Անհատի ձևավորման և դաստիարակության գործում ընտանիքի դերն անժխտելի է: Հետևապես, ուսումնական գործընթացի հաջողության կարևոր գրավականներից մեկը ծնողական համայնքի հետ համագործակցությունն է:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ծնողը ուսումնական գործընթացի ակտիվ մասնակից է: Էլեկտրոնային փոստը, դասարանական, դասավանդողի, սովորողի բլոգները, կրթահամալիրի կայքն ու ենթակայքերը, դպրոցի էլեկտրոնային գրասենյակը մշտապես ծնողների ուշադրության կենտրոնում են, և դրանց հետևելը նրանց մեծամասնության համար դարձել է օրվա կարևոր բաղադրիչ: Առցանց միջավայրի շնորհիվ ծնողը տեղեկանում է իր երեխայի ուսումնական գործունեության բոլոր ձևերին:
Այս ամենի հետ մեկտեղ, պետք է նշել, կրտսեր դպրոցում իմ դիտարկումները ցույց են տվել, որ ծնողները դպրոցական կյանքի նկատմամբ առավելապես մեծ հետաքրքրություն և ակտիվություն ցուցաբերում են ուսումնառության առաջին տարում: Նրանք մասնակցում և միջամտում են դասարանական կյանքին, ուսումնական օրացույցով նախատեսված տոներին, ստուգատեսներին, փառատոներին, համագործակցում են դասվարի, դասավանդող ուսուցիչների հետ: Հետագայում այդ հետաքրքրությունը կարծես թե մարում է. և´ ծնողների հետաքրքրասիրությունն է բավարարաված լինում, ավելի վստահում են դպրոցին ու դասվարին, և´ երեխաներն են ուզում ավելի ինքնուրույն հանդես գալ, ու դասվարի առջև խնդիր է ծագում՝ ծնողական համայնքի հետ համագործակցության նոր ձևեր և եղանակներ գտնելու, նրանց ուսումնական գործունեության մեջ ընդգրկելու համար:
Այս մտորումներից ծնվեց այն նախագծի գաղափարը, որը սկսել ենք իրականացնել ուսումնական տարվա սկզբից:
Այս տարի դասավանդում եմ «Իմացումի հրճվանք» ծրագրի երրորդ դասարանում: Ծրագրի բաղկացուցիչ «Ես և շրջակա աշխարհը» դասընթացը ենթադրում է ուսումնական ճամփորդությունների, դիտարկումների ու փորձերի, ուսումնասիրությունների ու հետազոտությունների միջոցով, իրական կյանքի տարբեր իրավիճակներում ճանաչել մեզ շրջապատող աշխարհը, սովորողների մոտ ձևավորել ինքնաճանաչման, ինքնադրսևորման, ինքնաարտահայտման հմտություններ, հոգատար վերաբերմունք շրջապատի նկատմամբ:
Տարեսկզբին ծնողներին առաջարկեցի միասին իրականացնել «Ինձ շրջապատող աշխարհը» նախագիծը: Նախագծի գաղափարը հետևյալն է. ուսումնական տարվա ընթացքում ծնողներից յուրաքանչյուրը վարում է որևէ ուսումնական պարապմունք: Պարապմունքի թեմաները քննարկվում և համաձայնեցվում են դասվարի հետ, դասվարն ու ծնողը ապահովում են պարապմունքին անհրաժեշտ նյութերը, գործիքները, ընտրում են գործունեության ձևը, միջավայրը, անցկացման օրը, և ծրագիրը հրապարակում են դասարանական բլոգում:
Նախագծի նպատակը ծնողներին իրենց երեխաների ուսումնական գործընթացի լիիրավ մասնակից դարձնելն է, նրանց ընդհանուր գործի մեջ համախմբելը :
Նախագծի իրականացման ժամկետը մեկ ուսումնական տարի է:
Առաջարկս մեծ խանդավառությամբ ընդունվեց ծնողների կողմից:
Նախագծի մեկնարկը տրվեց Հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ստեղծագործական 10–րդ հավաքի օրերին: Ռուբենի մայրիկը՝ Մարիամ Մովսեսյանը, տեխնոլոգիական աշխույժով լցրեց դասարանը: Նա ներկայացրեց օրիգամի արվեստը, նրա ստեղծման պատմությունը, սովորեցինք ծալման եղանակով թղթե հետաքրքիր պատկերներ ստանալ: Մանրամասները՝ դասարանական բլոգում:
Քանի որ օրիգամիի արվեստը ծագել է Չինաստանում, և սովորողներն արդեն որոշակի տեղեկություններ ունեին մեր մոլորակի այդ անկյունի մասին, Միհրանի մայրիկը՝ Խոնարհ Հակոբյանն առաջարկեց նախագծի հաջորդ պարապմունքը Չինաստանի մասին անել: Նշեմ, որ Միհրանն ու մայրիկը հաճախում են չինարենի դասընթացների, և նրանք սիրով մեզ փոխանցեցին մի շարք հմտություններ: Դասարան-լաբորատորիան այս անգամ լցված էր չինական շնչով: Մանրամասները տեսանյութով ներկայացված են դասարանական բլոգում:
Մեր ուսումնական միջավայրը չի սահմանափակվում դասարան-լաբորատորիայով: Ճամփորդությունները ուսումնական գործընթացի անբաժանելի մասն են կազմում և բակը, այգին, սարը, բարձունքը, թատրոնը, թանգարանը, հուշակոթողը և բազում այլ վայրեր կարող են իսկական ուսումնական միջավայր հանդիսանալ սովորողի համար: Նախագծի հերթական պարապմունքի համար այդպիսի միջավայր հանդիսացավ ռազմական օդանավակայանը: Միգուցե զարմանալի է, բայց պատկերացրեք սովորողի խանդավառությունը, երբ զրուցում է իրական օդաչուի հետ, հարցեր է ուղղում նրան, ուղղաթիռ է նստում, հետևում, թե այն ինչպես է պատրաստվում թռիչքի, տեսնում է թռիչքը, տեղեկություններ ու պատմություններ է լսում պատերազմին մասնակից ուղղաթիռների մասին և այլն: Այդչափ հետաքրքիր ճամփորդությունը մեզ համար կազմակերպել էր Զավենի ընտանիքը: Զավենի հորեղբայրը ռազմական օդաչու է, և այդ հանդիպումից հետո դասարանի տղաների մեծ մասը որոշել է օդաչու դառնալ:
«Մխիթար Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնին բաց դաս-պարապմունք անցկացրեց մեր Նարեի մայրիկը՝ լրագրող Նելլի Ռաֆայելյանը: Քանի որ մենք դասարանական ռադիո ունենք, և լրագրողական աշխատանք ենք կատարում, շատ հետաքրքիր էր ծանոթանալ լրագրողի աշխատանքի նրբություններին, մասնագիտական կողմերին: Պարապմունքի գործնական մասն անցավ եռանդուն մթնոլորտում: Սովորողները բաժանվեցին խմբերի: Յուրաքանչյուր խումբ պետք է փոքրիկ ռեպորտաժ ստեղծեր առաջարկված թեմայով: Այնուհետև յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր աշխատանքը: Նարեի մայրիկն առաջարկեց, որ դրանք նկարահանվեն ու ձայնագրվեն «Շողակաթ» հեռուստաընկերությունում, որտեղ ինքն աշխատում է: Իհարկե, մենք մեծ ոգևորությամբ համաձայնեցինք և որոշ ժամանակ անց հյուրընկալվեցինք հեռուստաընկերությունում: Արդյունքում հետաքրքիր ռեպորտաժ ստեղծվեց, որը, ի դեպ, ներկայացրել ենք Դիջիթեք 2016-ին:
Այս օրերին կրթահամալիրում մեկնարկել են ստուգատեսները: Մեր նախագծի այս անգամվա պարապմունքը բնագիտական ուղղվածություն ուներ: Այն վարում էր Դավիթի մայրիկ, կրթահամալիրի դասավանդող Շուշան Ալեքսանյանը: Սովորողները ծանոթացան բույսի կառուցվածքին, մանրադիտակով ուսումնասիրեցին այն, թաղարներ տնկեցին ու սովորեցին, թե ինչպես խնամել դրանք:
Նախագիծը շարունակվելու է մինչև տարեվերջ: Ուսումնական պարապմունքների այսպիսի կազմակերպումը ավելի է համախմբել ծնողական համայնքին, ոգևորել է և´ սովորողներին, և´ ծնողներին: Իսկ ի՞նչն է ոգևորում դասավանդողին: Իհարկե, այն միջավայրը, որտեղ նա կարող է կազմել և իրականացնել նորանոր նախագծեր, որոնք նպաստում են ուսումնական գործընթացի բարելավմանը: Ինձ շրջապատող աշխարհը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, հենց այդպիսին է: