Առաջին հայացքից խիստ տարբեր երկու եզրեր` ֆլեշմոբ և հայերեն, ի՞նչ կապ կարող են ունենալ: Նախ` ֆլեշմոբ բառի մասին` բառն առաջացելէ flash mob robberie տարբերակից. 2003 թվականին ԱՄՆ Մանհեթեն վարչական շրջանում մի խումբ երիտասարդներ ցանկացել են իրենց բողոքն արտահայտել կողոպուտի դեմ: Հետագայում բառիմաստն ընդլայնվեց`տարածվելով մարդկանց հիմնականում անկանոն և հանպատրաստից շարժումների վրա: Հենց բառիմաստի ընդլայնման շնորհիվ էլ կրթահամալիրում ֆլեշմոբն աղերսվեց մաթեմատիկայի, հայերենի և այլ առարկաների հետ` դառնալով ուսուցման տարբերակ ըստ այնմ, որ միևնույն ժամանակահատվածում բոլորը միահամուռ աշխատում են: Որքան էլ ֆլեշմոբը փորձում են դիտարկել իբրև հանպատրաստից գործողության, այսպես ասած, բռնկում, այդուհանդերձ, եթե այն զանգվածային է, հանպատրաստից լինել չի կարող, հիմքում անպայման պայմանավորվածություն կա, ինչպես որ, դիցուք, հայերենյան ֆլեշմոբի դեպքում: Հետևաբար ֆլեշմոբ և հայերեն եզրույթները հակադիր բևեռներ չեն:
Հայերենյան ֆլեշմոբը՝ որպես հայոց լեզվից լրացուցիչ պարապմունք մասնակիցների համար, մեկնարկեց 2015թ. նոյեմբերին: Ձևավորվեց ֆլեշմոբի պատասխանատուների առաջին խումբը, առցանց քննարկմամբ համակարգվեցին առաջադրանքները և հրապարակվեցին GoogleDrive-ի միջոցով:
Պատասխանատուները գործընկերների աջակցությամբ կազմելով առաջադրանքների իրենց «փաթեթը» (10 առաջադրանք), մասնագիտական ինքնա- և փոխկատարելագործման հնարավորություն են ստանում և´ առաջադրանքների ստեղծման (խնդրի ձևակերպում, միջազգային լեզվաբանական խնդրագրքերից խնդիրների ընտրություն, թարգմանություն), և դրանց քննարկման, և´ խնդիրների լուծման և սովորողների հետ վերլուծելու փուլերում:
Արդյունքները` թե՛ մասնակցության, թե՛ աշխատանքի բարձր արդյունավետության առումով, գերազանցեցին մեր սպասելիքները: Գրանցվեց 455 մասնակից` 109-ը` Նոր դպրոցից, 54-ը` Հիմնական, 31-ը` Գեղարվեստի դպրոցներից, 61-ը` Դպրոց-պարտեզից, 137-ը` Միջին դպրոցից, 13-ը` Ավագից, 50-ը`այլ դպրոցներից: Արդյունքներին մասնակիցները ծանոթացան դասավանդողների միջոցով և քննարկեցին նրանց հետ, ոչ կրթահամալիրի մասնակիցները` էլեկտրոնային հասցեների միջոցով: Առաջադրանքներից մեկը շարադրանք էր. լավագույն արդյունքները հրապարակվել են «Լուսաստղ», «Պարտեզ» ամսագրերում: Նշանակում է` ֆլեշմոբը սովորողների համար լրացուցիչ ուսուցման տարբերակ է, որը ոչ միայն հավելյալ գիտելիքների աղբյուր դարձավ, այլև հնարավորություն` հրապարակելու սեփական մտքերն ու ստեղծագործական հմտություններն ընդհանրապես:
