Ինչպես սկսվեց
2020 թվականին շատ անսպասելի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գլխավոր կայքի խմբագիրներից մեկը լինելու առաջարկ ստացա։ Առաջարկն իսկապես շատ պարտավորեցնող էր։ Մի քանի սեմինարներից հետո անցա գործի։ Ասել, որ աշխատանքն սկզբում շա՜տ դժվար էր, կնշանակի՝ ոչինչ չասել։ Այն և՛ շատ դժվար էր, և՛ պատասխանատու, և՛ հոգնեցուցիչ, միևնույն ժամանակ՝ շատ հետաքրքիր։ Գերծանրաբեռնված աշխատանքին և առօրյային գումարվում էին անընդհատ կայքին հետևելը, մատդ կրթահամալիրի առցանց կյանքի պուլսի վրայից չվերցնելը։ Ինչևէ, համաձայնել էի, պետք է պատվով կատարեի այն։
Ինչպե՞ս են նյութերը հայտնվում գլխավոր կայքում
Կարող է թվալ, որ այս աշխատանքում չկան դժվարություններ, նյութերը դրվում են ենթակայքերում, խմբագիրներ էլ բերում են դրանք գլխավոր կայք։ Իրականում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։
Ամեն ամսվա վերջին օրը այս աշխատանքը համակարգողից ստանում ենք հաջորդ ամսվա օրերի ցուցակը, որտեղ նշված է, թե ամսվա ո՞ր օրը ո՞վ պետք է խմբագրի կայքը։ Կայքի խմբագիրները չորսն են։ Լավ է, որ մի քանի հոգի են մասնակցում այս աշխատանքին, քանի որ լինում են օրեր, երբ խմբագիրը հիվանդ է լինում կամ ինչ-որ պատճառով չի կարող այդ օրը աշխատել, օգնության են հասնում մյուս խմբագիրները։ Կայքի խմբագիրները նայում են իրենց օրերը, եթե ամսվա որևէ օր հարմար չի լինում, այդ օրը, կայքի մյուս խմբագրի հետ համաձայնեցնելով, փոխում են։ Այսպիսի փոփոխություն շատ հաճախ լինում է նաև ամսվա ընթացքում, երբ կայքի խմբագիրներից որևէ մեկին օրերից մեկը հարմար չի լինում։ Նմանատիպ փոխօգնությունը այս գործում շատ կարևոր է և պարտավորեցնող, քանի որ զգում ես գործընկերներիդ շահագրգռվածությունը՝ հանուն ընդհանուր գործի։
Նախքան նյութի՝ գլխավոր կայքում հայտնվելը, այն մի քանի հաշվետու փուլ է անցնում։
Ահա դրանք․
- կայքի խմբագիրը սկզբում նայում է գլխավոր կայքի և ենթակայքի նյութերը,
- ճշտում է, թե որ նյութերն են արդեն հայտնվել գլխավոր կայքում,
- բացում, ծանոթանում է նոր նյութերի հետ, եթե տեսանյութեր են, դիտում մինչև վերջ (շատ հաճախ՝ դիտարկումներ գրում նյութի հեղինակին),
- ընտրում էայն նյութերը, որոնք կարելի է տանել գլխավոր կայք,
- ստուգում՝ կցվա՞ծ է նյութի մասին պատում-դիտարկում, թե՞՝ ոչ,
- ստուգում է նյութին կցված նկարի ձևաչափը (եթե չի համապատասխանում, գրում է հեղինակին, որ ուղարկի նոր նկար),
- եթե կան նույն թեմայով նյութեր, դրանք միավորում է, մեկ փաթեթով հրապարակում գլխավոր կայքում,
- եթե փաթեթում կան սովորողների բլոգներ տանող հղոումներ, ստուգում է, որ այդ հղումները նաև դասավանդողի բլոգում հրապարակված լինեն։
Դժվարությունների մասին
Ամենադժվարը բազմաթիվ նյութերի միջից գլխավոր կայքում հայտնվելու պահանջներին բավարարող նյութ ընտրելն է։ Ընտրության ընթացքում շատ հաճախ դիտարկումներ ես գրում նյութի հեղինակին, որ, հնարավորության դեպքում, ուղղի, լրացնի բաց թողածը։ Սկզբում դասավանդողների մեծ մասը նյութի մասին պատմող փոքրիկ մեկնաբանություն չէր գրում, շատ դժվար էր լինում հասկանալ, թե ինչ նյութ է, որ նախագծի շրջանակում։ Հետևողական նամակագրական կապի շնորհիվ այս հարցը լուծվեց․ հիմա դասավանդողների մեծ մասը հրապարակած նյութին կցում է պատում, նախագիծ։ Մինչ այժմ վերջնական լուծված չէ սովորողների բլոգներ տանող նյութերի հարցը։ Ըստ պահանջների՝ այդ հղումները պետք է դասավանդողի բլոգում էլ հրապարակված լինեն, սակայն մինչ այժմ ստիպված ես լինում գրել այդ մասին, հիշեցնել։
Երկրորդ դժվարությունը նկարի ձևաչափին է վերաբերում։ Շատ հաճախ շատ փոքր կամ հորիզոնական կտրվածքով նկար են կցում նյութերին, ինչը գլխավոր կայք տանել հնարավոր չէ, քանի որ գլխավոր կայքի նկարները իրենց ձևաչափն ունեն։ Ստիպված կրկին կապ ես հաստատում նյութի հեղինակի հետ՝ խնդրելով համապատասխան նկար ուղարկել։
Դժվարություններից մեկն էլ ենթակայքերին անընդհատ հետևելն է։ Եթե օրվա առաջին մասը անընդհատ զբաղված ես (դասարանում ես, չունես ազատ դասաժամ), ապա նյութերի նման քանակից օրվա երկրորդ կեսին դժվար ես գլուխ հանում։ Մանավանդ, որ տանն էլ քեզ ընտանեկան բազմաթիվ գործեր են սպասում, և դու պետք է կայքի աշխատանքը համատեղես այդ ամենի հետ։
Մյուս դժվարությունը սոցիալական հարթակներին՝ մասնավորապես Ֆեյսբուքին, անընդհատ հետևելն է։ Շատ հաճախ ճամփորդության մեկնելիս կամ քաղաքային, թանգարանային որևէ նախագիծ իրականացնելիս դասավանդողները բլոգի փոխարեն սոցիալական կայքերում են հրապարակումներ, ուղիղ եթերներ անում։ Սա դժվարացնում է խմբագրի գործը, քանի որ ենթակայքերին, բլոգներին հետևելուց բացի՝ հարկ է լինում հիշել (կամ հրամանի միջոցով ճշտել), թե տվյալ ճամփորդության, նախագծի պատասխանատուն ով է, ովքեր են մեկնել այդ ճամփորդությանը․ երբեմն ոչ թե պատասխանատուն, այլ նրա հետ մեկնած մեկ այլ դասավանդող է լուսաբանում ճամփորդություն- նախագիծը՝ հրապարակելով իր ֆեյսբուքյան էջում։ Այսպիսով, մեկ նյութ գլխավոր կայքում հրապարակելու համար հարկ է լինում մեկ ամբողջ օր հետևել մի քանի դասավանողի ֆեյսբուքյան էջերին։
Ձեռքբերումների մասին
Առաջին ձեռքբերումն այն է, որ միշտ, անկախ քո ցանկությունից, տեղյակ ես լինում կրթահամալիրյան անցուդարձին։
Որքան էլ պատկերացում ունես, թե կրթահամալիրում ինչ է կատարվում, այդուհանդերձ միշտ չէ, որ կարողանում ես հետևել բոլոր օղակներում իրականացվող նախագծերին։ Այս աշխատանքը հնարավորություն է տալիս հասկանալ, թե որ օղակում ինչ նախագծեր են իրականացվում, հետևել գործընկերներիդ աշխատանքին։
Քանի որ ամեն տարի և տարվա ընթացքում կրթահամալիրում բազմաթիվ նոր դասավանդողներ են աշխատանքի ընդունվում, բլոգների, բլոգներում հրապարակված նրանց նկարների միջոցով ծանոթանում ես աշխատողներին, իմանում, թե ով ինչ աշխատանք է իրականացնում, պատկերացում ես կազմում նրանց մասնագիտական, մանկավարժական աշխատանքի մասին, մի խոսքով՝ ծանոթանում ես նրանց հետ։
Այսուհանդերձ, գլխավոր կայքի խմբագրի աշխատանքը սիրելի է և կարծես առօրյայիդ մի մասն է կազմում։ Հիմա այն ավելի հեշտ է դարձել, ավելի հմտացել եմ այս աշխատանքում։ Այս ամենին նաև նպաստեց այն, որ ժամանակի ընթացքում կայքում հրապարակվող նյութերի քանակային պահանջները փոխվեցին։ Այս աշխատանքի սկզբնական շրջանում օրվա ընթացքում 25-30 նյութ էինք հրապարակում, այսինքն՝ շատ քիչ նյութեր էին լինում ենթակայքերում, որ գլխավոր կայքում չէին հայտնվում։ Սա ուներ իր բացատրությունը․ ուզում էիր բոլոր դասավանդողների աշխատանքը տեսանելի դարձնել գլխավոր կայքում։ Այս դեպքում կայքը շատ արագ էր աշխատում, երբեմն հնարավոր չէր լինում բոլոր նյութերին հետևել։ Սակայն ժամանակի ընթացքում որոշվեց, որ պետք է ավելի քիչ քանակի նյութեր հրապարակել։ Չնայած նրան, որ քանակային հստակ սահմանափակում չկա, այսուհանդերձ օրվա ընթացքում ամենաշատը 10-12 նյութ է հրապարակվում գլխավոր կայքում։ Շա՞տ է այս թիվը, թե՞՝ ոչ, չեմ կարող ասել, սակայն հուսով եմ, որ հրապարակված նյութերը հետաքրքրում են հետևողին։