2025–2026 ուստարում «Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն»-ին ընդառաջ` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Դաստիարակների լաբորատորիայի թիմը նախաձեռնել է յուրօրինակ կրթական նախաձեռնություն՝ նվեր ստեղծագործ մանկավարժին։ Նախաձեռնության շրջանակում ձևավորվել է նոր ուսումնական գործնական նյութ՝ մարզական խաղերի ուղեցույց, որը միավորում է մանկավարժական փորձը, թիմային համագործակցությունը և խաղի կրթական արժեքը։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող Դաստիարակների լաբորատորիան վաղուց անցել է ավանդական մեթոդական աշխատանքի սահմանները՝ վերածվելով ստեղծագործ, համագործակցային և փորձարարական հարթակի։ Այստեղ դաստիարակը հանդես է գալիս ոչ թե որպես ունկնդիր, այլ որպես հեղինակ, փորձարար և հետազոտող։ Լաբորատորիայի հանդիպումները դառնում են կենդանի փորձի փոխանակման հարթակ, որտեղ ծնվում և անմիջապես փորձարկվում են նոր մեթոդներ, խաղեր և նախագծեր՝ ուղղված նախադպրոցական կրթության գործընթացի կատարելագործմանը։ Լաբորատորիայի գործունեության առանցքում ընկած է այն համոզմունքը, որ դաստիարակի մասնագիտական զարգացումը շարունակական գործընթաց է, որը հնարավոր է ուսուցման, փորձի փոխանակման և ստեղծագործ աշխատանքի միասնության պայմաններում։

Դաստիարակների լաբորատորիան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կարևոր միավորներից է, որտեղ ձևավորվում և փորձարկվում են նորարարական մոտեցումներ նախադպրոցական կրթության կազմակերպման գործում։ Այստեղ ծնվող գաղափարները միտված են սաների կրթության որակի բարձրացմանը՝ հիմնված բաց, ստեղծագործական և համագործակցային կրթական միջավայրի վրա։

Լաբորատորիայի աշխատանքի ամենաակտիվ և սպասված ձևաչափերից մեկը դաստիարակների մասնագիտական զարգացման սեմինարներն են։ Դրանք կազմակերպվում են որպես բաց, գործնական և փորձարարական գործընթացներ, որտեղ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունի ոչ միայն սովորելու, այլև փորձարկելու և ստեղծելու։ Այս սեմինարների առանձնահատկությունն այն է, որ ուսուցումն ու զարգացումը տեղի են ունենում միաժամանակ՝ փորձի վրա հիմնված գործնական գործունեությունների միջոցով։ Հենց նման սեմինարներից մեկի ընթացքում էլ ծնվեց մարզական խաղերի ուղեցույցի գաղափարը։ Դաստիարակներն իրենց քննարկումներում ընդգծեցին մարզական և խաղային գործունեության դերը սանի ֆիզիկական, սոցիալ-հուզական և հաղորդակցական զարգացման գործում։ Այդ գաղափարը վերածվեց նախագծի, որը միավորեց դաստիարակների, մարզիչների և ծնողների փորձը։ Առաջին փորձարկողները հենց դաստիարակներն էին․ նրանք ոչ միայն ուսումնասիրել էին խաղերի կանոններն ու մեթոդական ուղղությունները, այլև խաղացել մարզչի ուղեկցությամբ՝ զգալով յուրաքանչյուր խաղի շարժման, համագործակցության և ուրախության ուժը։ «Առաջին հերթին հենց մենք՝ դաստիարակներս, խաղացինք, ժպտացինք, քաշեցինք պարանն ու վազեցինք գնդակի հետևից։ Այդ պահին հասկացանք՝ որքան մեծ ուժ ունի խաղը ոչ միայն սանի, այլև մեծահասակի հոգեբանական հավասարակշռության համար»,- նշում է դաստիարակ Հասմիկ Հարությունյանը։

Ուղեցույցը ներառում է մի շարք խաղեր՝ հարմարեցված տարբեր տարիքային խմբերի համար։ Այն բաց, շարունակաբար զարգացող փաթեթ է, որը դաստիարակները կարող են կիրառել առօրյա գործունեության, ազատ խաղերի, բացօթյա պարապմունքների, նախագծերի և ծեսերի ընթացքում։ Յուրաքանչյուր խաղ ներկայացված է մանրամասն նկարագրությամբ՝ նպատակ, կազմակերպման եղանակ, խնդիրներ, նյութեր, փոփոխության և հարմարեցման հնարավորություններ։ Հատուկ ուշադրություն է դարձվում թիմային համագործակցությանը, առողջ կենսակերպին, շարժողական հմտություններին, կամքի և ինքնակարգավորման ձևավորմանը։

Դաստիարակների մասնագիտական սեմինարների կազմակերպումը ենթադրում է որոշակի մեթոդաբանություն։

Նախապատրաստական փուլ

Լաբորատորիայի ղեկավարն ու հրավիրված մասնագետները (օրինակ՝ մարզիչը, երաժշտական ղեկավարը) կազմում են սեմինարի ծրագիր, ընտրում միջավայրը, նյութերը և կառուցվածքը՝ ներառելով թե՛ տեսական, թե՛ գործնական բաղադրիչներ։