Կազմակերպման տեսանկյունից երկրորդ` դեկտեմբերյան ֆլեշմոբը, միայն մեկ տարբերություն ունեցավ նախորդից. առաջադրանքների հրապարակումը կատարվեց այլ ծրագրով` OneDrive, որը, սակայն, մեծապես խաթարեց մասնակիցների աշխատանքը. մասնակցությունը հաճախ չէր գրանցվում, որի պատճառով ունեցանք սակավ` 152 մասնակցություն` 47 մասնակից Նոր դպրոցից, 35-ը` Դպրոց-պարտեզից, 13-ը`Գեղարվեստի, 24-ը` Հիմնական դպրոցից, 17-ը` Միջին, 4-ը`Ավագ դպրոցից և 12-ը` այլ դպրոցներից:
Երրորդ` հունվարյան ֆլեշմոբը, տարբերվեց նախորդներից երեք հիմնակետերով` Ա. Իրականացավ երկու փուլով` առաջինը` հունվարի 1-15-ն ընկած հատվածում, երկրորդը` հունվարի 15-ին: Բ. Փոխվեց առաջադրանքի, հետևաբար նաև ակնկալվող պատասխանի բնույթը, ուստի` Գ. Փոխվեց գնահատման չափորոշիչը:
Երկփուլ ֆլեշմոբը պայմանավորված էր տոների և ֆլեշմոբի ժամանակահատվածների զուգադիպումով, ըստ որում նպատակային համարեցինք ի մասնավորի տոներին վերաբերող առաջադրանքները զետեղել ֆլեշմոբի առաջին, իսկ բուն լեզվաբանական առաջադրանքները` երկրորդ` հունվարի 15-ի փուլում:
Տեխնիկական խնդիրներից հնարավորինս խուսափելու համար բացվեց hayeren@mskh.am էլեկտրոնային հասցեն, որին մասնակիցներն իրենց պատասխաններն ուղարկելու հնարավորություն ստացան: Հունվարյան ֆլեշմոբի մյուս առանձնահատկությունը առաջադրանքների պահանջների տարաձևությունն էր. այս անգամ շեշտը դրվեց մեդիանյութերի օգտագործման վրա, և ինչպես վիճակագրությունը փաստեց, մոտ 50%-ն աշխատել է տեսա-, աուդիոնյութերի պատրաստման և հրապարակման ուղղությամբ, 50%-ը`շարունակել գրավոր պատասխանել առաջադրանքներին: Այս փուլում հրապարակվեցին ոչ միան շարադրությունները, այլև մասնակիցների ստեղծած մեդիանյութերը` իրենց բլոգներում, դպրոցների ենթակայքերում, սոցցանցերում:
Հունվարյան ֆլեշմոբի գնահատման չափորոշիչ ընտրվեց կատարել է—չի կատարել մեկնակետը. այս անգամ պատասխաններին միավորներ չտրվեցին, այսինքն` շեշտադրվեց մասնակիցների ակտիվությունն առավել, քան ակտիվության արդյունավետ-ոչ արդյունավետ լինելը:
Հունվարյան ֆլեշմոբի երկու փուլերի արդյունքներն ամփոփված են. մասնակցել է 297 սովորող, որոնցից 81-ը` Նոր, 53-ը` Հիմնական դպրոցից, 48-ը` Դպրոց-պարտեզից, 13-ը` Գեղարվեստի դպրոցից, 37-ը` Միջին, 20-ը` Ավագ դպրոցից, 15-ը` այլ դպրոցներից, կրթահամալիրի 30 մասնակիցներ չեն նշել դպրոցը:
Տեղին ենք համարում մեջբերել մի քանի սովորողների, ծնողների և ուսուցիչների կարծիքները հայերենի ֆլեշմոբի մասին. Նոր դպրոցի 5-2 դասարանի Յանա Նահապետյանը Նոր դպրոցի ենթակայքում գրում է. «Շատ հետաքրքիր ֆլեշմոբ է, ինձ շատ դուր եկավ»: Հիմնական դպրոցի 3-րդ դասարանից Գոռ Մնացականյանը ֆլեշմոբի կարծիքների բաժնում գրում է. «Ձեր հարցերը շատ հետաքրքիր էին: Ես դրանց պատասխանեցի մեծ հաճույքով. շատ շնորհակալություն»: Գեղարվեստի կրտսեր դպրոցի 5-րդ դասարանի Մարիետա Դալալյանը նույն բաժնում նշում է. «Ես չէի ցանկանա ինչ-որ բան փոխել, որովհետև շատ հետաքրքիր էր և զվարճալի»: Միջին դպրոցի 7.1 դասարանից Հարություն Ասատրյանը հավելում է. «Շատ հետաքրքիր առաջադրանքներ էին։ Մեծ սիրով մասնակցեցինք»:
Նելի Արղությանի մեկնաբանմամբ` հայերենի ֆլեշմոբը լրացուցիչ աշխատանք է, որին իր ընտանիքը մեծ ոգևորությամբ է սպասում ու տարածում շրջապատում. «Միշտ աշխատում ենք մեծ խմբով, բանավիճում այս կամ այն հարցի շուրջ, զանգում մեր ընկերներին»,- նշում է Նելին:
Աննա Ստեփանյանի խոսքով` իր ընտանիքը սիրով է մասնակցում հայերենի ֆլեշմոբներին. «Միշտ հրավիրում ենք մեր` այլ դպրոցներում սովորող բարեկամներին` մասնակցելու հայերենի ֆլեշմոբին: Ցանկալի կլինի` ֆլեշմոբը դիտարկվի նաև որպես հայերենի իմացության ստուգման միջոց»:
Հռիփսիմե Առաքելյանի փաստմամբ` ֆլեշմոբը, հատկապես` հայերենի, միավորող առանձնահատկություն ունի. ծնողները, թողնելով օրվա հոգսը, սկսում են աշխատել երեխաների հետ:
Կրթահամալիրի կայքի` նոյեմբերյան ֆլեշմոբի հայտարարությունն ունի հետևյալ մեկնաբանությունը Նաիրա Դալուզյանի կողմից` «Շնորհակալություն հետաքրքիր նախաձեռնության համար: Դիլիջանի կենտրոնական դպրոցի աշակերտները նույնպես ուզում են մասնակցել»:
Հավարտ հայերենի ֆլեշմոբի վերլուծության` նշենք`
Ա. Ֆլեշմոբի առավել ակտիվ մասնակցություն, որպես կանոն, գրանցվում է կրթահամալիրում` կրտսեր դպրոցներում, առանձնակի խանդավառությամբ` Նոր դպրոցում, հետ այդու` Դպրոց-պարտեզում և Հիմնական դպրոցում: Արդյունքների այսկերպ հրապարակումից հետո լիահույս ենք, որ Միջին և Ավագ դպրոցները նույնպես ակտիվորեն կմասնակցեն հետագա ֆլեշմոբներին:
Բ. Ֆլեշմոբը ուսուցման կազմակերպման նոր գործիք է:
Գ. Հայերենի ֆլեշմոբը գիտելիքայուրացման լրացուցիչ աղբյուր, հնարավորություն է ոչ միայն սովորողի, այլև ֆլեշմոբի պատասխանատուների համար:
Դ. Ֆլեշմոբի առաջադրանքները մեծավմասամբ հավելյալ տեղեկույթ են պարունակում, այսինքն`ավելին են, քան առաջադրանք-պահանջը:
Ե. Հայերենը, լինելով աշխարհի 10 ամենաբարդ լեզուներից մեկը, մյուս կողմից, ներկայացնելով հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին` հայկական լեզվաճյուղը, ամենահետաքրքիր զուգորդումներն ունի աշխարհի տարբեր լեզուների հետ, հետևաբար հայերենի ֆլեշմոբն ամենահարմար առիթն է մեր լեզուն ուսումնասիրելու և՛ իբրև առանձին, ինքնակա լեզու, և՛ ընդհանուր լեզվաբանության շրջանակում:
Զ. Հայերենի երեքամսյա ֆլեշմոբը միայն դրական արձագանք է ստացել, որը, անշուշտ, առավել պարտավորեցնող է: