Կրթահամալիրում յուրաքանչյուր կիսամյակի վերջում անցկացվում են ուսումնական տարվա օրացույցով, ուսումնական պլանով որոշված ստուգատեսները, որոնք նպատակ ունեն ամփոփելու սովորողի, խմբի (ընտանիքի), դասարանի, ուսուցչի կիսամյակային կամ նախագծային գործունեությունը: 

Կրտսեր դպրոցում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագիրը հանդես է գալիս միասնական նախագծերի տեսքով: Կիսամյակային ստուգատեսներն էլ դառնում են յուրօրինակ ուսումնական նախագծեր, որոնց ընթացքում ոչ միայն ամփոփվում, ի մի են բերվում որոշակի արդյունքներ ու ձեռքբերումներ, այլև սովորողը, խումբը (ընտանիքը), դասարանը դառնում են ստուգատեսային աշխատանքների  մասնակիցներ: Ստուգատեսներ անցկացվում են նաև կիսամյակի ընթացքում՝ նպատակ ունենալով ամփոփելու կոնկրետ նախագծի արդյունքները: Ստուգատեսներին մասնակցում ենք անհատական, դասարանական, ընտանեկան նախագծերի տեսքով:

Կրթահամալիրում 2014-2015 ուստարում արդեն անցկացվել են մի շարք ստուգատեսներ՝ «Ես կարողանում եմ», բնագիտատեխնիկական, մարմնամարզական, «Հանրակրթական Դիջիթեք», «Կարդում ենք…», «Ձոն», «Հանրակրթական էկոտուր», «Իմ գրադարանը», «Ռոդարիական օրեր»: Դրանցից յուրաքանչյուրը մեր` առաջին դասարանի բլոգում ունի իր էջը: 

«Ես կարողանում եմ»

Հունվարի 12-ից կրթահամալիրում մեկնարկեց «Ես կարողանում եմ» ստուգատեսը, որն ուղղված էր յուրաքանչյուր սովորողի: Սովորողները նշված ժամանակահատվածում պետք է ամփոփեին կիսամյակի ընթացքում ձեռք բերած իրենց կարողություններն ու հմտությունները: Ստուգատեսը կարևոր էր այնքանով, որ և՛ սովորողներին, և՛ ինձ հնարավորություն տվեց տեսնելու մեր ձեռքբերումները: Առաջին դասարանցիների հետ միասին անդրադարձ կատարեցինք մեկ կիսամյակում անցած մեր ուսումնական ճանապարհին:

Սովորողների կիսամյակային գործունեության արդյունքներն ամփոփվեցին  ու ներկայացվեցին տեսաֆիլմի տեսքով:

Բնագիտատեխնիկական ստուգատես

Բնագիտատեխնիկական ստուգատեսին մասնակցեցինք ընտանեկան նախագծերի տեսքով: Առաջինից երրորդ դասարանցիներին տրված էր հանձնարարություն պատմելու իրենց խաղալիքների մասին: Նախագիծը դարձավ ընտանեկան, և ստեղծվեցին տեսաֆիլմեր: Իրենց աշխատանքները հասցրին ներկայացման փուլ՝

Մարմնամարզական ստուգատես

Մարմնամարզական ստուգատեսին մասնակցեցինք ըստ նախապես հրապարակված ժամանակացույցի և ծրագրի: Մարմնամարզական ստուգատեսի ընցաքում սովորողները ներկայացրեցին իրենց մարմնամարզական հմտություններն ու կարողությունները:

Հանրակրթական Դիջիթեք

Հանրակրթական Դիջիթեք 2015-ին «Էլեկտրոնային գիրք» անվանակարգում ներկայացրինք  մեր ստեղծած էլեկտրոնային այբբենարանները: Ուսումնանական գործունեության ընթացքում ստեղծեցինք Դիջի բացիկներ և նկարեցինք Դիջի գովազդ:

Վերը նշված ստուգատեսներն ամփոփեցին մեկ կիսամյակի գործունեությունը: Հունվար ամիսը ստուգատեսային ամիս էր, որի ընթացքը հնարավորություն տվեց արձանագրելու  սովորողների ձեռք բերած կարողություններն ու հմտությունները: Դրանք են՝ անհրաժեշտ մեդիահմտություններ (Paint ծրագրով նկարել, Word ծրագրով մուտքագրել,  կատարված աշխատանքը պահպանել), պատմելու կարողություն (բերանացի իմանալ գրական ստեղծագործություններ, զրուցել, պատմել թեմայի շուրջ, պատասխանել հարցերին), մարմնամարզական հմտություններ (կարողանում են վազել, ցատկել, գլուխկոնծի տալ, ցատկապարանով ցատկել, օղակ պտտել, մարզագերանի վրայով քայլել, հրահանգները լսել և կատարել), ստեղծագործական հմտություններ (նկարել, հորինել, ձևավորել):

Փետրվարը ըստ ուսումնական օրացույցի երկրորդ կիսամյակի սկիզբն է: Այս ընթացքում ուսումնական  նախագծերին զուգահեռ ընթացան հետևյալ ստուգատեսները՝ «Ձոն» ստուգատեսը, «Էկոտուրը», «Կարդում ենք» ստուգատեսի շրջանակում` «Իմ գրադարանը»:

«Ձոն» ստուգատես

«Ձոն» ստուգատեսը հիմնականում ուղղված էր սովորողների տեխնոլոգիական հմտությունների զարգացմանն ու արձանագրմանը:

Մայրիկատոնին Paint ծրագրով նկարեցինք մայրիկների դիմանկարները, խեցեգործարանում կավից կախազարդեր պատրաստեցինք, Արհեստների ջերմոց-լաբորատորիայում թաղարներ տնկեցինք, ինչպես նաև ձևավորեցինք թաղարները և նվիրեցինք մայրիկներին:

«Ձոն» ստուգատեսը համընկավ Զատիկ ուսումնական նախագծի հետ, որի ընթացքում զատկական մեդիաբացիկներ պատրաստեցինք և  ձվով  կերպարներ պատրաստեցինք:

Հանրակրթական էկոտուր 2015

«Էկոտուր 2015» ստուգատեսի շրջանակում կրթահամալիրում մեկնարկեց «Մի ծառ՝ ես, մի ծառ՝ դու» ուսումնական նախագիծը: Սովորողների հետ միասին տնկեցինք սենյակային բույսեր, Նոր դպրոցի բակում ցանեցինք ծաղկի սերմեր, տնկեցինք սածիլներ, մորու և յասամանի թփեր:

Ստուգատեսների արդյունքում ունեցանք հետևյալ պատկերը`սովորողների մոտ արձանագրվեցին հետևյալ կարողություններն ու հմտությունները: Դրանք են՝ տեխնոլոգիական հմտությունները (նկարել, աշխատել գունավոր թղթերով և այլ նյութերով՝ ջրաներկով, գուաշով, օգտվել մկրատից, սոսնձից), բնագիտատեխնիկական հմտություններ (նոր թաղար ստեղծել, ծաղիկ խնամել):

Ստուգատեսները շարունակական են: Մայիսյան հավաքից հետո մեկնարկում է «Ես կարողանում եմ» ստուգատեսը, որն ամփոփելու է երկրորդ կիսամյակի և ամբողջ տարվա գործունեությունը:

Ամառային ուսումնահետազոտական ճամբարի ընթացքում սովորողները մասնակցելու են կինո-ֆոտո, թատերական, երաժշտական ստուգատեսներին:

Ստուգատեսին մասնակցությունը նաև սովորողին  գնահատման այլընտրանքային ձև է:

Հեղինակ՝ Արմինե Մնացականյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով