«Կրթությունը կայնքի նախապատրաստում չէ, կրթությունը հենց կյանքն է»: Ջոն Դյուի
Սովորեցնելու բազմաթիվ գործուն մեթոդներ են մշակվել ամբողջ աշխարհում, որոնք հնարավոր են դարձնում սովորողի ուշադրությունը բևեռել ցանկալի նյութի վրա, հակել հետազոտելու նյութը, դիտարկելու տարբեր կողմերից, դրա մասին դատողություն անելու, գնահատելու, կարճ ասած՝ յուրացնելու նյութը: Սակայն անգամ լավագույնս յուրացրած ինչ-որ բան անիմաստ է, եթե կիրառություն չի գտնում մարդու առօրյայում:
Դրա համար, բազմաթիվ մեթոդների, ամենահետաքրքիր ու բովանդակալից ծրագրերի կողքին արդյունավետ ուսուցում է իրականացվում ինֆորմալ կրթությամբ՝ կյանքի անսպասելի իրադրություններում սովորելիս, երբ հարկավոր է լինում տեղում առաջացած խնդիրը լուծել: Միշտ չէ, որ հաջողվում է հետևել սովորողի՝ ոչ դասասենյակային կրթությանը, բայց այդպիսի հնարավորություն տալիս են բաց նախագծերը, որոնց սովորողները կարող են մասնակցել առանց պարտադրանքի, չսահմանափակված ինչպես տարածությամբ, այնպես էլ ժամանակով: Շատ հաջող է կրթության այս ձևը կիրառվում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում էլեկտրոնային հրապարակումների միջոցով, որոնց մասն է կազմում նաև առցանց ռադիոն:
Մի կողմ թողնենք, թե որքանով է մեր արածը ռադիո կամ որքանով է առցանց: Փորձենք դիտարկել այն խնդիրները, որոնք նախ ի հայտ են գալիս, ապա լուծվում են հենց հրապարակման համար աուդիոնյութ պատրաստելիս:
Մարդը, տարբեր պատճառներով, ժամանակի ընթացքում տարբեր բարդույթներ է ձեռք բեռում: Դրանք աստիճանաբար դառնում են բնավորության գիծ, դառնում են վարքագծի հիմք, բացասաբար են ազդում կյանքում մարդու ինքնաիրացման վրա: Դեռահասության տարիքը ամենախոցելին է բարդույթների առաջ: Երբեմն անհնարին է հասնել նրան, որ 15-16 տարեկան պատանին հրապարակային մի բան ասի՝ կարծիք հայտնի, որևէ հարցով դիմի ինչ-որ մեկին, շփվի առանց անխուսափելի անհրաժեշտության:
Երբ սպասվող կամ արդեն կատարված իրադարձության մասին տեղեկություն հավաքելու համար սովորողը հանձնարարություն է ստանում դիմելու այս կամ այն անձին, նա համարում է, որ ինքը քիչ է խոսելու. 1-2 հարց է տալու և ձայնագրելու է պատասխանը: Նա մտքում ձևակերպում է հարցը, ընտրում, փորձում է դրա՝ իր կարծիքով հարմար հնչերանգը: Սովորողը երբեմն ենթադրում է նաև խոսակցի պատասխանը, բայց երբ չի ստանում իր սպասածը, հանպատրաստից հարց է տալիս, որ նախ՝ ավելի բնական է հնչում, երկրորդ՝ ակամա կոտրում է պատանու մեջ արմատներ գցող բարդույթը: Առաջին նպատակը հենց բարդույթներից ազատվելն է:
Մեր օրերում դժվար է սովորող դեռահասներից պահանջել այս կամ այն ստեղծագործությունն անգիր անել: Թվում է՝ սովորողն ընդհանրապես չափածո ստեղծագործությունների նկատմամբ անտարբեր է դարձել: Եթե անգամ սովորում է ինչ-որ բան, հարցնելու դեպքում անզգացմունք բառերի կույտ է արտասանում: «Դաս պատասխանելու» գործընթացն ամենևին տրամադրող չէ սեփական զգացմունքներն անգամ ամենագեղեցիկ ու հուզիչ բանաստեղծությամբ արտահայտելու համար: Բեմից արտասանելը ենթադրում է երկար նախապատրաստում, բեմադրում ու ծրագրված փորձեր, որոնք նույնպես մանր ու մեծ խոչընդոներ են հրապարակային խոսքի ճանապարհին:
Խնդրի լավագույն լուծումը աուդիոընթերցումն է: Սովորողը տանը կամ որևէ տեղ՝ մեկուսի, իր ընտրած բանաստեղծությունը ձայնագրում է, լսում, գնահատում, եթե չի հավանում, նորից է ձայնագրում: Ինքն իր հետ է, բայց ակնհայտ է անթերի ներկայանալու ցանկությունը: Օտար աչքից ու կողմնակի մարդու ներկայությունից ազատ՝ գեղարվեստական ստեղծագործություն ընթերցողը արտահայտում է նաև սեփական զգացմունքայնությունը՝ առանց դրա վրա կենտրոնանալու, հետևաբար՝ առանց կեղծելու: Այդպես՝ տարբեր սովորողների ձայնագրությունները մեկ ժողովածուում հավաքելով, ձևավորելով ու ներկայացնելով՝ միանգամից երեք խնդիր ես լուծում. նախ՝ ներկայացնում ես ընթերցող դեռահասին՝ իր զգացմունքային ներկապնակով, երկրորդ՝ քաջալերում ես՝ նման աշխատանքը դարձնելով բոլոր ցանկացողների ինքնաարտահայտման միջոցը, երրորդ՝ մղում ես սովորողներին միմյանց և տարբեր ուսուցիչների հետ համագործակցության (երաժշտական ձևավորման համար, օրինակ, դիմում են երաժշտության ուսուցչին): Այս ժողովածուն ներկայացող խմբի հետ առաջին փորձն է: