Գեղարվեստի կրտսեր դպրոցի երկրորդ դասարանում

Ես հաղորդավարն եմ, իսկ դու իմ հյուրն ես: Հիմա ես քեզ կտամ հարցեր ՝ դու կպատասխանես, լա՞վ:

Դասարանում ենք, ընդմիջում է, սովորողները խաղ են կազմակերպել. դասարանը վերածել են տաղավարի: Լուռ հետևում եմ խաղին: Հետո հարցնում եմ՝ էրեխեք, ի՞նչ խաղ է։
— Ստուդիայում հյուրեր ունենք,- հնչում է պատասխանը, և պայթում է ծիծաղը:

Սովորողները բաժանվել են երկու խմբի: Մի խումբը հանդես է գալիս որպես հյուր, մյուսը՝ հաղորդավար: Չեմ միջամտում, դիտարկումներ եմ անում: Դժվար խոսող, չշփվող սովորողը ակտիվ է, հարցեր է տալիս… ինքնավստահ է հանդես գալիս, բարդույթները հաղթահարում է:

Ասում են՝ երեխան զարգանում է խաղով, իրեն շրջապատող աշխարհը ճանաչում և ընկալում է խաղի միջոցով: Բայց սա խա՞ղ է… «Ջա՜ն, ստեղծենք մեր դասարանական TV-ին»,- մտածում եմ ես: Հետո բարձրաձայն.
— էրեխեք, ուզո՞ւմ եք ստեղծենք մեր դասարանական TV-ին, ունենանք գունեղ տաղավար:
— Այո՜,- հնչում է միասնական պատասխանը:

Եթե այդպես է՝ թող անունը խաղ լինի։ Կարևոր պայման է. սովորողների ուսուցումը կազմակերպել խաղի միջոցով: Խաղի ժամանակ երեխան ինքնադրսևորվում է, ազատ է, թեթև է…

Նոր մեթոդներ մանկավարժության մեջ. այս նախադասությունն աշխատանքի մեջ, առօրյայում անընդհատ ինձ հետ է… Որպես ուսուցիչ ինձ հետաքրքիր է մանկավարժության մեջ նոր մեթոդներ հնարելը, փորձարկելը…

Եվ այսպես, 2014 թվականի դեկտեմբեր ամիսն էր, մոտենում էր Ամանորը, և մենք որոշեցինք ունենալ մեր դասարանական ամանորյա տաղավարը: Սովորողների հետ քննարկեցինք՝ ի՞նչ գույներ պետք է ունենա ամանորյա տաղավարը: Ընտրվեց երկու գույն՝ բաց կանաչ և մուգ ծիրանագույն: «Երկու գույների խաղ»,- ասաց Սոնան: Տաղավարի գույների ընտրությունը նպաստում է սովորողների՝ պատկերի, գույների զգացողության, ճաշակի զարգացմանը:

Ստացվեց առաջին նկարահանումը՝ «Գույն» TV-ի տոնական առաջին թողարկումը, դիտե՛ք, շատ զվարճալի տեսանյութ է:

Հաղորդումները շարունակական դարձան, տաղավարում հյուրընկալեցինք.

Դիտեք նաև. 

Իսկ տաղավարում ուսումնական աշխատա՞նքը։ Խնդրեմ։ Սովորողների հետ մշակեցինք պահանջներ՝ ինչպիսին պետք է լինի հաղորդավարի խոսքը.

  • գրագետ
  • պարզ և հասկանալի
  • բառերի, հնչյունների հստակ արտասանությամբ
  • գրավիչ։

Դասարանական TV-ի նպաստում է.

  • սովորողների բանավոր խոսքի, բանավոր խոսքը խմբագրելու կարողությունների զարգացմանը
  • ձևավորում է հարցեր տալու և հարցերին պատասխանելու հմտություններ
  • զարգացնում է ստեղծագործական միտքը
  • ձեռք են բերվում համագործակցային և ինքնուրույն աշխատանքի հմտություններ
  • ինֆորմացիա հավաքելու հմտություններ է ձևավորվում:

Իսկ հիմա ամառային ճամբարն է առջևում. մենք ունենք նոր տաղավար՝ կանաչ, դեղին, սև գույների համադրությամբ: Նախատեսում ենք ունենալ նոր հյուրեր: Առաջիկայում «Գույն» TV-ի տաղավարում կլինեն սեբաստացի մայրիկները: Թեման՝ դասարանական բլոգենթակայքֆեյսբուքյան էջ՝ «Գեղարվեստի ծնողական խումբ», նոր ուսումնական տարվա հետ կապված առաջարկներ: Հետաքրքրեց և ձե՞զ, ասելի՞ք ունեք։ Համեցեք։

Հեղինակ՝ Կարինե Բաբուջյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով