Փորձի փոխանակում, երգերի տարածում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցումն իրականացվում է նախագծերով: Ուսումնական նախագծերը կազմելիս դասվարն ուղղորդվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով՝ դառնալով այդ նախագծերի և հեղինակը, և իրականացնողը:
Յուրաքանչյուր նախագիծ ենթադրում է հստակ ձևակերպված նպատակ, խնդիրներ, սկիզբ, ընթացք, տևողություն, ավարտ։ Կան նախագծեր, որ ձգվում են ողջ տարվա ընթացքում, շարունակական են: Ներկայացնում եմ «Կոմիտասյան օրեր» նախագիծը, որը սկսեցինք իրականացնել անցած ուսումնական տարվա սկզբից առաջին դասարանում, առավոտյան պարապմունքներին:
Նախագիծը կազմեցինք երաժշտության դաստիարակ Տաթև Ստեփանյանիի հետ: Այն ենթադրում էր.
- սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին,
- զարգացնել սովորողների գրական, երաժշտական ճաշակը, ստեղծագործական հմտությունները,
- զարգացնել սովորողների բանավոր խոսքը, մեդիահմտությունները:
Մեկ տարվա ընթացքում ստեղծվեց դասարան-համույթ ՝ իր մենակատարներով: Նախագիծը տարվա ընթացքում զարգացավ ու մտավ յուրաքանչյուր սովորողի տուն, բակ, իսկ տարեվերջում ստեղծվեց նաև ծնողական երգչախումբ, որի համերգով էլ ամփոփվեց մեր շուրջտարյա նախագիծը:
Հաջողված նախագծի փորձ ունենալով՝ այս տարի որոշեցինք զարգացնել այն:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա ստեղծագործական 10-րդ հավաքին «Կոմիտասյան երգերի տարածում, փորձի փոխանակում» նախագծով որոշեցինք հանդես գալ Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցում:
Նախագծի նպատակն է կոմիտասյան երգերի տարածում և փորձի փոխանակում Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի, սովորողների հետ։ Երաժշտության դասավանդող Տաթև Ստեփանյանի հետ ընտրեցինք կոմիտասյան երգերի ցանկը (տես ծրագիրը): Երաժշտական դպրոցի ղեկավարի հետ նախնական պայմանավորվածություն ունենալով՝ երկրորդ դասարանի սովորողների հետ մեկնեցինք Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոց, որտեղ մեզ էին սպասում երգչախմբի անդամներն ու նրանց ծնողները: Սեբաստացիների մի քանի կատարումներից հետո սկսեցինք կոմիտասյան երգերի ուսուցումը: Ծրագրում ընդգրկել էինք նաև Կոմիտասի չձայնագրված և չերգված երգերից: Երգչախմբի և նրանց ծնողների հետ համատեղ անցկացված 45 րոպեների ընթացքում ունեցանք հրաշալի համերգ:
Հանդիպման արդյունքում պայմանավորվեցինք շարունակել համագործակցությունը և նրանց հրավիրեցինք կրթահամալիր՝ միասին շարունակելու մեր նախագծի իրականացումը:
Նախագիծը նախատեսված է իրականացնել ուսումնական ողջ տարվա ընթացքում.ամփոփումը՝ մայիսյան հավաքին։
Նախագծի ընթացքում ակնկալվող արդյունքները.
- Ֆիլմերի, ձայնագրությունների ստեղծում, հրապարակում, տարածում համացանցում:
- Տարեվերջին՝ մայիսին, Ալ.Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի հետ համատեղ համերգ Կոմիտասի թանգարանում:
Հեղինակ՝ Հասմիկ Ղազարյան