հայրիկներին ներգրավել զարգացնող խաղերի ստեղծման գործընթացում։ Խնդիրը ոչ թե պատրաստի խաղալիք գնելն էր, այլ «սովորող-սովորեցնող» սկզբունքով, երեխայի հետ միասին ձեռքի տակ եղած նյութերից նոր արժեք ստեղծելը։ Նախագծի հիմքում ընկած էին էկոլոգիական դաստիարակությունը (թափոնների վերածումը տարատեսակ խաղերի) և ինժեներական մտքի զարգացումը։

Նախագծի իրականացման առաջին և ամենակարևոր փուլը նախապատրաստական աշխատանքն էր ծնողական համայնքի հետ։ Մեզ համար սկզբունքային էր, որ այս նախաձեռնությունը չընկալվեր որպես «տնային հանձնարարություն», այլ դառնար ընտանիք-պարտեզ համագործակցության կենդանի օրինակ։

Համագործակցային այս մթնոլորտը շատ արագ տվեց իր պտուղները։ Հաշված օրերի ընթացքում մեր մեդիահարթակները ողողվեցին ստեղծագործական աշխատանքի ընթացքը պատկերող տեսանյութերով։
​Տպավորիչ էր տեսնել, թե ինչպես են հայրիկները ցուցաբերում ոչ ստանդարտ, հեղինակային մոտեցում։ Նրանք գերազանցեցին մեր բոլոր սպասելիքները՝ գործին մոտենալով ոչ թե «պատրաստելու պարտադրանքով», այլ «արարելու հաճույքով»։

Նախագիծը նպատակ ուներ լուծելու մանկավարժական և սոցիալ-հոգեբանական մի քանի կարևոր խնդիրներ.

  • Ընտանիք-պարտեզ կապի ամրապնդում. ներգրավել հատկապես հայրիկներին, ովքեր հաճախ, աշխատանքային զբաղվածության պատճառով, ավելի պասիվ դերում են լինում կրթական առօրյայում։
  • Սովորող-սովորեցնող համակարգ. երեխան դառնում է հայրիկի օգնականը, գործընկերը՝ սովորելով նրանից աշխատանքային հմտություններ։
  • Էկոլոգիական դաստիարակություն և ստեղծագործական միտք. «Ոչնչից խաղ ստեղծելու» արվեստը՝ վերամշակելով տանը եղած իրերը (ստվարաթուղթ, խցաններ, տախտակներ)։
  • Խաղերի ստեղծում, որոնք հետաքրքիր կլինեն և՛ 2, և՛ 5 տարեկաններին՝ ապահովելով զարգացման տարբեր մակարդակներ։

Նախագծի հաջողության գրավականը գործընթացային մոտեցումն էր։ Մեզ համար կարևոր էր ոչ միայն վերջնական արդյունքը՝ խաղը, այլև այն ժամանակահատվածը, որը հայրն ու զավակը անցկացրել են միասին։
Երբ հայրիկը նստում է, գծագրում, կտրում և սոսնձում, երեխան սովորում է համբերություն, պլանավորում, անվտանգության կանոններ և, ամենակարևորը, զգում է իր կարևորությունը։

Ցուցադրության ներկայացված աշխատանքները աչքի ընկան իրենց բազմազանությամբ և զարգացնող նշանակությամբ․

Արիայի ու իր հայրիկի խաղը հիշեցնում էր փոքրիկ ինժեներական նախագիծ։ Թեպետ ամբողջությամբ պատրաստված էր ստվարաթղթից, այն ուներ բազմաշերտ կառուցվածք՝ շարժվող հատվածներով, բացվող ու փակվող դռներով, ոլորելու ու դասավորելու հնարավորություններով։ Ամեն դետալ մտածված էր, նպատակային և իր տեղում։

Դանիելի ու իր հայրիկի պատրաստած խաղն ուներ ավելի զգացմունքային բնույթ։ Նրանք պատրաստել էին հույզերի ճանաչման խաղ՝ ընդամենը թուղթ, ստվարաթուղթ, տաք սոսինձ և մարկեր օգտագործելով։ Խաղի նպատակը պարզ, բայց չափազանց արժեքավոր էր՝ օգնել երեխային ճանաչել հույզերը, տարբերել դեմքի արտահայտությունները, հասկանալ մարմնի լեզուն և խոսել սեփական զգացմունքների մասին։

«Շատ սոված թրթուրը» դարձավ մեր ցուցադրության ամենազվարճալի խաղերից մեկը։ Անահիտն ու հայրիկը, նաև եղբայր Արամը ձեռքի տակ եղած իրերով պատրաստել էին շատ հավես խաղ, որտեղ ձեռքերի ճիշտ շարժումներով կերակրում են թրթուրին և մրջյունին։

Շատ հետաքրքիր էին հայրիկների պատրաստած «Զարգացնող տախտակները» (busy board)-երը, որոնք երեխաներին տալիս են փորձելու, շոշափելու, բացելու-փակելու, ուսումնասիրելու հնարավորություն։ Եվ ամենահետաքրքիրն այն էր, որ նրանք այդ զարգացնող տախտակները պատրաստել էին պարզապես տանը եղած իրերից՝ տարբեր չափերի բանալիներ և կողպեքներ, հոսանքի անջատիչներ, գոտիների փականներ, փոքրիկ սողնակներ, պտտվող աթոռի ոտք, ներարկիչներ…

Արամի հայրիկը պատմեց, թե ինչպես են փորձարկել յուրաքանչյուր մանրուք՝ մտածելով, թե ինչն է ամենահարմարը, անվտանգը և հետաքրքիրը երեխաների համար։ 

Արամն ու հայրիկը

Նանեն ու հայրիկը

Մեր խաղերից յուրաքանչյուրն արժանի է բարձր գնահատանքի։ Անխոս դրանք բոլորն էլ կլինեն մեր սաների սիրելի խաղերի շարքում՝

Էվան ու հայրիկը

Սոֆիան ու հայրիկը

Անահիտն ու հայրիկը

Կցանկանայի հատուկ անդրադառնալ Դավիթի և նրա զինվորական պապիկի համատեղ աշխատանքին։ Հանձնարարությունը ստանալուն պես զինվորական կարգապահությանը բնորոշ պատասխանատվությամբ նրանք արդեն պատրաստել էին գեղեցիկ մազակալներ մեր խմբի բոլոր աղջիկների համար։ Ամեն մազակալ սիրով և հոգատարությամբ մանրակրկիտ ձևավորված էր։

«Իմ խաղաստեղծ հայրիկը» նախագիծը փաստեց, որ մանկապարտեզների և ընտանիքի համագործակցությունը չպետք է սահմանափակվի միայն ծնողական ժողովներով։
Երբ ծնողը մտնում է կրթական ծրագրի մեջ իր ներուժով, արդյունքում շահում է երեխան։ Խաղերը, որոնք հիմա մեր խմբասենյակում են, ունեն այլ արժեք և նշանակություն. դրանք սիրված են և պատմություն ունեցող։
​Սաների հպարտ հայացքները, երբ նրանք ընկերներին ցույց են տալիս «հայրիկի սարքածը», վկայում են այն մասին, որ մենք կարողացել ենք ստեղծել վստահության և սիրո կամուրջ։ Սա հեղինակային մանկավարժության հաղթանակն է, որտեղ կրթությունը կյանքի անբաժան մասն է, իսկ ծնողը՝ գործընկեր, ինչպես նաև ծրագրի կրող ու տարածող։

«Իմ խաղաստեղծ հայրիկը» նախագիծը շարունակելի է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով