Դասավանդում եմ կրթահամալիրի Գեղարվեստի կրտսեր դպրոցի 3-րդ դասարանում: Այս տարի հատկապես ուշադրություն եմ դարձնում սովորողների ինքնուրույնության դրսևորմանը, կազմակերպմանը: Որպես ուսուցիչ`իմ խնդիրն է, որ սովորողը հնարավորինս ինքնուրույն որոշի իր անելիքը, դրա վրա ծախսվող իր ժամանակը խելամիտ օգտագործի, կազմակերպի իր գործունեությունը, պատասխանատու լինի արդյունքի համար:
1. Բլոգավարություն
3-րդ դասարանի սովորողներն այս տարվա սկզբից ունեցան անհատական բլոգներ: Բլոգը սովորողի համար գրավիչ, հետաքրքիր տարածք է, անհատական ուսումնական աշխատանք անելու համար հարմար միջավայր: Բլոգային ուսուցման դեպքում մեծացավ սովորողի ինքնավերահսկողությունն ու պատասխանատվությունն իր արածի-ներկայացրածի նկատմամբ, քանի որ հրապարակած նյութերը նայում են և՛ իր ընկերները, և՛ ծնողները, և´ պարզապես հետաքրքրված այցելուներ: Մենք, իհարկե, սովորողի բլոգում հրապարակված բոլոր նյութերը դիտում ենք, քննարկում: Եթե լինում են նյութեր, որոնք մշակելու, խմբագրելու կարիք են ունենում, հաշվի առնելով մյուսների կարծիքը` նյութի հեղինակը խմբագրում է այն: Բլոգային ուսուցումը դասարանում շատերին ոգևորեց, նրանք սկսեցին պրպտել, հայտնաբերել, սովորել-սովորեցնել, ինքնավստահություն ձեռք բերեցին:
Իհարկե, կան սովորողներ, որոնք դժվարանում են բլոգը վարելիս. այսօր 21 սովորողից իրենց անհատական բլոգներն ինքնուրույն սպասարկում են 16-ը:
Ի՞նչ է տալիս սովորողին բլոգը.
- ազատ ինքնադրսևորվելու հնարավորություն
- անընդհատ կապ դասավանդողի, ընկերների հետ
- առցանց շփում, քննարկումներ, անհատական կարծիքի ձևավորում
- ստեղծած աշխատանքը ներկայացնելու, տարածելու հմտություն
- շատ գրելու, կարդալու հնարավորություն, խթան
- կոկիկ, համակարգված աշխատելու հմտություն
- մեդիակարողությունների զարգացում
2. Ենթակայքի սպասարկում
Գեղարվեստի կրտսեր դպրոցի ենթակայքում անհատական մուտքանունով մեդիանյութեր թողարկելը շատ օգնեց, որ 3-րդ դասարանի սովորողները դառնան ավելի ինքնավստահ և ակտիվ: Ճանաչված լինելու զգացողությունը կարևոր է իրենց համար, վարակիչ՝ մյուսների, նպաստում է սովորողի ուսումնատենչ լինելուն. մեկը մյուսին փոխանցում է գաղափար, տեղեկություն: Ճիշտ է, դեռ ոչ բոլորն են ինքնուրույն նյութեր հրապարակում, բայց աշխատանքը ընթացքի մեջ է:
3. Լրատվություն
Սովորողների ինքնուրույնությանը նպաստեց նաև Գեղարվեստի լուրերի ստեղծում-ձայնագրությունը: Սկզբում, երբ դեռ նոր էինք սկսել լուրեր թողարկելու աշխատանքը, միշտ թեման ընտրելու, հարցեր մշակելու դժվարություն էր լինում, լարում կար: Այսօր արդեն սովորողներն իրենք են թեմա առաջարկում, մտածում են, թե ումից կարելի է այդ թեմայով հարցազրույց վերցնել, ինչ հարցեր տալ, ինչպես ձևակերպել դրանք: Կան սովորողներ, ովքեր արդեն կարողանում են ձայնագրիչից համակարգչի մեջ դատարկել ձայնագրությունը, Movie Maker ծրագրով մոնտաժել նյութը, պահպանել, ենթակայքում հրապարակել. ուղարկել էլեկտրոնային հասցեով:
4. Ընդհանուր պարապմունքի կազմակերպում
Երրորդ դասարանի սովորողներն արդեն առաջարկում են ընդհանուր պարապմունքի ծրագիր, վարում են պարապմունքը, օգնում են կազմակերպչական հարցերում: Նախապես նրանց առաջարկով ընտրում ենք մարմնամարզության երաժշտությունը, որոշում ենք մարմնամարզական շարժումները, ըստ ուսումնական օրացույցի՝ ծիսական երգերը, կարաոկեները, կայքից ընտրված նյութերը, ազգային պարերը, հայտարարությունները: Ընտրության ընթացքում-արդյունքում սովորողներն ավելի տեղեկացված են դառնում: Ունենում ենք նաև շաբաթվա-օրվա համակարգչային պատասխանատու: Ծրագիրը կազմվում, իրականացվում է սովորողների ակտիվ մասնակցությամբ: Դժվարությունները հիմնականում տեխնիկական են լինում` լարերի ճիշտ միացման, անջատման հետ կապված: Այլ դժվարություն, լարում, անհանգստություն այլևս չկա: Ընդհանուր պարապմունքի պատասխանատու լինելը բոլոր սովորողներին ոգևորում և գրավում է, քանի որ 15-20 րոպե շարունակ նրանք լինում են ուշադրության կենտրոնում, հնարավորություն են ունենում ինքնադրսևորվելու, ներկայանալու:
Կարծում եմ, որ ընդհանուր պարապմունքն իր ծրագրով, նախապատրաստմամբ, կազմակերպմամբ՝ սովորողի ինքնուրույնության-ինքնագործունեության դրսևորման լավագույն միջոցներից է:
5. Անհատական նախաձեռնություններ
Տարվա ընթացքում անընդհատ խրախուսվում են սովորողների անհատական-խմբային բոլոր տեսակի նախաձեռնությունները. սովորողները սա գիտեն, դա նպաստում է նրանց նախաձեռնողականությանը, ինքնավստահությանը: Օրինակներ բերեմ.
- Այս տարի Էկոտուր 2015–ին սովորողների առաջարկով որոշեցինք գազար ցանել: Ընտրեցինք տարածքը, հողը փորեցինք, փխրեցրինք, ցանեցինք ու ջրեցինք: Անհամբեր սպասում ենք բերքին:
- Սովորողների նախաձեռնությամբ Մուղնի-Օհանավանք-Սաղմոսավանք ճանապարհին ձայնագրվեց «Ճամփորդական լուրերը»: Ամբողջ ճանապարհին սովորողները հաշվում, չափում-չափչփում ու ձայնագրվում էին:
- Ծառի միջազգային օրվա՝ ապրիլի 22-ի ռեպորտաժը ներկայացնում է Գեղարվեստի դպրոցի անցուդարձը:
- Սովորողներից մի քանիսն ակտիվ մասնակցեցին «Բանգլադեշյան երթ անիվների վրա» նախագծին:
Ամենախիզախները հայտնվեցին նաև եթերում՝ Հանրային Հեռուստաընկերության «Առավոտ լուսո» և «Մեր մեջ ասած» տեղեկատվական-ժամանցային հաղորդումների կրթահամալիրի մասին պատմող ռեպորտաժներում:
Քանի որ կրթահամալիրում 4-րդ դասարանից ուսուցումն այլ կազմակերպում է ստանում, հուսով եմ, որ այսպիսի գործունեությունն արդյունք կունենա, կզարգանա, 4-րդ դասարանում ավելի տեսանելի կդրսևորվի:
Համոզված եմ, որ ստեղծելը, հայտնագործելը, փոխանցելն ինքնուրույն սովորողի-մարդու կարողություններ են:
Հեղինակ՝ Կարինե Մամիկոնյան