Գործնական փորձարկում

Սա սեմինարի առանցքային փուլն է, երբ դաստիարակները խաղում են, շարժվում, համագործակցում՝ զգալով այն փորձը, որը հետագայում փոխանցելու են սաներին։ Խաղերը դիտարկվում են տարբեր ձևերով, քննարկվում են դժվարությունները, կատարվում հարմարեցումներ տարիքային առանձնահատկություններին։ Գործնական փուլը հաճախ լուսաբանվում է տեսագրությամբ կամ լուսանկարներով՝ հետագա վերլուծության և բաց նյութերի ստեղծման նպատակով։

Վերլուծություն և ընդհանուր քննարկում

Խաղերը խմբերում կիրառելուց հետո դաստիարակները միասին քննարկում են․

  • ի՞նչ արդյունքներ նկատեցին,
  • ինչպե՞ս արձագանքեցին մասնակիցները,
  • ի՞նչն է անհրաժեշտ փոխել կամ զարգացնել։

Այս քննարկումներից էլ ծնվում են նոր գաղափարներ և նախաձեռնություններ։

Ամփոփում և տարածում

Լաբորատորիան պատրաստում է ամփոփ նյութեր, որոնք հրապարակվում են կրթահամալիրի բաց հարթակներում՝ դառնալով ուսումնական ռեսուրս այլ դաստիարակների համար։ Այս մեթոդաբանությունը հնարավորություն է տալիս պահպանել շարունակական զարգացման տրամաբանությունը․ յուրաքանչյուր սեմինար դառնում է նախորդի շարունակությունը, իսկ ստեղծված նյութերը՝ հիմք նոր ծրագրերի և նախագծերի համար։

Լաբորատոր սեմինարներն ու դրանցից բխած նախաձեռնությունները նպաստում են դաստիարակների՝

  • մասնագիտական ինքնավստահության ձևավորմանը,
  • թիմային համագործակցության ամրապնդմանը,
  • բաց և ստեղծագործ կրթական միջավայրի ձևավորմանը,
  • խաղի և շարժման դերը մանկավարժական գործընթացում վերարժևորելուն։

«Մեր լաբորատորիայի հանդիպումներից յուրաքանչյուրն իր հետ բերում է նոր ոգեշնչում։ Մենք վերադառնում ենք խմբեր ոչ միայն նոր խաղերով, այլև նոր վերաբերմունքով սաների և մեր գործի հանդեպ»,- ընդգծում է դաստիարակ Իրինա Սարգսյանը։

Այս ձևաչափի ամենակարևոր արդյունքը դաստիարակի ինքնաճանաչման և ինքնավստահության աճն է։ Երբ դաստիարակը խաղում է, շարժվում, վերլուծում սեփական փորձը և համեմատում այն գործընկերների դիտարկումների հետ, նա ոչ միայն սովորում է նոր մեթոդներ, այլ նաև գիտակցում է իր մասնագիտական ուժեղ կողմերը։

«Երբ մենք ինքներս խաղացինք, հասկացանք, թե որքան կարևոր է շարժման ազատությունը։ Դաստիարակի համար խաղալը նույնքան ուսուցում է, որքան սանի համար»,- նշում է դաստիարակ Գայանե Ավետիսյանը։

Սեմինարներն ամրապնդում են մանկավարժական թիմային կապերը։ Համատեղ խաղերն ու վարժությունները խթանում են փոխվստահությունը, աջակցությունը և բաց հաղորդակցությունը։ Այս միջավայրում դաստիարակները սովորում են լսել միմյանց, փոխանակվել գաղափարներով և միասին մշակել լուծումներ։ Այն դառնում է կրթահամալիրային համագործակցության կենդանի օրինակ՝ որտեղ յուրաքանչյուր մասնակից իր ներդրումն ունի ընդհանուր հաջողության մեջ։

Ուղեցույցը ներառում է մեթոդաբանական խորհուրդներ՝

  •  նշել խաղի կանոնները պարզ և հակիրճ՝ նախքան սկսելը,
  • պահպանել անվտանգության կանոնները,
  • խաղերի ընթացքում խրախուսել բոլոր մասնակիցներին՝ օրինակելի վարքով և ժպիտով,
  • օգտագործել երաժշտություն՝ էներգիայի և տրամադրության բարձրացման նպատակով,
  • խաղերը հարմարեցնել ըստ տարիքային և ֆիզիկական առանձնահատկությունների։

Հեղինակային մանկավարժության մանկավարժը սովորում է ոչ միայն կարդալով կամ լսելով, այլև՝ ստեղծելով, փորձարկելով և խաղալով։ Այս ուղեցույցը հենց այդ ստեղծագործ ուսուցման կենդանի վկայությունն է։

Սեմինարների արդյունքում ձևավորված մարզական խաղերի ուղեցույցը վերածվել է կենդանի մանկավարժական գործընթացի, որը շարունակաբար զարգանում և հարստանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախադպրոցական կյանքի միջավայրում։ Այն չի դիտվում որպես առանձին կամ փակ ծրագիր, այլ՝ ինտեգրվում է կրթահամալիրի առօրյա կյանքի բոլոր դրսևորումներում՝ խաղի, շարժման, հաղորդակցության և նախագծային ուսուցման համատեքստում։ Ուղեցույցում ընդգրկված խաղերը դարձել են դաստիարակի աշխատանքի կենսական և արդյունավետ գործիքներ, որոնք կիրառվում են տարբեր իրավիճակներում՝

Յուրաքանչյուր առավոտ կրթահամալիրի բակերն ու խմբասենյակ-լաբորատորիաները լցվում են շարժումով, ծիծաղով և երաժշտությամբ․ օրն սկսվում է ռիթմիկ ու մարզական խաղերով, որոնք դառնում են սաների ու դաստիարակների համատեղ իմացության և ուրախության փորձառություն։ Խաղի ընտրությունը միշտ ազատ է․ դաստիարակներն ու սաները որոշում են միասին։ Ուղեցույցի խաղերը ներգրավվում են նաև կրթահամալիրի ընթացիկ նախագծերում՝ դառնալով դրանց ուսումնական բաղադրիչ։ Օրինակ՝«Ջրային շաբաթ» նախագծում կիրառվում են ջրային և հավասարակշռության խաղեր, «Դդմաշքերթ» նախագծում՝ շարժողական և խմբային խաղեր, «Լավաշթխիկ» ծիսական միջոցառման ժամանակ՝ հայկական ավանդական թիմային խաղեր և մրցույթներ և այլն։

Ուղեցույցը բաց է ոչ միայն դաստիարակների, այլև ծնողների համար՝ դառնալով համագործակցության, համատեղ շարժման և առողջ կենսակերպի մշակույթի տարածման հարթակ։ Այն փոխում է նաև դաստիարակի դերակատարությունը․ դաստիարակը հրահանգող կամ դիտորդ չէ, այլ՝ խաղընկեր, շարժման կազմակերպիչ և ստեղծագործ միջավայրի համահեղինակ, որը սովորում է, բացահայտում և վերապրում է սաների հետ միասին։

Մարզական խաղերի ուղեցույցը մեթոդական ձեռնարկը կենդանի մանկավարժության այն ուղենիշն է, ըստ որի շարժումը դառնում է ճանաչողության, հաղորդակցության և համատեղ ստեղծագործության ձև։ Այն անընդհատ զարգանում է՝ դաստիարակների, սաների և ընտանիքների փորձով հարստանալով ու վերափոխվելով կրթահամալիրի կյանքի հոսքի հետ մեկտեղ։ Ուղեցույցն իր էությամբ կենդանի փաթեթ է․ այն փոփոխվում է յուրաքանչյուր նոր սեմինարից, խաղային փորձարկումից կամ մանկավարժական նախագծից հետո։ Դաստիարակները հանդես են գալիս որպես համահեղինակներ՝ առաջարկելով նոր խաղեր, փոփոխություններ և կիրառման ձևեր։ Այս բաց և համագործակցային մոտեցումն է, որ դարձնում է ուղեցույցը զարգացող և ինքնակառավարվող կրթական գործիք։

Ուղեցույցի էլեկտրոնային տարբերակը հասանելի է կրթահամալիրի բաց հարթակներում՝

Ուղեցույցի շարունակական զարգացումը մատնանշում է կրթության կենդանի գործընթաց լինելը, որտեղ յուրաքանչյուր շարժում, ժպիտ կամ խաղ կարող է դառնալ նոր մեթոդի հիմք։ Ուղեցույցը երբեք չի ավարտվում․ այն աճում է մեզ հետ, մեր սաների և մեր խաղերի հետ։ Հեղինակային մանկավարժը ազատ է՝ ստեղծելու, փորձարկելու և վերափոխելու կրթական միջավայրը։ Յուրաքանչյուր խաղ, դառնում է նոր բացահայտման ու հնարավորության աղբյուր՝ փոփոխելու, հարմարեցնելու և կատարելագործելու ուղեցույցը։ Այս գործընթացում սահմաններ չկան․ բոլոր գաղափարներն են կենդանի, զարգացող և հենված ստեղծագործական ընթացքի վրա։

Դաստիարակը, որը առաջնորդում է այս հոսքը, մշտապես ինքնազարգացվում և վերածնվում է՝ կիսվելով փորձով, լսելով սաների արձագանքները, փորձարկելով նոր ձևեր ու մոտեցումներ։ Խաղն ու շարժումը, հաղորդակցությունն ու համագործակցությունը դառնում են ոչ միայն կրթության, այլև մանկավարժի ինքնաճանաչման և ինքնաբացահայտման կարևոր միջոցներ։

Կրթահամալիրի ամեն օրը նոր սկիզբ է՝ նոր խաղ, նոր փորձ, նոր հայտնագործություն։ Ուղեցույցը կենդանի է այնքան ժամանակ, որքան մանկավարժը չի դադարում սովորել իր սաներից և նրանց հետ միասին վերափոխվել։

«Մարզական խաղերի ուղեցույցը»՝ որպես բաց ուսումնական ռեսուրս:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով