Առցանց ուսուցման երեք շաբաթ` պարտադրված, սակայն բեկումնային: Առցանց ուսուցումը կրթահամալիրում իրողություն է, և այս առումով կարծես ոչինչ չպետք է զարմացներ, սակայն այս երեք շաբաթներն առցանց ուսուցմանը մի նոր որակ, թափ ու հմայք հաղորդեցին:
Առցանց ուսուցման առաջին շաբաթ: Կազմված են առաջադրանքները, ուղարկված են սովորողներին, ովքեր կարծես թե աշխատում են, հետաքրքրված են, սակայն այդ ամենը շատ է անվերահսկելի-աղոտ: Սպասում եմ շաբաթվա ավարտին, ամփոփում եմ շաբաթը, և արդեն հստակ երևում են այն սովորողները, որ շաբաթվա ընթացքում ուսումնական աշխատանք չեն արել: Զանգահարում եմ, փորձում եմ ճշտել դժվարությունները, անհրաժեշտության դեպքում առաջարկում եմ օգնություն:
Առցանց ուսուցման երկրորդ շաբաթ: Հաշվի առնելով առաջին շաբաթվա փորձը՝ աշխատում եմ երկրորդ շաբաթվա հանձնարարություններում ներառել շախմատային և մարմնամարզական առաջադրանքներ: Առաջարկում եմ դասական երաժշտության ունկնդրում, զուգահեռ՝ զգացողությունների արտահայտում գույներով: Չորս տարբեր հանելուկներ եմ գրում, որոնց պատասխանները ստանալու դեպքում սովորողը գուշակում է, թե Թումանյանի որ հեքիաթի մասին է խոսքը: Կռահելով հեքիաթը՝ փորձում է համակարգչային Paint ծրագրի օգնությամբ պատկերել հեքիաթը: Տեխնոլոգիան կապում եմ «Ես և շրջակա աշխարհ»-ի հետ՝ առաջարկելով մեկ ընդհանուր առաջադրանք: Միջառարկայական փոխադարձ աղերսներ, ասել է թե՝ ամենաիսկական իմացումի հրճվանք:
Առաջին դասարանում առցանց ուսուցումն ունի իր առանձնահատկությունները. սովորողները դեռ ամբողջությամբ գրաճանաչ չեն, էլեկտրոնային հասցեներից ինքնուրույն օգտվել չեն կարողանում: Այս դեպքում սովորողների ծնողները դառնում են մի տեսակ կապող օղակ. ստացվում է, որ, նախ, պետք է ընդգրկես ծնողին, որի միջոցով և ակտիվացնես սովորողին: Արդյունքում ներառվում է ամբողջ ընտանիքը: Ծնողների հետ աշխատանքը շատ ավելի բարդ է և դժվար: Կան ամենատարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ, սակայն, երբ դրված է սովորողին ոգևորելու, աջակցելու, քաջալերելու խնդիրը, ծնողները դառնում են ավելի պատրաստակամ և մոբիլ:
Առցանց ուսուցման երրորդ շաբաթ: Առաջին և երկրորդ շաբաթվա փորձը թույլ տվեց շաբաթն սկսել շատ ավելի համարձակ: Յուրաքանչյուր օր էլեկտրոնային փոստով ստանում էի առաջադրանքների պատասխաններ՝ ամենատարբեր մոտիվացիաներով: Յուրաքանչյուր օրվա առաջադրանքը հրապարակվում էր դասարանական բլոգում, գալիս էր ենթակայք, մտնում՝ գլխավոր կայք:
Կային աշխատանքներ, որոնք խմբավորվում և մեկ վերնագրի տակ էին թողարկվում, շաբաթվա ընթացքում դրանք անընդհատ լրացվում և հարստացվում էին:
Բլոգի մուտքերի քանակից երևում էր, որ սովորողներն ու ծնողները հետաքրքրված են, ակտիվ հետևում են բլոգին:
Էլ ի՞նչ առցանց ուսուցում՝ առանց առցանց քննարկման. թեման լողուսուցումն է: Չմոռանանք նշել այն փաստը, որ 2015 թ. վերջում, տարին ամփոփելիս, մանկավարժության կենտրոնի աչքից չէր վրիպել Նոր դպրոցի առաջին դասարանի լողացող թիմը: Առցանց քննարկումների կազմակերպումը, կլոր սեղանները շատ լավ այլընտրանք են տարիներ շարունակ ավանդույթ դարձած ծնողական ժողովներին, որտեղ, ինչքան էլ ցանկանաս քննարկել ընդհանուր խնդիրներ, միևնույն է, ծնողին հետաքրքրում են կոնկրետ իր երեխայի ուսումնառության հետ կապված խնդիրները և այդ պատճառով բոլոր քննարկումներին բերում է դրանց հետ չկապվող իր անհատական հարցը: Այդ պաճառով շատ նպատակահարմար են կոնկրետ հարցի ընդհանուր առցանց քննարկում կազմակերպելն ու անհրաժեշտության դեպքում փոքր խմբերով և անհատապես ծնողի հետ զրույց-քննարկումները. մեր օրերում մեդիան ամենատաբեր խմբերով միաժամանակ շփման մեծ հնարավորություն է տալիս:
Անձամբ ինձ համար առցանց ուսուցման այս երեք շաբաթները օգտակար փորձ ավելացրին, սովորողի, սովորողի ծնողի հետ առցանց շփման մի նոր աստիճան հարթեցին: Ինձ համար կարևոր էր լսել ծնողների կարծիքները, դիտարկումներն ու առաջարկները, ինչո՞ւ չէ, նաև գոհունակությունը: Ծնողները նշում էին, որ ակտիվորեն հետևում էին դասարանական բլոգին, դիտում էին մյուս սովորողների աշխատանքները, քննարկում էին, հիանում իրենց երեխայի, մյուս սովորողների ստեղծած նյութերով. մի բան, որ իրական միջավայրում շատ ավելի դժվար կլիներ կազմակերպել: Առցանց ուսուցման մյուս հմայքն այն էր, որ մեդիան հնարավորություն էր ընձեռում մտնել յուրաքանչյուր ընտանիք, թույլ էր տալիս դիտարկել յուրաքանչյուր սովորողի մի այլ տեսանկյունից, բացահայտել այնպիսի բաներ, որ առկա միջավայրում հնարավոր էր երբեք էլ չբացահայտվեին:
Ծնողները նշում էին նաև, որ այդ ակտիվությունը ապահովում էր առողջ մրցակցություն: Ծնողներից մեկը զրույցի ժամանակ պատմեց, որ ինքը հետևել է ոչ միայն դասարանական բլոգին, այլև ուշադիր է եղել միևնույն ծրագրով աշխատող մեր մյուս կրտսեր դպրոցների առաջին դասարանների բլոգներում տեղադրված հանձնարարություններին, որը օգնել է իրեն զուգահեռներ անցկացնել:
Ծնողներից մեկն էլ ծիծաղելով նշեց, որ իրենց անհարմար իրավիճակի մեջ եմ դնում. կարծես մեծ են, շատ բան գիտեն, բայց պարզվում է, որ սովորելու բան իրենց երեխաներց շատ ավելին ունեն:
Մի հետաքրքիր ձեռքբերում նույնպես` դասարանում կային սովորողներ, որոնք շատ կաշկանդված էին, և որոնց խոսքը խիստ կցկտուր էր. առցանց շաբաթվա և ձայնագրությունների շնորհիվ այդ սովորողները հաղթահարել են այդ դժվարությունները, ներկայանում են համարձակ, ներկայացնում՝ գեղեցիկ:
Հեռավար-առցանց դպրոցին հաջորդող ուսումնական օրերին սովորողների հետ միասին դիտել ու քննարկել ենք բոլոր առաջադրանքները: Բոլոր արդյունքները գրանցված են, հրապարակված: Այն սովորողները, որոնց այս կամ այն պատճառով առցանց աշխատել չհաջողվեց, ֆիզիկական միջավայրում ներկայացրեցին այս երեք շաբաթվա չկատարած աշխատանքները:
Կարծում եմ, որ առցանց աշխատելու առիթներ դեռ շատ ենք ունենալու, և իմ փորձն ու դիտարկումները փորձառության մի նոր մակարդակ են ապահովելու ինձ համար: Առցանց ուսուցումը այս օրերին մեծ թափ ստացավ, անցել են օրեր, սակայն կան սովորողներ, որոնք դեռ ունեն հրապարակվող աշխատանքներ, իսկ առջևում գարնանային և ամառային արձակուրդներն են՝ հրաշալի առիթ սկսած գործին նոր թափ ու հավես հաղորդելու համար: