Սովորողների ավագ տարիքը ինձ միշտ է հետաքրքրել։ Երկար տարիներ դասավանդել եմ կրթահամալիրի քոլեջում։ Իսկական հաճույք է հասուն մարդկանց հետ տարբեր գրական ստեղծագործությունների քննարկումը, լեզվական տարբեր խնդիրների լուծումը։ Սակայն խուսափել եմ ավագ դպրոցի 9֊րդ և 12֊րդ դասարաններում դասավանդելուց։ Եվ պատճառը ավարտական քննություններն են եղել։ Խնդիրն այն չէ, որ խուսափում եմ պատասխանատվությունից. չէ, իմ ընկալմամբ, մանկավարժությունը ամբողջությամբ պատասխանատվություն է` և’ ի սկզբանե, և’ ի վերջո։ Խնդիրը նույնիսկ քննություններն էլ չեն։ Կարծում եմ, կարևոր է արած֊չարածի, ձեռքբերումների ու բացթողումների համար հաշվետու լինելը։ Հաշվետվություն ներկայացնելու հմտությունը միշտ է անհրաժեշտ լինելու, և նրա զարգացումը պակաս կարևոր չեմ համարում։ ԻՆձ այլ բան է ետ պահում։
Խնդիրը քննությունների ձևն ու բովանդակությունն են։ Այստեղ բախվում են պետական հանրակրթական և պետական հեղինակային ծրագրերը։ Թվում է՝ հակադրություն պիտի որ չլիներ։ Ի վերջո հանրակրթական բոլոր ծրագրերը՝ պետական հանրակրթական, թե պետական հեղինակային-հանրակրթական, պարտավոր են բավարարել նույն՝ հանրակրթական չափորոշիչների պահանջները, և քննությունները, որոնք ուղղված են այդ չափորոշիչների իրականացումը և արդյունքները ստուգելուն, էականորեն չպիտի խնդիր առաջացնեին նաև հեղինակային, այլընտրանքային ծրագրեր իրականացնող հաստատությունների համար։ Սակայն ցավոք այդպես չէ։ Այդ հարցին ես անդրադարձել եմ իմ ,, Երբ չափորոշիչները մնում են որպես գեղեցիկ ձևակերպումներ,, հոդվածում։
Բայց այս տարի որոշեցի դասավանդել 9-րդ դասարանում և ներսից՝ ,,խոհանոցից,, առնչվել այն հիմնահարցերի հետ, որոնք ամեն տարի ստիպված են լինում լուծել 9-րդ դասարանում դասավանդող գործընկերներս։
Այս հարցի ամենապարզ լուծումը իհարկե այն կլինի, որ հեղինակային ծրագրերին թույլատրվի ամփոփման իրենց նախագծերն առաջարկել, ներկայացնել։ Սա բոլոր հարցերը կլուծեր։ Թե ինչ արդյունք տվեցին նախարարություն ներկայացված մեր հիմնավորումներն ու փաստարկները, կերևա մյուս ուստարի։ Իսկ այս՝ 2020-2021 ուստարում հանձնեցինք հիմնական կրթության ավարտական քննությունները՝ գրականությունը նաև ստուգատեսային ամփոմամբ, հայոց լեզուն՝ կենտրոնացված քննությամբ։
Գրականության ստուգատեսային ամփոփման մեր տարբերակը հեղինակային ծրագրի մշակում էր՝ բաց, հանրայնացված, բոլորին տեսանելի և հասանելի։ 1-ին փուլում սովորողը ներկայացնում էր իր ձեռքբերումները՝ հայ և արտասահմանյան գրականության իր ընթերցումները՝ ոչ միայն հանձնարարված, այլև իր նախասիրությամբ կարդացած, վերլուծություններ, ձայնագրություն-ընթերցումներ, գրաբար փոխադրություններ․․․ Ահա հաշվետվության մի քանի օրինակ․
Նարե Ազարյան
Արթենի Ջանիկյան
Սաթինե Տեր-Պետրոսյան
Ներկայացնեմ նաև մի նմուշ-տեսագրություն , որտեղ 9-3 դասարանի սովորող Միլենա Հարությունյանը ներկայացնում է իր հաշվետվությունը։
Սա գրականության ստուգատես էր, որին սովորողները բավականին մանրամասնորեն պատրաստվել էին՝ հիմնականում օգտագործելով ներկայացման Power-point ծրագիրը։
Գրականության ստուգատեսին մասնակցեցին ծնողներ, ուսուցիչներ, տնօրեններ, կրտսեր և միջին դպրոցներում դասավանդած ուսուցիչներ։
2-րդ փուլը մի ստեղծագործության վերլուծություն էր՝ առաջադրված հարցերով։ Ստեղծագործությունը փոքր էր, և սովորողը քննասենյակում՝ իրեն հատկացված ժամանակահատվածում կարդում և կատարում էր առաջադրանքները։
Առաջարկվող ստեղծագործությունները և առաջադրանքերը։
2-րդ փուլի ներկայացման օրինակ։ Շառլ Բոդլերի ,,Օտարականն է,, ներկայացնում 9-1 դասարանի սովորող Կարինե Գոմցյանը։