Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով կազմակերպվող «Հանրակրթական դիջիթեք 2016» ստուգատեսին «Ուսումնական բլոգը՝ դասագիրք» անվանակարգի պատասխանատուն եմ: Երբ որպես պատասխանատու՝ փորձեցի ձևակերպել անվանակարգի նյութին ներկայացվող պահանջները, ինձ համար էլ ավելի որոշակի դարձան բլոգ-դասագիրք մեդիա-տարածքի առավելություններն ու հնարավորությունները:
Կփորձեմ ուսուցչի և սովորողի տեսանկյունից դիտարկումներ անել:
Որպես մայրենիի դասավանդող՝ ինձ համար բլոգը ճկուն գործիք է, որը ցանկացած պահի հնարավորություն է տալիս օգտվելու ուսումնական պարապմունքին հատուկ գործունեության ամենատարբեր ձևերից` ընթերցանություն, քերականական աշխատանք, տեսանյութի դիտում, ընկերոջ աշխատանքին ծանոթություն, առցանց քննարկում: Ամեն օր սովորողի պահանջը մի բան է թելադրում, և եթե որպես ուսուցիչ` ուշադիր ես, ձեռքդ կարող ես պահել դասարանի, անհատ սովորողի տրամադրության զարկերակին, հստակ պատկերացնում ես, թե սկսած ուսումնական նախագիծը ո՛ր ուղղությամբ պիտի զարգացնես, ո՛ր դասարանում, որ սովորողի համար ո՛ր առաջադրանքը պիտի առաջնային լինեն: Բլոգը հնարավորություն է տալիս ունենալու առաջադրանքների այնպիսի փաթեթ, որտեղ նույն հարթակում նվազագույն ու առավելագույն պահանջներ են արտահայտվում, նույն թեմայի տարբեր մշակումներ` առանց իրար խանգարելու. մնում է` սովորողն ընտրի: Սովորական տպագիր դասագիրքը չի կարող տալ այդ հնարավորությունը, քանի որ այդ գիրքը կազմողը չի ճանաչում կոնկրետ սովորողներին, անգամ չգիտի էլ, թե ում համար է այն կազմել: Դասագիրքն «անշարժ» է։ Իսկ բլոգում առաջադրանքների փաթեթը կարող է անընդհատ թարմացվել, փոփոխվել, լրացվել: Իմ օրինակով կարող եմ ասել, որ եթե անգամ ամեն տարի նույն հեղինակին անդրադառնամ, եթե անգամ նույն ստեղծագործությունների վրա աշխատեմ նույն տարիքի սովորողների հետ, առաջադրանքների փաթեթը հաստատ կփոխվի, կլրացվի, որովհետև նախ` նոր սովորողներ են գալիս` նոր պահանջներով, հետո ինքս եմ փոխվում, նոր տեղեկություններ ու աղբյուրներ իմանում, փոխվում-զարգանում են նաև իմ ու սովորողների մեդիահմտությունները:
Բլոգը, ճկուն (մոբիլ) լինելուց բացի, նաև համակարգող է: Եթե անգամ ոչ մի էջ ու բաժին էլ չստեղծվի դասավանդողի կողմից, բլոգը ինքը խմբավորում-հավաքում է նյութերի փաթեթները՝ ըստ ամիսների, ըստ տարիների, ըստ պահանջվածության (դիտումների), ըստ վերջին հրապարակումների:
Բլոգի առավելություններից է նաև սովորողին ընտրություն տալու հնարավորությունը: Սովորական դասագրքում տվյալ բանաստեղծից, գրողից տպված է մեկ-երկու ստեղծագործություն, սովորողը ուզի-չուզի (կամ երբեմն էլ մտածելով՝ դե էս հերիք է) սերտում է դրանք, մի քանի հարց-առաջադրանք կատարում ու մի կողմ դնում հեղինակին: Բլոգը ընտրության լայն դաշտ է բացում սովորողի առջև. եթե Թումանյան, ուրեմն՝ փաթեթում և՛ հեքիաթներ կգտնես, և՛ բանաստեղծություններ, և՛ հոդվածներ, և՛ նամակներ, և՛ դրանց մասին նյութեր, և՛ հղումներ այլ, ավելի ծավալուն ռեսուրսների. ընտրիր, կարդա, վերլուծիր, համեմատիր և արտահայտվիր քո բլոգ-տետրում:
Սովորողին ուսուցչի բլոգը հարմար է նաև այն ժամանակ, երբ որ իր ֆիզիկական ներկայությունը պարապմունքին անհնար է. նա գիտի ուսուցչի բլոգի հասցեն՝ աշխարհի որ ծայրից ցանկանա, կարող է բացել, աշխատել, օրվա նյութի «Կարծիք» բաժնում էլ թողնել իր պատասխանը:
Սովորողը դասընթացից ստացած ամսական, կիսամյակային գնահատակա՞նն է ուզում ուղղել. կոճակի մի սեղմումով բացում է տվյալ ամսվա առաջադրանքի փաթեթներն ու լրացնում բացթողումները: Այս հարցում օգտակար է նաև բլոգ-մատյան կապը, քանի որ մատյանում հստակ նշվում է, թե ո՛ր առաջադրանքի գնահատանիշն է ցածր, և սովորողը կոնկրետ այդ փաթեթի վրա է աշխատում:
Դասավանդողի բլոգը հետաքրքիր է նաև սովորողի ծնողին, դպրոցի, ծրագրի ղեկավարին և ուրիշ շահառուների, հետաքրքրվողների: Բլոգը իրազեկ է պահում տվյալ առարկայի ծրագրին, նյութերին, գործունեության ձևերին, ուսումնական նախգծերին, արդյունքներին, առաջարկում լրացուցիչ ուսուցման նյութեր:
Յուրաքանչյուր առարկա, իհարկե, ունի իր յուրահատկությունը, որն էլ թելադրում է բլոգի կառուցվածքն ու բովանդակությունը, բայց մասնագետ-գործընկերների հետ քննարկման արդյունքում առանձնացրինք մի քանի կետ, որոնք պարտադիր են ցանկացած բլոգ-դասագրքի համար.
- Բլոգում պիտի երևան կրթական ծրագիրը և այն առարկան (դասընթացը), որի համար աշխատում է բլոգը՝ որպես դասագիրք:
- Պիտի երևա այն ուսումնական (առարկայական) ծրագիրը, որն իրականացվում է:
- Թեմաներն ու դրանց կցված առաջադրանքները լինեն մեկ փաթեթով (վերնագիր, ամսաթիվ, բաժին և այլն):
- Թեմաները պարունակեն ուսումնական նյութեր (բլոգում կամ բլոգից դուրս հղումներով). սովորողին հնարավորություն տան ընտրելու ուսումնական նյութը:
- Առանձին թեմաները և/կամ բլոգը լրացուցիչ ուսուցման (տնային աշխատանքի, ինքնակրթության, ուսուցումը խորացնող) փաթեթներ ունենան:
- Երկարաժամկետ նախագծերի ցանկ և արդյունքներ լինեն:
- Հեշտ նավարկելի լինի. բլոգը հնարավորություն տա՝ ցանկացած պահի ցանկացած թեմա արագ գտնելու: